воскресенье, 14 мая 2017 г.

ՍԻՐԵԼԻ՜Ս



Հուզվե՜լ ես, գիտե՜մ,
Նեղացել կյանքից-
Ինչ է թե կյա՜նքը մի քիչ բարկացավ,
Քեզ բաժին հանեց իր հարվածներից
Ու քեզ թվաց թե լքե՜ց, հեռացավ:

Պատկերացնում ես թե ի՞նչ կլինի,
Երբ հետագայում  կյանքը ակամա
Ոտքի տակ գցի քեզ, այնպե՜ս
Տրորի…
Ինչպես որ սի՜րտս է տրորվել հիմա...

… Կյանքը մոռացկո՜տ է,
Իսկ դու՝ անմոռա՜ց,
… Դու ներե՜լ գիտես,
Կյանքը՝ չգիտի՜,
… Կյանքը քարի՛ց է, բի՛րտ է ու դաժան,
Իսկ դու կենդանի սիրտ ու արյունից…

… Կյանքը կո՜ւյր է՝ կույր է մի աչքից,
Բախտավորներին ատո՛ւմ է  հոգով,
… Սիրում է, որ գո՜հ են մնում իրենից,
Ու հմայվո՜ւմ են
Միա՜յն  իրենով:

Այնպես որ սիրելի՜ս
Բանի տեղ մի՜ դիր -
Քո կյանքը ե՛ս եմ, գուցե՜ հավիտյան,
Իսկ դու հուզվե՜լ ես,
Նեղացել կյանքից՝
Ինչ է թե կյանքը մի՜  քիչ  բարկացավ…

Ս.Ումառ- Հարությունյան


суббота, 13 мая 2017 г.

,,,մեր տասնո՜ւթ տարին



Հիշո՞ւմ եք արդյոք օրերը  գարնան,
Երբ երազում էինք
Երազի մասին…
Ա՜խ, ո՞ւր էր թե կյանքը ետ դառնար՝
Մեզ վերադարձներ
Մեր տասնո՜ւթ տարին:

*
Հիմա մեծացե՜լ ենք,

Ինքներս խաբո՜ւմ, համոզում ենք մեզ
Թե հասունացե՜լ ենք,
Բայց իրականում մենք ծերացել ենք-
Ծերացե՜լ -
Նմանվել այն հասած պտղին,
Որն ամուր կառչած  մնում է ճյուղին…


Դարձե՜լ ենք համա՛ռ
Ա՜յն աստճանի, որ չե՛նք ցանկանում
Կուլ գնալ հողին:

*
Հիմա օրերը դարձել են տաղտո՜ւկ
Կոբալտե-արծաթ
մենակության մեջ,
Թախիծն ու կասկածն են մեր դուռը թակում
Հմուտ ու խարդախ վաճառողի պես:

Փորձեր են անում վաճառելու ա՜յն
Ի՜նչը որ կյանքում
Ո՛չ վաճառվել է և ո՛չ էլ գնվել,
… Իսկ մենք հիշում ենք օրերը գարնան,
Երբ տասնո՜ւթն էինք դեռ նոր բոլորել…

*
Այո՜,  մեծացե՜լ ենք,
Այո՜,  ծերացե՜լ,
Հասունացե՜լ ենք   նաև կորացե՜լ…

Եվ ամենացավո՜տը՝

Այո՜, մաշվե՜լ ենք,
Մաշվե՜լ -  հնացե՜լ…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 11 мая 2017 г.

…անավարտ տողեր



Ես դո՛ւրս եմ գալիս ճշտի կապանքից,
Որտեղ թաղված է մի ամբո՜ղջ
Անցյալ,
…Նայո՜ւմ եմ անտեր մի հողաթմբի,
Որ երազել է շիրմաքար դառնալ…

Մի ցուցանակ է (ո՛չ տապանագիր)
Անձրևն ու ժա՜նգը կերե՜լ են նրան,
Մի կերպ կարդացվում է.
« այսինչյա՜ն … այսի՜նչ »
Սի՜րտս ցավում է՝ տեսնես ո՞վ է նա:

Ալեկոծվո՛ւմ է տագնապն իմ սրտում.
Չէ՞ որ Կի՜ն է եղել, Դո՜ւստր, Քո՜ւյր
Կամ Մա՜յր…
… Արձանի նման քարանում եմ լուռ
Ու կանգնած մնում որպես մահարձան:

Թե ո՞ւր են խոհերս ձգո՜ւմ, չգիտե՜մ՝
Համահունչ կառչած ներկա օրերիս,
Օրերիս «դա՜ռը»  ի՞նչպես եմ շնչում -
Երանի տալով հեռո՜ւ
Անցյալիս…

Կյանքն արդեն մեկ ա՜յլ Կյա՛նք է ինձ հուշում,
Որ ո՛չ անցյալ կա,  ո՛չ էլ ապագա,
Կյանքը ներկա՜ն է,
Վկան՝ հողաթումբը…
և մեկ էլ գրված տողերն անավարտ…


Ս.Ումառ-Հարությունյան

Մեր պապերը



Մի հի՜ն խորհուրդ է եկել հասել մեզ
Դեռ մեր պապերից,
Քարի մեջ արյո՜ւն կա
Զգուշացի՛ր քարից:

Քարով խփո՛ւմ են, գլո՜ւխդ ջարդում-
Արյո՜ւն է գալիս,
Քարի՞ց,  թե՞ գլխից…
Ւհարկե՛ գլխից:

Ու դուրս է գալիս որ - մեր պապերն ահել
Դեռ է՜ն գլխի՞ց են չարաչար սխալվել:

.. Իսկ երբ նույն քարով զարկո՛ւմ են սրտին՝
Քարացա՜ծ սրտին,
Արյուն որտեղի՞ց՝
Իհարկե՜ քարից,

Թե չէ քար սրտում արյուն որտեղի՞ց:

Ահա թե ի՞նչ են պապերն մեր ահել
Դեռ էն գլխից ավանդել.
« Քարի մեջ արյո՜ւն կա…
Արյան մեջ կա Սե՜ր,
Ու երբ քարանում է սերն այդ՝
Դառնո՜ւմ է մի
Բե՜ռ…»

Ակամա հիշում ես
Թազբեհը ձեռքին քո բարի պապին,
Որ կրկնում էր.
- Քարի մեջ արյո՜ւն կա,
Բալե՜ս,  զգույշ եղիր, …

Ս.Ումառ-Հարությունյան



Չէ՜, չե՛մ կարող… Չէ՜, չի՛ ստացվում…




Նո՞ւյնն  է արդյոք
«Սիրո՜ւմ եմ քեզ»  և
« Չէ՜, չե՛մ կարող չսիրել քեզ»:

Չէ՜, նո՜ւյնը չէ:
Շա՜տ է տարբեր,

Շա՜տ է հեռու, շա՜տ է մոտիկ,
Շա՜տ է փոքրիկ ու շա՜տ է մեծ -
Տարբերությունն այն ահռելի՜
Ու բովանդա՜կ,
… Որ տանջում է մի հարցական՝
Նո՞ւյնն  է արդյոք
« Սիրո՜ւմ եմ քեզ»
Եվ
«Չէ՜, չե՛մ կարող չսիրել քեզ»:

*
Աչքը ընկած
Այն մի հատիկ թարթիչի պե՜ս,
Որ ստիպում է
Քեզ անընդհատ աչքդ թարթե՜լ,
Արցունքոտե՜լ…

- Չէ՜, չի՛ ստացվում չհիշել քեզ:

*
Սի՛րտ սողոսկած
Այն սև խանդի ձեռքերի մեջ՝
Ուր ճմլվո՜ւմ, տրորվո՜ւմ է
Սրտիդ նե՜րսը՝
Հնձանն ընկած խաղողի պես…

- Չէ՜, չի՛ ստացվում չխանդել քեզ:

*
Երբ ծալո՜ւմ ես,
Երբ կոտրո՛ւմ ես քո անցյալի
Մե՜ջքը բարակ ու մնո՛ւմ ես
Մենա՜կ-դատարկ
Ներկայիդ հետ  առերես…

- Չէ՜, չի՛ ստացվում իմ ապրելը առանց քեզ:

*
Ու թվում է թե աշխարհի ո՜ղջ հոգոցը-
Ամփոփվելով շուրթի՛դ վրա,
Բառերիդ մե՜ջ,
Բղավո՜ւմ ես ո՛չ  թե «Գիտե՞ս, սիրո՜ւմ եմ քեզ»
Այլ միմիա՜յն.

- Չէ՜, չի՛  ստացվում չսիրել քեզ…

Ս.Ումառ-Հարությունյան