четверг, 21 декабря 2017 г.

Լուսաբացը

Լուսաբացը,
Որ նման էր շրթունքի,
Բացվե՜ց, ասա՛ց.  Բարի լո՜ւյս
…Ինձ թվում էր թե աչքեր են
Գիշերվա մութ վարագույրը անթեղում…

Ու ըմպեցի ես աչքերի
Լո՜ւյսը լցված
Գիշերվա մութ բաժակում,
Թրթռացին աղոթքների շշուկներից
Միլիոնավոր Բարի լույս-եր
Անքեզ անցնող օրերում…

Եվ մնացի զարմացա՜ծ,
Որ ժամերը լուռ սահում են առանց քեզ,
Ամռան շնչով խնջույք տեսած
Կարոտներիս շավիղները
Չե՜ն մահանում աստղի պես…

Ականջներս չե՛ն ցավում
Հրաժեշտի հառաչներից,
Օրն անցնում է
Չե՜մ ծերանում
Ու կախված եմ վայրկյանից…

Սակայն զգո՜ւմ եմ
Ցո՜ւրտ է, ձմե՜ռ
Ու հիմա՜ր մի փայտփորիկ
Սիրտս մտած հարվածո՜ւմ է
Մեղավոր ու ցնորք շահող
Հարվածներով առիթմիկ…

Բոցկլտո՜ւմ է հանգչող հոգիս
Ընկուզենու նման հի՜ն,
Հեծկլտո՜ւմ է ցավիս վրա
Լուսաբացը,
Որ նմա՜ն է շրթունքի…

Թվում է թե խցանված եմ շուրթերում,
Ձեռքերումս բանալի՜ է մի անհայտ,

Լուսաբա՜ց է…
Թվում է թե խավարում
Դեռ քնած եմ ու չեմ կարող

Արթնանալ…

вторник, 19 декабря 2017 г.

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 3


«…»
Քեզ կտանջի
Բարի Ծերունու գոյության
Գոյությունը-
Թե խրթի՜ն լեզուդ
Չհասկանա կինը…

Քեզ կտանջի՜ հոգիդ,
Քեզ կտանջի՜ ցավը,
Քեզ կասկածը կուտի՜,
Կմխիթարի մա՜հը…

Այս բոլորը կզգա՜ս,
Բայց չե՛ս տեսնի ոչինչ,
Թե գոյության Գոյությունը
Տանջի քեզ նորից…

Կինը բարի Ծերունի՜ն է
Թե քո մեջ է նստած,
Կամ Ծերունի՜ն է կինը՝

Էությունդ գրկած…

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 2


«…»
Թեկուզ մի քիչ մո՜ւթ ես
Թեկուզ սևի՜ն խփող,
Գեղեցիկը դո՛ւ ես՝
Իմ Երեկո նոթոտ…

Դու մոռացկոտ չես
Ես էլ անմոռաց
Ես քեզ տվել եմ աչքերս
Փնտրումներից հոգնած…

Դու սպասում ես գալիքին,
Որը Մութն է լինելու,
Ես սպասում եմ հրաշքի

Որ Ցերեկս եմ գտնելու:

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 1


«…»
Թե քամին իր գի՜րկը բացի,
Պատուհանն իր կո՜ւրծքը,
Հո՜ղն արգանդի շուրթը բացի,
Երկինքն իր փակ դո՜ւռը…

Ամեն դեպքում
Կա՜նչ է, կա՜նչ է շուրջբոլորը
Իրենց գիրկը առնելու…

Չկա ո՜չ մի տարբերություն
Այստե՜ղ,  այնտե՜ղ,

Դժոխքո՜ւմ թե Դրախտում…

Բանաստեղծությունը



Բանաստեղծությունն ինչպես մնջախաղ,
Երբ որ աչքերիդ լույսին է հառնում,
Քեզ թվում է թե թա՜նկ ու հարազատ
Ինչ-որ մի Բա՜ն է քո մեջ կատարվում:

Թվում է հոգիդ քեզնից ազատվե՜լ
Մի նոր ճամփա է ընկել անծանոթ,
Թվում է մինչ այժմ դու չե՛ս էլ ապրել
Ու միշտ ընտրել ես ճամփան մեղավոր:

Բառե՜րն ես տնտղում, ընկալում ա՜յլ կերպ,
Ոչնչի՜ց արարվում է ահռելի մի Բա՜ն,
Բնաստեղծությունն ինչպես միջադեպ
Քեզ առնո՜ւմ է իր փականքերի տակ:

Ու թակարդն ընկած գազանի նմա՜ն
Մեկ մռնչո՛ւմ ես, մե՛կ շղթան կրծում,
Որ ապրածդ լոկ դժո՜խք էր համակ
Որ տողերո՜ւմ է միշտ դրախտը լինում…

Ու մնջախաղով վարակված հոգիդ
Անցնում է մազե կամրջով բարակ,
Անցած օրերդ փարված գալիքին
Տանո՜ւմ են մեկ այլ օտար ապագա…

Մեկ ուրիշ կյա՜նք է բանաստեղծությունը,
Մեկ ուրիշ հո՜ւյզ է, ուրի՜շ մի աշխարհ-
Չապրած օրերի շնչառությո՜ւն է-
Հաճախ ընդհատվո՜ղ ու մահախուճապ…

Աղմո՛ւկ է, անաղմուկ մահվան ընդերքում,
Երբ բառը դառնում է մի վե՜ժք անգիտակ,
Երբ պոեզիան է դողում մտքիդ թաղանթում,
Պոեզան - որպես հոգու մնջախաղ:


Ս.Ումառ-Հարությունյան