суббота, 4 апреля 2015 г.

Այդպես էլ պոետ չդարձա



Դու գրում ես.
«Խավարի մեջ խարխափելով…»
Ես գրում եմ
- Անցնո՜ւմ էի մթան միջով…

Դու գրում ես
«Ինձ կլքե՜ս, կհեռանա՜ս,
Ես կմնամ կարոտով»
Ես գրում եմ
- Ես Վախճանն եմ տեսնում իրոք
Հոխորտացող երախով:

Դու գրում ես
«Կհեռանա՜ս կմոռանա՜ս,
Էլ չեմ լինի քո սրտում»
Ես գրում եմ
- Դու ապրում ես իմ սենյակի
Ծխնելույզի արմունկում:

Դու գրում ես
«Ա՜խ, թող ձեռքս քո ճաղատին
Մոտենա,
Թո՛ղ կուրանան աչքե՜րս…»
Ես գրում եմ
- Փշատենու բուրմունքով
Քո վարսերում, վալս են պարում
Մատներս:

Դու  գրո՛ղ ես սիրելիս,
(Կարծեմ նաև պարուսույց)
Պոետուհի ես հայտնի,
Ես անճարակ ու անհույս
Օգտատեր եմ Ֆեյսբուքի:


Ս.Ումառ-Հարությունյան

Կիրակնօրյա


Ուզում ես արբե՜լ…
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես ինքդ քո մեջ խենթանալ,
Որ Ժամանակի զազրելի ձեռքը
Քո միջից անհետք հեռանա:

Ուզում ես արբե՜լ
Չգիտես ի՞նչով,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես լսել
Կիսաքուն քամու խռմփոցը խուլ,
Ուզում ես լսել ե՛րգը ճնճղուկի,
Ուզում ես աչքերդ անընդհատ ծակի
Խնկարկու Աստղիկի փայլը ստինքների,
Ուզում ես արբե՜լ, չես ուզում լսել
Մահին մոտեցնող վայրկյանաչափի
Քայլը ահռելի:

Ուզում ես արբե՜լ
Ուզում ես մեղմե՜լ
Հողին մերձեցող ոտքիդ տառապանքը,
Որ բիբերիդ մեջ էլ չծիծաղի
Դարի մեղավոր սիրտը սնուցող
Խարդախ ու անխիղճ Ժամանակը:

Բարձրացնում ես երազանքիդ գավաթը լի
Բառերո՜վ
Հույզերո՜վ
Մտքերո՜վ…
Ու խլում է քո գավաթը քո ձեռքից
Ժամանակն իր զառամյալ մատներով:

Խորհրդավոր կապույտից,
Վարդի գույնից նոր ծնված,
Մի երա՜զ է կաթկթում
Պոեզիայի գրքից բաց…

Փշուր-փշուր են լինում հատակին
Բառե՜րդ
Հույզե՜րդ
Մտքե՜րդ՝ մանկան մարմնի պես անաղարտ,
Չգիտես ի՞նչու,
Չգիտես ի՞նչպես,
Ուզում ես արբել անընդհատ…


Ս.Ումառ-Հարությունյան

Ռեքվիեմ



Երբ վիճում են անընդհատ
Ցավն ու Պատրանքը,
Ժամանակն էլ արդեն նրանց չի՛ բուժում,
…Համոզվում ես, թե  որքա՞ն երկա՜ր է կյանքը,
Երբ ուրախություն այլևս չի բերում:

Հավերժ չէ Լուսնի տակ
Աշխարհ եկած մարդը,
Կարիք կա՞ կրկնել  անընդհատ,
Մեկը սև՛ն է նախընտրում, մյուսը սպիտակը
Ու Լռությո՜ւնն է բղավում շարունակ:

Սպիտակի ու Սևի բախումն անդադար
Ստիպո՛ւմ է անընդհատ պայքարել,
Մթում բոլորը նմա՜ն են իրար,
Ցերեկով - սարսափում ես աչքերդ բացել:

Հայացքդ ծա՜նր
Սահում է սպիտակ ստեղներով -
Ո՛չ մի կերպ, առանց սև չի ստացվում մեղեդի,
Երջանիկ ես դառնում այնքանով՝
Որքանով երկարում է մենության ուղին:

Բղավո՛ւմ ես
- Մարդի՜կ, մի՛ փակեք կափարիչը,
Ես սև ստեղներից  չե՜մ մաքրել փոշին …
Դեռ չեմ ավարտել ես իմ մեղեդին
…Ցերեկվա կուրծքն է պատռում քո ճիչը
Եվ ուրիշ,
Եվ ուրիշ
Ոչի՜նչ…


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 30 марта 2015 г.

Կարոտն ափի մեջ



- Տեսնես հիմա Ամերիկայում ժամը քանի՞սն է:
- Առավո՜տ է, կինո՛ն նայիր, լա՜վ կինո է:
- Ի՞նչն է լավ, տասնհինգ րոպե է արդեն երեքով նստած հեռուստացույց են նայում:
Տեսնես Մարիամս…
- Մարիա՛մ չէ, Մա՛րի է:
- Լավ, թող լինի Մարի, ի՞սկ Անդրանիկը երևի իր առավոտյան սուրճն է վայելում:
- Անդրանի՛կ չէ, Անդրե՛ է, ա՜յ մարդ կինոդ նայիր էլի, լավ կինո է:
- Ի՞նչն է լավ: Գևորիկս էլ երևի պատրաստվում է մանկապարտեղ գնալուն, միայն չասես Գևորգ չէ՝ այլ Ջորջ:
Ամուսինը հանեց ակնոցն ու տեղից վեր կացավ:
Կինը նայեց ամուսնուն:
«Աստված իմ այս ի՞նչ արագ  ծերացանք, և ընդամենը երե՜ք տարում»:
- Ո՞ւր, բա կինո՞ն, լավ կինո է:
- Զուգարան, հիմա կգամ:
Գևորգը գնաց դեպի ննջարան:
Կինը նայեց նրա ետևից ու գլուխը կախեց:

Դստեր՝ Մարիամի ընտանիքի Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելը քարտաշ Գևորգը ծանր տարավ:
Օդանավակայանում գրկից հազիվ վերցրեցին փոքրիկ Գևորիկին:
Ամբողջ կյանքում քարերի հետ գործ ունեցած, «քար սիրտ» ունեցող ուստա Գևորգը բարձրաձայն լալիս էր` անտարբեր շրջապատին:
- Ա՛յ մարդ, դե թող գնան լավ ապրեն, ջահե՜լ են, մնան ի՞նչ անեն, համ էլ մեծ մարդ ես չգիտե՞ս որ ճանապարհի վրա լաց չեն լինում: Մեզ ի՞նչ է եղել ոտքո՜վ, ձեռքո՜վ…
- Անիծվի էս ինքնաթիռ հնարողը, անիծվի էն Կոլումբոսը…
Տուն վերադարձան առանց մի բառ փոխանակելու:
Քարտաշ Գևորգի քարերի մեջ կոպտացած ափում Գևորիկի աջ ձեռքի ձեռնոցն էր, որ կնոջից թաքուն դրեց բարձի տակ…
Կինը վաղուց էր նկատել ձեռնոցը, բայց ամեն անգամ անկողինը փոխելիս դնում էր նույն տեղը, հաճախ, երբ մենակ էր լինում հանում էր, սեղմում կրծքին, հետո համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ:

Հեռուստացույցի էկրանին երկու տղաներ էին ու մի աղջիկ, որոնք իրենք էլ էին նայում ինչ որ ֆիլմ՝ Ամերիկյան հնդիկների մասին:
- Գևո՛րգ, դե արի հիմա կսկսվի:
- Գալիս եմ, ի՞նչն է սկսվելու, տեսե՞լ ես այս ֆիլմը:
- Չէ՜, բայց գիտեմ, այ այն աջ կողմի տղան հիմա վեր կկենա, գրպանից կհանի դանակն ու կսպանի այն մյուս տղային: Նայի՜ր, լավ կինո է…Լեհական:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 29 марта 2015 г.

Սպիտակ Մերսեդեսը



Ա՛հ գիտնայի՜ք թե մարդ ի՛նչպես
Կուլա մինակ, անընտանիք,
Երբեմըն գեթ իմ փողոցես
Դուք կ՛անցնեիք:                       Սյուլլի Պրյուդոմ


Լույսը նոր  էր բացվել ու անհասկանալի էր թե ի՞նչպես և ինչո՞ւ էր հայտնվել Նալբանդյան փողոցում:
Քաղքաքը դատարկ էր, անմարդ:
Վերջին երեք հատ հազարանոց դրամները ու մեկ երկու հարյուրանոց մետաղադրամը դրամապանակով կարծես իրենց բովանդակ ծանրությամբ բաճկոնը ձգում էին ներքև:
Լույսը նոր  էր բացվել ու անհասկանալի էր ինքն ավելի թեթև էր իր գրպանի փողերից թե ոչ:
- Երկու տուփ ծխախոտ – 600 դրամ, մեկ թթվասեր- 580 դրամ, 3 հաց- 330 դրամ, հա մոռացա դեռ իննը օր կա մինչ հաջորդ թոշակ՝ շաքարավազ և սուրճ, համայնատիրության գումարը մինչև հունիս ամիս…փողն ավարտվել էր, իսկ ինքը դեռ հաշվում էր:
Կողքը կանգնեց մի հինգ հարյուր կիլոգրամանոց փողերի կույտ՝ անիվների վրա:
Մերսեդես էր: Սպիտակ:
Մեքենայից իջավ մեկը ու մոտեցավ իրեն, ձեռքերով ինչ որ բան էր հարցնում:
Սկզբից ցանկանում էր հարցնել թե ինչո՞ւ հատկապես իրեն, բայց ժպտաց, հիշեց որ փողոցում ուրիշ մարդ չկար:
Մարդը ձեռք ու ոտքով ինչ որ բան էր ասում, քաշում բաճկոնի թևերից, շոյում ուսը:
Հասկանում էր, որ չկարողանալով արտահայտվել մարդը բարկանում էր իր անկարողության վրա:
Հետո մարդը չոքեց, ձեռքերի մատների ծայրերը միացրեց իրար, քաշեց բաճկոնի գրպանից ու խաչակնքեց:
- Հա՜, եկեղեցու տեղն ես հարցնո՛ւմ, դե այդպես էլ ասեիր, Աստված քեզ ինձ մո՛տ ուղարկեց, թե ինձձ՝ քեզ մոտ:
Մարդը հասկացրեց, որ ինքն է եկել իր մոտ:
 - Ուրեմն նայի՜ր, կգնաս այս փողոցով,- ձեռքով ցույց տվեց ու բացատրեց, մարդն էլ երևի հասկացավ, արագ ոտքի կանգնեց ու վազելով մոտենալով մեքենային միացրեց շարժիչն ու հեռացավ:
- Երևի պրոբլեմները շատ են որ այս ժամին եկեղեցի է գնում: Ես ի՞նչ պետք է անեմ մինչ խանութների բացվելը:
Ոտքերն էլ անհասկանալի պատճառով տարան ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Եկեղեցուն չհասած տեսավ մի ծեր, փող հավաքող կնոջ, սառը աստիճաններին նստած:
Հիշեց երկուհարյուր դրամանոցն ու ձեռքը մտցրեց գրպանը:
Դրամապանակը չկար:
Ժպտաց կնոջը, գրպանից հանեց թաշկինակը, փռեց աստիճանին ու նստեց կնոջ կողքը…

Ս.Ումառ-Հարությունյան