пятница, 20 марта 2015 г.

Առեղծված


Ոչ մի աշխատանք այնքան դաժան չէ,
Որքան որ սիրտն է աշխատում մթում,
Ոչ մի գույն այնքան բազմաերանգ չէ,
Որքան որ սպիտակ գույնն է
Մեզ թվում…

Գիշերը դավաճան չի՛ լինում երբեք,
Մի՛շտ դավաճան է եղել ցերեկը,
Ցերե՞կ չէր արդյոք, (պետք է որ հիշեք)
Երբ այն տասներկու աստղերից մեկը
Ցույց տվեց իրեն…

Ցերե՞կ չէր արդյոք, երբ Ուսուցիչը մեծ
Կռացավ, լվաց ոտքերն Հուդայի,
Ցերե՞կ չէր արդյոք, երբ նիզակ խրվեց
Ու արյուն կաթաց սրբազան հողին:

Գիշերով էր, երբ հոր ուրվականի
Լեզվով բարբառվեց ճմարտությունը,
Ցերեկով էր, երբ իշխան Համլետի
Արյունով հեղվեց արդարությունը:

… Գիշերով է
Երբ պատուհանդ  դառնում է  անբիծ,
Դրսում իշխում է մութը կասկածյալ,
Ու թվում է թե անհայտությունից
Քեզ հյուր է եկել օտար արարած:

Օտա՜ր ու այնքան հարազատ,
Քանզի լսում է թակոցը սրտիդ,
Ու ինչպես հմուտ, ճկուն աճպարար
Բացում է թանձր շղարշն աչքերիդ:

Կոպերիդ աստղերն է նստեցնում հանդարտ,
Լուսնին է վկա բերում զրույցի,
Իր արդա՜ր, ներո՜ղ լեզվով անարատ
Խոսում է քեզ հետ սրտիդ աղմուկից:

…Նույնիսկ պոետը զորու չէ բացել
Գիշերվա առեղծված, բովանդակ գիրքը,
Առավել ևս հանգի վերածել
Գիշերվա գրկում աշխատող սիրտը…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 19 марта 2015 г.

Արդա՜ր չես, Տե՛ր իմ



Լո՜ւյս էի տենչում  քո Որդու նման,
Այլ ոչ թե ցա՜վ ու մորմո՜ք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Դրա՛խտ խոստացար,
Բերեցիր  դժոխք:

Խավարից բարի Բաներ չեն ծնվում,
Ծնվո՛ւմ է անե՜ծք կամ էլ հայհոյանք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Որ այս աշխարհում
Դատարկ բաներից նենգանանք:

Երբեք չե՛ս սիրել բանաստեղծներին
Երկրի ցավերը քաշել են նրանք,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Նրանց գլխներին
Մի՜շտ էլ խաղեր ես խաղացել դաժան:

Միշտ էլ պոետի արյո՛ւնն է եղել
Հատուցման գինը մի չնչին բանի,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Դափնու փոխարեն
Ծաղկեպսակն է եղել փրկագին:

Փորձությունների դարը անցե՜լ է
Հացն հանապազորյա կյանքո՛վ է չափվում,
Արդա՞ր է, Տե՛ր իմ,
Որ քեզ ուրանամ
Ու երկրպագեմ աստծուն թշնամու:

Միշտ կասկածում ամաչում եմ հայելուն նայելիս,
Որ քո տեսքով եմ եկել այս աշխարհ,
Արդա՛ր չէ, Տե՛ր իմ,
Կամ ի՛նքդ փոխվիր
Կամ այս դժոխքը ինձնից հեռու տար:

Ս.Ումառ-Հարությունյան


Պատկեր

                                                                                 Նելլի Կարապետյանին
* * *
Չգիտե՜մ  մի՞տքն է բառից
Երկունքվում,
Թե՞ բառն է խաչվում մտքի հետ,
Որ ինչ որ մի տեղ հեռվո՜ւմ,
Շա՜տ հեռվում,
Ծնվում է ռոմանտիկ մի պոետ:

Մենախոսությունը սկսվում է այսպես -
Հեռվից քեզ կանչում է մի շատ ծանոթ ձայն,
Իսկ դու խոսում ես քո մտքերի հետ՝
Ձեռքումդ սուրճի
Դատա՜րկ մի գավաթ:

Ուզում ես, որ օրվա ձեռքերում
Շորերդ մաշվե՜ն, չքանան,
Ուզում ես,
Որ իրիկունը չտե՛ս
Հաճույքից մի քիչ տրտնջա:

Ուզում ես, որ օրը լինի  քո՛նը,
Որ այդքան անխոս չլինի օրը,
Որ օ՛րն էլ մի քիչ,
Թեկուզ շա՜տ չնչին
Ըմբոշխնի քայլերիդ օրորը:

Օրորվո՜ւմ ես, սենյակից - խոհանոց
Քայլերով հուշիկ՝
Ձեռքումդ՝Սուրճի դատա՜րկ մի գավաթ,
Իսկ հեռվո՜ւմ, շա՜տ հեռվում 
Մի պոետ ռոմանտիկ
Ցնդում է պատկերից այդ դաժան:

Մի՞տքն է անլեզու բառերից շիկանում,
Թե՞ բառն է հալեցնում
Մտքի սառույցը…

… Մեկ գավաթ ես ջրի տակ լվանում,
Իսկ մտքում՝ լվանում ես երկուսը…



Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 7 марта 2015 г.

Երբ մենակ եմ լինում



* * *
Երբ մենակ եմ լինում
(Հաճախ է պատահում)
Քունս եմ խանգարում ու
Քեզնով Լուսաբաց
Անկեղծ զմայլվում:

Իսկ երբ իմ գիրկը դատարկ չի լինում
(Չասես դավաճան)
Ես քեզ մոռանում ու
Համարում եմ անցա՜ծ գնացա՜ծ
Մի ինչ որ օտա՜ր, օտար արարած, որ
Հեռանալով տանում է իր հետ
Իր կրակները,
Կուրծք-զոհասեղանին թողնելով բոցն ու
Մորթված մտքերը…

Դու լավագո՛ւյնն ես՝ տրտունջիս նման,
(Ծաղկած ծառերից մարդկանց չեն կախում,
Նորից եմ խնդրում, չասե՜ս դավաճան)
Կյանքի ու մահվան երևույթների մի նեղ արանքում -
Օրվա պես գեղեցիկ,
Եղանակի նման վատ,
Միշտ ժպտերես ու զվարթ,
Դու միշտ եղե՛լ ես,
Դու կա՛ս,
Կմնա՛ս,
Իմ բարի՜, բարի՜
Հնամյա Լուսաբաց…


Ս.Ումառ-Հարությունյան

Հիշողություն

* * *
Հիշողության ծեր ու մաշված օրերը
Դառնում են բե՜ռ
ու թիկունքիս հավաքվում,
Ինչպես ծառի բնին մոտիկ -
Տերևներն են թափթփվում…

Ի՞նչ թունդ գինի
Կամ օղի,
Հիշողություն վշտակից,
Երբ կարող ես մե՛կ հարվածով
Խառնել հենքը մտքերիս,
Գարունը սարքել աշո՛ւն
Խցանել շշում ու ջուրը նետել
Հավերժահարսերի՜ն,
Ջրահարսերի՜ն
Ջահել թե հասուն…

Խե՞նթ եմ…չգիտեմ խենթություն անել,
Խելագա՞ր եմ, որ չեմ կարողանում
Արյունս հեղել,
Թե՞ հավերժ երազող հնաոճ ասպետ,
Որի իդեալը մի հասարակ
Աղջիկ է եղել…

Հասարակ աղջի՞կ,
Ի՞նչ հիմարություն,
Երբ հիմա էլ կփոխեի իմ կյանքն անհեթեթ
Նրա հետ անցկացրած
Գեթ մեկ օրվա հետ…

Ի՞նչ թունդ գինի
Կամ օղի,
Հիշողություն վշտակից,
Երբ կարող ես մե՛կ հարվածով
Խառնել հենքը մտքերիս…

Ս.Ումառ-Հարությունյան