среда, 16 апреля 2014 г.

Դու ՄԱՐԴ ես...

Դու ՄԱՐԴ ես
ծնված թռչելու համար,
բայց դու սողում ես սպիտակ, կապույտ կամ
սև Մերսեդեսների դռներից ներս ու մոտենում Բանկ կոչված դժոխքի դռներին…
Դու ՄԱՐԴ ես
ծնված թռչելու համար, բայց թևերդ կեղտոտված են սև զգացմունքներով,
որոնք փոշիացրել են այնքան բարիք…
Դե ուրեմն սողա,
սպասիր որ ինչ որ մեկը քեզ ձեռք կմեկնի, կմեկնի՞ արդյոք…
Լուսնի շողերը ստիպված են մտնում քո տուն
ու հանգչում բյուրեղապակյա ծաղկամանի եզրին…
Մոտեցիր ծաղկամանին քանի դեռ Աստված քնած է…
Վերցրու, ծաղկամանը
հարվածիր հատակին, թող կոտրվեն
ու բյուրեղապակյա բազմաթիվ կտորներին լինեն բազմաթիվ շողեր…
թող թվա որ մի ամբողջ լուսին է այցելել քեզ…
Լսում ես ինձ ու մոտենում ծաղկամանին,
բայց դու սովորության համաձայն սողալով ես մոտենում…
Դու ՄԱՐԴ ես

ծնված թռչելու համար, բայց դու սողում ես…

Երբ դու քնում ես...

* * *
Երբ դու քնում ես
ամբողջ աշխարհը դադարում է շարժվել,
բոլոր ձայները սսկվում են ու քնքշանքով նայում քեզ…
Դու անկախ քեզնից սպանում ես բոլորին…
Հիմա քնած ես
ու փորձում ես տաքացնել քեզ հույսերով – չի ստացվում:
Ձեռքերիդ մատները ցավում են՝
դաշնամուրի ուսուցչուհու կողմից քանոնով այդքան հարված ստանալուց հետո.
(քանի տարի է անցել, բայց ցավը չի անցնում)
- Ոչ մի մինոր չի ստացվում քո մոտ…դու պետք է տաքանաս Բախով,
Բեթհովենով,
Մոցարտով…
Բայց դու մրսում ես,
բարձրանում ես անկողնուց ու
կացնի մի քանի հարվածով կոտրում ես դաշնամուրիդ կափարիչը…
Այսօր կտաքանաս այսպես, ի՞սկ վաղը…
Վաղը կկոտրես ամբողջը ու քեզ էլ ոչ ոք չի հիշի…
Մարդիկ զբաղված են փող փնտրելով ու հաշվելով:
Դու մրսում ես
ու նորից փորձում տաքանալ հույսերով:
Չի ստացվում…
Նորից բարձրանում ես անկողնուց
ու նորից սպանում…
Քեզ տաքացնում է գիշերային արևը…

թույլ, անօգնական:

Խոսի՛ր Պոետ բանաստեղծություն

Խոսի՛ր  Պոետ,
Պետք  է  խոսե՛ս,
Քո  խոսքին  Կհավատան,
Աստված  մի՞թե  դու  չգիտես ,
Որ  հոգսեր  ու  ցավեր  կան:

Մի՞թե պետք է, որ քեզ պատմեն,
Կամ բողոքեն զայրալից,
Քո կուրության շատ մեղքերը,
Պոետներն են քարշ տալիս:

Աստվածներից դեռ ոչ մեկը,
Չի եղել այսքան դաժան,
Զոհի մոխիր սեղաններից,
Միշտ եղել է բացակա:

Իսկ դու տեսար թուքն արյունոտ,
Շրթունքներից Աբելի,
Ու ընկած էր ոտքերիդ մոտ,
Անմեղության բանալին:

Քո նման էլ հիմա հազար,
Երկնագահներ են վխտում,
Ժողովրդիս բկին չոքած,
Արյուն քրտինք են խմում:

Գլո՞ւխ պետք է մենք խոնարհենք,
Գլխատվելու մռայլ դե՞մք,
Թե՞ չմորթված աղաղակենք
- Ո՞ւր եք, մեր Հին Աստվածներ:

Թե՞ Աբելի աչքերի պես,
Հառենք դեպի քո գութը,
Որ կայեններն այսօր այսպես
Մեզ խորտակեն անդունդը:

Խոսի՛ր Պոետ,
Պետք է խոսե՛ս,
Քո խոսքին Կհավատան,
Էլ ի՞նչ Աստված,  խորթ է նա մեզ,
Խոսի՛ր Պոետ,

Ժամն է մահ:

Մի սպանիր



 Ուղեկալի միակ նշանավոր բանը կապի մեքենան է`մյուս ուղեկալներն ու Երևանը կապող միակ օղակը:
Թվով տասներկուերորդն է`մնացած դեռ ԽՍՀՄ բանակից:
Այդպես էլ կոչում են` 12-րդ ուղեկալ:
Ուղեկալներն իրարից հեռու են 25-30 կմ-ով:
Մոտ կես կիլոմետր այնկողմ  Ադրբեջանական գյուղ է` Շյուքյուրբեյլին:
Դատարկ:
Կապի մեքենային վազելով մոտեցավ ուղեկալի միակ ենթասպան:
-
Շո´ւտ արա, կապվի´ր Երևան:
-
Ժամը չի, համ էլ ի՞նչ է եղել:
-
Մի աղջիկ են բերել զինվորները: Օձն է կծել: Որտեղի՞ց է հայտվել, ոչ ոք չգիտի:
-
Երևանն ի՞նչ անի,- զարմանում է կապի սպան:
-
Չես հասկանո՞ւմ, զինվորական համազգեստով է, ռուս: Բա, որ մեռա՞վ:
-
Կենտրո´ն` <Բրիգ21-ին>: Կենտրո´ն` <Բրիգ21>-ին: Կենտրո´ն`..:
- <
Բրիգ21> , Կենտրոնն եմ: Խախտում ես եթերում դադարի ռեժիմը, եթե շտապ բան է, անցիր 3-րդ կապուղի:

* * *
Զիվորները հետաքրքրությամբ նայում էին աղջկան:
Կապույտ, ջինջ աչքեր ուներ, մինչև ուսերը հասնող արևագույն մազեր, մաշկը` սպիտակ, ինչը վկայում էր, որ այս կողմերում նորեկ է:
Վազելով մոտեցավ կապավորը:
-
Պարո´ն կապիտան, Երևանը հայտնեց, որ եթե մինչև վաղը`  ժամը` 20.00 նրա հետևից չգան, հանձնենք 8-րդ ուղեկալ:
Օձի կծածի համար էլ ասացին` հակաթույն չկա, մի բան արեք, դժվար թե թունավոր լինի:
-
Զինվո´ր, Թալինցի Կարոյի´ն կանչիր:
-
Ուղեկալի հերթապահ շրջիկ խմբում է` խրամատների մոտ:
-
Սպարտա´կ,- կապիտանը դիմեց ենթասպային,- ի՞նչ ես աչքերդ չռել: Կնիկ չե՞ս տեսել: Արագացրո´ւ հերթափոխը, Կարոյին բե´ր ուղեկալ:

Թալինցի Կարոն օձ ուտող էր, մի բան կիմանար:
Աղջիկը թուլացած հենվել էր նստարանին:
Կարոն մոտեցավ աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Փորձեց վեր քաշել տաբատի փողքը, սակայն աղջիկը ոտքը ետ քաշեց:
-
Տղե´րք, ռուսերեն շալվար ոնցա՞, ո՞նց ասեմ շալվարդ բարձրացրո´ւ :
Ծիծաղեցին: Ամեն մեկը մի բան էր բղավում ռուսերեն, վերջը 
- Ասա` <Օткрой грудь дорогая> :
Կարոն մի կերպ կրկնեց ձեռքով ցույց տալով ոտքը:
Հռհռոցը թնդում էր:
Աղջիկը ժպտաց, հետո պարզեց ոտքը:
Պաբատը պատռեց:
Կծածից վերև ոտքն ամուր կապած էր կաշվե գոտիով:
Ոտքի վրա պարզ երևում էին երկու սպիտակ զուգահեռ գծեր, գծերի ծայրում` սև կետեր:
-
Պարո´ն կապիտան, թունավոր օձ ա էղել:
-
Բա ի՞նչ անենք, հո չի՞ մեռնի ուղեկալում:
-
Մածուն ա պետք, մեկ էլ` սաղ թող գնան:
Կապիտանը հեռացրեց բոլորին: Կարոյի հետ գրկեցին ու տարան զորանոց, նստացրեցին լեյտենատի մահճակալին:
Կապիտանը հեռվում նստած` նայում էր:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
Կարոն ձեռքերը քշտեց: Ձեռքերին օձի խայթոցների բազմաթիվ հետքեր էին:
Սկզբից Կարոն դանակով խաչաձև կտրեց վերքը: Աղջիկը բղավեց` <мама>:
Հետո սկսեց ծծել վերքը ու թքել, ինչպես պապն էր գյուղում անում. <Կարևորը` կուլ չտաս,վռազ թքի´ր ու շունչդ պահի´ր>:
Թքի հետ խառնված արյունը կապտակարմիր գույնի էր:
Այնքան թքեց, մինչև տեսավ, որ թուքն արդեն կարմիր է:
Կապտաչյա գեղեցկուհին սարսափով էր նայում զինվորին:
Սպան զզվանքով գլուխը թեքել էր:
Մածուն չկար, որտեղի՞ց լիներ: Դուրս վազեց:
Հավաքած ինչ-որ տերևներ թրջեց ու դրեց վերքի վրա:
-
Իրան ասա´, թող չքնի, ես ռուսերեն չգիտեմ, գոնե` կես ժամ:
Սպան թարգմանեց:
Հետո հարցրեց անունը:
Աղջիկը պատմեց, որ կապի սպա է, Լենինգրադից, անունը Լյուսյա է:
Հետ է ընկել իր խմբից ու կորցրել բոլորին: Գնում են դեպի ճակատ` օգնելու:
-
Անունն ի՞նչ էր, չհասկացա, ու՞ր են գնում, ի՞նչ մեքենա:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
-
Շատ մի´ խոսա, Կարո´, գո´րծդ արա: Անունը Լյուսյա է, սվյազիստ է, գնում են ճակատ`մերոնց մոտ:
-
Էդ ի՞նչ անուն ա,-փոխելով ոտքի փաթաթանը` նայում էր աղջկան:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:
-
Քնեց, պարո´ն կապիտան:Ժամը մեկ դեռ 3 անգամ փոխելու եմ, բա ո՞նց կլնի:
-
Կմնաս մոտը, չքնե´ս: Ես պահեստում կքնեմ:
Ցուցամատը ծալեց, երկու անգամ քսեց քթարմատին: Սովորություն էր:

* * *
Լուսաբաց:
Կարոն քնած էր:
Ամբողջ գիշեր չէր քնել:
Աղջիկը զարթնեց կրակոցների ձայնից: Փոքր-քիչ կաղալով` դուրս եկավ զորանոցից:
Զինվորները զվարճանում էին:
Ուղեկալի տարածքում ռումբից պայթած երկհարկանի շենքից մնացել էր մի պատ,
պատի վրա էլ` չուգունե ջեռուցման մարտկոց` մի խողովակից կախված:
Զինվորները հեռվից փորձում էին կրակոցով մարտկոցը գցել, պոկել խողովակից, չէր հաջողվում:
Աղջիկը կաղալով` մոտեցավ:
- Доброе утро.
- Как нога?
Օткрой грудь, дорогая.
Ծիծաղեցին իրենց տարիքին համապատասխան` պատերազմում, բայց անհոգ:
Մոտեցավ նաև սպան:
Աղջիկն ուշադիր բոլորին նայելուց հետո մոտեցավ մի զինվորի:
- Дай автомат.
Զինվորը տատանվում էր: Հետո գլուխը քորելով` տվեց:
Արևահամ մազերը ձեռքով հետ տվեց, նշան բռնեց քիչ երկար, կրակեց:
Մարտկոցը տեղում էր, բայց մի քանի վայրկյան հետո ճռռալով` խողովակից պոկվեց ու աղմուկով ընկավ գետնին:
Վազքով մոտեցավ մի զինվոր:
-
Մի մեքենա է եկել,<Վիլլիս>: Ռուս են, աղջկան են հարցնում
Աղջիկը, թեթև կաղալով, գնաց դեպի զորանոց:
Տեսավ իր փրկչին քնած`ցուցամատը քթի մոտ` սովորության համաձայն:
Նա էլ էր նկատել զինվորի տարօրինակ սովորությունը:
Մտածեց. <Սովոր է, կրակոցներից չի էլ զարթնել>:
Կռացավ, համբուրեց տղայի շուրթերը, մատները սահեցրեց այտերով, հետո համբուրեց ճակատն ու դուրս եկավ:
Երեկոյան շտաբից մի <Նիվա> եկավ:
Մեքենայից դուրս եկած գնդապետի համազգեստով սպան առանց գլխարկի էր:
Կապիտանը դիմավորեց պահակակետում, ուզում էր զեկուցել:
-
Թողնե´լ: Կապիտա´ն, ու՞ր է ռուս աղջիկը:
-
Գնաց մի մեքենայով, ինչպես որ
-
Դու հիմա՞ր ես, կապիտա´ն, երկրորդ օրն է սարերում դրանց ենք ման գալիս: Դրանք հատուկ դիպուկահարներ են` Ուկրաինայից, հասկանո՞ւմ ես` հակառակորդ, գնում էին անցնելու ճակատի գիծը, ազերներին օգնելու:
-
Բայց պարո´ն
-
Ոչ մի բայց: Դու էլ, քո այդ օձ ուտող զինվորն էլ` գաուպտվա´խտ, հասկացա՞ր, կրկնի´ր

* * *
Գիշեր է:
Դավաճան գիշեր, լուռ ու դավադիր:
Խրամատում`սահմանի այդ հատվածում երեք զինվոր են ու մի սեժանտ:
Սերժանտն ու մեկ զինվորը քնած են:
Քնում են հերթով:
Գիշերով տեսնելու հեռադիտակ սարքով հետևում են մի ձոր այն կողմ հակառակորդի դիրքերին:
-
Մի հատ չծխե՞նք, աչքերս հոգնեցին, մեկ է այնտեղ մարդ չկա,սարքով լավ երևում է:
-
Դե, գիտես որ չի կարելի, գոնե մտնենք գետնահոր,- ասաց ու ծալած ցուցամատը քսեց քթարմատին:
-
Սերժանտը կզարթնի, հավեսը չունեմ,-ասաց մյուսը, որին Փորձանք մականուն էին կնքել:
Գրպանից հանեց տուփը, մեկ հատ մեկնեց ընկերոջը:
Վառեց սիգարետը ու դեռ չէր հասցրել ծուխը դուրս փչել, երբ
Տրաաաաաաաաաաաքու թռավ սիգարետի կեսը:
Կրակոցի ձայնից գետնատնից դուրս թռան սերժանտն ու զինվորը` կիսաքուն:
-
Էդ ի՞նչ էր, Փորձա´նք:
Փորձանքը վախից պպզել էր խրամատում:
-
Սնայպեր էր, ուղիղ սիգարետիս: Արա´, ի~նչ բախտ ունեմ,
-
Է´շ, քանի անգամ են ասել` կանգնած չծխե´ս: Կարոն էլ երևի վախից տակն ա լցրել:
Երեքով նայեցին Կարոյին:
Կարոյի կրծքի ձախ մասում, որտեղ արյան կարգն ու ռեզուսն է գրված, երեք զույգ սարսափահար աչքեր տեսան նշանառուի կարմիր մահվան կետը:
Կարոն էլ էր տեսել ու չէր համարձակվում շարժվել:
-
Կարո´, միանգամից քեզ գցի աջ, չի հասցնի:
Կարմիր կետը սկսեց շարժվել, բարձրացավ դեպի շրթունքները, մի քիչ սպասեց, հետո այտի վրայով դանդաղ սահեց ու կանգնեց ուղիղ ճակատի կենտրոնում:
Ակամա աջ ձեռքը բարձրացավ, ու ծալած ցուցամատով շփեց քթարմատը:
Զինվորներն ու սերժանտը կքանստած` ձեռքերով փակեցին աչքերը:
<
Վերջ>, -մտածեց ու մի ակնթարթում աչքի առջևից անցան մայրը, հայրը, քույրը` բոլորն էլ սարսահափահար դեմքերով:
Տրաաաաաաաաաաաք
Գնդակը մխրճվեց Կարոյից մոտ 50 սմ դեպի ձախ` հողի մեջ:
Զինվորներն ու սերժանտը բացեցին աչքերը: Կարոն դուրս էր գալիս խրամատից:
Կանգնեց հասակով մեկ, շփեց քթարմատը, հետո ձեռքը բարձրացրեց, օդում ողջունեց մթությանը:
Քթի տակ մրմնջաց` <открой грудь дорогая>….
Տրաաաաաաաաաաաք
 
Ու ընկավ խրամատի մեջ: