воскресенье, 10 мая 2015 г.

Այրու փեշերը Պատռված ծրար (շարք)





* * *
Ցանկությունների ամենակոկիկ ու
մաքուր խաղահրապարակը
այրի կանանց փեշերին է,
հատկապես այն պահերին, երբ
լուսինը չի ցանկանում,
բայց ստիպված
դուրս է գալիս դարանից…
Լեզվի տակ պահված խոսքերը
քանդում են իրենց ձայնավոր օձիքները,
մի կողմ՝ հրապարակ  են նետում
աչքերի ծայրերը դեպի ներքև ձգված
բոլոր դիմակները…
Սկսվում է դատարկ դիմակների
Դիմակահանդեսը…
այրի կանանց կոկիկ ու մաքուր
փեշերին:

Ս.Ումառ-Հարությունյան

Պատռված ծրար (շարք)





Բաց տարածության մեջ
Լուծվում է հույսը,
Դառնում է լույսի փոքրիկ մի կտոր:

Անկախատեսելի է հույսի մոտենալը -
Սիրում է քայլել ճեղքերի միջով՝
Պատուհանների…
Դռների…
Ու ամեն դեպքում
Մոտենում է քեզ - ինչպես ուրվական…

Իսկ ես՝ երազկոտ հիմար մի ասպետ
Բացել եմ դուռ ու պատուհան…

Ս.Ումառ-Հարությունյան

Գարուն Պատռված ծրար (շարք)





*  *  *
Գունավոր գլխաշորո՞վ ես,
Թե՞ թվում է միայն,
Քամին ու անձրևն են խաղում
Քունքերիդ վրա:

Ինչո՞ւ ես անընդհատ ստո՜ւմ,
Ծիծաղո՜ւմ, լալի՜ս,
Աստծուն էլ չես հավատում -
Եկեղեցի ես գալիս:

Նորից ծիծաղո՜ւմ ես, ասո՛ւմ
- Ես ոչ կի՛ն եմ, ոչ ա՛յր,
Ես ընդամենը Գարունն եմ,
Խե՜նթ ու խելագար…

Ս.Ումառ

Հարբած գիշերը (բանաստեղծություն)



* * *
Այսօր էլ չկա՜ս ու հարբած գիշերը
իմ մեջ գրում է ներկա,
Եվ ի՞նչ է ուզում ինձնից գիշերը,
երբ վաղո՜ւց բացակա ես
Շա՜տ վաղուց չկաս…

Մեկ գլխով կուրծքս է գուրգուրում,
Մեկ պոռնիկի ձայնով կեղծում է «Մեռա՜»
Մեկ Հուդային է մեծարում,
Մեկ կույսի լեզվով մրմնջում «Մեղա՜»:

Անարքա ժամին դառնում է արքա,
Բազմում գիշերվա կրքերի գահին,
(Ի՞նչ անեմ, ասա՛, այսօր էլ չկաս)
Նորից գերի եմ հարբած գիշերվա
Խենթություններին:

Հարբած գիշերը նման է հույսի՜,
Ծաղրո՜ւմ,
Ծանակո՜ւմ է մինչև լուսաբաց,
Ու գիշերային ծիրանին ուսին,
Իրեն համարում հեթանոս Աստված:

Մի՞թե խեղճանում են
Աստվածները,
Մթո՜վ կամ ցերեկ ժամանակ,

Ցայգաժա՜մ է…Խեղճացել է
Սրբություն չունեցող գիշերը
Աչքերիս արյունով ողողված:

Ս.Ումառ-Հարությունյան

Ես քո ստվերից ... բանաստեղծություն



* * *
Ես քեզնից ու
քո ստվերից
փախած շա՜տ հեռու,
Ասես կանգնած եմ մարդկության կողմից չպատկերացրած
Մի նոր գեհենում…

Անճարությունից ծամո՛ւմ եմ միտքս,
Լեզուս դառնահամ անո՛ւնդ է շաղում –
Ու «հեռո՜ւն»  հեռվից նոր թափ է առնում`
Խելագարության մի նոր մեծ ալիք-
Թքախառ ծորուն մի կաթիլ
Կաթում է հողի՛ն …

Ու Գաղափարը ժպտում է վերից
Անհո՜գ,
Անողո՜ք,
Իր տանջվող որդու ցավին անտարբեր.
- Ա՞յս էիր ուզում, դե տանջվիր այսպես -
Հեռվի՜ց, շա՜տ հեռվից
Նայիր զիստերին՝
Ա՛չքդ կուրանա,
Ակա՛նջդ պայթի նրա շշուկից.
…Հիշո՞ւմ ես ինչպես չլսեցիր ինձ
Ու իմաստության համը փորձեցիր
Նրա ձեռքերից…

…Միայն հեռվից եմ քեզ տենչո՜ւմ,
Սիրո՜ւմ,
Ես՝ քո ստվերից
Վտարված հեռու…

Ս.Ումառ-Հարությունյան