суббота, 13 мая 2017 г.

,,,մեր տասնո՜ւթ տարին



Հիշո՞ւմ եք արդյոք օրերը  գարնան,
Երբ երազում էինք
Երազի մասին…
Ա՜խ, ո՞ւր էր թե կյանքը ետ դառնար՝
Մեզ վերադարձներ
Մեր տասնո՜ւթ տարին:

*
Հիմա մեծացե՜լ ենք,

Ինքներս խաբո՜ւմ, համոզում ենք մեզ
Թե հասունացե՜լ ենք,
Բայց իրականում մենք ծերացել ենք-
Ծերացե՜լ -
Նմանվել այն հասած պտղին,
Որն ամուր կառչած  մնում է ճյուղին…


Դարձե՜լ ենք համա՛ռ
Ա՜յն աստճանի, որ չե՛նք ցանկանում
Կուլ գնալ հողին:

*
Հիմա օրերը դարձել են տաղտո՜ւկ
Կոբալտե-արծաթ
մենակության մեջ,
Թախիծն ու կասկածն են մեր դուռը թակում
Հմուտ ու խարդախ վաճառողի պես:

Փորձեր են անում վաճառելու ա՜յն
Ի՜նչը որ կյանքում
Ո՛չ վաճառվել է և ո՛չ էլ գնվել,
… Իսկ մենք հիշում ենք օրերը գարնան,
Երբ տասնո՜ւթն էինք դեռ նոր բոլորել…

*
Այո՜,  մեծացե՜լ ենք,
Այո՜,  ծերացե՜լ,
Հասունացե՜լ ենք   նաև կորացե՜լ…

Եվ ամենացավո՜տը՝

Այո՜, մաշվե՜լ ենք,
Մաշվե՜լ -  հնացե՜լ…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 11 мая 2017 г.

…անավարտ տողեր



Ես դո՛ւրս եմ գալիս ճշտի կապանքից,
Որտեղ թաղված է մի ամբո՜ղջ
Անցյալ,
…Նայո՜ւմ եմ անտեր մի հողաթմբի,
Որ երազել է շիրմաքար դառնալ…

Մի ցուցանակ է (ո՛չ տապանագիր)
Անձրևն ու ժա՜նգը կերե՜լ են նրան,
Մի կերպ կարդացվում է.
« այսինչյա՜ն … այսի՜նչ »
Սի՜րտս ցավում է՝ տեսնես ո՞վ է նա:

Ալեկոծվո՛ւմ է տագնապն իմ սրտում.
Չէ՞ որ Կի՜ն է եղել, Դո՜ւստր, Քո՜ւյր
Կամ Մա՜յր…
… Արձանի նման քարանում եմ լուռ
Ու կանգնած մնում որպես մահարձան:

Թե ո՞ւր են խոհերս ձգո՜ւմ, չգիտե՜մ՝
Համահունչ կառչած ներկա օրերիս,
Օրերիս «դա՜ռը»  ի՞նչպես եմ շնչում -
Երանի տալով հեռո՜ւ
Անցյալիս…

Կյանքն արդեն մեկ ա՜յլ Կյա՛նք է ինձ հուշում,
Որ ո՛չ անցյալ կա,  ո՛չ էլ ապագա,
Կյանքը ներկա՜ն է,
Վկան՝ հողաթումբը…
և մեկ էլ գրված տողերն անավարտ…


Ս.Ումառ-Հարությունյան

Մեր պապերը



Մի հի՜ն խորհուրդ է եկել հասել մեզ
Դեռ մեր պապերից,
Քարի մեջ արյո՜ւն կա
Զգուշացի՛ր քարից:

Քարով խփո՛ւմ են, գլո՜ւխդ ջարդում-
Արյո՜ւն է գալիս,
Քարի՞ց,  թե՞ գլխից…
Ւհարկե՛ գլխից:

Ու դուրս է գալիս որ - մեր պապերն ահել
Դեռ է՜ն գլխի՞ց են չարաչար սխալվել:

.. Իսկ երբ նույն քարով զարկո՛ւմ են սրտին՝
Քարացա՜ծ սրտին,
Արյուն որտեղի՞ց՝
Իհարկե՜ քարից,

Թե չէ քար սրտում արյուն որտեղի՞ց:

Ահա թե ի՞նչ են պապերն մեր ահել
Դեռ էն գլխից ավանդել.
« Քարի մեջ արյո՜ւն կա…
Արյան մեջ կա Սե՜ր,
Ու երբ քարանում է սերն այդ՝
Դառնո՜ւմ է մի
Բե՜ռ…»

Ակամա հիշում ես
Թազբեհը ձեռքին քո բարի պապին,
Որ կրկնում էր.
- Քարի մեջ արյո՜ւն կա,
Բալե՜ս,  զգույշ եղիր, …

Ս.Ումառ-Հարությունյան



Չէ՜, չե՛մ կարող… Չէ՜, չի՛ ստացվում…




Նո՞ւյնն  է արդյոք
«Սիրո՜ւմ եմ քեզ»  և
« Չէ՜, չե՛մ կարող չսիրել քեզ»:

Չէ՜, նո՜ւյնը չէ:
Շա՜տ է տարբեր,

Շա՜տ է հեռու, շա՜տ է մոտիկ,
Շա՜տ է փոքրիկ ու շա՜տ է մեծ -
Տարբերությունն այն ահռելի՜
Ու բովանդա՜կ,
… Որ տանջում է մի հարցական՝
Նո՞ւյնն  է արդյոք
« Սիրո՜ւմ եմ քեզ»
Եվ
«Չէ՜, չե՛մ կարող չսիրել քեզ»:

*
Աչքը ընկած
Այն մի հատիկ թարթիչի պե՜ս,
Որ ստիպում է
Քեզ անընդհատ աչքդ թարթե՜լ,
Արցունքոտե՜լ…

- Չէ՜, չի՛ ստացվում չհիշել քեզ:

*
Սի՛րտ սողոսկած
Այն սև խանդի ձեռքերի մեջ՝
Ուր ճմլվո՜ւմ, տրորվո՜ւմ է
Սրտիդ նե՜րսը՝
Հնձանն ընկած խաղողի պես…

- Չէ՜, չի՛ ստացվում չխանդել քեզ:

*
Երբ ծալո՜ւմ ես,
Երբ կոտրո՛ւմ ես քո անցյալի
Մե՜ջքը բարակ ու մնո՛ւմ ես
Մենա՜կ-դատարկ
Ներկայիդ հետ  առերես…

- Չէ՜, չի՛ ստացվում իմ ապրելը առանց քեզ:

*
Ու թվում է թե աշխարհի ո՜ղջ հոգոցը-
Ամփոփվելով շուրթի՛դ վրա,
Բառերիդ մե՜ջ,
Բղավո՜ւմ ես ո՛չ  թե «Գիտե՞ս, սիրո՜ւմ եմ քեզ»
Այլ միմիա՜յն.

- Չէ՜, չի՛  ստացվում չսիրել քեզ…

Ս.Ումառ-Հարությունյան






Իմ բալենին



Երեկոն կոպի՛տ էր,
Կոպի՜տ, վայրենի՜…
Ծաղկած բալենու ծաղիկները
Պոկե՜ց ու թափեց գետնին,

Սիրուհի-ծառս մեկեն մերկացա՜վ,
Աչքերն ամոթից կախե՜ց ու
Ժպտա՜ց հողին:

Գիշերը կոպի՛տ էր,
Կոպի՜տ ու սարսուռ-
Փաթաթվեց հույսերը կորցրած ծառին…

Սիրուհի-ծառս վախից դողդողա՜ց-
Անուժ հանձնվեց
Գիշերվա  դողին:

Առավոտն ալարկո՜տ
Մի՜ կերպ ազատվեց աչքերն իր ծածկող
Թխպոտ մի ամպից…
Ուշացա՜վ մի քիչ,

Հողին ցիրուցան ծաղիկների մեջ՝

Սիրուհի-ծառս  գինդերը հանե՜լ -
Ժպտո՜ւմ էր նորից…

*
Ախ,  ի՞նչ դժվար է ժպտալն
Հե՜նց այնպես,
Երբ սրտում գարունն
արդե՜ն մահանում է,

Ամառն էլ ոտքը կարծես կա՜խ գցել
Ու չի պատրաստվում
քեզ ուրախացնել:

… Մնո՜ւմ է մի հատված՝
Գարնան անձրևնե՜րը,
Որ մերկացնո՛ւմ են ծաղկած ծառերին-
Ասես հույսերդ
Հա՜տ-հատ պոկվելով
Ինքնակամ կո՛ւլ են գնում մայր հողին:

Հենց այնպես ժպտալը դարձել է դժվա՜ր,
Երբ լո՜ւյսդ բարի անձրև՛ն է տանում,
Եվ ի՞նչ է մնում՝
Լա՜ց լինել միայն,

Իսկ իմ բալենին ժպտո՜ւմ է
Ժպտո՜ւմ…

Ս.Ումառ-Հարությունյան

11.05.17    Երևան