воскресенье, 2 октября 2016 г.

Կարոտ


Ես կարող եմ իմ հեռացող պահին
Շատ շռայլորեն Հոգիս ավանդել,
(Չգիտեմ Աստծո՞ւն, թե՞ Սադայելին)
Բայց ո՛չ մի գնով ես իմ Կարոտը
Չե՛մ տա ո՛չ մեկին

* * *
Առանց Կարոտի՜ -
Կարծես մի օտա՜ր շնչով եմ ապրում,
Օտար մի սի՜րտ է բաբախում իմ մեջ,
Կարծես մի օտար հնչերգ է լսվում
Ողջ տիեզերքով մեկ:

Իսկ ա՜յ, Կարո՜տը…

Կարոտը – կարծես հարազատ  Հոգի,
Վստահ քայլերով ներխուժել է  ներս -
Իր սոպրանոյով մի ե՛րգ է երգում, այնքա՜ն հմայիչ
Անծանոթ մի կի՜ն՝
Ինչ-որ երկրորդ կես…

Այդ երկրորդ կեսի գոյից խենթացած-
Փորձեր եմ անում  նրանից կառչել,
Որ ցավի նման իմ մեջ մխրճված
Խցանված երակս փորձում է բացել…

Կարոտիս ոտքը անչափ երկա՜ր է՝
Մոտ հի՜նգ, վե՜ց հազար մտքի ճանապարհ,
Առանց Կարոտի իրո՛ք դժվա՜ր է
Մարտնչել Վշտի՜,
Ցավի հետ համառ…

Հետաքրքի՜ր է, թե ի՞նչ ծես է սա՝
Ապրե՜լ Կարոտով,
Կարոտո՛վ մեռնել,
Կարոտը գրկած անհո՜ւյս թափառել,
Կարոտի սփռած ցոլքերից հուզվել,

Անհայտ խորությամբ թրջված աչքերով
Կարոտը գրկե՜լ, փայփայե՜լ…
Ու ցնորածի՜ն, խելահե՜ղ կանչով
Հեռացող Կարոտի ո՛տքը կապանքել…

Առանց  Կարոտի  ապրե՞լ,   չգիտե՜մ
Դեռ չե՛մ սովորել, չե՛ն սովորեցրել,
Զավեշտը նա՛ է,  որ առանց Կարո՜տ –
Մեռնե՛լ չգիտեմ …

* * *
Ես կարող եմ իմ հեռացող պահի՛ն
Շատ շռայլորեն Հոգիս ավանդել,

Իսկ ա՜յ, Կարո՜տս…  չե՛մ տա ո՛չ մեկին,

Կարոտս կրծքիս սեղմած ափերով…
Ինձ մոտ կպահեմ:

Ս.Ումառ-Հարությունյան

01.10.16   Երևան

суббота, 17 сентября 2016 г.

Դու կարո՛ղ ես ...

* * *
Դու կարո՛ղ ես փախչել ստից,
Դու կարո՛ղ ես բառ արարել աստղի փայլից,
Դու կարող ես չտարբերել կողքովդ անցնող
խոնարհ Սերը
անցորդներից…

Դու կարող ես դաշինք կնքել
Մտքի՜դ
Հույզի՜դ, կրքերիդ հետ,
Դու կարող ես կո՜ւյր-երջանիկ վայրկյաններին
դժբախտացնել…

Դու կարող ես ամենակարող
Մարդ համարվել,
Դու կարող ես գնահատել,
Դու կարող ես արհամարել,
Դու կարող ես գեղեցիկը հողին խառնել,

Դու կարող ես քո ժպիտը հանգրվանող
Տեղը փոխել,
Դու կարող ես սիրած կնոջ մեն մի անփույթ
շորի ծալքից
Հիասթափվել…

Դու կարող ես…
Դու կարող ես…
Դու կարող ես…
… Դու չե՛ս կարող ճշտից փախչել…

Ս.Ումառ-Հարությունյան




Մի նեղացրեք պոետներին



Մի նեղացրեք պոետներին.
Նրանք  հորիզո՛նն են անտես եթերի,
… Հուշերի նման խորունկ ու հեռո՜ւ,
… Երազների պես անձև՜, անմարմին…
*
Պոետները լա՜ց չեն լինում,
Ո՛չ էլ ստում անողոք,
… Բարձրանո՜ւմ են…
… Գահավիժո՛ւմ բարձունքներից
Տիեզերքում  թափառող:

Մեկ քո սի՛րտն են ափով վերցնում,
Մեկ հոգուդ հետ խա՛ղ անում,
Մեկ մարմի՜նդ են աչքով շոյում
Մեկ քեզ տանջո՜ղ ծնկներիդ մոտ
Ծվարում:

Զրուցո՜ւմ են քեզ հետ անձայն,
Լռո՜ւմ քեզ հետ զուգահեռ,
Սգերգո՛ւմ են օ՜րդ անցած-
Օրդ՝ չանցած Նրա հետ…

Պոետները մեկ բուրմունքից
Մեկ աշխա՜րհ են արթնացնում,
Պոետները երազներից արարիչ
Աղոթքնե՜ր են հորինում…
*
Մի՛ նեղացրեք պոետներին՝
Հույսի վերջին ցոլքի
Հանգրվանը բարբառող,
Պոետները շո՜ւնչն են  հողի,
Պոետնե՜րը, որ միշտ լի՜ են տագնապով…

Ս.Ոմառ-Հարությունյան





воскресенье, 11 сентября 2016 г.

Շուրթե՜րդ


Աչքերիս շողը ընկե՜լ էր վրադ
Ու համբուրվում էր ժպիտներիդ հետ,
Հեքիա՜թ էին շուրթերդ՝
Հոխոր
տացող-տա՜ք,
Բուրումնալից-խենթ:

Լո՜ւյսը աչքերիս ծո՛ցդ էր մտել -
Գինի՜ էր դառնում տաք կրծքիդ մեջ լե՜րկ,
Բայց մեր մեջտեղում պատնեշ էր դարձել
Մի չեղած ավա՜րտ,
Ետ մղված մի ձեռք:

Եվ քո աչքերում՝  աչքե՜րս էին խոր,
Շոգ անապատ էր արևից կիզիչ,
Ու անապատը հևո՜ւմ էր օրոր,
Ու տաք փրփուր էր
Ծորում քո շնչից:

Ստվերս ցնդա՜ծ,  մերկ կրծքիդ վրա
Մե՜րթ  ուշաթափվում ու ցնծո՜ւմ էր մերթ,
Հ
եքիա՜թ էին շուրթերդ՝
Հոխոր
տացող-տա՜ք,
Բուրումնալից-խենթ:

Ս.Հարությունյան Ումառ