воскресенье, 15 мая 2016 г.

Անամոթ մի սեր…




- Լա՛վ նայիր գուշա՛կ, թեկուզ մի բա՜ռ,
մի տա՜ռ Նրա անունից,
Ա՜խ, ես շատ եմ կարոտել,
մի բան ասա Նրանից…
- Չե՛մ տեսնում ոչինչ, ո՛չ բառ, ո՛չ տառ,
Ո՛չ էլ ճանապարհ…
Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր  սպասել,
Բայց սպասիր կարծես,
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…

- Անամոթ մի սե՞ր…
Երբ լույսն աչքերի կուրծքս է այրո՞ւմ,
Երբ նրա խոնավ  մատները կոնքիս բառե՞ր են գրում,
Երգե՞ր հորինում…
Ա՜խ, գուշա՜կ, գուշա՜կ, ի՞նչ դաժան ես դու…
Ու ոչի՜նչ, ոչի՜նչ դու չես հասկանում:

- Ինձ մի՛ շտապեցրու, սովորի՛ր  սպասել …
Տեսնում եմ միայն անամոթ մի սեր…

- Անամոթ մի սե՜ր…
Երբ իմ մարմնի հողմի կենտրոնում
Բախվում են իրար լույսն ու ստվերը,
Երբ իմ քունքերին  անձրևն է թակում,
Երբ արեգակի այրվող ազդրերը
Տաք ձյուն են մաղում,
Երբ հոգիս են գրկում նրա շուրթերը,
Երբ որ բացվելու պատրաստ իմ վերքը
Դառնում է նրա կարոտի երգը…
… Դու խոսի՛ր գուշակ, թող որ
կարճանա սպասման գիշերը…

- Կին ես, հասկացի՛ր
Սա ընդամենը մրուր է սուրճի,
Մի հիմարություն, դատա՜րկ, սնամե՜ջ
Ու խոսքե՜ր, խոսքե՜ր…

- Ո՛չ, լավ ասացիր,
Մի անամոթ սեր…

… Կրակից այրվող սառցե բեկորներ,
Հանգիստ վայելող հագուստի վրա
Եռացող կաթի այրող կաթիլներ,
Ի՞նչ լավ ասացիր,
Անամո՜թ մի սեր…

- Գիտեմ սիրո՜ւմ ես, շատ չե՛մ խորանա,
միայն թե ասա՛,  ո՞վ է,
որտեղի՞ց և ի՞նչ մարդ է նա՞
- Չեմ կարող թաքցնել, սիրելի գուշակ
Գուցե և մարդ չէ,
Գազան է վայրի,
Մեղվի խայթոց է, ծիծաղ վարազի…
Մեկ պարզից պարզ է, մեկ էլ առեղծված,
Մեկ այգաբաց է, մեկ էլ խուլ գիշեր,

Բանաստեղծ է նա գրողի տարած…
Անամո՜թ մի սեր…

Ս.Ումառ-Հարությունյան





Հայաստանս



Քո քարերը – Նախշե՜ր,
Քո լեռները -  Խոհո՜ւն,
Քո մայրերը - Պատկե՜ր,
Զինվորներդ Տոկո՛ւն…
                                        
Քո տառերն երկիմա՜ստ
Խոսքերդ նրբահյո՜ւս,
Քո երգերն ամեն տեսակ
Ներշնչող սե՜ր ու հույս…

Քո աչքերում Թախի՜ծ,
Քո ձեռքերում Կարո՜տ,
Քո կանչերում Մասիս՝
Այդքան հեռու ու Մոտ….


Դու ոչ հո՜ղ, ոչ տարա՜ծք,
Դու մեր Սի՜րտ բաբախող,
Աստված չանի հանկարծ
Քեզ նայեն չար աչքով…

… Քարերդ – Նախշե՜ր,
Լեռներդ -  Խոհո՜ւն,
Մայրերդ – Պատկե՜ր,
Զինվորներդ բազո՛ւմ…

Տե՞րն է հսկում հայրաբար,
Թե՞ արցունքը քույրերի,
Թե՞ աղոթքներն անդադար
Որդեկորույս մայրերի…

Ա՜խ, երբ պետք է հոգիդ
Լինի հանգիստ քնած,
Արարատի ձյունե
Գլուխները գրկած…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 13 мая 2016 г.

Կապույտն իմ գույնն է



Կապույտն իմ գույնն է`
Երակի գույնը,
Կարմիրը՝ սիրո թույնը,
Ո՜չ,
Ո՛չ այն կարմիրը,
Որ շրջազգեստիդ տեսքով քեզ է պարուրվել,
Այլ ա՛յն կարմիրը, որ քո անունով
Սիրտս է լցվել:

Լսե՜լ ես երևի, որ
«Հոգուս մե՜ջ ես»
«Մտքերո՜ւմս ես անընդհատ» կամ
« Ծայրին ես լեզվիս »,
Իսկ ես ասում եմ, որ
Արյանս մեջ ես
Ու դրանից ահավոր բան
Չկա՜ Սիրելիս…

Թվո՜ւմ է, թե մոտիկ ես,
Բայց չե՛մ տեսնում քեզ,
Գիտեմ լալի՜ս ես
Ու ցավեցնում ես…

Ասո՜ւմ են սիրտը
(Ինչպես և կինը)
Երբեք չի լալիս՝
Նա արտասվում է և հաճախ թաքուն,
Նույնիսկ այդ պահին տգեղ չի լինում-
Նրանից գեղեցիկ
Ի՞նչ կա աշխարհում:

Ասո՜ւմ են կինը
(Ինչպես և սիրտը)
Երբեք  չի շտապում՝
Չի աճապարում իր բռնած գործից
Ետ կանգնել,
Ասում են կնոջ գործը
Աշխարհում
Ո՛չ մի տղամարդ չի կարող անել:

Կապույտն իմ գո՜ւյնն է
Լցված Կարմիրով,
այն կարմիրով, որ սիրտս է լցվել
Կի՛ն,
Քո անունով:

Ս.Ումառ-Հարությունյան
2012թ. Երևան


суббота, 30 апреля 2016 г.

Իմ լեզուն նո՜ւրբ է ու չքնա՜ղ Օտարը ինձ չի՛ հասկանա…



Օտարին ես չե՛մ տա
Ցա՜վս,
Իմ ցա՛վը ի՛մն է ի վերուստ,
Օտարին կմեկնեմ
Գավա՜թս,
Թող հարբի, ինչքան որ սիրտն է ուզում...

Օտարին ես չե՛մ տա
Հրացանս,
Այլ գրի՛չս, մի՛տքս,
 Ձեռքերս հմուտ,
Կասեմ. – Տեսնո՞ւմ ես, սա՛ է Հայաստանս…
Օտարին ցույց կտամ իմ Սարը լազուր:

Օտարին ցույց չե՛մ տա
Այբուբենս,
Գիտեմ նախանձն եմ շարժելու,
Օտարին ցույց կտամ
Մագաղաթնե՜րս…
Թող տեսնի գինը ազգս հարգելու:

Օտարին կտամ գավազանս,
Խարազանս
կպահեմ իմ ձեռքում,
Թե փորձի շեղել ճանապարհս
Հավերժ կննջի իմ հողում…

Օտարին ցույց կտամ
Եռաբլուրը՝
Հերոսներիս հետ մեկ առ մեկ շփվելու,
Գուցե հասկանա՞,
որ ստեղծող ձեռքերը
Ունակ են նաև պատժելու….

Օտարը երբեք
Ինձ չի՛ հասկանա,
(Նա էլ անկասկած ունի վի՜շտ, ցավե՜ր)

Բա ես ի՞նչ անեմ
Սիրտս հովանա,
Երբ ներսում այսքան օտարներ ունեմ…

Ս.Ումառ-Հարությունյան


Ազերի ողբացող մայրերին



Ողբո՜ւմ ես,
Տեսնո՛ւմ եմ,
Քո ողբը սիրտս չի՛  հուզում,

Գազա՛ն ես ծնել, մեծացրել՝
Գազանն իր որջո՛ւմ
չի սատկում…

Ինչո՞ւ համար ես ողբում,
Չգիտե՜մ…
Պատերազմը ո՛չ խաղ է, ո՛չ կատակ,

Հիշի՜ր՝
Պատերազմ ուղարկած զավակդ
Ավարի էր գնում անկասկած…

Դու չունե՛ս պատմություն,
Որ քեզ բացատրեմ,

.Դու չունե՛ս սրբություն,
Որ հայհոյեմ քեզ,

Մնում է ասել.
- Չորանա՛ արգանդդ,
Որ նման գազաններ չծնես…

Միգուցե ասես, որ ես դաժա՞ն եմ,
Որ հոգի ու սիրտ ես չունե՞մ,

Իմ Հողը մտած
Նույնիսկ միջա՛տը
Ինձ համար թշնամի՛ է արդեն:

Ձեր ցանկությո՛ւնն էր
Թուրք-ազերիներ,
Արյունով ներկել հողս հայրենի,

Ողբացե՜ք,
Այսօր ձեր զավակները
Իրենց  արյամբ են հեղում հողը իմ:

Ձեր որդոց խառնածին արյունով ներկված
Իմ հողում
Ծառե՜ր եմ տնկելու,

Գլուխը քա՜րը,
Հե՛րն էլ անիծած,
Որ պտուղները դառն են լինելու…

Հավաքեք ձեր ունեցած-չունեցածը,
Ողբալով ընկեք
ճանապարհ,

Այս հողը հային Աստծո տվածն է,
Թշնամու համար-
Միայն գերեզման:


Ս.Ումառ-Հարությունյան