четверг, 11 января 2018 г.

ԿԱՐՈՏ



Թե իմանա՜մ, որ կուրանամ
Էլ երազներ չե՛մ տեսնի -
Խոստանո՜ւմ եմ – կկուրանա՜մ,
Քանզի դա՜ռն են երազներս
Թե քնա՜ծ, թե արթմնի՜…

Թե իմանա՜մ, որ խլանամ
Էլ չե՛մ լսի հեռվից կանչող ձա՜յնը քո,
Աստվա՜ծ վկա -  կխլանա՜մ,
Քանզի ծա՜նր է ձայնդ՝
Սի՜րտ ու հոգի ավերող …

Թե իմանա՜մ, որ համրանամ
Ու անունդ լեզվիս վրա խելառապար
Չի՜ պարի-
Կհամրանա՜մ,
Քանզի լեզուս  ուշաթափվե՜լ,
Լլկվե՜լ է
Քո անունի հնչյուններից բերկրալի:

Թե իմանա՜մ, որ մահանա՜մ,
Բայց խոսքերս կանմահանա՜ն քո սրտում,
Չե՛մ կասկածի – կմահանա՜մ -
Քանզի քո՛ մեջ կանմահանամ,
Կանմահացնե՜մ
Քեզ իմ սիրո երգերում…

Ո՛չ երանի կտամ նրան
Ով չի՛ զգացել մենություն,
Չի՛ համտեսել  դառնահամը մենության -
Քանզի դառից ավել դա՜ռը
Միշտ բերում է բախտի վրա քմծիծաղի
Կամ էլ տտի՜պ քաղցրության…

Քո անո՜ւնն եմ հիմա քաղցր
Ատամներիս տակ սեղմում,
Քանզի ամեն պահի պատրաստ
Շրթունքներս բա՜րձր-բարձր

Քեզ ինձ մո՜տ են կանչելու…

Վերլիբր հունվարյան

* * *
Ինքդ քեզ հասնելու համար
Հարկավոր չէ արագ քայլ,
Շնչակտուր վազք,
Սրտի տրոփյուն ու շնչահեղձություն
Հարկավոր է ընդամենը կանգնել
Եվ
Կզգաս որ Լույսը դարձավ Ջերմություն
Ջերմությունը դարձավ Լույս
Իսկ եթե Լույս ես կարող ես շփվել ինչ-որ մեկի հետ
Այդ ինչ-որ մեկին ասում են Աստված
Կամ ավելի ճիշտ
Մենախոսություն Մենախոսության հետ
Երաժշտությունը կնվագի լռություն
Լռությունը կնվագի լռություն
Միտքը կթաքնվի բառերում
Որոնք ծնվում են կոկորդում
Ու կբղավես Լռություն
Ես հասել եմ ինձ
Ու տեսնում եմ որ բացակա եմ
Իսկ եթե բացակա եմ
Ուրեմն ինձ կհիշեն բոլորը
Իսկ բոլորը՝

Բոլորը վազում են ու չեն հասնում իրենց

Վերլիբր հունվարյան

* * *
Երբ սոված էի,
Երբ չկար հոսանք,
Երբ գազ չկար,
Երբ ցուրտը դարձել էր հարազատ՝
Ես չգիտեի թե ինչ բան է Մակդոնալդը,
Ու երբ մի սևամորթ McDonalds-ից
Մի համբուրգեր գողացավ՝
Ես նրան անվանեցի սրիկա…

Հոսանք չկա՜ր,
Գազ չկա՜ր,
Մրսո՜ւմ էի,
Սովա՜ծ էի…

Ինձ ասացին.

- Ռասի՛ստ:

Վերլիբր հունվարյան

* * *
Ասո՜ւմ են առաջին սերը չի՛ մոռացվում
Ո՜չ, ուղղակի
Առաջին սերը դառնում է լավ հիշողություն,
Քանի՜-քանի սերեր դառնում են հիշողություններ-
Հոգնած բանաստեղծի տրամադրության նման,
Բանաստեղծի անհիմն վախի՜,
Հիմնավոր կորստի նման:
Առաջին սերը մոռացվում է ա՜յն պահի նման,
Երբ բանաստեղծը կորցնում է լավագույն ժամանակը
Բանաստեղծական տող երկնելու համար և
Սկսվում է մի շքերթ անհանգ բառերի
Ու շքերթի ցանկացած անդամ բղավում է, որ
ինքն է առաջինը, որ
բանաստեղծն իրենն է…

Չի՛ մոռացվում վերջին սերը

Քանի դեռ վերջինն է…

Վերլիբր հունվարյան

* * *
Ներկան միայն զարմացնում է,
Տանջում է անցյալը,
Հիշողությունը՝ ցավեցնում,
Թարմացնում է մի գավաթ դա՜ռը սուրճը`
Դառը թարմացնո՜ւմ է,
Թարմանում են վերքերը,
Բոլոր սպիացած տեղերում բացվում են աչքեր
Ու աչքերի մեջ տափաստաննե՜ր,
Տափաստաննե՜ր…
Դաշտամկներն իրեն հետույքներով
Փակում են բների մուտքը թշնամիներից,
Անձրևի՜ց…
Անձրևը թշնամի՜ է,
Անձրևը մաքրում է աչքերիդ ներկամատիտը-
Սև առվակներ են հոսում այտերիդ վրայով,
Նայում եմ զարմացած՝

Ներկան միայն զարմացնում է: