понедельник, 22 июня 2015 г.

Սերն անժամանակ

* * *
Սե՜րը սե՛ր չէ, երբ ծնվում է
Անժամանակ…
Շա՜տ նման է
ժայռի ամուլ ծերպից մի կերպ
գլուխն հանած,
Անօգնական փոքրիկ ծաղկի…
Ու կանչերը գարնանային անձրևներին
Հանձնվում են աշնան հազի չո՜ր ձայներին…

Ստորոտից էլ ժայռի ծայրը բարձրանալու
Ուժ չունեցող Սոխակին Հի՛ն-
Լավն ու վատը այս աշխարհի
Վաղուց արդեն պետք չե՛ն գալիս…

Սե՜րը, սե՛ր չէ երբ ծնվում է
Անժամանակ…

Ա՜յն ժամանակ, երբ
Ինչ-որ մեկն արդեն հաշտված պարտության հետ-
աշնան թևին քարշ է գալիս,
Իսկ մյուսը դեռ դուրս չեկած մոր արգանդից
Դուռն է բացում երազանքի,
Ձայն է տալիս
Ծա՜ռս եղած հոգուն հրակ…

Սե՜րը սե՛ր չէ, երբ ծնվում է
Անժամանակ…


Ս.Ումառ-Հարությունյան

Փորձությո՞ւն

* * *
Դո՞ւ ես ինձ տանում հերթական փորձության
(Հուսա՜մ)
Թե՞ ես եմ մի վերջին անգամ փորձ անում
Համոզվելո՛ւ,
(Ինչո՞ւ չէ, գուցե նաև ինքս ինձ խաբելու)
Որ կա՜ս, ուղղակի մոռացե՜լ ես
Կամ անտարբե՜ր ես…

Անտարբերությո՞ւնն էլ այսքա՜ն անտարբե՞ր…

Մի մարդու հանդեպ, որը չի սիրում խնդրե՛լ,
Որը միշտ վերցրել է ի՛ր հասանելիքը
Ո՛չ պակաս և ո՛չ էլ ավել:
Հասանելիքն էլ եղել է միայն
Արցունքներ տխրության-սգի
(Հանուն արդարության մի քիչ էլ կրքի)
Ու բավարարվե՜լ…

Դե ուրեմն ի՞նչ,
Նորի՞ց փորձ անենք-
Ես՝ քայլեմ դեպի քեզ,
Դու՝ ետ քայլ անես,
Այնքան մինչև իմ և քո միջև միջմոլորակային
Տարածությունը,
Մեկ  այլ հարթության մեջ
Նորի՞ց քննարկենք…

Տարաձայնություննե՜ր,
տարածություննե՜ր…

Անտարբերությո՞ւնն էլ այսքա՜ն անտարբե՞ր…

Ս.Ումառ-Հարությունյան


Երբ աշխարհը խե՛լքն է գցում

* * *
Երբ աշխարհը խե՛լքն է գցում
Ու քո դռնով դուրս գալիս,
Նա քեզնի՛ց չի հեռանում
Նա փախչում է իրենից:

Դու մնում ես առանց աշխա՜րհ
Թախիծի խորթ ձեռքերում,
Եկեղեցու ներսի նման
Խորհրդավոր ու տխուր:

Օրե՛րդ ես հիշում անցած,
Ապրո՛ւմ ես հին օրերով
Ու վարգո՜ւմ են աչքիդ առաջ
Ինչ-որ ձիեր խելացնոր:

Անսա՜նձ, անթա՜մբ մի քիչ խելա՛ռ
Երամակն իր ոտքերով
Տրորում է սիրտդ հպարտ ու
Երազներդ բոլոր…

…Երբ ետ չի՛ գալիս աշխարհդ,
Ի՛նքդ ես թռչո՜ւմ նրա մոտ,
Դա՛ է վերջին ճանապարհդ
Եթերայի՜ն ու ցավոտ…




Գիտե՜մ, գիտեմ

Գիտե՜մ, գիտեմ որ
Կգա ժամանակ,
Որ մատներս էլ չեն կարողանա
Ոչ գրի՛չ բռնել և ո՛չ էլ մատիտ,
Չե՜մ պատկերացնում թե ի՞նչպես պետք է այսօրվա նման
Աչքերիս առաջ  անունդ գրեմ
Հազար ու հազար անգամ :

Գիտե՜մ, գիտեմ որ
Կգա ժամանակ…

Փորձ արեցի սեփական
սիրտս պատռել ու մտնել,
սրտիս պատերին ինչ որ կերպ
անունդ գրել,
Սիրտս լցված էր լոկ քո անունով,
Քո անվան նույնիսկ մեկ տառի համար
Ես տեղ
Հավատա չգտա:

Գիտե՜մ, գիտեմ որ
Կգա ժամանակ,
Պատկերացնո՞ւմ ես արդյոք
Որ մատներս էլ չեն կարողանան
Ոչ գրի՛չ բռնել և ո՛չ էլ մատիտ,
Հավատա՛ իրո՜ք
Կլինեմ հանգիստ…


Ս.Ումառ-Հարությունյան

Գիշերային ձայն



* * *
Երբ մտնում ես տուն
(Հարազատ մի բան)
Վառում ես լույսը
(Լույսը չի կարող սպանել լռությանը)
Ու մի կարծես այլ տեսակի լռություն
Քեզ բարևում է իր բառերով

Նայում ես հայելուն՝
Դու մենակ չես՝ քեզ հետ ես ինքդ
Էլ ի՞նչ մենություն

Դու ես, լույսը, հայելուց մի  հայացք քեզ նայող
Եվ
Ինչ-որ տեղ թաքնվելու փորձ անող
Ճշմարտությունը –
Աչքիդ բիբի մեջ

* * *
Մանկամիտ են եղել
Քո բոլոր պատկերացումները պատռելու մասին-
Պատռել էջ,
Օրագիր,
Սիրտ,
Դուր չեկող շրջազգեստ…
Հետո՞

…Էությունդ պատռվելուց հետո հասկացել ես, որ
Մանկամիտ են եղել
Քո բոլոր պատկերացումները

Ս.Ումառ-Հարությունյան