пятница, 15 мая 2015 г.

Պատռված ծրար (շարք) 8



* * *
Համբուրում եմ անցյալի քունքը:
Ինչո՞ւ…
Միայն ու միայն համոզվելու համար,
Որ նա դեռ կա ու բաբախում է…
Ի՞նչ դժվար է սպասելը…
Ինչո՞ւ…
Չգիտեմ սպասում եմ,
որ անցյալը մահանա՞,
թե՞ որ ետ վերադառնա:
Ո՛չ կվերադառնա անցյալը,
Ո՛չ էլ կմահանա…
Բայց ես միևնույն է
Համբուրում եմ անցյալի քունքը:

Ս.Ումառ-Հարությունյան

Մի դառը բաժակ (բանաստեղծություն)



* * *
Քեզ գովերգում եմ բառերով հույսի,
Ըմպելով քո դա՜ռը բաժակները,
Կյա՜նք, խնդրո՜ւմ եմ քեզ, մի քիչ լրջացիր,
Ինձ դուր չեն գալիս  քո կատակները…

Մե՛կ դավերով մա՛ռ  խա՛ղ ես մոգոնում,
Մե՛կ ուղարկում ես Արև՜ը գրկել,
Մեկ ձեռքս բռնած կախում անդունդում,
Ծիծաղո՜ւմ ես կամ փորձում լաց լինել…

Բռնաբարում ես օդը, վարակո՜ւմ,
Ինձ քո ետևից  քաշում ես արագ,
Տեղյակ չես պահում ո՞ր կայարանում
Դու կլքես ինձ՝ կթողնես մենակ:

Բայց սիրո՜ւմ եմ քեզ մի սիրով հասուն,
Գնա՜, գալիս եմ կամքով իմ հոժար,
Երևի կյանքում այդպես են սիրում
Կամ գուցե ե՞ս եմ մի քիչ խելագար:

Քո սլացքի մեջ չկա՛ պատարագ,
Ո՛չ ցավ կա, ո՛չ էլ խելագարվող ճի՛չ,
Եվ ի՞նչ կա արդյոք քո մեջ արտակարգ,
Որ հետաքրքիր չէ թե ո՞վ եմ և ի՞նչ:

Նայի՛ր, կանգնել է  կեսն անցած կյանքս
Հաղորդալարի վրա տատանվող,
Ո՛չ  ոտքս է դողում և ո՛չ էլ ձեռքս,
Բայց սիրտս է դողում ահավոր:

Ըմպո՛ւմ եմ  վերջին դա՜ռը բաժակդ,
Քեզ գովերգո՛ւմ եմ բառերով հույսի,
Չգիտեմ փորձությո՞ւն է արածդ,
Թե՞ մանկան խաղ է անփորձ մի կույսի…

Ս.Ումառ-Հարությունյան

Երևան 12.05.15 թ.

Պատռված ծրար (շարք) 7



* * *
Արևը զբաղված է ինձնով՝
Ուշաթափ ընկած է կոպերիս…
Արևն այսօր ուշացել է գործից:

Նորաբաց մի կույս ծաղիկ է նեղվում
Քամո՞ւց թե իր կուսությունից:

…Ուրախությունը կատարյալ չի լինում,
Ո՛չ էլ երջանկությունն է լինում  կիսամեռ,
Արևն այսօր ուշացել է գործից,

Ես ի՞նչպես այսօր քեզ հասնեմ…

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 6





* * *
Ամենաանուժը համոզելն է`
Ապացուցելն է, որ կաս…

Դու հիմա կարդո՞ւմ ես տողերս
Թե՞ վաղուց չկաս:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք) 5



* * *
Նվիրել եմ քեզ
Ուրախությունս,
Երջանկությունս,
Տենչանքս,
(Տենչալու բան,  էլ չունեմ,
Ո՛չ էլ կարող եմ երազել)

…Գոհությո՞ւնս,
Գոհությունս ինձ եմ պահել:

Ս.Ումառ-Հարությունյան