четверг, 24 августа 2017 г.

Ամա՜ռ

Թռա՜վ ինքնաթիռն ու տարավ…
Ի՛նձ տարավ քո աչքերում,
Քե՜զ տարավ իմ աչքերից,

Ու կարծե՜ս անհոգի մի դատա՜րկ -
Կախված մնաց երկնքից…

*
Բալենու մի այգի կարծես դատարկվե՜ց,
Հարո՜ւստ մի ամառ ավետեց տխրություն,

Դաշտային հարբած  մի քամի՜ օրորվեց,
Մեղեդին դարձավ մի աղմուկ…

*
Իրար փարվեցին կոպերը հոգնած-
Ինչպես մե՜նք էինք փարվել այն այգում,

Անիծվի ինքնաթիռն այն, որ տարա՜վ
Մի սե՜ր,  մի հավա՜տ անկոտրում…

*
Կարոտս հիմա մի թափառական
Կփարվի  մուրացիկ կանանց ստինքերին,

Ա՜փ նետված անհույս ձկների նմա՜ն
Կարոտս իր երախը բացուխուփ կանի…

*
Թարգմանեցի քեզ իմ մո՜ւթ մեղքերը,
Թաքուն հրճվեցի՜ խոստովանանքով,

Ա՜խ,  ո՞ւր են հիմա քո նուրբ ձեռքերը,
Որ շոյո՜ւմ էին իմ անցյալը գորշ…

*
Քեզ համար կպահեմ հրդեհնե՜րը իմ,
Կպահածոյացնե՛մ ժպիտնե՜րս տաք,

Գուցե արթնանա՞ խիղճն ինքնաթիռի
Ու նորից ետ գա՝ քեզ իր մեջ առած:

*
Հա՜վքը հեռվում է երգո՜վ մահանում
Մեռնող մա՜րդը մրմնջում է միշտ աղո՜թք,

Ես չգիտե՜մ, աղոթո՞ւմ եմ թե՞ երգում -
Մի աշո՜ւն է մոտենում ինձ անողոք:

*
Կտեսնե՞մ քեզ կյանքիս ճամփեզրին նստա՜ծ,
Չարը մի՛շտ ձաղկո՜ղ հայացքով հրակ,

Ու լույսի համը շուրթերով փորձած,
Կշշնջա՞ս ինձ.
- Քո Սե՜րն եմ, եկա՜…

Ս.Ումառ-Հարությունյան



среда, 23 августа 2017 г.

Հայացքո՜ւմ



Հաճախ եմ վիճում ինքս ինձ հետ-
Չգիտեմ որտե՞ղ եմ ճի՜շտ,
Որտեղ սխա՜լ,
Հայա՛ցքն եմ համեմատում սրտի հետ
Ու մնո՜ւմ զարմացած…

Հայացքի  լեզուն ավելի պա՜րզ է,
Ընկալելի՜ է,
Առավել անկե՜ղծ,
Սրտում պահ մտած չարանենգ մա՜ղձը
Անտեսանելի՜ է
Դաժան է ու եղծ…

Հայացքը սրտից ավելի
Նո՜ւրբ է,
Ավելի համե՜ստ ու խոսուն,
Երբ սրտում տա՜ք է
կամ էլ  շատ ցո՜ւրտ է -
Հայացքն է անընդհատ
Բողոքում:

Սիրտն ընդամենը կծկվո՜ւմ է,
Բացվո՜ւմ,
Ծակո՜ւմ է, ցավո՜ւմ կամ էլ
Թպրտո՜ւմ,
Իսկ այդ ամենը ձկան լռությամբ
Միա՜յն ու միայն
Հայա՛ցքն է տանում…

Չե՛մ ուզում, սեր ի՜մ
Մնաս սրտումս,
Որտեղ գերիշխում են ցա՜վն  ու կսկիծը,
Ուզում եմ հավերժ մնաս
Հայացքո՜ւմս-
Հայացքս լինի ուղեկիցդ…

Ս.Ումառ-Հարությունյան

11.08.17  Երևան

Անվերնագիր



Իմ և Տիրոջ միջև
Միջնորդն ավելորդ է՝
Ե՛ս եմ, ի՛մ Տերն է-
Պատժելն ու ներելը…

Իմ գաղտնի՜քը
Միայն ե՛ս գիտեմ,
Թե մեկն էլ իմացավ՝
Գաղնիքն ի՞նչ գաղտնիք,
Ուրիշի գործերի մեջ քիթը խոթելը
Վաղո՜ւց,  շա՜տ վաղուց
Դարձել է հարգի…

Ասում եմ.
- Տե՜ր հայր, քեզ ի՞նչ եմ արել:
Ասում է.
- Ի՞նձ, ոչինչ չե՛ս արել, Տիրո՛ջն ես արել.
Է՜, ե՛ս եմ, իմ Տե՛րն է, Պատժե՜լն ու ներելը -
Անհասկանալի է թե ի՞նչ է ուզում
Միջնորդ  տերտերը:

Նույնիսկ սիրո մեջ
Միջնո՜րդ է դարձել,
Մեկին հնազա՜նդ,
Մեկին տե՜ր կարգում…
Դե եկ բացատրի՛ր, որ այս աշխարհում
Հնազանդներին ո՛չ ոք չի սիրում…

Ա՜յ անհնազանդը -
Փոթորի՛կ է գիժ,
Ցնդած ալի՛ք է ժայռերին բախվող,
Կի՜րք է ու հզո՛ր ճայթող կայծակից,
Որի հարվածից երկար ժամանակ
Ուշքի չես գալիս…

Պտուղն արգելված
Չի՛ լինում Դառը,
Քա՜ղցր է, ցանկալի՜ ու հյութեղ այնքա՜ն,
Որ իրեն հարգող տեր-տղամարդը
Ամե՜ն ինչ կանի հասնելու համար:

Իսկ հնազանդին  կտանի գայլը՝
Որպես ուտելիք ձագերի համար,
… Այդպես է դրված աշխարհի Բանը՝
Կամ կերակուր ես
Կամ ուտող բերան…


Ս.Ումառ-Հարությունյան

Մոռացում

Մոռացումը՝
մի մե՜ծ դույլ մոխիր,
որ ժամանակի՜ կամ էլ խե՛նթ քամու
բութ քայլափոխին,
տարածության մեջ
ցրվո՜ւմ է,
կորո՜ւմ…քեզ թողնում մենակ…

Ասե՜ս կորցնո՜ւմ ես ցնորք ուղեկցիդ
ու վերափոխվում ես
դառնում մի  հենակ,
Հենակ խոհերի՜
մտքի՜ կամ
հիշողությա՜ն…

Ու ծա՛փ է տալիս հոգնած թթենին,
ճյուղերն իր կոտրում -
հանուն հաշտության
քո և կորստի:

… Հաշտվո՜ւմ ես ստիպված,
որ արևն արդե՜ն էլ ծիծաղ չունի՜,

Խոսքը քեզ ուղղված
բլո՛ւր է ճաղատ
անձրևների տակ,

Ստիպված հանձնվո՜ւմ ես
կյանքի քմայքին
ու իրիկնանո՜ւմ է օրն անհարազատ…

Ու օրը մենա՜կ,
ու հոգին մենա՜կ,
ու շագանակագույն մի սարսո՜ւռ թևած,

Հանգչո՜ւմ են կապույտ երազանքնե՜րդ
մոռացումի տակ …


18.08.17   Երևան

Նոր Սեր


Այն ի՞նչ Ձե՜ռք էր, որ
Հորիզոնի կո՜ր, կրքոտ ծոցի մեջ
Սուզված գիշերվա  լո՜ւյսը գողացավ,

Ու գիշերը կո՜ւյս թևերով մաքուր
Ինձ գրկում փայփայե՜ց
Ու… մեռավ:

Առավոտն ինչպես
Լաց լինող մի կի՛ն.
Ինձ իր գիրկն առա՜վ, գուրգուրե՜ց,

Հիշո՞ւմ ես այն օրը, երբ մայրամուտին
Ինձ համար կո՛ւրծքդ բացվեց
Լուսեղեն:

Ինձ համար գրված գի՜րս ճակատի՝
Մարմի՜նդ էր, որ մի պա՜հ դողդողաց,
Ու գոհացումը
Ապրած այդ պահից
Փքվե՜ց, ուռճացավ:

Հիշո՞ւմ ես արդյոք.
Որ քո մի բաց դո՜ւռ -
Ստվերիս տարավ հարբելու,
Ու փաթաթվեցի՜ն իրար շատ ամուր
Մոխի՜ր ու ցասում:

Խի՜ղճը չարչարվե՜ց.
Տանջվեց ցնո՜րքը,
Հույսերը իրենց օրոցքում հանգան…

Ու մի նո՜ր,
Մի նո՜ր.
Նոր Սեր արարվեց -
Ասես ծնո՜ւնդ էր նորածին մանկան:

Ու գլորվեց օ՜րը,
Գլորվեց թեթև-
Երկարաոտ երեկոյի քայլվածքով,

Ու մահացա՜վ օրը՝ մահով անհեթեթ
Նվաճվողի պարգևով…


23.08.17  Երևան