понедельник, 22 мая 2017 г.

Հավատալը հե՜շտ է, Սովորելը՝ բարդ,

Հավատալը հե՜շտ է,
Սովորելը՝ բարդ,
Դե մենք բա՜րդ ազգ ենք, ձգտո՜ւմ ենք բարդին
Ու չգիտես ի՞նչու՝
Անիծում բախտին:

Սովորում ենք ամե՜ն ինչին՝
Ցավի՜ն,
Խանդի՜ն,
Տառապանքի՜ն…

Ասեմ նաև սովորո՜ւմ ենք ծակ գրպանին՝
Ա՜յն աստիճան,
Որ երբ մի օր կարկատո՜ւմ ենք- անցքը փակում,
Այդ գրպանում ըստ մեր նախկին սովորության
Բա՜ն չենք դնում:

Սովորում ենք
Ստի՜ն,
Կեղծի՜ն,
Սո՜ւտ կսկիծին,
Ճի՛շտ կսկիծին,
Կոտորածի՜ն,
Արհավիրքի թողած հետքի՜ն

Բե՜ռին՝
Չափից ավել բարձած մեջքին…

Սովորո՜ւմ ու հեշտությամբ հավատո՜ւմ ենք
Ստախոսին ու
Տականքի՛ն,
Պնակալեզ բանսարկուին,
Զրպարտիչին,
Խանակչին բո՜ւթ,  չարախո՜ս ու նենգարկո՛ւ…

Բայց «հասարակ»
Տեղին ասված մի ճիշտ խոսքի՜ն
Հավատա՜լ ենք  … դժվարանում:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 21 мая 2017 г.

ՎԵՐՋԱԿԵՏ



Ստացվել է այնպես,
Որ քերականություն է մեր կյանքը դարձել:

Կյանքի շաղկապված էջերն իրարից
Տարանջատելու-զտելու համար
Ստիպված դնում ենք
Կե՜տ…գի՜ծ…ստորակե՜տ:

Ու այդ գծերո՜վ,
Ստորակետներո՜վ
Փորձում ենք ներկան հատել անցյալից-
Դատարկվո՜ւմ ենք
Ու չե՛նք ունենում ո՛չ մի ասելիք…

Ասելիք չունե՜նք,  ունենք լսելի՜ք:

Ուղղակի թախծո՜ւմ ենք,
Ուղղակի տխրո՜ւմ անհարկի,
Ուղղակի լսո՜ւմ ենք,
Ուղղակի խորհո՜ւմ անհոգի:

Ուղղակի արև՜ն է թաքնված լինում,
Ուղղակի ստվե՜րն է լինում մահացած,
Ուղղակի չե՜նք տեսնում է՛ջն այն ակնհայտ,
Որ մի ժամանակ  թիկո՜ւնք էր,
Հենա՜կ…

Ու շեշտեր դրած
Վանգա-թռչունի
Մահաբեր կտցի՜ն,

Ուղղակի սպասո՜ւմ ենք
Մեր վերջակետին…



Ս.Ումառ-Հարությունյան

Քամին


* * *
Կրա՜կ բորբոքող,
Խարույկ հանգցնող մոլագար քամի՜ն -
Մի՛ բուռ էր դարձե՜լ
Ընկե՜լ էր
Գետնին,
Տեսնես գինո՞վ էր
Այդ օրը քամին…

Թի ի՞նչ էր փնտրում՝
Չիմացավ ո՜չ ոք,
Թե ո՞ւմ  էր փնտրում՝
Ո՛չ ոք չիմացավ,

Գուցե՜ միայն ես,
Որ այդ քամու պ՜ես…

Չէ՜, հարբա՜ծ չէր քամին…

Վարսե՜րդ էր խառնել՝
Ի՛նքը խառնվել,
Փե՜շդ էր համբուրել՝

Արբե՜լ էր…արբե՜լ…

Խեղճն  ի՞նչ իմանար, որ վաղո՜ւց եմ ես
Հաշիշն այդ փորձել:

Ինձ ոչ ոք  չասաց հարբա՜ծ կամ արբած,
Քամին էր միայն, որ ինձ հասկացավ.

- Սիրահարվա՜ծ է, - սուլե՜ց
Հեռացավ:


Ս.Ումառ-Հարությունյան

Խոստավանությո՞ւն

* * *
Թե որ պա՛հ գա, երբ հասկանա՜մ,
Որ ինձ արդեն
Չե՜ս սիրում,

Չե՜մ նեղանա, հավատա՜:

Թող Աշխա՜րհը նեղանա՝
Դառնա փոքրիկ մի բռունցք -
Որտեղ ո՛չ ինձ ու ո՛չ էլ քեզ
Տե՛ղ չի լինի շնչելու…

Ու Աշխարհը հևասպա՜ռ,
Ու աշխարհը շնչակտո՜ւր,
Թող մտածի՜,
Թե առանց Սե՜ր
Էլ ի՞նչպես է ապրելու…


Ս.Ումառ-Հարությունյան

… առ Երկնային ուժի



Մի կյանքը շա՜տ էր -  քեզ հասկանալու,
Որ սխալվե՜լ եմ ու սխալվե՜լ անդարձ,

Հազա՜ր ու մի հարց ունեմ քեզ տալո՛ւ,
Որոնց պատասխան
Չկա՛ անկասկած:

*
Ճանապարհներին  ցավե՜ր եմ տեսել,
Մոխրացած սերե՜ր,
Դա՜վ ու խարդավանք,

Միլիո՜ն ու միլիո՜ն ձեռքեր եմ տեսել -
Դեպի քեզ պարզած…

Պղինձ - դեմքե՜ր եմ տեսել -
Որդի կորցրած կանանց աչքերում,

Պողպատյա ամուր նյարդե՜ր եմ տեսել-
Դստերը թաղող
Հայրական ձեռքում…

Մահացող մարդու շուրթե՜ր եմ տեսել
Դողացո՜ղ ու ծե՜ր…

Կյանքից հեռացած մանո՛ւկ եմ տեսել,
Որ պետք է ապրե՜ր ու…ապրե՜ր…

Տեսել եմ ինչպես էր տանջվում մայր-Գա՜յլը
Թակարդն ընկած իր ձագուկի կողքին,

… Քեզ համար որդի՜դ է ամենաթանկը,
Ու թակա՜րդն ընկած մարդկային հոգին…

Ինձ համար թա՜նկ են
Մա՜յրս, Դո՜ւստրս, Որդի՜ս,
Պատի՜վս անկասկած…

Ուրեմն ասա ի՞նչու է կյանքը
Այսքան անկատա՜ր-անարդար…

*
Մե՜կն է պատասխանը գազան Աշխարհի՝
« Չվիճե՛լ  Մտքի՜, Հոգո՜ւ,  Խղճի՜ հետ,
Փա՜ռք տալ առեղծված ուժին երկնային,
Որ ինչ որ եղե՜լ է՝
Քե՛զ հետ չի եղել …»