понедельник, 21 сентября 2015 г.

Երբ ցուրտն է քո հոգում



Ցո՜ւրտ է,
Դատարկ սենյակիդ լռությունը
Կանգնել է ցրտի կոկորդին,
Երազներիդ երբեմնի առո՜ւյգ, աշխետ նժույգը-
Կծկվել է աչքերիդ առաջ
Ու  դարձել անշունչ փայտե ձի…

Հոգու ցրտից
Անշարժ իրերը դառնում են հուշեր,
Դաժան ժամանակն էլ կախվում է պատից,
Նման պահերին չեն լինում
Թո՜ւյլ կամ ուժե՜ղ,
… Ցանկացած շշունջ նման պահերին
Շատ է նմանվում հոգեհանգստյան
Տխո՜ւր աղոթքին…

Վարակի՛չ է դառնում մայրամուտը,
Արնաքամ գիշերը կյա՛նք է աղերսում,
Ու դատարկ աչքերով քո լուսամուտը
Անգործությունից
Արցունք է թորում…

Ուրիշին նվիրած սրտիդ զարկերակը
Դանդաղ հանգչում է շուրթերիդ նուրբ աղվամազին,
Կրկին մայրանալ ցանկացող այրու աչքերով
Նայո՜ւմ ես վեր՝
Չգիտե՜ս
Աստծո՞ւն թե՞ առաստաղին:

Հոգումդ ցո՜ւրտ է
…Ու  նզովյալ է կյանքը այդ պահին…

Ս.Ումառ-Հարությունյան



















воскресенье, 20 сентября 2015 г.

Ամենա՜, ամենա՜…


Ամենացավո՜տը -
Քո խենթ ձեռքերից հեռացած Սերն է,
Ամենացանկալին՝
Շուրթերդ ետ մղող մատները Նրա,
Ամենահեռո՜ւն քո երազներն են,
Որ մեկ բացակա են ու մեկ էլ ներկա:

Ամենակրքո՛տը՝
Մատներն են քեզ սիրող կնոջ,
Ամենաքնկո՜տը՝ շուրթերը փակված,
Ամենաբարդը՝  հոգոցն  անորոշ,
Ամենատա՛քը -
Նրա համբույրն է վերնաշապիկիդ օձիքին դաջված:                       

Ամենաերեկո՜ն -
Հուշիկ քայլերով դեպի քեզ եկող Նրա ոտնաթաթն է,
Ամենագիշե՜րը՝
Քեզնով մեկ փռված վարսե՛րը Նրա,
Ամենաառավոտը սուրճի ա՛յն բաժակն է,
Որ Նրա մատներից պատահմամբ
Ընկնում է  վրադ…

Ամենաթեթևը՝
Ձախ ուսիդ  հենված Նրա գլուխն է,
Երբ ուսդ չի զգում ծանրություն Նրա գլխի տակ,
Ամենադաժա՜նը պահարանի ճռացող դո՛ւռն է
ու զգեստակախիչը դատարկ…

Ամենալի՛քը դո՛ւ ես՝
Քո հոգի՛ն, կարոտով լեփ-լեցուն,
Ամենախաղալիքը քո մարմի՜նն է-
Նրա դողացող ձեռքերում:

Ամենակատարյա՜լը Նրա կուրծքն է՝
Մոգակա՜ն,  չքնա՜ղ տեսարան,
Ամենադատա՛րկը
Անկողնուդ ա՛յն հատվածն է,
Որտեղ անցյալում սիրել ես Նրան:


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 16 сентября 2015 г.

Քեզ


Մի պահ փորձում եմ հավատալ,
Որ իրոք կողիցս ես ծնվել,
Ու մնացած կողերս էլ որ կան
Կարող են իրար նմանվել…

Աստվա՜ծ իմ,  քեզ չե՛մ հասկանում:
Ի՞նչու հենց կողից ստեղծեցիր Նրան,
(Այսքան կող միամիտ մարմնո՞ւմ)
Հետքրքիր է, ո՞ր մեղքիս համար:

Մի կողս խանդում է մյուսին,
Մեկն առանց պատճառ արտասվում,
Մի կողս (ասենք) ինչ էլ որ հագնի,
Մյուսը քաշում է ու պատռում:

Մեկն արշալույսն է սիրում մարմնիս,
Մեկը վերջալույսս է  շրթին մրմնջում,
Մեկը խոստում է ցանում աչքերիս,
Մյուսն էլ անկապ բողոքում:

Մեկի գլո՛ւխն է անընդհատ ցավում,
Մեկը պարո՜ւմ է, մյուսը՝ բղավում,
Մեկը սրտիս ծորակն է բացում,
Մյուսը գալիս ու փակում:

Մեկը նախա՛նձ է, մեկը գե՛ր, մեկը չա՛ր,
Մեկը խանդո՜տ է, մեկն անտարբեր ամենքին,
Մեկին էլ թվում է թե ինքն է
Բոլոր կողերի տիրուհին:

… Աշխարհում այդպես էլ ապրում եմ -
Քո՛ կողմից, Քո՛ ձեռքով արարված,                         
Ու չեմ հասկանում դժոխքո՞ւմ եմ,
Թե՞ դժոխքն է իմ մեջ ամփոփված:

Հ.Գ.
Աստվա՜ծ իմ, Լավ չէր լինի որ
Սրտիս  խոռոչից ստեղծեիր Նրան,
Ես չէի լինի, չէր լինի և նա
Աշխարհն էլ չէր լինի այսքան անարդար…


Ս.Ումառ-Հարությունյան