среда, 23 августа 2017 г.

Անվերնագիր



Իմ և Տիրոջ միջև
Միջնորդն ավելորդ է՝
Ե՛ս եմ, ի՛մ Տերն է-
Պատժելն ու ներելը…

Իմ գաղտնի՜քը
Միայն ե՛ս գիտեմ,
Թե մեկն էլ իմացավ՝
Գաղնիքն ի՞նչ գաղտնիք,
Ուրիշի գործերի մեջ քիթը խոթելը
Վաղո՜ւց,  շա՜տ վաղուց
Դարձել է հարգի…

Ասում եմ.
- Տե՜ր հայր, քեզ ի՞նչ եմ արել:
Ասում է.
- Ի՞նձ, ոչինչ չե՛ս արել, Տիրո՛ջն ես արել.
Է՜, ե՛ս եմ, իմ Տե՛րն է, Պատժե՜լն ու ներելը -
Անհասկանալի է թե ի՞նչ է ուզում
Միջնորդ  տերտերը:

Նույնիսկ սիրո մեջ
Միջնո՜րդ է դարձել,
Մեկին հնազա՜նդ,
Մեկին տե՜ր կարգում…
Դե եկ բացատրի՛ր, որ այս աշխարհում
Հնազանդներին ո՛չ ոք չի սիրում…

Ա՜յ անհնազանդը -
Փոթորի՛կ է գիժ,
Ցնդած ալի՛ք է ժայռերին բախվող,
Կի՜րք է ու հզո՛ր ճայթող կայծակից,
Որի հարվածից երկար ժամանակ
Ուշքի չես գալիս…

Պտուղն արգելված
Չի՛ լինում Դառը,
Քա՜ղցր է, ցանկալի՜ ու հյութեղ այնքա՜ն,
Որ իրեն հարգող տեր-տղամարդը
Ամե՜ն ինչ կանի հասնելու համար:

Իսկ հնազանդին  կտանի գայլը՝
Որպես ուտելիք ձագերի համար,
… Այդպես է դրված աշխարհի Բանը՝
Կամ կերակուր ես
Կամ ուտող բերան…


Ս.Ումառ-Հարությունյան

Մոռացում

Մոռացումը՝
մի մե՜ծ դույլ մոխիր,
որ ժամանակի՜ կամ էլ խե՛նթ քամու
բութ քայլափոխին,
տարածության մեջ
ցրվո՜ւմ է,
կորո՜ւմ…քեզ թողնում մենակ…

Ասե՜ս կորցնո՜ւմ ես ցնորք ուղեկցիդ
ու վերափոխվում ես
դառնում մի  հենակ,
Հենակ խոհերի՜
մտքի՜ կամ
հիշողությա՜ն…

Ու ծա՛փ է տալիս հոգնած թթենին,
ճյուղերն իր կոտրում -
հանուն հաշտության
քո և կորստի:

… Հաշտվո՜ւմ ես ստիպված,
որ արևն արդե՜ն էլ ծիծաղ չունի՜,

Խոսքը քեզ ուղղված
բլո՛ւր է ճաղատ
անձրևների տակ,

Ստիպված հանձնվո՜ւմ ես
կյանքի քմայքին
ու իրիկնանո՜ւմ է օրն անհարազատ…

Ու օրը մենա՜կ,
ու հոգին մենա՜կ,
ու շագանակագույն մի սարսո՜ւռ թևած,

Հանգչո՜ւմ են կապույտ երազանքնե՜րդ
մոռացումի տակ …


18.08.17   Երևան

Նոր Սեր


Այն ի՞նչ Ձե՜ռք էր, որ
Հորիզոնի կո՜ր, կրքոտ ծոցի մեջ
Սուզված գիշերվա  լո՜ւյսը գողացավ,

Ու գիշերը կո՜ւյս թևերով մաքուր
Ինձ գրկում փայփայե՜ց
Ու… մեռավ:

Առավոտն ինչպես
Լաց լինող մի կի՛ն.
Ինձ իր գիրկն առա՜վ, գուրգուրե՜ց,

Հիշո՞ւմ ես այն օրը, երբ մայրամուտին
Ինձ համար կո՛ւրծքդ բացվեց
Լուսեղեն:

Ինձ համար գրված գի՜րս ճակատի՝
Մարմի՜նդ էր, որ մի պա՜հ դողդողաց,
Ու գոհացումը
Ապրած այդ պահից
Փքվե՜ց, ուռճացավ:

Հիշո՞ւմ ես արդյոք.
Որ քո մի բաց դո՜ւռ -
Ստվերիս տարավ հարբելու,
Ու փաթաթվեցի՜ն իրար շատ ամուր
Մոխի՜ր ու ցասում:

Խի՜ղճը չարչարվե՜ց.
Տանջվեց ցնո՜րքը,
Հույսերը իրենց օրոցքում հանգան…

Ու մի նո՜ր,
Մի նո՜ր.
Նոր Սեր արարվեց -
Ասես ծնո՜ւնդ էր նորածին մանկան:

Ու գլորվեց օ՜րը,
Գլորվեց թեթև-
Երկարաոտ երեկոյի քայլվածքով,

Ու մահացա՜վ օրը՝ մահով անհեթեթ
Նվաճվողի պարգևով…


23.08.17  Երևան

Խելագար մի օր



Հազա՜ր ու մի գիշեր հեքիաթվեց իմ մեջ,
Մեղավոր լեզուս օծեց կուրծքդ նուրբ,
Ու գոտկատեղդ վա՜ռ  ծիածանվեց
Աչքերիս լույսով:

Ու միացա՜ն բարձունքները բերկրալի,
Մեր աչքերում երազանքներ գոյացան,
Ու ֆալոսը - միամի՜տ ու երկրային
Ե՛րգն իր երգեց անվարան:

Ու հնազանդ քո կանացի քմայքին
Ո՜ղջ աշխարհը կա՛նգ առավ,
Օրհնվո՜ւմ էր պահը սիրո կատարին
Ու լսվում էր հառաչանքի մի խորալ:

Քա՜ղցր էր կյանքը ու գեղեցի՜կ մեզ համար
Մի մեռած անցյա՜լ  էր, ապրո՛ղ մի ներկա,
Չարածի համար չկա՛ր դատարան,
Արածի համար հատուցո՜ւմ չկար:

Թե անմե՜ղ եմ ես-
Անարցո՛ւնք մնամ,
Թե մեղավո՛ր եմ՝
Աչքս սրբելու մատներդ հո կա՞ն…
Դու ինձ կներե՞ս, երբ որ առանց քեզ
Նորի՛ց բարձրանամ
Գահավիժելու կատարը լեռան…


16.08.17   Երևան

Մուսաս



Մի ամա՜ռ էլ ապրեցի,
Մի ամա՜ռ էլ անցավ
Ինչպես որ մյուս բոլո՜ր ամառները,
Բայց ո՜չ, ստեցի՜-
Այս մեկն ուրի՜շ էր՝
Ա՜յլ էին նրա ճառագայթները…

Գո՞ւցե վերջի՜նն էր
Ու քաղցր էր այնքա՜ն,
Որ ինձ թվաց թե ուրիշ ամառներ
Չե՜ն եղել,
Չկա՜ն,
…Մուսա՜ս էր ամառ բերել իր գրկում
Ու ծոցը լիքը
Մի ամառ էր նա…

Միգուցե ասե՛ք.
- Մուսան հեռացա՜վ, ամառը մնա՛ց.
Չէ՜, ի՞նչ եք ասում, առանց իմ մուսա
Ի՞նչ ամառ է սա…

Աչքերը չկա՜ն
Ու խաղ չե՛ն անում ստվերների արանքում,
Ձեռքերը չկա՜ն՝ խուտուտ տվող իմ թևին,
Շո՜ւրթը չկա՛ - շուրթիս հպվող
Նո՜ւյն խոսքերով բերկրալի…

Մի րոպե սո՜ւս,
Կարծես եկավ՝
Կարոտե՜լ եմ իր ձայնին…

…Չէ՜, սխալվեցի՜, մի ճնճղո՜ւկ էր՝

Ցավը պատմող տերևին…