воскресенье, 12 апреля 2015 г.

Մահն ի՞նչ է որ

* * *
Երկարաոտ արագի՞լն է
Թակում սիրտդ՝ մազերիդ նման ճերմակ,
Թե՞ կարապն իր վերջին երգի
Փո՛րձն է անում հուսահատ…

Ամեն դեպքում կարծես մահվան
Հրովարտակ ես ստանում,
Փակում ես դո՛ւռ ու պատուհա՛ն,
Ձգվում մահվան անկողնում…

Կապո՜ւյտ, դեղի՜ն, խորհրդավո՜ր
Ծաղիկների փոխարեն,
Քեզ ծածկում են քո սևագիր
Ձեռագրերով հայերեն:

Տանդ բոլոր հայելիները
Ծածկվո՛ւմ են նուրբ շղարշով,
Ժամացույցի սլաքները
Քարանում են դողալով…

Ներկաների համար մի տխուր պատրանք,
Ծածկված հայելիներ,
Ժամանակի կանգ,
Զգույշ քայլերից տնքող
Հի՜ն մանրահատակ,
… Ու մաղձն է մեղմիկ երգով օրորվում
Մայրամուտի մուգ
Գույներին պառկած:

… Մահն ի՞նչ է որ,
Երբ չեն խաղաղվում կրքերդ ցավոտ,
Երբ դեռ չե՛ն սառել
Մեղմությա՜մբ,
Սիրո՜վ,
Լցված տանջանքով
Շրթունքներդ տաք,,
… Երբ հավասարվում են իրենց արցունքով
Հա՜յր, մա՜յր, քո՜ւյր, եղբա՜յր,
Պոռնի՜կ,
Հրեշտա՜կ…

Մահն ի՞նչ է որ…
Ադպես տիրաբար  անկոչ հյուրի պես
Բազմի սնարիդ,
Ոչի՛նչ,
Ընդամենը մի
Լպիրշ, անատամ
Ծերուկ ստրկամիտ…

Ս.Ումառ-Հարությունյան


пятница, 10 апреля 2015 г.

Դու կարո՛ղ ես խեղդել ճի՛չը


Դու կարո՛ղ ես խեղդել ճի՛չը
Կրքից քրտնած ափերում,
Երբ սպասումից հանկարծ վի՛շտը
Բռնկվո՜ւմ է, հրդեհվո՜ւմ:

Դու կարո՛ղ ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի կնոջ,
Որին երկա՜ր ես սպասել
Սփոփանքի մուտքի մոտ…

Ու Սպասումդ  դառը համով
Երազի պես երկնային,
Մինորային ակորդներով
Կհեծեծա դառնագին:               

Կրծքից Նրա, կսահի վար,
Ուր հոգո՜ցն ծին առնում,
Կանհետանա վայրկենաբար
Գիշերվա մութ երախում:

Շողի վրա շո՜ղ կծնի,
Առագաստն արյունամած,
Աչքերումդ պա՛ր կպարի
Կի՛րքը – Սպասմանը գրկած…

… Դու կարող ես այդպես մեռնել
Աչքերի մեջ մի կնոջ,
Որը քեզնից քունդ է խլել
Ու երազներդ բոլոր…

Ս.Ումառ-Հարությունյան




понедельник, 6 апреля 2015 г.

Անցյալը...

* * *
Չեն արբում օղո՜ւց,
Նրբօղո՜ւց,
Գինո՜ւց,
Արբում են առանց ծամելու Օրը կուլ տալուց,
Ու Օրը կարծես իր մահկանացուն
Գտնում է քո՛ մեջ՝
Մնում քո՛ ներսում:

Դավում են քեզ - քո մեջ
Անցած Օրերը բոլոր
Չես դիմանո՜ւմ, բղավո՛ւմ ես
- Բա՛վ է, կանգնի՛ր,
Դադա՛ր տուր,
Մի՛ ավերիր անցյալիս պատնեշները  զորավոր,
Իմ անցյալում և Սրբեր կան
Եվ Հուդաներ մեղավոր:

Բայց թռչում է Օրը ետ
Հանց խելագար մի հեղեղ,
Արթնացնում է վաղուց քնած
Մտքիդ հետքերը նսեմ…
Օ՜րը…
Անքուն խղճիդ հետ…

Շատ ես թակում
Բոլոր դռներն անխնա,
Ու խնդրում ես, որ Օրը
Մի քիչ դանդաղ ընթանա:

Այդպես արբած կամ դավադիր քո հոգով,
Կուրծք ու ճակատ ծեծելով,
Հասկանում ես անպայման,
Որ անցյալը ենթակա չէ փոփոխման,
Որ անցյալ չե՛ն նկարում
Չե՛ն պատկերում ոչ մի կերպ…

…Բավական է վեր կենալ
Ու քեզ նայել հայելու մեջ…

Ս.Ումառ-Հարությունյան



суббота, 4 апреля 2015 г.

Այդպես էլ պոետ չդարձա



Դու գրում ես.
«Խավարի մեջ խարխափելով…»
Ես գրում եմ
- Անցնո՜ւմ էի մթան միջով…

Դու գրում ես
«Ինձ կլքե՜ս, կհեռանա՜ս,
Ես կմնամ կարոտով»
Ես գրում եմ
- Ես Վախճանն եմ տեսնում իրոք
Հոխորտացող երախով:

Դու գրում ես
«Կհեռանա՜ս կմոռանա՜ս,
Էլ չեմ լինի քո սրտում»
Ես գրում եմ
- Դու ապրում ես իմ սենյակի
Ծխնելույզի արմունկում:

Դու գրում ես
«Ա՜խ, թող ձեռքս քո ճաղատին
Մոտենա,
Թո՛ղ կուրանան աչքե՜րս…»
Ես գրում եմ
- Փշատենու բուրմունքով
Քո վարսերում, վալս են պարում
Մատներս:

Դու  գրո՛ղ ես սիրելիս,
(Կարծեմ նաև պարուսույց)
Պոետուհի ես հայտնի,
Ես անճարակ ու անհույս
Օգտատեր եմ Ֆեյսբուքի:


Ս.Ումառ-Հարությունյան

Կիրակնօրյա


Ուզում ես արբե՜լ…
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես ինքդ քո մեջ խենթանալ,
Որ Ժամանակի զազրելի ձեռքը
Քո միջից անհետք հեռանա:

Ուզում ես արբե՜լ
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես լսել
Կիսաքուն քամու խռմփոցը խուլ,
Ուզում ես լսել ե՛րգը ճնճղուկի,
Ուզում ես աչքերդ անընդհատ ծակի
Խնկարկու Աստղիկի փայլը ստինքների,
Ուզում ես արբե՜լ, չես ուզում լսել
Մահին մոտեցնող վայրկյանաչափի
Քայլը ահռելի:

Ուզում ես արբե՜լ
Ուզում ես մեղմե՜լ
Հողին մերձեցող ոտքիդ տառապանքը,
Որ բիբերիդ մեջ էլ չծիծաղի
Դարի մեղավոր սիրտը սնուցող
Խարդախ ու անխիղճ Ժամանակը:

Բարձրացնում ես երազանքիդ գավաթը լի
Բառերո՜վ
Հույզերո՜վ
Մտքերո՜վ…
Ու խլում է քո գավաթը քո ձեռքից
Ժամանակն իր զառամյալ մատներով:

Խորհրդավոր կապույտից,
Վարդի գույնից նոր ծնված,
Մի երա՜զ է կաթկթում
Պոեզիայի գրքից բաց…

Փշուր-փշուր են լինում հատակին
Բառե՜րդ
Հույզե՜րդ
Մտքե՜րդ՝ մանկան մարմնի պես անաղարտ,
Չգիտես ի՞նչու,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես արբել անընդհատ…


Ս.Ումառ-Հարությունյան