пятница, 13 октября 2017 г.

Պոետն ու Ջրհեղեղը (իրապատո՞ւմ)



Տապանի աշխատանքները մոտենում էին ավարտին և ինչպես Աստվածն էր հրահանգել երկրի բոլոր արարածները զո՜ւյգ-զո՜ւյգ կանգնած սպասում էին Նոյի հրամանին:
Նոյը, երբ վերջին գործողությունը կատարեց, մեջքն ուղղեց ու նայեց հավաքվածներին:
Հավաքված զույգերից առանձնանում էին երկու պոետներ իրենց ստեղծագործություններով, որոնց կշիռը մի քանի անգամ գերազանցում էր իրենց իսկ կշռին:
Նոյն ընկավ մտածմունքի մեջ, մտածեց.
« Այսպես չի՛ կարող լինել  ու դիմեց Աստծուն»
- Թող իրե՛նք որոշեն, կա՛մ իրենք կա՛մ իրենց ստեղծագործությունները:
Որոշումն արդար էր ու Նոյը հարցական նայեց պոետներին:
Առաջին Պոետն ասաց.
- Ես հազարավոր ստեղծագործություններ ունեմ, կարող եմ նույնքան էլ գրել, երբ ամեն ինչ հանդարտվի, ի՞նչիս է պետք:
Թողնելով իր ստեղծագործությունները, մտավ Տապան:
Երկրորդը մտածեց,
« Ես ամբողջ կյանքում գրել եմ մի գիրք, որտեղ ամբողջ մարդկային ջանքն է ու մտորումները, նմա՜նը ես էլ չեմ կարող գրել…»
Իր գիրքը տվեց Նոյին ու հեռացավ հավաքվածներից:
Երբ բոլոր հավաքվածները մտան Տապան, Եհովան դուռը փակեց:
- Ահա և այն Փակ դուռը, որի մասին ես բազմից գրել եմ, -մտածեց դրսում մնացած պոետն ու նայեց վերև:

Քիչ հետո սկսվեց ջրհեղեղը:
Երկրի վրա ամեն ամեն ինչ սկսեց անցնել ջրի տակ ու ամենասոսկալի վիճակում մնացած այն էակներն էին, որոնք տեղ չունեցան Տապանում:
Ամեն կողմից լսվում էին միայն.
- Ո՞ր մեղքիս համար, ի՞նչ էի արել:

«Ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ.... Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։»

Երբ ավարտվեց ջրհեղեղն ու ամեն ինչ խաղաղվեց, Տապանից առաջինը դուրս եկավ Նոյը՝ հաղթող-հպարտի կեցվածքով:
Վստահ էր, որ ինքը առաջինն է ոտք դնում նորացամաք ու անսպասելի էր, որ ընկավ տրամադրությունը:
Քիչ հեռվում, լրիվ թրջված դուրսը մնացած պոետն էր, որը կռացած մագաղաթի վրա ինչ-որ բան էր գրում:
- Սա ի՞նչպես է կենդանի մնացել,- բացականչեց Նոյը,
- Աչքերիս չե՛մ հավատում, կա մեկ տարբերակ միայն, քանի ջրհեղեղ էր՝ Աստված նրան վերցրել է իր մոտ:

- Նո՞յ,- զարմացավ պոետը,
-Ի՞նչ կա չկա, չե՛ս գնացել թե՞ արդեն եկար, իսկ ես ջրհեղեղի մասին եմ գրում:
Հետո անտարբեր տապանից իջնող խառնամբոխին, վերցրեց մագաղաթն ու հեռացավ…միայնություն փնտրելու:


Նոյը լուռ վիրավորանքով աչքերն ուղղեց երկինք, այն տեղը որտեղ միշտ խոսում էր Աստծո հետ, որտեղ որ պետք է լիներ Աստված:

Հոգևոր Գարուն



Դրսում աշուն է՝
Մեղրահա՜մ թախիծ,
Իսկ ես լցվա՜ծ եմ ցնծությամբ տխուր,
Արցո՜ւնք եմ քամում վճիտ ակունքից
Ու լցնում աշնան խորքերը թափուր:

Իմ սրտում հիմա ծառե՜ր են ծաղկած
Ու գարնան շո՜ւնչն է բուրում իմ ներսից,
Ասես հոգիս է խենթանում հյուսված
Ինչ-որ հոգևոր կապույտ տարածքից:

Լցվում են աշնան խորքե՜րը թափուր
Խենթ ցոլանքներով բառեր հի՜ն ու նո՜ր,
Ասես աշունը նոր թա՜փ է ստանում
Ծնելով մի նոր Գարուն հոգևոր:

Ու հարափոփո՜խ…
Ու մնայուն միշտ…
Աշունը այսօր դարձել է Գարուն
Ու նրա խորքից տխո՜ւր, անձկալի

Հոգևոր Գարնան մի դե՜մք է նայում…

Օրհնությո՜ւն քեզ Կին

- Այդ ե՞րբ է կուռքը վերածվում Սրբի,
Երբ որ արյո՞ւնն է հառնում խելահեղ հոգուն:

- Երբ հավատո՜ւմ է, որ կկրկնվի
Ա՜յն, ինչ որ իր մեջ սիրո՜վ է ապրում …

* * *
Ի՜նչ-որ ժամանակ, ի՜նչ-որ հոգի է իջել երկրին-
Կնո՜ջն է գրկել նրբորեն,
Ներարկել նրան խելահեղ մի կի՜րք
Ու անսահման սեր:

Եվ մյուռոնո՜վ է օծել ստինքերը նրա,
Կոնքերին տվել այնքա՜ն ջերմություն,
Որով մինչ օրս ագահի նմա՜ն
Տաքանո՜ւմ ենք ու չե՜նք հագենում:

Մեզ մ՜իշտ է հսկում կնոջ հայացքը,
Թաքո՜ւն, աննկա՜տ ու գորովանքով-
Լուսավորելով մեր կենսատարածքը,
Որը չի՛ կարող չավարտվել երգով:

Հի՜ն ձևաչափը վաղո՜ւց է փոխվել՝
Դարձել՝
Կնոջ մարմի՜ն,
Կնոջ հոգի՜,
Ու…Կի՜ն,
Ահա՛  թե ինչ է Աստված մեզ տվել,
Մեզ՝ ձեռքի մեջ կավով տրորվածներիս:

Ի՞նչու խոնարհվել արևի՜ն, հողի՜ն
Երբ լուսեղեն Կի՛նն է կողքդ ծվարած,
Էլ ի՞նչու դիմել հին աստվածներին,
Երբ Նո՜րը քեզ հե՛տ է,
Քո՛ մեջ ներաճած…

* * *
Մի քիչ կյա՜նք խառնենք մեր երազներին,
Մեր արյանը՝ Լո՜ւյս,
Հոգիներին հո՛ւր,
Մոտեցնե՜նք Կնոջ չքնաղ շուրթերին.

Օրհնությո՜ւն քեզ
Մա՜յր,
Կի՜ն,
Դո՜ւստր

Ու …քո՜ւյր:

среда, 11 октября 2017 г.

ԽԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ



Ի՜նչ էլ անում եմ
Չի՜ ստացվում գրել խավարի մասին,
Ո՜նց էլ անում եմ՝
Ստացվում է Լույսի՜
Կամ էլ խոշտանգվա՜ծ,
Կիսամեռ Հույսի…

Երբ որ գրում ես Խավարի մասին-
Ասես աշխարհն է կարդում
Քեզ հետ միասին,
Աշխարհին թվում է թե մանրանո՜ւմ է,
Ճղճիմանո՜ւմ է գրված քո տողից,
…Խավարի մասին գրված տո՜ղը
Դառնում է փարո՜ս ու Լո՜ւյս է տալիս:

Իսկ Լույսի՜, Հույսի՜ մասին
Գրված ամե՜ն տող-
Տանում է անհայտ աստղերի ոլորտ՝
Դառնում է մի բե՜ռ,
Ընկնում քո ուսի՜ն
Ու սիրախա՜ղ է դառնում սերը սին…

Համբույրը դառնում է
Օդայի՜ն համբույր,
Իրական կիրքը՝ եթերայի՜ն կիրք:

… Խավարի մասին գրված ամեն տող
Լո՜ւյս է ուղեկցող
Ու ասես ե՜լք է
Փակվա՜ծ,
Զմռսվա՜ծ
Դռները բացող…


ՆՈՐԱԾԱՆՈԹ ԿՆՈ՜ՋՆ ԱՅՆ



Նորածանոթ Կի՛ն
Սե՜ր եք ինձ երգում
Առանց տեսնելու վախճանը նրա,
Սիրո մեջ այդպե՜ս է – սկիզբը հաճելի՜,
Վերջերը տխո՜ւր ու նման իրար:
*
Ես այնքան դա՜վ եմ տեսել 
Այս կյանքում,
Ցա՜վ,
Վի՜շտ…
Մխիթարանքներ բազո՜ւմ ու բազո՜ւմ,
Վաղո՜ւց, շատ վաղո՜ւց է սի՜րտս քարացել
…Քար սիրտ նվիրել-
Ես չեմ ցանկանում:
*
Եվ ի՞նչ եք անելու անձև այդ քարը,
Ոչ գրկո՜ւմ,
Ոչ ձեռքո՜ւմ
Հաճելի չէ նա,
Վերջում նետելո՜ւ եք աղբատարը
և Ձեզ խաբելու եք  թե՜
Պատահմամբ ընկավ:
*
Քարի մեջ միշտ էլ արյո՜ւն է լինում,
Մեկի մեջ սա՜ռը…տա՜ք
Կա՜մ էլ մեռած,
Սիրո մեջ տիկի՜ն միշտ սկի՜զբն է լավը,
Իսկ վերջը մա՜հ է կա՜մ էլ աղբատար…

* * *
Սիրտս քարացնող ձեռքերը դեռ կա՜ն,
Կան և աչքե՜րը՝ լռությունից խոր,
Կան և շուրթերը, որ սրտիս նմա՜ն
Քարաց՜ել են և լռո՜ւմ են դժգոհ:
*
Նորածանոթ Կի՛ն
Ես Ձեզ հարգո՜ւմ եմ,
Խոնարհվում Ձեր վեհ զգացմունքի առաջ,
Սակայն սրտիս տեղը Նրա՜ սրտում է.
Ներեցե՜ք անխիղճ խոսքերիս համար:
*
Նորածանոթ Կի՛ն
Գուցե՞ դաժան են խոսքերս ասված,
Գուցե՞ այլ բարի սրտեր կան կյանքում,
Իրոք սրտիս տեղը Նրա՜ սրտում է-
Իմ սիրտը միա՜յն այնտեղ է ծաղկում:
*
Իսկ Դո՜ւք՝ նորածանոթ Կին
Ինձ սե՜ր եք երգում
Առանց տեսնելու վախճանը նրա.
(Վատ բանի փորձը մի՜շտ է հաջողվում)
Փորձե՜ք,

Միգուցե՞ հասկանանք իրար: