четверг, 24 мая 2018 г.

Նոր Ճանապարհ


Երկիրս ասես
Մի հրե կաթսա՜
Հրաբխի պես ժայթքո՛ւմ է ներսից,
Տեսնես թե Աստված վերից ի՞նչ ասաց,
Ո՞ւմ ձեռքը դրեց մարխը իր այրիչ:
Ամբոխներն արդեն
Խելագարվա՜ծ չեն,
Խելագարվե՜լ են կրքերը վառված,
Մի ձե՛ռք է վառում ազգի ջահերը՝
Առաջնորդելով դեպի ապագա:
Երկիրը լի՜քն է ժպիտով անչար,
Նաև՜ հեգնանքով քմծիծաղներից,
Նույնի՛սկ հյուսիսի քամին է անճար
Կանգնե՜լ, մնացե՜լ սահմանագծին:
Ով Հա՜յ ժողովուրդ,
Բռո՛ւնցք ես նորից,
Իսկ ո՞վ չգիտի ուժը հարվածիդ,
Բայց սա ա՜յլ ուժ է, որ Հարությունից
Չգիտես հետո՜ թե ո՞ւր կտանի…
Խենթացած հրաբուխ
Հայաստա՜ն,
Բարի՜ ճանապարհ քո գործում,
Այսօր դարձել ես դժոխքի բերա՜ն,
Որ հանգի՜ստ ապրես գալիքում:

Հիշողությունս


Չե՜մ հիշում երեկ
Զո՞ւյգ օր էր թե՞ կենտ,
Ու կատաղե՜լ էր մայթերում քամին,
Հեռվից ականջս էր շոյում մերթ ընդ մերթ
Ծանո՜թ, մեղրածոր տխո՜ւր մեղեդին:
Քամին դեռ ոչի՜նչ,
Սի՜րտս էր տրոփում-
Ասես թախիծի մի խո՜ւլ արձագանք,
Ու պտտվո՜ւմ էր իմ մեջ քամու պես
Հոգի սառեցնող մի սա՜ռը հորձանք:
Քամին ասես թե
Հարսի շոր լիներ՝
Մաքո՜ւր, թափանցի՜կ ու սպիտակ,
Ու տարածվել էր տեսադաշտով մե՜կ
Շղարշո՜վ զատել անցյալ ու ներկա:
Ամպերը գոռո՜ւմ…
Սուլո՜ւմ էր քամին,
Հիշողությունս էր պայթել անկասկած…
Ու քեզ որոնող իմ խե՜նթ աչքերին
Ցերեկը գիշե՜ր էր դարձել մթագնած:

Սրտի լեզուն


Սերը ջե՜րմ է
Սերը խո՜րն է,
Ու շա՜տ ժլատ խոսքի մեջ,
Ասե՜նք ի՞նչ եմ գրում անկապ՝
Թե Սերը կա՛
Խոսքն ո՞ւմ է պետք:
Մինչև սրտից ելած խոսքը
Մարդու շրթին է հասնում,
Դառնում է խո՜ւլ մի արձագանք,
Բուն միտքը չե՛ս հասկանում:
Սրտի լեզուն պարզի՜ց պարզ է,
Ո՛չ ապառնի՜ կա, ո՛չ անցյալ,
Սրտի լեզուն դա մի ե՜րգ է
Առանց նոտա՜, առանց ձայն:
Սրտի լեզվի բա՜ռն է ա՛չքը՝
Արցունքո՜տ կամ անարցունք,
Եվ ինչքան էլ տքնի կյանքը՝
Կամ չար բախտը-
Ապարդյուն է
Սրտի լեզուն փակելու:

Փախուստ


Գնացքը հևո՜ւմ է, առա՜ջ է սուրում
Ետևո՜ւմ մնացին լույս աչքեր,
Կապտազգե՜ստ,
Կապտաչյա՜,
Կապտավո՜ւն մի կինա
Ու կրծքի՜ն խաչված զույգ ձեռքեր…
Գնացքը արագ տանում է հեռո՜ւ
Իսկ միտքս՝ արագ գնացքից,
Գնում եմ հեռո՜ւ, անհայտ ապագա-
Թողնելով զույգ աչքեր հուզալից…
Արդեն երեկո՜ է, աստղե՜րն են փայլում
Կողքի՜ց,
Դիմացի՜ց,
Վերևի՜ց,
Ետևում մնացած աչքե՜րն եմ հիշում…
Ու թվում է թե
Կանչո՜ւմ են նորից:

ժամանակի խոնավ քիթը

Արդեն տհաճ է
ժամանակի խոնավ քիթը,
Ու ժամանակը լորձոտում է ճանապարհս՝
լցված քաղաքական մեռելներով:
Մի կերպ բարձրացնում եմ ոտքերս-
Իջեցնելու տեղ չկա,
Ոմանք աղոթում են,
Ոմանք արտասվում
ուրախությունից նաև
տխրությունից,
Ոմանց մի բանակ անճարակությունից
լղոզվում է ժամանակով,
Նայում է վերև, որտեղ առաջ ինքն էր,
Մերկացնում է պարանոցը
ոչ թե հանրային ծառից կախվելու
այլ մի կերպ շնչելու համար…
Եվ տհաճ է հարբուխ ընկած
Ժամանակը…
10.05.18 Երևան