суббота, 21 июля 2018 г.

Մտորումներ (շարք)


* * *
Շատ է տանջում  սի՛րտն իմ խելառ,
Մեկ ասում է «Հեռացի՛ր»,
Մեկ ասում է  «Մնա՜, տանջվի՜ր»,
Մեկ ասում է  «Մոռացի՛ր»:

Սի՛րտ,  միակն ես,
որ ինձ հանգիստ չես տալիս,
Մեկ խնդո՛ւմ ես,
Մեկ հիմարի պես լալիս:

Սի՛րտ իմ, եթե մի օր  ձե՛ռքս ընկնես,
Շարունակես քո վե՛ճը,
Վստա՛հ եղիր,  քեզ կպատռե՜մ
Տեսնեմ թե ի՞նչ կա մեջդ:

Ս.Ումառ-Հարությունյան

Մտորումներ (շարք)


* * *
Ուզում եմ գրե՜լ,
Բայց գրել այնպե՜ս - ինչպես սիրո՜ւմ եմ,
Ու բարկանում եմ, որ չի ստացվում այնպես-
Ինչպես ուզում եմ…

Բարկանալը հե՜չ –
Անցնո՜ւմ, գնում է…
Զավեշտը` զարմանալն է,

Ու…զարմանո՜ւմ եմ –
Սիրում են ինձ այնպես –
Ինչպես գրո՜ւմ եմ…

Ս.Ումառ-Հարությունյան

Մտորումներ (շարք)



* * *
Չե՛մ հասկանում
Թե ի՞նչու ես ինձ ատում…

Ուրիշի հետ ուրախանո՜ւմ,
Ուրիշի հետ սեղա՜ն նստում,
Ուրի՛շ ձեռք է մազդ խառնում,
Ուրի՛շ աչք է առագաստդ
Բացո՜ւմ-փակում,
Ուրիշ ծովի ալիքին ես նստած թևում…

Բայց վշտե՜րդ,
Ա՜խ, վշտերդ
Միա՜յն-միա՜յն
Ինձ հետ կիսում…

Ս. Ումառ-Հարությունյան


суббота, 7 июля 2018 г.

N-ին (բանաստեղծություն)




«Մոնա Լիզայի» նկարի առաջ
Հավաքված  գաճաճներ խղճի՜ ու մտքի՜,
Դուք գեղեցիկ եք համարում նրան,
Երբ  դեռ չե՜ք տեսել պատկերն իմ N-ի:

Դուք դեռ չե՛ք տեսել ժպի՜տը նրա,
Մատնե՜րը սեղմած իր կրծքին,
Ազդրե՜րը, ողորկ ալիքի նման
Քեզ ձգող դեպի խորքերը կրքի:

Գաճաճնե՜ր խղճի,
Գաճաճնե՜ր մտքի,
Դուք համարում եք նրան խորհդավո՞ր,
Նաև գրավի՜չ, գեղեցի՜կ այնքան,
Չէ՞ որ չեք զգացել շուրթերն իմ N-ի,
Գի՜րկն իր ձգելու ո՜ւժը կատարյալ:

Չէ՜, իմ N-ի աչքերը ա՜յլ են,
Ավելի խորո՜ւնկ պատկերով,
Իսկ այս  նկարում նկարչի մա՜յրն է
Նկարչի «Էդիպի բարդույթ»  զգացումով:

Հիացե՜ք խնդրեմ
Դել Ջակոնդոյի կնոջ ժպիտով,
Կամ Բելլա  դ՛Էստենի  պարանոցով հաստ,
Նկարում գուցե՞ հենց նկարիչն է
Կամ երիտասա՜րդ մի տղա:

Հիացե՛ք ինչքա՜ն որ կամենում եք,
Դրանից «Լիզան» չի դառնա ձե՜րը,
Մտքի գաճաճներ դուք ձե՜րն ունեցեք-
Ինչպես ես ունեմ  իմ  N-ը:

Միգուցե՞ լավ է, որ դուք չե՜ք տեսել
Իմ   N-ի մարմինը այնքա՜ն կատարյալ,
Միգուցե՞ լավ է, որ
Չե՜ք խենթացել՝
Ինձ նման  դարձել խելագար…

пятница, 6 июля 2018 г.

Իմ տիրակալը հիշողությո՜ւնն է


Իմ տիրակալը հիշողությո՜ւնն է՝
Փոքրի՜կ մի ոզնի կծկված,
Անընդհատ ծակո՜ւմ, ցավեցնո՜ւմ է
Տիրակալների նման դաժա՜ն,
Անաստված:

Իրեն թվո՜ւմ է թե արդեն ծե՜ր է՝
Տարիքը առա՜ծ, իմաստո՜ւն,
Թվո՜ւմ է թե կյա՜նքը խաղաղ լինելն է՝
Փոթորիկների՜ց, հողմերի՜ց
Հեռո՜ւ…

Չի՛ թողնում սի՜րտս մեկ ժամով ննջի՜-
Կոպիտ ձեռքերով սեղմո՜ւմ է նրան,
Չի՛ թողնում սիրտս դե՜մքը իր շրջի
Ու հանգիստ առնի գոնե՜ մեկ
Վայրկյան…

Խոսո՜ւմ է, տալի՜ս անհարկի հարցեր,
Ակա՜նջ սղոցում տերտերի նման,
- Հիշո՞ւմ ես, ամա՜ռ էր,
…փորձեցի՜ր կանգնել,
- Հիշո՞ւմ ես, որ քեզ պառկեցրի հարմար:

Սիրտս ընկում է գի՜րկը հուշերի,
Ու պրծո՜ւմ չկա սրանից,
Ո՜ւր եք ծվեններ մանկության օրերի
Ծեր հիշողությո՜ւնը
… ինձ դո՛ւր չի գալիս:

Անձրի նման լցվո՜ւմ է գլխիս,
Հրավիրո՜ւմ է
Թրջվելո՜ւ,
Մրսելո՜ւ,
Գժվելո՜ւ,
Տե՜ղ չկա փախչե՜մ, փրկվե՜մ նրանից
Ու առա՜նց նրա ապրեմ աշխարհում:

Իմ տիրակա՜լը հիշողությո՛ւնն է՝
Բառապաշարով հարո՜ւստ,
Հոգով իր անխի՜ղճ,
Ու ես էլ նրա հլո՜ւ ստրուկն եմ,
Որ մի կերպ դիմանո՜ւմ եմ-
մե՜ղք գալիս սրտիս…