среда, 23 августа 2017 г.

Խաղալիք էի

Գիշերը հանեց իր զգեստը,
Ե՛ս էլ լռության շապիկը իմ սև՜…
Փնտրեցի՜, չգտա՜ աչքերդ համեստ
Ու…մնացի մերկ:

Սիրուց դողացող կանայք մոտեցան-
Փարված գիշերվա թևերին,
Լուսնից ծորում էր արծաթե եղյամ
Լցվում իմ հոգին:

Հիասթափվեցի գիշերվա մթում
Լողացող կանանց կանչերից,
Ասես կանգնել էի մանկության հովտում-
Կառչած հուշերից:

Շո՜ւնչ էի փնտրում գիշերում,
Ձա՛յն հանող կենդանի մի պատկե՜ր,
Ինքս անշո՜ւնչ էի գիշերվա ձեռքում-

Անձա՜յն ու անպետք:

Ու ափիդ մե՜ջ Ծիծա՜ղն է խաղում



*
Պարզել ես ա՜փդ,
Պա՜րզ երևում է ճակատագիրս,
Որը նաև քո՛նն է, բայց չգիտես ի՞նչու
Դաջված ճակատի՜ս,
Ու…քո աչքերում,
Որ մշուշո՜տ նայում են մառախուղին ու եղյամին-
Կարոտի հույզից
Շփոթվա՜ծ, շիկնա՜ծ…

Մեկնո՜ւմ են աստղերը
Լռության կապույտ երազները,
Ու փայլո՜ւմ
Զարմացած…

*
Կվերադարձնե՞ս աչքերս,
Որտեղ որ Դո՛ւ ես ու տխո՜ւր մի
Ցտեսությո՜ւն…
Թե՞ մարմինդ կազատես գարնան խոնավ
Առավոտի՜ց
Ու կդառնա՛ս
Փրկությո՜ւն…

*
Գիտե՞ս, անմարդաբնակ են դարձել օրերս՝
Խնկահո՜տ ու ծո՜ւյլ,
Ու ցերեկվա բոլո՜ր ստվերները, որ քո տե՜սքն ունեն՝
Սև չե՛ն այլ բոսո՜ր
…ինձ հիշեցնում են մենավոր մի ծա՜ռ
Արմատներով խոր,
Չորացա՜ծ, բայց դեռ կանգուն
Հույսո՜վ, հավատո՜վ…

*
Սրտումս անբարիր համբերություն-
Զառամյալ շա՜ն նման
Հոտոտեցի քո մանկության
Փողոցնե՜րը,
Մանկապարտե՜զն ու դպրո՜ցը…

Ցավո՜ք,  չգտա՛ առվակն այն փոքրի՜կ,
Որին մոտեցե՜լ ես տոտիկ առ տոտիկ
Ու կախել ոտքե՜րդ
Սրտում առվակի:
Խենթացրել ես նույնիսկ նրա՞ն,
Ինձ ճի՛շտն ասա, սիրելի՜ս…

Ո՞ր ճամփով է նա հեռացել-
Եկել լցվել սիրտը իմ…

*
Շուրթերիս կարո՜տ,
Շուրթե՜րս կարոտ՝
Ա՛փդ է մեկնվել դեպի ինձ,
Դե ասա՜, արտասանիր անո՛ւնս,
Որ չարտասանեցիր,
Երբ մեզ գետին տապալեց
Հառաչանքի մի ալիք:

Ու գետի՜նն էր ամպոտ,
Ու մարմի՜նդ էր ամպրոպ,
Ու հեռացար դո՜ւ …
Մնա՜ց մի կարոտ,
Մի՜ մխիթարա՜նք՝
Անթև՜,  անգլո՜ւխ,

Մի ճակատագի՜ր
Անսի՜րտ, անողոք…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 6 августа 2017 г.

Լռության Երկնագույն Երազնե՜ր



1
Լռության երկնագույն
Երազնե՜ր
Քո վարդաբույր շուրթերին,
Առանց խոսքի շշուկնե՜ր
Երեկոյան խոյանքների
Եզրերին…
*
Լուսաբացի փոխարեն
Մեկնվե՜լ ես անկողնուս,
… Դու հասկացա՞ր, սիրելի՜ս,
Որ բերե՜լ ես 
Ապրելու մե՜ծ ցանկություն…
*
Դե ուրեմն մի՛  հեռացիր-
Թո՛ղ մարմնիդ բույրը
Մնա վերմակիս,
Միևնո՜ւյն է  առանց այդ բո՜ւյր
Անհնար է ներկայանալ
Աստծո ահեղ ատյանին…
*
Գո՞ւցե նա էլ բույրդ առնի-
Հասկանա՜ ինձ՝ նվաստի՛ս,
Որ առա՛նց քեզ, առա՛նց քո բույր
Կյանքը արագ կանգ կառնի…

2
Սակայն շուտով կհեռանա՜ս,
Կմնա լո՜կ հիշողություն
Կամ էլ սիրո պատկե՜րը,
Ու կարոտն իր հառաչանքո՜վ
Կկապանքի՜
Խղճիս հոգնած թևերը…
*
Քեզ՝ խնայվածիդ նվիրեցի՜ր ինձ,
Դրանից ավե՜լ էլ ոչինչ չկա՜,
… Հեռո՜ւ կլինես, իսկ իմ աչքերի՜ց
Դեռ հոգոցնե՜ր են,
Որ պիտի տեղան…
*
Հեռո՜ւ կլինես -
Ու ձանձրույթը կթանձրանա՜,
Կծանրանա՜-
Կիջնի՜ տխուր մարմնի՜ս,
Գաղափարը կմահանա՜
… Ու խոսքե՜րս  վերքերս չե՜ն ամոքի…

3
Լռության երկնագույն
Երազնե՜ր,
Առանց խոսքի շշուկնե՜ր,
Հեռացվո՜ղ-մարո՜ղ, մոռացվող օրե՜ր,
Ու սմքված մի սիրտ
Խոցված համրորեն…
*
…Ու գիշերվա պես
Կյանքս լուռ կանցնի,
… Էլ չեմ տարբերի ցերեկն ու գիշերը,
Ցավի մանրէի պես հոգիս կկրծի

Բանաստեղծական տողեր կերտելը…

Ս.Ումառ-Հարությունյան

06.08.17  Երևան

суббота, 22 июля 2017 г.

Կին առեղծված



Չհասկացա -
Ա՞չքս էր հոգնած
Թե՞ ուղեղս մթագնած,
Երբ պատահմամբ տեսա ինչպես
Խաչին մի Կի՜ն էր գամված…

Ո՞վ էր տաջվում-
Ե՞ս թե՞ Կինը,
Իրակա՞ն էր թե՞ երազ,
… Կյա՞նքն էր  նիզակ խրել սիրտը
Ձեռքերով բի՜րտ ու դաժան…

Մի պուտ արյուն
Կրծքից կախվե՜լ -
Ծորացե՜լ էր ձախ կոնքին,
Ու կիսամերկ բորբ մարմնից
Խա՜չն էր տանջվում ցավագին…

Բե՛ռը-խաչի՜ն,
Խա՛չը-բեռի՜ն,            
Հոգու ծուծքը լճացե՜լ էր չոր գետնին,
… Հողն իր ագահ կոկորդով
Բույրն էր ըմպում  կանացի…

Չէ՜, լաց չկա՜ր,
Չկա՛ր բողո՜ք,
Ցա՜վը կո՛ւլ էր գնացել,
… Փո՛րձ էր անում գամված ձեռքով
Աչքին կախված
Մազափունջը հեռացնել…

Սկիզբը չկա՜ր,
Վե՛րջն էր սկզբում,
Չկար պատկերի իմաստը թաքուն,
… Ո՞վ կհասկանա  քեզ Կին առեղծված -
Խաչի՜ն,
Հողո՜ւմ,
Երկնքո՜ւմ…

Ս.Ումառ-Հարությունյան

22.07.17   Երևան

вторник, 11 июля 2017 г.

ԿԻՍԱՐԹՈւՆ ԻՄ ԵՐԱԶ



Կարծես ներշնչա՜նք են ամռան
անձրևները,
(առավոտ կանուխ նման ներշնչանք)
կարծես մեղեդի՜ են նրանց ձայները,
… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:

Կարծես երկնքում մի կի՜ն է լալիս
և ուրախության արցունքներ թափում,
կարծես անցյալդ ներկա՜ է գալիս,
…Ու ցանկությունդ մարմի՛ն է առնում:

Ամռան անձրևները գո՜լ ու հաճելի
թափվո՜ւմ են գետնին  կատաղած,
կարծես քնա՜ծ ես խորքում դրախտի,
Կո՛ւյր կարոտախտի գլուխը գրկած:

Մարմիններ դարձած ցանկություննե՜րդ
տաճարի քրմուհու ստինքերի նման -
կրքոտ այրո՜ւմ են փակված կոպերդ,
Որոնց փորձո՜ւմ ես ինչ-որ կերպ բանալ:

Անձրևոտ օրը - անհուն  հայացքներ
անձրևոտ օրը - երգեր  անավարտ՝
անձրևոտ օրը - պարող թիթեռներ,
… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:

Անձրևների տակ կարոտն անգո՜ւյն է,
սպասումը դառնո՛ւմ է թափանցիկ շղա՜րշ,
ամռան անձրևը հոգևոր  գարո՜ւն է,

… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:


Ս.Ումառ-Հարությունյան

11.07.17   Երևան