четверг, 3 декабря 2015 г.

...Շնորհավո՜ր

* * *
Մի կին ինձ գրեց.
- Ժլա՜տ ես Ումառ,
Ինձնից խոսքերդ ես խնայում,
Մի նոր բան գրի՛ր մայրիկիս համար,
Ծնո’ւնդն է,
Քեզ շատ եմ խնդրում:

- Ի՞նչ գրեմ, - ասացի,
Երբ չեմ ճանաչում
Ո՛չ քեզ, ո՛չ էլ հատկապես մայրիկիդ,
Ասաց.
- Այնպիսի մի բան հնարիր
Որտեղ չլինի
Ո՛չ հող, ո՛չ երկինք,
Չլինի ո՛չ դող, ո՛չ արցունք,
Ո՛չ կիրք,
Ո՛չ կսկիծ, մորմո՜ք,
Լացակումած գի՜րկ,
Չլինի հեռուն գնացած կարոտ,
Չլինեն սարե՜ր,
Գետե՜ր ու արոտ,
Ծովե՜ր, անտառնե՜ր,
Ամպե՜ր ու լուսին,
Չլինեն դեմքեր տխո՜ւր,
Մեկուսի՜,
Ո՛չ «անմեղ» բառ լինի
Ոչ էլ «մեղավոր»….

- Հասկացա, ասացի,- գրել եմ կարդա.

«Մամ ջան, ծնունդ շնորհավոր»


Ս.Ումառ-Հարությունյան


Ես վաղո՜ւց գիտեմ


Դողո՞ւմ ես,
Ոչի՜նչ,
Մի՛ մտահոգվիր,
Ես վաղո՜ւց գիտեմ, այդպե՛ս են սիրում,
Դա նրանից է, որ Նա ա՛չքդ է մտնում,
Կամ սրտիդ մեջ է զգո՜ւյշ տեղավորվում…
Մի քիչ ցավո՜տ է,
(Կարծես պատժող ձեռք)
Ես դա՛ էլ գիտեմ,
Բայց չէ՞ որ սիրո՜ւմ ես
Դիմանա՜լ է պետք…

Մի քիչ կարտասվե՜ս,
Ինքդ հարց կտաս և ինքդ էլ այդ պահին
Պատասխանելու թույլ փորձեր կանես.
«Ա՜խր, ինչո՞ւ Նա…»
«Ա՜խր, այդ ի՞նչպես…»
«Ո՞ր մեղքիս համար…»
«Ի՞սկ եթե հանկարծ…»
«Ցավո՜տ է, բայց ի՞նչու այսքան…»

Ես վաղո՜ւց գիտեմ
Որ դու չես գտնի ո՛չ մի պատասխան
ու կպատերազմես
Լեզվի՜դ,
Սրտի՜դ,
Իսկ ի՞նչու ո՛չ,
նաև աչքերի՛դ հետ…

Պատասխանը մե՛կն է՝

Դողո՞ւմ ես – սիրո՛ւմ ես,
Հենց այդպես է պետք…

Ս.Ումառ-Հարությունյան


Էլ բան չմնա՜ց…



Այդ ի՞նչ եմ ապրել աշխարհում,
Որ ինձ ասում են.

«Էլ բան չմնա՜ց…»

Ոչի՛նչ
Ոչի՛նչ եմ ապրել աշխարհում
Ու դեռ ասելու բան ունեմ պահած…

Կապույտները իմ
Դեռ չեմ կարմրել ափերին ծովիս,

Դեռ կարողանում եմ տարբերել
Մթան մեջ «սև»-ը սև գույնից,

Դեռ Աստծո կողմից տված գրիչում
կա ուժ ու եռանդ

Բայց արի ու տես -
Ինձ արդեն սև են հագցնում ոմանք:

«Էլ բան չմնա՜ց…»

Ի՞նչ պիտի մնար…

Ինչ պիտի մնար նվիրում եմ Ձեզ՝

Ընչաթափ մի սիրտ,

Չիրականացված իղձ,

Հիշողությանս մեջ խրված
դողացող մատներ՝
դավաճան ու պիղծ,

Չորացած կարոտի սերմեր
(մի ամբողջ տոպրակ)

«Միսակ Մեծարենց»
փոքրիկ հատորյակ,

Մահախոսական-
ի դեպ իմ ձեռքով գրված

Եվ վերջ

Էլ բան չմնա՜ց…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 2 декабря 2015 г.

Ինձ օրոր երգիր Լուսի՜ն, Որ քնեմ…



Ինչո՞ւ չեմ քնում
Գիշերվա կեսին,
Եվ ո՞վ է խոսում ինձ հետ, չգիտե՜մ,
Գլուխս իր տեղը չի գտնում բարձին,
Ինձ օրոր երգիր Լուսի՛ն,
Որ քնե՜մ…

Երգիդ մեջ պատմիր ինձ նրանց մասին՝
Երկնքում նրանց դեգերումները,
Թե՞ դատարկ խոսքեր են, 
Պատրանքնե՜ր են սին,
Որ մահից հետո մնում են սպանված
Ժամանակները…

Ես ժամանակների մասին եմ հիշել,
Որոնց սպանել եմ կամքից իմ անկախ,
Որոնց անտեսե՜լ, դե՜ն եմ շպրտել,
Եվ քանի՜,
Քանի՜, քանի՜ անգամ…

Քունս չի՛ տանում, գուցե նրանի՞ց է,
Որ ես ինձ դահի՛ճ եմ համարում,
Ասա՛ կամ ցո՛ւյց տուր ես էլ իմանամ,
Արդյոք ո՞վ է իմ ժամանակների
Տապանաթմբին գլուխ խոնարհում:

Ես էլ մոտենամ դեղին վարդերով,
Ծնկե՜մ,
Խո՜ւնկ ծխեմ,
Աղոթե՜մ,
Գուցե լա՞ց լինեմ,
Գուցե՜… չգիտե՜մ,
Բայց քնով ժամանակ սպանող մարդկանց
Հաստա՛տ կարթնացնեմ…

… Չգիտեմ ուրիշ երկնային մարմին,
Որի հետ կարող եմ ազատ զրուցել,
Դու միակն ես իմ բարեկամ Լուսին,
(Արևը վաղուց է ինձնից խռովել)

Ինձ օրոր երգիր Լուսի՜ն,
Որ քնեմ…
Ինձ չի հերիքում երե՛ք կամ չո՜րս ժամ,
Արթնանա՜մ, ելնե՛մ ճանապարհ ընկնեմ
Դեպի ժամանակներիս կորած
Գերեզման…



Ս.Ումառ-Հարությունյան

Վերջի՜նը…



«Վերջին» բառը ամենածա՜նրն է
(Բառերն էլ են ունենում կշի՜ռ-
ծանրությո՜ւն)
«Վերջին» բառը ամենադա՛ռն է
(Բառերն ունենում են նաև
Դառնություն:)

Ամենախորը վերջին կնճիռն է՝
Դեմքիդ վրա խո՜ր,
Շա՜տ խոր մի ակոս,
Երբ սիրտդ ծանրություն չի զգում
Այլ՝
Սո՜ւր, շատ սուր մի ծակոց…

Վերջին սերը ամենապագշոտն է՝
Համեմատ նախորդ սերերի,

Վերջին հրաժեշտը արագաոտք է՝
Տարիներդ բարձած ուսերին:

Ամենաթանձրը սիրո ստվերն է,
Որ վերջին վայրկյանին ստվերում է քեզ,

Ամենացավալին այն աշնան երգն է,
Որին, որ վերջին անգամ կուղեկցես…

Վերջին մի բուռ հողը ամենասառն է,
Ամենատաքը՝ իր բուն խորհրդով,

Վերջին տերևը ամենահամառն է՝
Ծառի մերկ ճյուղից կառչած մատներով:

------------------------------------------------

Իմ աչքի բիբը վերջի՜ն գեղեցիկն է,
Որտեղ, որ Դո՛ւ ես անընդհատ ներկա,

Իմ փակվող կոպը ամենաերգեցիկն է՝
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն անգամ…


Ս.Ումառ-Հարությունյան