суббота, 18 июля 2015 г.

Մարդկային կյանքի չափման միավորը


 Ագահությունը
Չափանիշ չո՛ւնի,
(Չունի միավոր չափման)
Ո՞վ է տեսել, որ լավը լինի շա՜տ
Կամ էլ բավարար:

Կի՛րքը չափվում է լիտրերով,
Սերը՝ բիթերով (ութ բիթը մեկ բայթ)

Համբերությունը չափվում է օրերով,
Հոգին էլ չափվում է սառած կամ
Դատարկ աչքերի ծավալով…

Վիրավորանքի չափման միավորը
Գրածդ ու հետո ջնջածդ բառերի քանակն է,
Անիմաստ անցկացրած օրն էլ՝
Արհամարանքն է:

Հպարտությունն ու ամոթը
Չափվում են աստիճաններով -
Հպարտության մեկ միավորը 80 աստիճան,
Ամոթինը 120 ու անպայման իրար
Հակադարձ համեմատական….

Ո՞րն է միավորը մարդկային կյանքի,
Ոչ ոք չգիտի,՜

Մի՞գուցե
Ագահությա՜ն, կրքի՜,
Համբերությա՜ն, հոգո՜ւ,
Վիրավորանքի՛ ու արհամարանքի՛,
Հպարտությա՛ն ու ամոթի…
Մի խիտ խառնուրդ է, որը
Կոչվում է
Տարի՜ ու
Հպարտանո՜ւմ ենք կամ էլ ամաչո՞ւմ, որ
Ապրեցինք հարյո՜ւր կամ
Հարյուր տա՜սը
Տարի…

Ո՜չ, ու նորից ո՛չ
Կյանքը չափվում է մե՛կ
և ընդամենը մե՛կ միավորով՝
Աչքերի տեսա՜ծ,
Սրտի ըզգացա՜ծ ու
Ի կատար ածված
Բարի գործերով…



Ս.Ումառ-Հարությունյան

Գարնան անձրև




Խայտառակ արևը
այս ո՞ւր է մտել
Եվ ջերմացնո՜ւմ է և խաղո՜ւմ,
Կեսօրն էլ ամոթից իր դեմքն է ծածկել,
Գարո՜ւն  է…
Անձրև է մաղում…

Քամին մերսում է սիրո հիշողությանը,
Իր անեղծ շուրթերով համբուրում,
Անամոթ երեկոն բարձրացրել է փեշերը՝
Գարո՜ւն է,
Անձրև է մաղում…

Գարունը լողանում է իր իսկ արցունքով,
Գարունը տրվում է տերևի՜ն,
Հողի՜ն
Գարունն աչքերով հագուստ է փնտրում
Ու
Անձրև մաղում…

Գիշերն իր ճպռոտ աչքերն է բացում
Լռության խայտառակ ձեռքերով,
Մանկամարդ մի կին է գարնան հետ խոսում
Աչքերում երկու հույզի մոմ.

- Ասում ես ո՞ւր էի,
Գնացել էի հույսի ետևից,
Հեռո՜ւ, շա՜տ հեռու…

Գարո՜ւն էր
Անձրև էր մաղում…

Ս.Ումառ-Հարությունյան


Թե՛ Աստծո ձեռը հարվածի քթի՜դ, բերանի՜դ

* * *
Անմտություն է նեղանալ Աշխարհից,
Ճիշտը նեղանալն է Աշխարհի եղբորից՝ Տիեզերքից
Կամ Արևից, Լուսնից, Աստղերից…
Միգուցե աշխա՞րհն էլ նեղացած լինի նրանցից
Ու քեղ ընդունի որպես դաշնակից…

* * *
Թե՛ Աստծո ձեռը հարվածի քթի՜դ, բերանի՜դ
Թե՛ Քո աչքերի բռունցքը սրտիս՝
Հարվածը՝ հարված է
Կըշռադատված,
Խորը մտածված…
Այլ ոչ թե դիպված -
Անտեր թափառո՜ղ, նշանակետեր որոնո՜ղ
Պատահական,
Թո՜ւյլ, անօգնակա՜ն
Անհասցե ապտակ…

Հետաքրքի՞ր է թե Տիեզերքում
Այդ ո՞վ բարկացավ իմ Աստղի վրա
Ո՞վ էր որ ծածկեց լույսը աչքերիս:

Աչքս արցունք էր, արցունք էլ մնաց,
Դա դեռ ք՞իչ էր ինձ…

Թե Աստծո ձեռը հարվածի քթիդ, բերանիդ՝
Դա տանելի է, սովոր եմ վաղուց:

Ա՞յտս է թ՞ե սիրտս է այրվում
Ինչ որ հարվածից…

Ս.Ումառ-Հարությունյան



Ո՞ւմ ես փնտրում Մարդ


- Ե՞րբ ենք մենք վերջին անգամ
Ժպտացել իրար,
- Երբ Գարունն իր շորերը հանե՜լ
Դարձել էր Ամառ…

- Ինչ-որ չեմ հիշում,
Վերջին հանդիպմանը մենք  համբուրվեցի՞նք
- Ո՜չ, չհամբուրվեցինք,
ուղղակի  ծաղիկներ չեղան,
ամեն ինչ անցավ անսովոր խաղաղ…

- Եվ ի՞նչ ես ուզում ասել սիրելիս,
Որ անփո՜րձ էինք, ջահե՞լ,
- Ո՜չ, դա նրանից էր, որ
Գարունն իր գուլպաներն էր հանել,
Դու խաղում էիր Գարնան մերկ ոտքերի հետ…

Հետո ասացիր, որ գնում ես ինչ-որ
Հույսի ետևից,
Որ սի՛րտդ է այրվում հեթանոս կրակով,
Ասացիր.  «Փորձիր առանց ինձ ապրել»
Ա՜խր Գարո՜ւն էր, սիրելի՜ս,
Իսկ ես շա՜տ ջահել…

- Քեզ լավ չե՛մ լսում կամ բա՛րձր խոսիր
Կամ քիչ մոտ արի՜
- Վաղուցվանի՞ց է:
- Կլինի մոտ տասը-տասնհինգ տարի,
Ի՞նչպես գտար ինձ
- Անընդհատ քայլում էի Կարոտի ետևից…

Գուցե համբուրվե՞նք մի վերջին անգամ,
- Հիմարություններ չանցնեն մտքովդ,
Նորից գնում ես հույսի ետևի՞ց,
- Ո՜չ, այս անգամ վերջին ճանապարհ…

… Մի մարդ էր օրորվում ձեռքերի վրա,
Ետևից թափոր էր ու մի ծեր Կարոտ
Զգեստները հանած մի հոգնա՜ծ Սպասում…

Ո՞ւմ էիր փնտրում Մարդ
Եվ ո՞ւր ես գնում…

Ս.Ումառ-Հարությունյան




Երեկոները

* * *
Երեկոներն էլ են լինում Հին,
Լինում Նոր…
- Ո՜չ ծիծաղելի չէ,- ասում է Հին երեկոն,
Իսկ նորը փորձեր  է անում դառնալ արհավիրք
(Ոչինչ ջահել է դեռ կսովորի)
Փորձեր է անում խառնել մտքե՜րդ,
Երազանքնե՜րդ,
Նույնի՛սկ երգերը…

- Շոշափի՜ր, շոշափի՜ր, կարուսե՜լ
Այս անխիղճ աշխարհի շառավիղը,
Մարդիկ բամբասող ու չար են ծնվել-
Դա է այս կյանքի արհավիրքը

Երեկոներն էլ են լինում Հին,
Լինում Նոր,
Հին երեկոն - իմաստուն
Նորը՝ մի քիչ տաքարյուն՝
Հետո նորն է դառնում հին
Հինը մնում անցյալում,
Ամեն դեպքում երեկոն
Միշտ մնում է իմաստուն…

- Շոշափի՜ր, շոշափի՜ր, կարուսե՜լ
Հույսս դատված է կործանման,
Նողկանքից սարսափի իմ օրերը
Մոլուցքից  վերածվեն բարության…

Եվ հին և նորաթուխ երեկոն
Ժամեր են ընդամենն ապրում,
Ժամերի այդ կարճ հատվածում
Որքան թախիծ և բերկրանք են բերում:

- Շոշափի՜ր, շոշափի՜ր, կարուսե՜լ
Պտտվող իմ սրտի ուղեծիրը
Ուզում եմ արագ մոռանալ,
Ետ եկեք իմ անցած տարիներ,
Չեմ ուզում այսքան շուտ հեռանալ:


Ս.Ումառ-Հարությունյան