пятница, 10 июня 2016 г.

Ծանր չէ բեռս

* * *
Ծանր չէ բեռս՝
կիսամեռ լուսինն  ուսիս,
Ոտքերիս տակ երեկվա անձրևն է…
… Համընթաց քամին
հարվածում է մեջքիս:

Քայլում եմ լուսնի բեռան տակ,
Սակսոֆոնի  մեներգ է լսվում հեռվից…
… Լուսինն անհանգիստ տնքում է
ու շարժվում ուսիս:

Ոտքերս հոգնել են, առաջ չեն գնում՝
Փորձում եմ փախչել ինձնից,
… Ամպերն են հապճեպ հեռանում
երևի կարոտած Լուսնին:

Սակսոֆոնն ինձ համար է երգում՝
Մի տխուր մեղեդի
Մոռացված,
… Լուսինն ուսիցս սահում՝
Ընկնում է գետնին քարացած…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 3 июня 2016 г.

Արևոտ մի գիշեր



Ալեկոծ մարմնի հուժկու գրո՛հը
Քարաժայռ կուրծքդ է անհանգիստ շոյում,
Աչքի տառապող լույսի հոգոցների մեջ
Օ՛րն է իր բոսոր գույները ցրում…

Միստիկ սարսափով արևը քրտնած
Ձեռքե՜րն է դանդաղ երկարում,
Մանուշակագույն սառը բարձունքին
Կի՛րքը բարձրացած
Աչքն է անհամբեր բացուխուփ անում…

Ցավասեր Սե՛րն է կոտրում ողնաշարը,
Արշալո՛ւյսն է տանջում գիշերին,
Փշրվո՜ւմ է ծովի ափամերձ պատվարը
Մայիսյան մի թիթեռ է խաղում ալիքին:

Ամո՞թն է թամբին հեծած սլանում
Թե՞ թամբն է ամոթով տարածվում,
Արևոտ գիշերվա անամոթ աչքերը
Վարսերն են անկանոն շղարշում…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 22 мая 2016 г.

Ինձ ո՛չ ոք չի սպասում



«Ինձ ո՛չ ոք չի սպասում»
Հնչո՜ւմ է աղոթքի նման,
Տխո՜ւր աղոթքի
(Ուրախ աղոթքներ չեն լինում հարկավ)
Իսկ եթե իրոք չե՛ն սպասում
Մնում է թողնե՜լ,
Հեռանա՜լ…

Հեռանալ սևամորթ գիշերը սրտում,
Հույսերը քամու թաթիկներին  հեզ,
Առանց բացատրել թե ի՞նչ ես թողնում
Եվ ո՞ւմ ես թողնում,
Հեռանում հավերժ…

Ես ողջ կյանքում 
Թևածել եմ սովորել,
Ամպերին եմ հպվե՜լ, գգվե՜լ
Կուրծքը շոյել արևի
Եվ բույրերն եմ հոտոտել
Որ բերել է ինձ քամին…

Աստղերի  հետ խենթացե՛լ եմ,
Կայծակի  հետ բղավե՛լ,
Հեռանալու գաղջ ու տխո՜ւր արվեստը
Տակավին չեմ սովորել …

Ես չգիտեմ
Ե՞րբ,
Որտե՞ղ
և ինչպիսին է լինելու
Իմ Դա՛տը,
Բայց մի բան գիտե՜մ,
Որ Ե՛ս եմ լինելու
Եվ դատավորը և մեղադրյալը,
Ե՛ս եմ լինելու մեղադրող կողմը
և վկան և փաստաբանը:

Կյանքի հմուտ ոտքերի տակ
Հոգիս շատ է ամրացել -
Դրանից է՝գիտեմ հաստատ
Որ չեմ լինի խղճալի՝
Դողդողալով չեմ մոտենա
անմեկնելի վախճանին…

«Ինձ ո՛չ ոք չի սպասում»
Աղո՞թք է,
Բողո՞ք,
Թե՞ փաստացի լուր…

…Արդարության ձախակողմյան նժարում
Հացի փոքրիկ մի կտոր է,
Իսկ մյուսում խորտակված
անուրջների մի բլուր…

Ս.Ումառ-Հարությունյան

21.05.16  Երևան

среда, 18 мая 2016 г.

Ամենա՜, ամենա՜…



Ամենացավո՜տը -
Քո խենթ ձեռքերից հեռացած Սերն է,
Ամենացանկալին՝
Շուրթերդ ետ մղող մատները Նրա,
Ամենահեռո՜ւն քո երազներն են,
Որ մեկ բացակա են, մեկ ներկա:

Ամենակրքո՛տը՝
Մատներն են քեզ սիրող կնոջ,
Ամենաքնկո՜տը՝ շուրթերը փակված,
Ամենաբարդը՝  հոգոցն  անորոշ,
Ամենատա՛քը -
Նրա համբույրն է վերնաշապիկիդ օձիքին դաջված:                       

Ամենաերեկո՜ն -
Հուշիկ քայլերով դեպի քեզ եկող Նրա ոտնաթաթն է,
Ամենագիշե՜րը՝
Քեզնով մեկ փռված վարսե՛րը Նրա,
Ամենաառավոտը սուրճի ա՛յն բաժակն է,
Որ Նրա մատներից պատահմամբ
Ընկնում է  վրադ…

Ամենաթեթևը՝
Ձախ ուսիդ  հենված Նրա գլուխն է,
Երբ ուսդ չի զգում ծանրություն Նրա գլխի տակ,
Ամենադաժա՜նը պահարանի ճռացող դո՛ւռն է
ու զգեստակախիչը դատարկ…

Ամենալի՛քը դո՛ւ ես՝
Քո հոգի՛ն, կարոտով լեփ-լեցուն,
Ամենախաղալիքը քո մարմի՜նն է-
Նրա դողացող ձեռքերում:

Ամենակատարյա՜լը Նրա կուրծքն է՝
Մոգակա՜ն,  չքնա՜ղ տեսարան,
Ամենադատա՛րկը
Անկողնուդ ա՛յն հատվածն է,
Որտեղ անցյալում սիրել ես Նրան:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 15 мая 2016 г.

Անամոթ մի սեր…




- Լա՛վ նայիր գուշա՛կ, թեկուզ մի բա՜ռ,
մի տա՜ռ Նրա անունից,
Ա՜խ, ես շատ եմ կարոտել,
մի բան ասա Նրանից…
- Չե՛մ տեսնում ոչինչ, ո՛չ բառ, ո՛չ տառ,
Ո՛չ էլ ճանապարհ…
Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր  սպասել,
Բայց սպասիր կարծես,
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…

- Անամոթ մի սե՞ր…
Երբ լույսն աչքերի կուրծքս է այրո՞ւմ,
Երբ նրա խոնավ  մատները կոնքիս բառե՞ր են գրում,
Երգե՞ր հորինում…
Ա՜խ, գուշա՜կ, գուշա՜կ, ի՞նչ դաժան ես դու…
Ու ոչի՜նչ, ոչի՜նչ դու չես հասկանում:

- Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր  սպասել …
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…

- Անամոթ մի սե՜ր…
Երբ իմ մարմնի հողմի կենտրոնում
Բախվում են իրար լույսն ու ստվերը,
Երբ իմ քունքերին  անձրևն է թակում,
Երբ արեգակի այրվող ազդրերը
Տաք ձյուն են մաղում,
Երբ հոգիս են գրկում նրա շուրթերը,
Երբ որ բացվելու պատրաստ իմ վերքը
Դառնում է նրա կարոտի երգը…
… Դու խոսի՛ր գուշակ, թող որ
կարճանա սպասման գիշերը…

- Կին ես, հասկացի՛ր
Սա ընդամենը մրուր է սուրճի,
Մի հիմարություն, դատա՜րկ, սնամե՜ջ
Ու խոսքե՜ր, խոսքե՜ր…

- Ո՛չ, լավ ասացիր,
Մի անամոթ սեր…

… Կրակից այրվող սառցե բեկորներ,
Հանգիստ վայելող հագուստի վրա
Եռացող կաթի այրող կաթիլներ,
Ի՞նչ լավ ասացիր,
Անամո՜թ մի սեր…

- Գիտեմ սիրո՜ւմ ես, շատ չե՛մ խորանա,
միայն թե ասա՛,  ո՞վ է,
որտեղի՞ց և ի՞նչ մարդ է նա՞
- Չեմ կարող թաքցնել, սիրելի գուշակ
Գուցե և մարդ չէ,
Գազան է վայրի,
Մեղվի խայթոց է, ծիծաղ վարազի…
Մեկ պարզից պարզ է, մեկ էլ առեղծված,
Մեկ այգաբաց է, մեկ էլ խուլ գիշեր,

Բանաստեղծ է նա գրողի տարած…
Անամո՜թ մի սեր…

Ս.Ումառ-Հարությունյան