воскресенье, 15 ноября 2015 г.

Իմ հեռավոր կապույտ երազ


Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին հիշելիս,
Ամեն անգամ լուռ եմ եղել
Ավելացող կնճիռներս
Հաշվելիս…

Ցերեկները դեռ ոչի՜նչ,
Ցա՛վ են եղել գիշերները
Իրենց թախծոտ աչքերով,
Ամեն անգամ գիշերային անձրևները
Համարել եմ
Ծաղկի վրա իջնող ցող…

Արցունքներիս ճանապարհը երկարել է
Կնճիռներիս երկայնքով,
Թե նրանց էլ ես ցող հաշվեմ-
Կխորտակվե՜մ,
Ի՞նչ կապ ունի ցերեկո՞վ, թե՞ գիշերով…

Ցո՜ղը աղի չի՛ լինում
Արցունքից էլ ծիածաններ չեն ծնվում,
Իմ հեռավոր կապույտների աշխարհում
Ծաղիկներիս
Կաթ-կաթ հուշերս են կաթում…

Խարույկներ են դեմքիս վրա -
Երկա՜ր ու ձիգ բոցերով,
Ե՛ռ են գալիս արցունքներս
Սրտումս քար դառնալով:

Ո՞ւմ կամ ի՞նչի եմ սպասել՝
Դանդաղ ետ-ետ գնալով,

… Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին գրելով…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 14 ноября 2015 г.

Ինձ չես հասկանում

Ես խոսում եմ Աստծո լեզվով,
Այլ կերպ ինձ չես հասկանա,
Սովորական խոսքերով
Ցա՜վը, ցա՛վ չէ, այլ տանջանք:

Քեզ կանչում եմ սրտիս ձայնով,
Գուցե լսե՜ս, հասկանա՜ս,
Չէ՞ որ սրտի աղաղակող
Ձա՜յնը, ձա՛յն չէ, այլ բաղձանք:

Սիրող սիրտը մի տակառ չէ՝
Ոչ ագա՛հ է,  ոչ անհա՜գ,
Համբերության ոտքը կարճ է
Չունի ոչ մի արձագանք:

Քեզ ման եկող թաց աչքերս
Վաղո՜ւց է, որ չեն փակվում,
Կարոտում են մատներս
Վարսերիդ մեջ խրվելուն:

Կրկի՜ն, կրկի՜ն փորձեր կանեմ
Աստծո լեզվով խոսելու,
Աչքերիս մեջ փորձիր նայել ,
Չասածներս տեսնելու:



Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 7 ноября 2015 г.

Նայելով քո դիմանկարին


Երգելով Լուսին
Նկարում եմ Արև
(Արև-արարիչ )
Եվ  թվում է քեզ՝ աչքերիս լույսին,
Իմ թախծոտ մեղեդին
Անհասցե մի ե՜րգ -
Մի խելագարի ճիչ…

Հույզերիս  ծովը ափերիցս թափվել
(ես ծով եմ ասում, դու օվկիան հասկացիր)
Մի նոր աշխարհ է բացվել -
Դատա՜րկ մի աշխարհ,

Արդյո՞ք  շատ չէ կորուստը
Մի պոետի համար…

Ես լալիս եմ անձրև՜,
Հառաչում եմ երա՜զ,
Տիեզերքը կարծես
վախից սարսափած,
Պատրանքներից ձուլում է
մշուշային  պատանք…
Ճակատագիրս է հարվածում իրեն՝
Բերկրանքով հաղթում…
…մատնում պարտության,

Արդյո՞ք  շատ չէ ցավը
Մի պոետի համար…

Գագաթներդ կոր նման են երգի,
Կարող եմ երգել,
Բայց պոկել ավա՜ղ
Ի՞նչ պետք է դնի պոետը վերքին
Որ իր կարոտից ազատվի արագ:

… Լույս եմ տեսնում հեռվում
(միկրոլույսի մի շող)
Շողը ծնում է ստվեր՝
Ստվեր քո տեսքով,
… եվ պատասխան չունես,
… եվ ասելիք չկա,
… եվ ստվերդ գրկած կսլանամ հեռու,
Քո չիմացած հեռվից
Կնկարեմ աչքեր,
Կնկարեմ աստղեր՝
Կարմի՜ր, կապո՜ւյտ, ճերմա՜կ,

Քիչ չէ՞ արդյոք քո ստվերը
Մի պոետի համար…

Խոսում եմ իմ լեզվով՝
…Սերս սկիզբ չունի,
որ վերջ ունենա,
… լույս ծնող ստվերդ -
Բավական է մի
Պոետի համար:


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 4 ноября 2015 г.

«Համլետ»




Գիշերը ինձ  հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե ջահերը վառած երկնքի:

- Համլե՜տ, որդյակ իմ, վերցրո՛ւ թաշկինակս,
Աշունն է մեկնում լաչակն իր ոսկի,
Ո՞ւմ կողմից և ե՞րբ խոցոտվեց սիրտս,
Երբ ո՛չ գահ ունեմ, ո՛չ էլ ծիրանի:

Մի երևույթ է մոտենում հեռվից
Ծնկած բղավում եմ,
- Դո՞ւ ես, Սադայե՜լ,
…  Հորացիոն չկա՜, որ ինձ բարձրացնի,
Աշունն է սուլում արքայավայել:

- Գնա՜, գալի՜ս եմ, ինձ չե՛ս վախեցնի,
Արքայա՛զն եմ ես, Համլե՜տը իշխան,
Կանգնում եմ ոտքի ձեռքիս ինչն որ իր՝
- Խե՜ղճ Յորիկ, դո՞ւ էլ ես ցնդել ինձ նման:

Ու  ծիծաղում է գանգը ձեռքիս մեջ
- Սա՞ էիր ուզում, կռիվ աշնա՞ն հետ,
… Աշունը հիմա շորերն իր հանել
Ու կենակցում է մութ գիշերվա հետ:

Ավելի լավ է, որ չխանգարե՜ս,
Շուտով կծնվի ձմեռը կյանքիդ
Էլ չես ունենա երազներն այն հեզ,
Այս ապականված աշխարհի եզրին:

Արդարությա՞ն ես կանչում աշնանը,
Մթա՞նն ես կանչում որպես քեզ վկա,
Նույնիսկ եթե գա հորդ ուրվականը՝
Նա էլ չի փրկի, խոսքիս հավատա:

Ինձ խենթի տեղ են դրել կամ խելագարի,
Աշնան ջաղացին գիշերն է պարում,
Ամեն մեկն  իր սրտում  «իր Համլետն» ունի,
Որից բաժանվել նա չի ցանկանում:

Գիշերը ինձ  հետ խաղում է «Համլետ»
Արա՛գ է խփում իմ սիրտը էլի,
Կռիվ եմ տալիս, չգիտեմ ո՞ւմ հետ,
Մի՞գուցե ջահերը վառած երկնքի:


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 3 ноября 2015 г.

Սերը մե՜ղք էր իրոք

Ես պատրաստ էի ամե՜ն,
ամեն ինչի,
Կարո՞ղ ես պատկերացնել
Նույնի՛սկ,
Նույնիսկ զանգահարելու,
Ձայնդ լսելու,
Ժպտալու՝ տեսնելով դեմքը բարկության,

Իսկ պատճա՞ռը լռության…

Սերը մե՜ղք էր, իսկ մենք
Տանջում էինք նրան

Ու շարունակվում էր այդպես՝
Վիճա՜կ,
Տառապա՜նք,
Դու վախենում էիր սիրել,
Ես վախենում էի մերժվել,
Եվ այդպես օր-օրի սերը ծերացավ,
Եվ այդպես օր-օրի տարիներն անցան…

Սերը մե՜ղք էր իրոք,
Մենք տանջում  էինք նրան

Ըմբոստության ոգին, որ պիտի քեզ գրկեր,
քեզնով ջերմանար,
Քո շնչով լցվեր,
Կուսական կրծքիդ աղոթքներ գրեր-
Ժամանակ չգտավ՝
կարոտներիս ձիու հետ
Երազներում կորավ,
Կարոտները հեռացա՜ն
Չվերադարձա՜ն…

Սերը մե՜ղք էր, իսկ մենք
Տանջում էինք նրան

Անհասկանալի մերժումներից մութ,
Չասված խոսքերից (գուցե նեղացած)
Սերն իր ճամպրուկը կապեց 
(գնալուց առաջ)
Սերը թռա՜վ, գնա՜ց…

Սերը մե՜ղք էր, գնա՜ց
Ա՜խր շա՜տ էր տանջված:

Ս.Ումառ-Հարությունյան