вторник, 19 декабря 2017 г.

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 3


«…»
Քեզ կտանջի
Բարի Ծերունու գոյության
Գոյությունը-
Թե խրթի՜ն լեզուդ
Չհասկանա կինը…

Քեզ կտանջի՜ հոգիդ,
Քեզ կտանջի՜ ցավը,
Քեզ կասկածը կուտի՜,
Կմխիթարի մա՜հը…

Այս բոլորը կզգա՜ս,
Բայց չե՛ս տեսնի ոչինչ,
Թե գոյության Գոյությունը
Տանջի քեզ նորից…

Կինը բարի Ծերունի՜ն է
Թե քո մեջ է նստած,
Կամ Ծերունի՜ն է կինը՝

Էությունդ գրկած…

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 2


«…»
Թեկուզ մի քիչ մո՜ւթ ես
Թեկուզ սևի՜ն խփող,
Գեղեցիկը դո՛ւ ես՝
Իմ Երեկո նոթոտ…

Դու մոռացկոտ չես
Ես էլ անմոռաց
Ես քեզ տվել եմ աչքերս
Փնտրումներից հոգնած…

Դու սպասում ես գալիքին,
Որը Մութն է լինելու,
Ես սպասում եմ հրաշքի

Որ Ցերեկս եմ գտնելու:

ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈւՐՍ 1


«…»
Թե քամին իր գի՜րկը բացի,
Պատուհանն իր կո՜ւրծքը,
Հո՜ղն արգանդի շուրթը բացի,
Երկինքն իր փակ դո՜ւռը…

Ամեն դեպքում
Կա՜նչ է, կա՜նչ է շուրջբոլորը
Իրենց գիրկը առնելու…

Չկա ո՜չ մի տարբերություն
Այստե՜ղ,  այնտե՜ղ,

Դժոխքո՜ւմ թե Դրախտում…

Բանաստեղծությունը



Բանաստեղծությունն ինչպես մնջախաղ,
Երբ որ աչքերիդ լույսին է հառնում,
Քեզ թվում է թե թա՜նկ ու հարազատ
Ինչ-որ մի Բա՜ն է քո մեջ կատարվում:

Թվում է հոգիդ քեզնից ազատվե՜լ
Մի նոր ճամփա է ընկել անծանոթ,
Թվում է մինչ այժմ դու չե՛ս էլ ապրել
Ու միշտ ընտրել ես ճամփան մեղավոր:

Բառե՜րն ես տնտղում, ընկալում ա՜յլ կերպ,
Ոչնչի՜ց արարվում է ահռելի մի Բա՜ն,
Բնաստեղծությունն ինչպես միջադեպ
Քեզ առնո՜ւմ է իր փականքերի տակ:

Ու թակարդն ընկած գազանի նմա՜ն
Մեկ մռնչո՛ւմ ես, մե՛կ շղթան կրծում,
Որ ապրածդ լոկ դժո՜խք էր համակ
Որ տողերո՜ւմ է միշտ դրախտը լինում…

Ու մնջախաղով վարակված հոգիդ
Անցնում է մազե կամրջով բարակ,
Անցած օրերդ փարված գալիքին
Տանո՜ւմ են մեկ այլ օտար ապագա…

Մեկ ուրիշ կյա՜նք է բանաստեղծությունը,
Մեկ ուրիշ հո՜ւյզ է, ուրի՜շ մի աշխարհ-
Չապրած օրերի շնչառությո՜ւն է-
Հաճախ ընդհատվո՜ղ ու մահախուճապ…

Աղմո՛ւկ է, անաղմուկ մահվան ընդերքում,
Երբ բառը դառնում է մի վե՜ժք անգիտակ,
Երբ պոեզիան է դողում մտքիդ թաղանթում,
Պոեզան - որպես հոգու մնջախաղ:


Ս.Ումառ-Հարությունյան

Առավոտը բացվեց տխո՜ւր

* * *
Առավոտը բացվեց տխո՜ւր,
Առանց երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ արև՜ հիվա՜նդ ու թույլ,
Հույսի կտո՜ր - ափիս չափ:
*
Ցա՜վը եղա ես քո վերջին
Կա՛մ էլ մե՜ղքդ հանցավոր,
Ես կռապա՜շտ դարձա չնչին՝
Կուռքիս հանդեպ մեղավոր:
*
Գիշերներո՜ւմ կծերանամ,
Օրե՜ր կանցնեն առանց քեզ,
Ամուրի՜ է մարդու նման
Դարձել հոգիս լո՜ւռ ու հեզ…
*
Հեռացողին ե՛տ չեն կանչում,
Մոռացողին չե՛ն հիշում,
Երազանքին չե՜ն չարչարում-
Խղճի դեմ չե՜ն մեղանչում:
*
Տառապանքին ճանաչո՜ւմ են,
Իսկ տանջվելուն սովորո՛ւմ,
Պատկառանքը կշռո՜ւմ են
Վայրկյաններով իմաստուն:
* * *
Առավոտը բացվեց տխո՜ւր,
Առանց երա՜զ, առանց լա՜ց,
… Մի քիչ արև՜ հիվա՜նդ ու թույլ,

Հույսի կտո՜ր- ափիս չափ: