пятница, 20 ноября 2015 г.

Ուշացած սեր



Պատահում է, որ արևն է դուրս գալիս
Ու չես զգում ջերմություն,
Դա ա՛յն պահն է,
Երբ որ սիրտդ աշխարհից
Նեղացե՜լ է, ու արտասվում է թաքուն …

Պատահում է, որ պառկում ես քնելու
Ու աչքերդ չե՜ն փակվում,
Դա ա՛յն պահն է,
Երբ աչքերդ չե՛ն հոգնել,
Չե՛ն հագեցել փնտրելուց…

Պատահում է, որ պատահում է ա՛յն,
Ինչին սպասում ես սրտատրոփ,
Դա ա՛յն պահն է, երբ հեռացած հուշերդ
Հույզի ամպեր բարձրացնելով
Ե՛տ են գալիս քառատրոփ…

Պատահում է, որ չե՛ս զգում
Ժամե՜րը, րոպեներն ու վայրկյանները,
Դա ա՛յն պահն է
Երբ զգո՜ւմ ես, որ հեռվում,
Մի ժամանակ քեզ փայփայող ձեռքերը
Իրենց հուշերից քո ոտնահետքերը են
Մաքրում…

Հպարտությունդ տեղի է տալիս գիտակցությանդ,
Գիտակցությունդ իրականության ձեռքերով
քամվում է՝
Կաթիլ  առ կաթիլ փոխարինում արյանդ,
Դա ա՛յն պահն է,
Երբ լեզուդ որսը տեսած արծվի նման
Քարանո՛ւմ, իսկ
Վա՜ռ, ճո՜խ ու շռա՛յլ հույզերդ
Պա՛ր են պարում խավարում…

Պատահում է, որ սթափվո՛ւմ ես-
Արծաթագույն սպասումդ դառնում է հրե գունդ
Ու խավա՛րն է շիկացնում,
Դա ա՛յն պահն է, երբ  թվում է թե
Արևն է դուրս եկել
Ու չես զգում ջերմություն ….



Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 19 ноября 2015 г.

Իմ լույսն ես



Դու իմ Լուսաբացի լույսն ես…
Սպիտա՜կ ու մաքուր,
Հազարավոր կիլիմետրեր անցած արևի ճառագայթներ, որ անվանդ վանկերին համահունչ հարվածում են պատուհանիս ապակուն:
Լսում եմ օրվա մեղեդին…

Դու իմ Կեսօրի լույսն ես…
Արևի նման փափո՜ւկ, նուրբ ձեռքերով ու
Կատաղեցնող կարմիր գույնով, որ քունքերս շոյելով
Քո մասին հորինած Մի երգ է երգում …

Դու իմ Երեկոյի լույսն ես,
որ ցույց ես տալիս ոսկեգույն ավազի միջով անցնող
Քա՜ղցր, քնկոտ, թեյագույն մի արահետ…

Դու իմ Գիշերվա լույսն ես…

Հավերժ լո՜ւյս…
Լո՛ւյս անընդհատ:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 15 ноября 2015 г.

Իմ հեռավոր կապույտ երազ


Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին հիշելիս,
Ամեն անգամ լուռ եմ եղել
Ավելացող կնճիռներս
Հաշվելիս…

Ցերեկները դեռ ոչի՜նչ,
Ցա՛վ են եղել գիշերները
Իրենց թախծոտ աչքերով,
Ամեն անգամ գիշերային անձրևները
Համարել եմ
Ծաղկի վրա իջնող ցող…

Արցունքներիս ճանապարհը երկարել է
Կնճիռներիս երկայնքով,
Թե նրանց էլ ես ցող հաշվեմ-
Կխորտակվե՜մ,
Ի՞նչ կապ ունի ցերեկո՞վ, թե՞ գիշերով…

Ցո՜ղը աղի չի՛ լինում
Արցունքից էլ ծիածաններ չեն ծնվում,
Իմ հեռավոր կապույտների աշխարհում
Ծաղիկներիս
Կաթ-կաթ հուշերս են կաթում…

Խարույկներ են դեմքիս վրա -
Երկա՜ր ու ձիգ բոցերով,
Ե՛ռ են գալիս արցունքներս
Սրտումս քար դառնալով:

Ո՞ւմ կամ ի՞նչի եմ սպասել՝
Դանդաղ ետ-ետ գնալով,

… Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին գրելով…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 14 ноября 2015 г.

Ինձ չես հասկանում

Ես խոսում եմ Աստծո լեզվով,
Այլ կերպ ինձ չես հասկանա,
Սովորական խոսքերով
Ցա՜վը, ցա՛վ չէ, այլ տանջանք:

Քեզ կանչում եմ սրտիս ձայնով,
Գուցե լսե՜ս, հասկանա՜ս,
Չէ՞ որ սրտի աղաղակող
Ձա՜յնը, ձա՛յն չէ, այլ բաղձանք:

Սիրող սիրտը մի տակառ չէ՝
Ոչ ագա՛հ է,  ոչ անհա՜գ,
Համբերության ոտքը կարճ է
Չունի ոչ մի արձագանք:

Քեզ ման եկող թաց աչքերս
Վաղո՜ւց է, որ չեն փակվում,
Կարոտում են մատներս
Վարսերիդ մեջ խրվելուն:

Կրկի՜ն, կրկի՜ն փորձեր կանեմ
Աստծո լեզվով խոսելու,
Աչքերիս մեջ փորձիր նայել ,
Չասածներս տեսնելու:



Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 7 ноября 2015 г.

Նայելով քո դիմանկարին


Երգելով Լուսին
Նկարում եմ Արև
(Արև-արարիչ )
Եվ  թվում է քեզ՝ աչքերիս լույսին,
Իմ թախծոտ մեղեդին
Անհասցե մի ե՜րգ -
Մի խելագարի ճիչ…

Հույզերիս  ծովը ափերիցս թափվել
(ես ծով եմ ասում, դու օվկիան հասկացիր)
Մի նոր աշխարհ է բացվել -
Դատա՜րկ մի աշխարհ,

Արդյո՞ք  շատ չէ կորուստը
Մի պոետի համար…

Ես լալիս եմ անձրև՜,
Հառաչում եմ երա՜զ,
Տիեզերքը կարծես
վախից սարսափած,
Պատրանքներից ձուլում է
մշուշային  պատանք…
Ճակատագիրս է հարվածում իրեն՝
Բերկրանքով հաղթում…
…մատնում պարտության,

Արդյո՞ք  շատ չէ ցավը
Մի պոետի համար…

Գագաթներդ կոր նման են երգի,
Կարող եմ երգել,
Բայց պոկել ավա՜ղ
Ի՞նչ պետք է դնի պոետը վերքին
Որ իր կարոտից ազատվի արագ:

… Լույս եմ տեսնում հեռվում
(միկրոլույսի մի շող)
Շողը ծնում է ստվեր՝
Ստվեր քո տեսքով,
… եվ պատասխան չունես,
… եվ ասելիք չկա,
… եվ ստվերդ գրկած կսլանամ հեռու,
Քո չիմացած հեռվից
Կնկարեմ աչքեր,
Կնկարեմ աստղեր՝
Կարմի՜ր, կապո՜ւյտ, ճերմա՜կ,

Քիչ չէ՞ արդյոք քո ստվերը
Մի պոետի համար…

Խոսում եմ իմ լեզվով՝
…Սերս սկիզբ չունի,
որ վերջ ունենա,
… լույս ծնող ստվերդ -
Բավական է մի
Պոետի համար:


Ս.Ումառ-Հարությունյան