суббота, 7 июня 2014 г.

Տուր ինձ քո հասցեն





«   Կյանքս սկսվել է մեր ծանոթության առաջին օրից,
… հասկացա որ անիմաստ են եղել իմ բոլոր սերերը,
երբ արթնացար դու երակներիս մեջ,
երբ իմ մեջ դու ծնվեցիր - Այրվեց վայրաբար քո գոյն իմ մեջ
ու օրերը սին իմ հիշողության,
Ինձ ծնված օրից երբեք չէր տանջել ոչ մահվան սկիզբը և ոչ էլ վերջը հավերժության…
Այսօր ուրիշ է, ուրիշ հարթություն՝
Ապրում ես իմ մեջ ու թողնում ես, որ
կեսգիշերային աստղերն իրենց սառնությամբ ծակծկեն հոգիս, այնինչ բղավում եմ,
որ ինչ որ մեկն ինձ ուղարկի այն վայրի կոորդինատները,
որտեղ հավաքվել են կրքերն աշխարհի…
որտեղ կրակը կանաչ է Քո աչքերիդ նման,
որտեղ աշխարհն է ծվարել հողի ծալքերում,
որտեղ օրորվում են սերերն աշխարհի մի թեթև հովից,
որտեղ արեգակը երբեք  չի իջնում, ծունր չի գալիս
գիշերվա փեշին՝
ալյ եռացնում է ու մասունք սարքում Քո զգեստի փոշին…

Տվեք ինձ հասցեն թե ուր են գնում Նրա աչքերից թափված արցունքները…
Ու որպես ի լուր՝ աշխարհին հայտնեմ, որ դրանք սոսկ նետված աղի կաթիլներ չեն այլ վարդագույն մարգարիտներ, որ ցանկացած մարդու ծոցագրպանում, նրան վերածում  են,  որպես մի խենթի, մի խելագարի, մի մունետիկի սիրո ու կրքի…
Հասցեն խնդրում եմ… այն խորհրդավոր կղզու, որտեղ
Նրա բարակ ու նուրբ զեփյուռ- մատները սահում են օրերիս նման սպիտակ ու սև ստեղների վրայուվ ու որպես հրաժեշտի նշան թափահարում վարսերը… դեղին ու կարմիր բաժակների մեջ խեղդում  ցավը, տանջանքն ու  հոգնածությունը…
Այսօր իմ մեջ ես տեսնում եմ Նրա շարժը, որ ոտքերիցս բարձրանում է հասնում մազերիս ծայրն ու ուրանի ատոմի նման տրոհվում ուղեղիս մեջ՝ սիրտս պայթում է իմ և Նրա հեռավորությունը պատկերացնելիս ու արյունս ցփնվում մարմնիս պատերին…մարմինս նարիջ, որ կլպվում է Նրա ձեռքերով ու մերկ կանգնում մի սարի գագաթին, որը դարեր շարունակ կանաչ չի տեսել, որտեղից ստվերս սահելով սարի լանջերի վրայով հասնում է Նրա ծովի ափերին, զարնվում, ափամերձ քարերին ու բղավում է.
- Սե՜ր, տուր ինձ քո անհասցե հասցեն…»

* * *
- Ինչո՞վ ես զբաղված, գիշերվա երեքն է:
- Նամակ եմ գրում:
- Ո՞ւմ:
- Ռուսաց թագավորին:
- Ես լուրջ եմ հարցնում,- տեղավորվեց հեռուստացույցի վրա:
- Ե՛ս էլ, ինչո՞ւ դուրս եկար իմ միջից, այնքա՜ն լավ էր:
- Ինձ լավ չէր, անհանգի՜ստ էի մի տեսակ:
- Երբ ինձ համար լավ է, քեզ համար ո՛չ և հակառակը, ինչո՞ւ:
- Այդպիսին է կյանքը, ի՞նչ արած: Մի բան հարցնե՞մ, երբ դու մահանաս ես ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու, մեկը չկա որ…
- Կգնաս Միջերկրական ծով, այնտեղ մի խորհրդավոր կղզի կա:
- Չե՛մ ուզում, եթե կղզի է, ուրեմն ծով, եթե ծով է ափամերձ քարեր, չե՛մ ցանկանում զարնվել ու փշրվել, ինչպես դու էիր քիչ առաջ գրել:
- Կամակորություն մի արա, այդպիսին է իմ կյանքը, ի՞նչ արած, դու էլ անբաժան ես ինձնից ու միշտ քո հիմար խորհուրդներով փչացնում ես ամեն ինչ:
Հոգիս ոտքերը կախեց հեռուստացույցի էկրանին, լնդերը քշտեց ու հռհռալով թռավ հատակին:
Մոտեցավ արդեն լրջացած, երբ կես քայլ էր մնացել մինչև ինձ հասնելը հարվածեց գլխիս:
Դեմքով հարվածեցի գրածս թղթին, վեր թռա տեղիցս ու իմ բռունցքն էլ իջավ նրա դեմքին:
Առաջին դեպքն էր, որ ձեռք էի բարձրացնում սեփական հոգուս վրա ու չկառավարելով հարվածիս ուժգնությունը նրան բաժանեցի բազմաթիվ մասերի, որոնք լցվելով սենյակովս մեկ սկսեցին լաց լինել:
Չէի հասկանում թե՞ որտեղից  էր գալիս ձայնը, ո՞ր կողմից, ո՞ր անկյունից:
- Ինչո՞ւ խփեցիր, ես ընդամենը ցանկանում էի քեզ սթափեցնել, ինչո՞ւ ես դաժան, ինչո՞ւ չես սիրում ինձ, չէ՞ որ ես քոնն եմ, անառարկելի հեծկլտալի փաստ: Իսկ դո՞ւ…

Հատակին մանր խեցիներ էին, ամեն մի խեցու մեջ արցունքի մի կաթիլ, սպիտակ, թափանցիկ, պսպղուն, որ դանդաղ դառնում էին մարգարիտներ, ուռչում ու պայթում ցրվելով օդում:
Անսպասելի բացվեց պատուհանի փեղկն ու բազմաթիվ նեղացած մասնիկներ ձեռքերը թափահարելով սուրացին դուրս…
- Ո՞ւր, ի՞սկ ես, ես ի՞նչ պետք է անեմ…մենա՜կ, անհոգի՜:
- Միջերկրական ծո՜վ, խորհրդավոր կղզի՜…իսկ դու, դու արդեն վերջացար, մեզ միայն հասցեն էր պետք:

« …Հոգուց դատարկված մարմինը
նման է մի խաղալիքի, որը չի կարող ունենալ
մանկություն, հիշողություն, ձգտումներ,
սպասելիք, երազանք, կարոտ, հավատ…
Մարմինդ դառնում է մի դատարկ անձավ,
անտարբեր կյանքին՝ սոված ու ծարավ,
չի կարողանում մութը լույսից զատել,
չի կարողանում սիրել, ատել,
փնտրում է օտար ոտնահետքեր ու
փորձ է անում է նրանցով քայլել,
(Աստված մի արասցե)
ի՞նչ տարբերություն
հասցե, անհասցե…»

 Աջ ձեռքս արագ-արագ գրում էր, իսկ ձախ ափիս մեջ  ցավ էր, այրում, փորձ՝ կծելու, ազատվելու իմ մատներից…
… անհաջող փորձերից ուժասպառ վերջապես շշնջաց:
- Բա՛ց թող, խնդրում եմ, ես էլ եմ ուզում բոլորի նման…
- Չե՛մ կարող, դու իմ վեջին հույսն ես, իմ միա՛կ հույսը, քո մեջ դեռ մնացել են որոշ բաներ ինձ համար թանկ, անփոխարինելի ու պատահան չէր, որ քեզ գտա հատակին ընկած վերջին խեցու մի անկյունում՝ վախեցած ու կարկամած: Մի՛ լքիր ինձ խնդրում եմ, դու իմ վերջի՜ն, վերջի՜ն հույսն ես:
- Չե՛մ ուզում լինել վերջինը:
- Գիտե՜մ, ինձ նման կամակոր ես:
- Կամակոր չեմ այլ պահանջկոտ, փակի՛ր պատուհանիդ փեղկը, կարող է չդիմանամ գայթակղությանը:
- Գիտե՜մ, ինձ նման ես, չհամակերպվող: Սպասիր այստեղ իմ գրած թղթի վրա, ես կփակեմ պատուհանը:
Մինչ կմոտենայի պատուհանին, նա արագ թռավ ու հեռացավ…
Գիտեի՜…
Փակեցի պատուհանն ու մոտեցա գրասեղանիս:
«Կգրեմ վերջին տողս ու…»
Պատուհանը թակեցին:
Գիտեի՜…
Մոտեցա, Նա էր՝ իմ վերջին հույսը:
- Ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ եկար:
- Բաժանվեցինք առանց կռվի, այդպես լավ չէ, նե՛րս թող: Գիտեիր չէ՞, որ կգամ:
- Գիտե՜ի: Նման ենք: Բայց մի՞գուցե հիմա գնաս, եթե հետո հեռանաս, շատ ցավոտ կլինի, դե՜…մեկ էլ ասա՛ խնդրում եմ, իմ հոգու ո՞ր մասնիկն ես, ո՞ր մասից:
- Իմ տեղը, իմ հասցեն  քո կապույտ աչքերի թարթիչների տակ է..
Ես միայն այդ հասցեն գիտեմ…

Ս.Ումառ   2014 մայիս


Комментариев нет: