Կարոտի նման
անձև է…
Աչքի նման
թա՜ց,-
Ասես
հույզերի մի երկա՜ր անձրև է
Անընդհատ
թափվում ցած…
Եվ հա՜մն է
ուրիշ…
Եվ հո՜տն ու
բույրը,
(Հիշո՞ւմ
եք, վաղո՜ւց, շա՜տ վաղուց զգացած
Առաջին սիրո
առաջին
համբույրը…)
Բուխարու
մեջ գցած խնձորի նման
Թա՜նձր է,
մածուցի՜կ,
Ասես, թե
կոկորդովդ սիրտդ է մտնում
Չքնաղ մի էա՜կ,
Ասես, մարմինդ
մի բան է այրում՝
Պահանջող
շոյա՜նք
ու գգվանք…
Ասես
խնդրում է իրեն հասկանալ,
Ըմբոշխնել ձայնը հույզի՜, թրթիռի՜,
Ասես հուշում
է, որ հեղինակը՝
Մի խենթ
սիրահար,-
Ծառան չէ
Մտքի կամ
բառի…
Ասես, թե քո՛ւնն
է մոտենում դանդաղ,
Փորձո՛ւմ է
ծածկել մեղքը հուշերի,
(Հիշում ես
ինչպես մի անգամ պատահմամբ
Մի կույսի
կուրծքը կրքոտ շոյեցիր):
Աշխարհում
չկա՛ մեղքերի քանակ,
Մեղքեր
չափելու սանդղա՛կ էլ չկա,
Իսկ դու՝
քույրիկս, այսպես անաչառ
Հատ-հատ
դատում ես
Եվ «կա՜»-ն
Եվ «չկա՛»-ն…
Տողատակերից
դեմքեր են ելնում
Ճերմա՜կ ու
հրաչք,
Սև ու
երկդիմի…
… Մեկ «տիկին»
Եվա՛ն է լրիվ մերկանում,
… Մեկ
լսվում է խո՜ւլ հոգոցն Ադամի:
Մեկ
Յուպիտերի ազդրն է շոյում
Դիանան՝ որսի
դիցուհին,
(Սա՜ռն է,
քո՛նը չէ, քեզ հա՛յ են ասում)
Մեկ էլ
Նեպտունի փեշով է ծածկում
Աստղիկն իր
կուրծքը
(Սա արդեն
քոնն է՝ չքնաղ հայուհին):
Մեկ էլ
թվում է, թե ցո՛ւրտ է…
Իրիկնամո՜ւտ,
Սրտիդ
պատերին բո՛ւքն է շառաչում,
Թվո՜ւմ է,
թե Քաոս-արքան բարկացած
Քնած հուշերդ
է
Մեկ-մեկ գլխատում…
Կապա՛նք են դառնում
լեզուդ ու սիրտդ,
Քեզ պատեպատ
ես զարկում անխնա,
Տանջա՛նք են
դառնում
Եվ բա՛ռը,
Եվ մի՜տքը…
Փորձում ես
ներկայից հեռանալ:
…Ո՞ր ցավը
տանել,
Ո՞ր ցավը
թողնել,
Ո՞ր հուշին
փրկել,
Որի՞ն
մոռանալ:
… Կարոտի
նման անձև է…
Աչքի նման
թա՜ց,-
Ասես
հույզերի մի երկար անձրև է
Անընդհատ
թափվում ցած…
… Եվ հա՜մն
է ուրիշ,
… Եվ հո՜տն
ու բույրը,
Եվ ցա՛վն է
ուրիշ,
Եվ գո՜ւթն
ու թույնը…
Չարին՝
թշնամի,
Բարուն՝
բարեկամ…
Ահա՜,
Այսպիսին է քույրս՝
Չքնաղ Պոեզիան…
Ս.Ումառ-Հարությունյան