воскресенье, 10 мая 2015 г.

Ավարտ Պատռված ծրար (շարք)





* * *
…Օրը ավարտվեց սարերի սառը լանջերի եզրին,
եղյամն էլ փարվեց սավանի շրթին,
կարոտը գրկած մարմինս անճար
բղավում էր.
- Տա՜ր…
ես ջերմն եմ սիրում՝ մասնիկը լույսի,
սուր ատամները տատնվող հույսի,
վերնաշապիկիս օձիքից եկող
բույրը այն կույսի,
որն իր ձեռքերով
խունկն է խնկարկում ամբողջ աշխարհի…
ինձ դուր է գալիս որ
մատների մեջ մաղձը -
դառնում է գինի,
թախիծը՝ ստվեր … և
Ըմպելու համար պատրաստ սիրո գավ,
Լույսն՝ ապաշխարանք,
իսկ պղինձը կավ…
որտեղ ինչ որ  կույս
երկնում է մի նոր,
երկնում է նոր մարդ…


Ս.Ումառ-Հարությունյան

Տիեզերք Պատռված ծրար (շարք)





* * *
Ես քո մե՞ջ եմ
Տիեզե՜րք,
Թե՞ գրկել եմ քեզ ձեռքերով,
…Այս ինչո՞ւ են Մայր Զագերը
Եղերերգում գիշերով…

Թե մատներս են քեզ ցավեցնում-
Բաց թող,
Վերից ընկնեմ ցած,
Թե մարմին եմ դժվարամարս՝
Քիչ դիմացիր,
Ի՞նչ մնաց…

Ս.Ումառ-Հարությունյան

Աշխարհի վերջը Պատռված ծրար (շարք)




* * *
- Ասում են, այսօր վերջն է աշխարհի:
- Ե՞Վ:
- Ծծումբ է թափվելու վերևից:
- Դու տե՞ղ ունես գնալու:
- Ո՜չ, այսօր տանն եմ:
- Թող թափվի...

Հայկական Պատռված ծրար (շարք)




Ասում են մի քաղաք կա «Փարիզ»
Քաղքենին ասում է «Պարիժ»…
Ասում են գեղեցի՜կ է,
Ուղղակի առանց խոսք գեղեցիկ:

Չգիտե՜մ, չե՛մ տեսել
Ու չե՛մ հավատում…

Ասում են սարերը շուրջպար են պարում
Մի գյուղի շուրջը
«Գեղարոտ» անունով:
Ասում են առվակն է գյուղում միշտ երգում,
Ասում են այնտեղ միշտ ծիծաղում է
Ցնդած լուսաբացը…
Ասում են այնտեղ առանց պանիր է ուտվում
Նույնիսկ հնացած հացը:

Չգիտե՜մ, չե՛մ տեսել
Ու ինչո՞ւ եմ հավատում…

Ս.Ումառ-Հարությունյան

Աղոթք Պատռված ծրար (շարք)



* * *
Աղոթքի ավա՞րտն էր,
որ բառը դարձավ բանաստեղծություն,
եղյամը հալվեց,
հալվեց դարձավ ցող…
Թե՞ սատանայի աչքն էր արցունքոտ
որ սպանեց մի օ՛ր՝
հոգնա՜ծ,
տառապա՜ծ…
ու երազանքը պառկեց որպես զոհ՝
սառը վերմակի ոտքերը գրկած…

Ս.Ումառ-Հարությունյան