пятница, 18 апреля 2014 г.

Յասամանի բույրը



Քամին փոքրիկ կատվի նման խաղում է փողոցի տերևների հետ:
Բարձրացնում,պտտում ,իջեցնում,տանու~մ…
Շուրջն ամեն ինչ փաստում է աշնան դառը ներկայությունը:
<Օձիքդ կոճկիր,գալիս եմ> ու աշունն իր հավատարիմ գործընկերոջ՝քամու հետ մտավ օձիքիցս ներս, ժամանակ չտալով կոճկելու օձիքս:
Ցուրտ է:
Սառը տրամադրություն:
Միգուցե հիվանդանոցի բակում տիրող միջավայրի տրամադրությունը շենքի մուտքին փակցված <Հոգեբուժական դիսպանսեր> ցուցանակի ներկայությու՞նն է:

Մոտենում եմ պատուհանին:
- Բարև Ձեզ,ինձ ավտոմեքենա վարելու համար…,-  չհասցրեցի ավարտել:
- Մոտեցեք կես ժամից:Աշխատողը դեռ չկա:
Թողեք Ձեր անձնագրերը ես կկանչեմ:
Ինձանից հետո հերթի մեջ կանգնած աղջիկն էլ դուրս եկավ իմ հետևից:
Նույն հարցով է,հասկացա ես:
Բակում ազատ է մի նստարան,մնացած նստարանները զբաղեցված են  այստեղի “բնակիչներին” այցելության եկած հերազատները,մթերքներով,տոպրակներով,սպասող հայացքներով:
Ես ավելի շուտ հասա նստարանին,համոզված, որ աղջիկը կնստի հենց այդտեղ:
Հաճելի դիմագծերով է,բայց մի տեսակ ինչ-որ չի ձգում,ինչու՞:
Եթե այստեղ է գտնվում ուրեմն մեքենա ունի:Դատելով հագուստից՝լավ մեքենա:
Իմը հին է,դժվար թե մեր ծանոթությունից մի բան ստացվի:
Հիմար մտքեր,անկապ…
Ավելի լավ է ծխեմ:Գրպանիցս հանում եմ տուփը:
- Կարելի՞ է:
Երևի միանման ենք մտածում:
Ծխախոտը շուրթերին ձգվեց իմ կողմը:
Վառում եմ նրա սիգարետը ու նայում աչքերին:
Գեղեցիկն է,խոսք չկա:Բայց դե ես իմ սկզբունքներին չեմ դավաճանի:
Հարուստների հետ ի՞նչ գործ ունեմ:
- Ձե՞զ էլ է վարորդական իրավունքի համար անհրաժեշտ այդ փաստաթուղթը:
- Այո,ես փոխում եմ իմ հին վկայականը նորով,-ասացի ես անտարբեր:
- Ես էլ իմը կորցրել եմ,- կարծես թե տխրեց, - այստեղ գեղեցիկ կլինի գարնանը, չէ՞,ես շատ եմ սիրում յասամանի բույրը:
Նայում է ցանկապատի երկարությամբ յասամանների կիսաչոր թփերին:
Ես էլ եմ ծաղիկներ սիրում,բայց երբեք չեմ մտածել թե որ ծաղկի բույրն է ինձ ավելի դուր գալիս:
- Իմ անունը  Գոռ  է:
Կարծես ուշադրության չարժանացրեց:
Ծանոթության առաջին փորձն ավարտվեց անհաջողությամբ:
Շարունակում է խոսել:
<Նա միշտ ինձ հետ գալիս էր զբոսնելու Ֆրանսիայի դեսպանատան մոտ,այնտեղ յասամանի ծաղիկները կախվում են ցանկապատից դուրս,ու խենթացնող  բույր ունեն:Մի անգամ էլ պոկեց մի ճյուղ ու մոտեցրեց դեմքիս:Բարկացա,սիրում էի,բայց…
Պոկված ծաղիկները մի քանի  օրից հետո էլ չեն բուրում,ասես կտրում ես սնուցող երակները մայրական հողից:
Նրանք դիմադրում են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու ճակատագրին:
Մարդն էլ է այդպես,կտրում ես իր հողից ու…
Գնա~ց,նա էլ հեռացավ Հայաստանից,Ֆրանսիա:
Սկզբից գրում էր,ամեն անգամ հիշեցնելով  յասամանի կոտրված ճյուղը>:
- Իսկ հիմա՞:
- Վաղուց չկա~,չգիտեմ,այն կոտրված ճյուղի նման չորացավ ու անհայտացավ:
Երբ առաջին ծանրոցը ստացա նրանից,դեռ դռան մոտ ուրախությունից համբուրեցի փոստատարին, միայն տեսնեիր նրա զարմացած դեմքը,այնքան շփոթվեց, որ մոռացավ ստորագրել տալու ստացականը ու վազեց աստիճաններով ներքև:
Շա~տ էի ուրախացել:Բացեցի ծանրոցը,անտեղ յասամանի ճյուղ էր,արդեն չորացած:
Ատեցի:
Ատում եմ:

Աչքերն արցունքոտվել էին ու աչքերին քսած սև ստվերաներկը  ծորում էր այտերով:
Բացեց պայուսակը,հանեց թաշկինակը,մի փոքրիկ հայելի ու սկսեց մաքրել երեսը:
- Մի նայիր,անհարմար եմ զգում:

Դիսպանսերի մուտքից մի կին դուրս եկավ սպիտակ խալաթով:
- Սարգսյան Էլինա,Ձեր փաստաթուղթը պատրաստ է.
Ուրեմն անունն Էլինա է:
- Պայուսակս թողնում եմ,հիմա կվերադառնամ:
Քայլում է համաչափ ճոճվելով:Անթեր կառուցվածք,նկարչի երազանք:
Պայուսակը բերանը բաց ինձ է նայում:
Ինձ են նայում նաև պայուսակից երևացող այցեքարտերի ծայրերը:
Նայեցի շուրջս:
Ինձ տեսնող չկար:
Պայուսակից հանեցի մի այցեքարտ:
< Էլինա Աշոտի  Սարգսյան
սոցիոլոգ
Հեռախոս…. Էլ. Հասցե … >:
Զգույշ դրեցի ծացագրպանս:
Վերադարձավ նույն գեղեցիկ քայլվածքով,ձեռքում  ծալած մի թուղթ:
- Ես վերջացրեցի,դե Ձեզ հաջողություն:Մենք կհանդիպենք չէ՞:
- Ինչպե՞ս,-ցույց եմ տալիս թե զարմացա:
- Դե դու բարի կախարդի նման ես,վստահ եմ որ կզանգես,- ծիծաղեց:
Դասավորեց պայուսակն ու նայելով աչքերիս, որ մինչ այդ իջեցրել էի,հեռացավ:. Հիվանդանոցի տարածքից դուրս գալով կորավ աչքիցս,ինձ թողնելով յասամանի բույր ունեցող օծանելիքի հաճելի բույրը:
…Պատահական մտավ իմ կյանք,կիսաբաց օձիքիս արանքից ու հեռացավ  անսպասելի ինչպես քամու բերանն ընկած աշնան անօգնական մի տերև…

Դիսպանսերի մուտքից դուրս եկավ նույն՝ սպիտակ խալաթով կինը:
- Հունանյան Գոռ:
Վեր կացա նստարանից: Նստարանի ճաղերից գետնին ընկած էր մի ծրար:
Բարձրացրեցի,վրան գրված էր <Սարգսյան  Էլինային,մամայից>:

Գրպանս այրվում էր անհամբերությունից:
Ծակում էր կողս,մի սուր ցավով:
Ուրիշի նամակները չեն կարդում,բայց սա ուրիշի չէր,սա իմ տարիներով փնտրած մարդուն ուղարկված նամակ էր, որ ասես մի ցանկապատ էր դարձել մարմնիս ու գիտակցությանս միջև:

Ստացա անհրաժեշտ փաստաթուղթն ու ակամա վերադարձա նստարանին:
<Կարդա՞լ,չկարդա՞լ,զանգե՞լ ասել որ կորցրել է,չզանգե՞լ>:
Չգիտեմ ինչ անել:
Վառեցի մի ծխախոտ ու հանեցի նամակը:
Գեղեցիկ ձեռագրով, վանդակավոր տետրի  մի ճմրթած թուղթ էր:
<Բարև աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր:
Բզկատվա՞ծ է խիղճդ:
Այստեղ ինձ համար շատ վատ է, ես, որ քառասուն տարի ուսուցչուհի եմ եղել և բազմաթիվ աշակերտների ինձ նայող աչքերի հեղինակությունը,այժմ նվաստացած եմ:
Ինձ հետ դու-ով են խոսում,սրսկում են ինչ որ հիմար դեղեր, որոնցից հետո գլուխս պտտվում է, քնում եմ սրտխառնոցով  ու կամաց կամաց կորցնում հիշողությունս:
Ամեն առավոտ աչքերիս առջև բարեխղճորեն գզված բամբակի տեսքով մառախուղ է:
Ամեն ինչ արգելում են,գրիչ,թուղթ,հեռախոս,հեռուստացույց.սա դժոխք է…
Աստված իմ,ո՞ր մեղքիս համար:
Միթե՞ իմ՝քո հարազատ մոր ներկայությունը այդքան անտանելի էր…
Հիմա քեզ գրում եմ նկուղից,մի կիսատ մատիտով,հնոցապանից եմ վերցրել,իմ հին աշակերտներից է,ինքը ճանաչեց ինձ:
 Երեկ էլ զուգարանից դուրս գալիս լսեցի գլխավոր բժշկի իմ հասցեին ասված խոսքերը.
<Երկար չի ապրի…>
Խնդրում եմ քեզ,հանուն ինձ,հանուն քո հոր հիշատակի ինձ տուն տա~ր…
Ես տանն եմ ուզում մահանալ..>

Չհասկացա թե ինչպես նամակը ծալեցի ու առանց ծրարի դրեցի գրպանս:
Մատներս գրպանումս շոշափեցին այցեքարտը:
Գրպանիցս հանեցի ու նայում եմ այցեքարտին:

Այցեքարտը կարծես խոսում էր ինձ հետ
… յասամանի ծաղիկները  խենթացնող բույր ունեն:
… Պոկված ծաղիկները… դիմադրում են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու ճակատագրին:
Նայում եմ նստարանի կողքի աղբամանին,որտեղ հայտնվեցին իմ մատներով պատռված այցեքարտի կտորներն ու ծրարը, որի վրա նույնպես նրա անունն էր:
Աղբամանից լսվեց արձագանք.
… որ մեղքիս համար
… Ես տանն եմ ուզում մահանալ..

* * *
Փականը տեղի չէր տալիս,բնակարանիս դուռը չէր բացվում:
Ձեռքերս դողում էին:
Գլխիցս դուրս չէր գալիս այն կինը,որի անունն էլ չգիտեի:
Ես ատում եմ քեզ  բանալի,դուռ,նամակ,յասամանի բույր ունեցող օծանելիք,յասամանի կոտրված ճյուղ չսիրող աղջիկ,սպիտակ խալաթով այն կնոջը,իմ կիսաբաց օձիքը,աշնան քամի…
Ես ատում եմ ուրիշի նամակ կարդացողներին:
Ես ատում եմ ինձ:
Վերջապես դուռը բացվեց:
Նստած բազկաթոռի մեջ,տեղս չեմ գտնում:
Կարծես ինչ որ բան խանգարում է:
Չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:
Չէ,պետք է մի անգամ էլ կարդալ,չեմ դիմանա:
Իզուր տեղը տաքացա ու պատռեցի այցեքարտը:
Կզանգեի ու աշխարհի ամենավերջին խոսքերով կասեի այն ինչ մտածում եմ,ինչպես կմտածեր ցանկացած ՄԱՐԴ արարած:
…<Աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր…>
Կատաղությունից վեր կացա, շպրտեցի նամակը, մոտեցա պատուհանի գոգին դրված խոլորձի ծաղիկներին,որոնց խնամում եմ մեծ սիրով:
Պոկեցի ծաղկի թուփն ու ամբողջ ուժով հարվածեցի պատին:
Արմատներից գետնին թափված հողը ծածկեց նաև գետնին ընկած նամակը:
Ինչ զզվելի է կյանքը:
Ես ինչ գնով էլ լինի գտնելու եմ նրան:Բայց ինչպե՞ս:
Մոտեցա բարձրացրեցի նամակը ու երբ թափ էի տալիս հողից մաքրելու համար,տեսա թղթի հակառակ կողմում նույն ձեռագրով գրված թերևս շարունակությունը:

<Նամակ N 73
Նախապես ներողություն եմ խնդրում բոլոր կարդացողներից:
Նամակի հակառակ կողմում գրվածը,իրական չէ:
Սա մի հորինված պատմություն է,որի արձագանքը ինձ կօգնի գրելու իմ գիտական թեզը:
Խնդրում եմ նամակից ստացված առաջին տպավորությունները ուղարկել elina@ymail.com էլեկտրոնային հասցեին:
Իսկ յասամանի բույրը, ես իրոք սիրում եմ:
Յասամանի ճյուղերը կոտրողներին՝ ատում:
Կանխավ Շնորհակալ եմ:
Էլինա>

* * *
Հոգեբուժարանի ցանկապատի դռան մոտ վիճում են երկու հոգի:
- Հայրիկ ջան,հասկանում եմ որ պահակն ես,բայց ես չեմ մտնում հիվանդանոց,միայն տարածք,երեկ մի թուղթ եմ գցել աղբարկղ,շտապ վերցնեմ ու դուրս գամ:
- Տղա ջան առավոտյան ժամը 7-ն է,տասին է բացվում,ի՞նչ թուղթ:
- Խնդրու~մ եմ հայրիկ ջան,ամբողջ գիշեր չեմ քնել:
- Աղբամաններն ամեն երեկո մաքրում, տանում են,տղա ջան,գնա տուն քնիր,մի խանգարիր:

* * *
Ես ինչ գնով էլ լինի գտնելու եմ նրան:
Նորից շնչելու եմ, սիրելու եմ  նրա բույրը՝յասամանի բույրը:
Ես էլ նրա նման ատելու եմ յասամանի ճյուղ կոտրողներին:
Ես նրան գտնելու~ եմ:
Աշուն է:
Քամին սվսվացնելով պտտվում է փողոցում,բախվում իր ճանապարհին հանդիպած ամեն ինչին,շրջանցում ամեն արգելք ու կրկնում.
<Գտնելու~ եմ>:

среда, 16 апреля 2014 г.

Վերջաբան... բանաստեղծություն

* * *
Իմ մեջ
կարող եմ տեսնել ուրիշի՝
մի անգամ քեզ ներելով,
Սիրտս է լալիս մեկուսի,
Հազիվ ոտքը քարշ տալով:

ճաք է տվել գավը սիրո,
Իմ անըզգույշ ձեռքերում,
ու թախիծին նենգաբարո
Տեղավորել իմ սրտում:

Սիրտս կարծես մի վիրավոր
թռչուն է նեղ վանդակում,
թպրտում է ու հեռավոր,
Իր անցյալը կարոտում:

Մոռացել եմ «Դրախտ» բառը,
չարչարում եմ խենթ սրտիս,
վազող տողով անցավ դառը,
Կյանքս բախտի ձեռքերից:

Սիրտս զգում է իր վախճանը,
թախիծն իր ողբն է ոռնում,                                    
կարծես սիրո վերջաբանը
այդքան հեշտ է մոռացվում:

Ես դնում իմ սցենարի
վերջաբանը՝
բազմակետ…
գիտեմ չկա վերադարձի,
նույնիսկ շատ նեղ արահետ:


Ս.Ումառ

Կորուստ...

* * *
Դու երևի ծաղրածո՞ւ ես,
նայում ես հայելու մեջ ու չես տեսնում քեզ:
Դու կորցրել ես այն ճանապարհը,
որով կրակ էիր փնտրում:
Ցուրտը քո երջանկությունն է այս պահին:
Ցրտից փայտացող մատներով
փորձում ես դիպչել երազանքիդ շնչառությանը:
Երազանքդ թռչնի նման փետրաթափվել է:
Փնտրում էիր երջանկություն - գտար ձանձրույթ:
Աճպարարի նման փորձում ես զգացմունքներդ
ձևափոխել ինչ որ մի այլ բանի:
Ստացվո՜ւմ է,
բայց միայն ինքդ գիտես, որ խաբուսիկ է:
Դու կորել ես ու …
քայլ անելու տեղ չկա,
բոլոր ոտնատեղերը զբաղված են…


Ս.Ումառ

Փնտրում...

* * *
Պատուհանները նայում են դուրս
ոչ սվորական:
Ամեն մի պատուհան մի գերաչք է,
որ կարողանում է նայել հոգու մեջ:
Արտաշնչիր ապակուն ու
միանգամից մոռացիր ամեն ինչ…
Ապակու վրա ջրի կաթիլներ կմնան:
Ջուրն առանց կրակի դա կորած հետքն է:
Փնտրիր,

կգտնես մոռացված ժպիտի նոր ճանապարհ… 

Ինչո՞ւ ես քեզ տանջում...

* * *
Ինչո՞ւ ես քեզ տանջում,
ինչո՞ւ է հոգիդ անհանգիստ:
Ես ընդամենը Ինտերնետում լուծված մի մարդ եմ,
որին հեշտությամբ կարող ես դուրս շպրտել…
կամ վիրտուալ գրկել ու ասել.
- Դու այսօր երկար ես քնել, արթնացիր:
Կհանգչի էկրանդ ու ես էլի կանհայտանամ
այն սարդոստայնում, որի մեջ հայտնվել եմ այսօր:
Հիմա թիթեռ եմ,
որի թևերը սրտեր են ու
փորձում եմ հետապնդել մահացած տրամադրությանս…
Շտապելուց արագ եմ սկսում շարժվել
ու դանդաղ մահանում եմ…
Եթե հաջողվի հասնել,
կհասնեմ անցյալիս…

Թռիչքս սպանված մահն է…կանգնեցրու ստեղնաշարդ, հետո ուշ կլինի: