пятница, 16 мая 2014 г.

Թախիծ




Դու եկա՞ր, Թախիծ,
Իսկ գի՞տես, որ երբեք չեմ սպասել ես քեզ…
Չգիտեի, որ կարող ես այսքան մոտ գալ,
Չգիտեի, որ դու այսքան գեղեցի՜կն ես…
Այսքան փխրո՜ւն, նեղացկո՜տ…
Ինձ թվում էր անտարբեր ես ու անփույթ…
Քո աչքերի գույնը - մեկ դեղին է, մեկ կապո՜ւյտ…
Մեկ փոխվում է սևից սպիտակ,
Դարչնագույն,
Մեկ դառնում է մաքուր սպիտակ,
Մեկ էլ դառնում արնագույն…

Իսկ ինչո՞ւ ես այսքա՜ն տխուր, այսքա՜ն հեզ
Չգիտեի, որ կարող եմ
Չսիրելով հպվել քեզ…
Նստել ծնկիդ ու լաց լինել գրկիդ մեջ…
Արցունքներս լղոզել քո վարսերին լալագին,
Սիրտս պատռել ու կատաղած
Շպրտել չոր հատակին:

…Մենությունը միայն սև էր, տաղտկալի՜,
այն ինձ հյուր էր երկար-երկար ժամանակ,
ո՛չ խոսում էր, ո՛չ  լալիս,
շատ նման էր ճաքեր տված մի խեցու,
իսկ շուրթերին միայն բողոք մահացու…

Դու երկա՞ր ես մնալու,
Ո՜չ, իհարկե, չե՛մ առարկում,
Մնա ինչքա՜ն կամենաս,
Դու շատ լա՛վն ես, շատ զգայո՛ւն ու կրքոտ
թող համբուրե՜մ լանջաբացդ…
Թախի՜ծ, մի՞թե դու էլ ինձ նման
նեղացկոտ ես, ամաչկոտ…

Ի՞նչ, ծարա՞վ ես,
Խնդրե՜մ Թախիծ, Ինչ կամենաս,
Նայիր աչքիս կոպի վրա արցունքի մի կաթիլ է մնացել,
Խմի՛ր, քո՛նն է, կհագենա՛ս…
Չհասկացա՛, խտությունը ջրից բա՞րձր է,
Դե կներե՜ս, ունեցածս միայն դա է

Դու ուրի՜շ ես, իմ լա՛վ Թախիծ,
Չե՛մ դիմանում,
Համբուրո՜ւմ եմ
Աղջնակի նուրբ պարանոց հիշեցնող
Քո ձախ ծունկը դողացող…

Ա՜խ, Թախի՜ծ, Թախի՜ծ…
Դո՛ւ, Սիրո կրկնակ քույրն ես,
Դո՛ւ, իմ համբույրն ես,
Գիշերվա ծանր շնչառության բույրն ես,
Դու ի՛մն ես…
Դու ճշմարտության նման մե՛րկ ես…
Դու շատ նման ես քամու սլացքին,
Ջութակի լացին
Թախի՜ծ…Սիրելի՜ս…
քո աչքերը սիրո այն շրջազգեստի ծալքերն են
Որ մի անգամ պատահմամբ քսվեցին աչքերիս:

Լա՞վ է ինձ հետ, գիտե՜մ, գիտե՜մ,
Չե՛ս հեռանա…
Չե՜ս առարկում…
Ես քո համար վաղուց արդեն տեղ եմ բացել,
Արցունքներից թրջված
իմ անկողնու մի հատվածում…

Ս.Ումառ



четверг, 15 мая 2014 г.

Կենդանացած երազանքը





Բոլորի մոտ անկախ հավատից, բնակության վայրից, սոցիալական դրությունից վաղ թե ուշ դանդաղ վերջանում է ցանկացած սիրավեպ Մարմնի հետ ու սկսվում է նոր սիրավեպ Հոգու հետ:
Ինքը՝ սիրավեպն իհարկե չի վերջանում, բայց կրքոտ, ցանկալի ժամանակավորապես պաշտելի, անընդհատ եռացող վիճակից  այն անցնում է դիտողական- դատողական մի այլ ձևի, վիճակի՝ ուղիղ համեմատական մարմնի համաչափ  թառամելուն:
Հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս Իմաստուներն ու փիլիսոփաները:
Սա բնության ներդաշնակ զարգացումն է, եթե այն խախտվում է առաջ են գալիս անընդհատ բողոքող ու մեղադրող մարդիկ ու բնությունն ինքն իրենից նեղանում է խռովկան երեխայի նման

* * *
Ուշադիր նայում էր իր դատավճռին՝ պատուհանին:
Պատուհանում պարզ ուրվագծվում էր քսանվեց թիվը:
Սա վե՞րջն էր, թ՞ե սկիզբն է մի նոր ինչ որ բանի:
Մի՞թե ճիշտ է, որ կգա մեկ օր, որ կմնա մեկ օր:

Իրականում կնոջը իր տարիքը հասկանալու համար պարտադիր չէ նայել ո՛չ պատուհանուն ո՛չ էլ անձնագրին, այլ լսելու, ընդունելու թե  ի՞նչպես է  շրջապատն իրեն ընդունում…
Կինը միշտ մոռանում է, որ մարդ արարածը դա միասնություն է Հոգու, Մարմնի և Բանականության և ինչքան էլ  մարմինդ ու հոգիդ քեզ կարողանան ինչ որ բան համոզել, Բանականությունն անպայման միջամտելու է ու դաժան խոսքերով քեզ հիշեցնի տարիքդ ու տեղդ մոլորակի վրա…

* * *
Արդեն որերո՜րդ անգամ էր տեսնում շենքի հարևանությամբ գտնվող այգում ամեն օր
նույն նստարանին նստած Տղամարդուն…
Առաջին անգամ, երբ տեսավ տղամարդուն դեռ հեռվից հասկացավ, որ նա շատ հաճելին է տղամարդ լինելու համար:
Մոտեցավ, ինչ որ բան էր ձգում իրեն:
Չիմացավ ինչու վախեցավ ու հեռացավ:

Հաջորդ անգամ ավելի մոտեցավ, հասկացավ, որ նա շատ հասուն է տղամարդ լինելու համար:
Չգիտես ինչու վախեցավ ու նորից  հեռացավ:

Երրորդ անգամ, երբ շատ էր մոտեցել, համոզվեց, որ իրոք ինչ որ բան էր ձգում իրեն:
Տղամարդը ոչինչ չասաց, որովհետև տղամարդ էր ու երևի չէր ցանկանում խանգարել:
Նայեց տղամարդու կապտագույն աչքերին, ինչ որ բան տեսավ, ինքը հասկացավ, որ դա այն տեղն է որտեղ որ ինքը պետք է լինի:
Չգիտես ինչու լաց եղավ ու հեռացավ:


* * *
Այսօրվա իր դատավճիռը կարդացող անողոք պատուհանը դավադիր լռությամբ համոզեց նրան, որ վաղուց պետք է կին լիներ…իսկ նա, նա դեռ տատանվում է,…
«վճռակա՛ն եղիր, ամեն ինչ հարաբերական է բացի կնոջից, իսկ կինը՝ դա վճռականությունն է…»

…Մոտեցա՜վ, տղամարդու ձեռքին այսօր դեղին վարդերի մի փունջ էր, որն անխոս մեկնվեց նրան:
Ծաղկեփունջը սեղմեց կրծքին, նստեց կողքն ու գլուխը հենեց ուսին:
« Մի՞թե այս մի տիեզերական պահի համար կորցրել եմ յոթանասուն երկու ժամ, գժվել կարելի է…»
Տղամարդու անխոս համբույրները սկսեցին իրենց արշավանքը, հաճախակի դադար տալով  քունքերին, պարանոցին, ականջին, այտերին…
Երբ հանդիպեցին նրանց շուրթերը, տղամարդը կենդանացավ, որովհետև տղամարդ էր, իսկ ինքը, ինքը հասկացավ, որ անիմաստ ապրել էր  այդքան երկար ժամանակ:
Տղամարդու ափը շոյեց այտը, հետո թե ի՞նչու որոշեց սահել ավելի ցած, երկուսն էլ հասկացան, որ տղամարդու ափ է, այլ կերպ չի կարող լինել:

… Տղամարդու ափը իջավ աջ կրծքին ու կայծակնային (հիմար բառ է կայծակնային…) արագությամբ ետ քաշվեց:
Ծաղկեփնջի վարդերից մեկի փուշը խրվել էր ափի մեջ ու արյուն էր կաթում:
Կինը, որ արդեն  կին էր ծաղկեփունջը գցեց բետոնե սալահատակին:
Կարմիր արյունը կաթում էր  դեղին վարդերի թերթերի վրա:
- Տո՛ւր ինձ քո ափը, իմն է, չէ՞:
- Շա՜տ նուրբ է, ի՞նչու այդպես ստացվեց,- ասաց  տղամարդն ու իր ափը նվիրեց կնոջը:
- Ես շատ զգո՜ւյշ,- կնոջ սպիտակ թաշկինակը սկսեց մաքրել արյան կաթիլները:
- Վա՞ղն էլ կգաս:
- Իհարկե՜,- ասաց կինը, որովհետև կին էր:

Կինը կռացավ հատակից հավաքելու թափված ծաղիկներն ու անզգուշությունից ցած գցեց տղամարդու ափը, որը սալահատակին բաժանվեց բազմաթիվ կտորների իր վրա հրավիրելով մինչ այդ իրենց լուռ նայող ճնճղուկներին:
Բնությունը լուռ նայում էր կտուցների տակ անհայտացող տղամարդու ափի մասնիկներին:
Տղամարդն ինչ որ բան էր շշնջում՝ ուղիղ նայելով կնոջ մեղավոր հայացքին:
Նրա շշնջոցի մեջ ցավ չկար, երազանք չկար, հանդիմանանք չկար…ոչինչ չկար, ուղղակի շշնջոց էր, իսկ կինը նայելով նրա աչքերի մեջ, չէր կարողանում հասկանալ խոսքերի իմաստը:
- Դատարկ չեմ կարող վերադառնալ, մի՞գուցե հայացքդ՝ աչքերդ նվիրես, հասկանո՞ւմ ես, հիմա առանց քեզ դժվար կլինի անցկացնել գիշերները: Տո՛ւր ինձ այն հայացքդ, որով նայում ես կանանց:
- Վա՞ղն էլ կգաս:
- Իհարկե՜,- ասաց կինը, որովհետև կին էր, ու արագ մտավ տղամարդու աչքերի մեջ:
Տղամարդը ցավից տնքած:
- Հանի՛ր, - բղավում էր տղամարդը, - Հանի՛ր:
- Չե՜մ հասկանում, - երգեցիկ լսվում էր կնոջ ձայնը, - հանելու էլ ոչինչ չկա, ինձ հետ միայն բնավորությունս է, ի՞նչպես հանեմ…

Կնոջ բնավորությունը իր բարձրակրունկներով քայլում էր տղամարդու հայացքում, առաջացնելով բազմաթիվ անցքեր, վերքեր:
Կինը, որ կին էր, չէր դադարում քայլելուց ու շուրջը նայելուց, մինչև որ տղամարդու արցունքների հետ դուրս հորդաց աչքերից:
- Այս ի՞նչ արեցիր, չ՞է որ այն այնքան փխրուն էր, ի՞սկ դու…
- Կներ՜ես, չէի ուզում, հիմա ի՞նչ պետք է անենք:
- Ավելի լավ է գնաս, վաղը կխոսենք, դու վաղը կգաս, չէ՞:
- Իհարկե՜,- ասաց կինը, որովհետև կին էր:
- Ես հասկանում եմ, որ լավ չստացվեց, բայց գոնե խոսքերդ նվիրիր, չէ՞ որ դա այնքան էլ ցավոտ չի լինի, եթե ես հանկարծ կորցնեմ կամ…

Կինն այդ պահին մտածում էր, թե ի՞նչպես է հերթական դատավճռին նայելու, մինչ տղամարդու հետ հաջորդ հանդիպումն ու պատկերացնելով պատուհանի դեմքը մի պահ սարսռած:
« Եթե ոչինչ չստացվի, ես չեմ կարող ապրել, իսկ ի՞նչ պետք է անեմ:»
Ի՞նչպես բացատրել կողքը նստած տղամարդուն, որ չի կարող առանց նրա:
Հետո կարծես ինչ որ բան հիշելով արագ ձեռքը երկարեց, մտցրեց տղամարդու մարմնի մեջ, արագ, բայց զգուշությամբ հանեց տղամարդու սիրտն ու սեղմած կրծքերին արագ հեռացավ:

* * *
… Սիրավեպն իհարկե չի վերջանում, բայց կրքոտ, ցանկալի ժամանակավորապես պաշտելի, անընդհատ եռացող վիճակից  այն անցնում է դիտողական- դատողական մի այլ ձևի, վիճակի՝ ուղիղ համեմատական մարմնի համաչափ  թառամելուն:

Տղամարդու անսիրտ մարմինը մնաց նստած նստարանին, սկսեց արագ թառամել ու մինչ այգին մաքրող հավաքարարը մոտեցավ ու ծուռ նայելով արցունքների ու արյան մեջ կորած տղամարդու մարմնին փորձեց ասել.
- Ոտքերդ բարձրացրո՛ւ,- տղամարդը  փուլ եկավ ու քանդվեց…

Ուշադիր նայում էր իր դատավճռին՝ պատուհանին:
Պատուհանում պարզ ուրվագծվում էր քսանվեց թիվն ու մի բաբախող արյան գունդ:
Սա վե՞րջն էր, թե՞ սկիզբն է մի նոր ինչ որ բանի:
- Ի՞նչիդ է պետք, սիրտն առանց հոգու ու մարմնի:
Պատուհանը ծիծաղում էր:
- Չգիտե՜մ, լա՜վն է, նայի՛ր ինչպես է բաբախում, իմ ձեռքերի մեջ կրկնակի, եռակի, նա առանց սրտի չի կարող, կգա՛, կգա՛ իր սրտի ետևից…
- Նա արդեն չկա, - ասաց պատուհանը, - Չի՛ գա:
Թախիծի նման երկար արձագանքը կրկնեց.
- Չի գա՜, չի գա՜, չի գա՜…
Անսպասելի խոսքերից կնոջ ձեռքից ընկած սիրտը դեռ հատակին չհասած պայթեց օդում, արյունոտելով կնոջ ոտքերը…
Կինն ընկավ պատուհանու առաջ.
Արյան ջերմությունը կնոջ ոտքերից բարձրանում էր վեր, դեպի շուրթերը, որոնք առանց դադարի կրկնում էին.
- Կգա՛, կգա՛, չգալ չի՛ կարող, որովհետև, որովհետև տղամա՜րդ է…

Ս.Ումառ

воскресенье, 11 мая 2014 г.

«Ների՜ր ինձ…»

«Ների~ր ինձ…»

Զգում եմ որ ինչ որ մեկը սենյակում կա:
Ինչ որ օտար շնչառություն, զգույշ քայլերի ձայն, որոնք ասես մի գերբնական ուժով համընկնում են սրտիս խուլ զարկերին:
Վարագույրի ետևից պարզ տեսնում եմ մի ջութակ ու մի թավջութակ, որոնք իրար ականջի ինչ բան են քչփչում:
Հետո սկսում են նվագել, բայց ես չեմ լսում երաժշտության ձայնը, պետք է որ հիասքանչ լինի, բայց և վախենալու…
Մի ստվեր է մոտենում՝ կնոջ ստվեր, փաթաթված մուգ կարմիր, երկար կտորի մեջ:
Մոտենում է վստահ քայլերով, համոզված որ զոհը՝ ես, չեմ կարող դուրս փախչել մետաքսե թակարդի միջից:
Նրա հետ միաժամանկ մոտենում է և վարագույրը, որ չի թողնում տեսնել նրա դեմքը:
Ես չգիտեմ ով է նա, բայց ինքս վախենում եմ բարձրաձայ հարցնել անունը, բղավել.
- Դե ի՞նչ, եկա՞ր, ասա՛, խոսի՛ր, մեղադրի՛ր, մի՛ լռիր, խեղդե՞լ ես ցանկանում, խեղդի՛ր, գիտե՜մ, հիմա ինձ չի փրկի ո՛չինչ…
Մի քայլ է մնում որ վարագույրը լինի այնքան մոտ, որ կարողանամ համոզվել նրա գոյությանը, զգամ նրա օծանելիքի բույրը…
Նա սպասում է, չի մոտենում, միգուցե համբերությունս է փորձում…
Թակարդի մետաքսե վանդակը քանդվեց, մնացի միայնակ կանգնած թակարդի մեջտեղում:
Մի կանացի ձեռք մեկնվեց դեպի ինձ, փակ ծրարը գցեց գետնին:
- Օգնի՜ր ինձ, խնդրո՜ւմ եմ…,-  ու նորից չքացավ վարագույրի ետևում:
Վարագույրը հեռացավ իր տեղն ու անշարժ դարձավ ոչ թափանցիկ:
Մոտեցա երբ փորձում էի ետ քաշել վարագույրը, ջութակն ու թավջութակը միաժամանակ շշնջացին.
- Բա՛ց արա, նայի՛ր, եթե չհիշես, մե՛նք քեզ կհուշենք…

* * *
Երբ բացեցի աչքերս ու ձեռքս մեկնեցի ծխախոտ վերցնելու, աչքիս ընկավ մի փակ ծրար, հարազատ հասցեով:
Երեկ ստացա ու չկարողացա բացել:
Քսանհինգ տարվա լռությունից հետո, ոչ մի լավ բանի չէի սպասում:
Բայց հարկավոր էր…

«Բարև Ձեզ,
Միգուցե զարմանաք, բայց ես ստիպված եմ Ձեզ գրում:
Անունս Լիլիթ է, ես քսաներեք տարեկան եմ: Երեք օր առաջ՝ մարտի տասնութին  մահացավ մայրս: Չեմ ցանկանում չարաշահել Ձեր համբերությունը, անցնում եմ բուն թեմային: Նրա թղթերի մեջ գտանք բազմաթիվ սիրային նամակներ գրված Ձեր կողմից, երբ ծառայում էիք բանակում: Գիտեմ, որ լավ բան չէ կարդալ ուրիշի նամակները, այն էլ անձնական, հավատացնում եմ որ չեմ կարդացել, բայց մի նամակ գրավեց ուշադրությունս որտեղ բանաստեղծություն էր, չկարդալ, չկարողացա: Հիմա էլ մի կերպ զսպելով արցունքներս արտագրել եմ ու ուղարկում եմ Ձեզ:

Ների՛ր սիրելիս, ների՜ր, որ սիրում եմ քեզ,
այլ կերպ չե՛մ կարող…
Դու շատ ես տանջվել իմ բառերի՜ց, մտքերի՜ց…
Հիասթափվել սպասումների
Երկա՜ր - երկա՜ր,
վերջ չունեցող գիշերային ժամերից…

Ների՜ր սիրելիս, որ  չստացվեց խուսանավել
Միայնության չոր ու ոսկրոտ մատներից,
Որ  չստացվեց դատարկ օրվա եզրին կանգնել-
Կուլ չգնալ կառչելով սին հույսերից…

Ների՜ր սիրելիս, որ մոռացել եմ  քեզ՝
Իմ սեփական Աստծուն,
Եվ սիրել եմ կիսակոտրած պատգարակին մեկնված-
Մերկ մենության աստվածուհուն անանուն…

Գիտե՜մ,  հարբած ուխտ եմ եղել,
մրափել եմ սրտիդ հետ…
Ուժ չի եղել,  չե՛մ արթնացել…
Միշտ դրել եմ բազմակետ, քո նո՜ւրբ, զգայո՜ւն,
բայց մեծ սրտի պատերին,
Հիմա ժամն է, ես դնում եմ կոր ու հիմար հարցական
Ցանկությանս շրթունքների եզրերին…

Քո Ս.

Խնդրում եմ ասել, հուշել, ի՞նչ անեմ մնացած նամակների հետ, որոշել էի ուղարկել Ձեզ, բայց առանց Ձեր համաձայնության չհամարձակվեցի:
Խնդրում եմ արձագանքել:

Ձեր Լիլիթ  »

* * *
Սուրճս սառել է, նայում եմ այդ ամենակարող հեղուկով լցված բաժակին, ծխում հերթական դառը ծխախոտն ու հիշում գիշերվա երազը:
Խառնվել են ծխախոտի ծուխը, մտքերս, նամակը, «Ձեր Լիլիթը»,  «Քո Ս.»-ն ու ամեն ամեն ինչ:
Ես բանակում չեմ ծառայել երբեք, բայց ինչու է հարազատ այդ հասցեն, ես չեմ կարողանում հասկանալ:
Հիշեցի գիշերն ինձ մեկնված ձեռքը…
Հիշեցի.
«- Օգնիր ինձ, խնդրում եմ…»
Մեկնեցի ձեռքս, վերցրեցի գրիչս, գրում եմ՝ ուշադրություն չդարձնելով նամակին ընկած արցունքիս կաթիլներին:
«Բարև Լիլիթ ջան, աղջիկս…»

Ս.Ումառ




суббота, 10 мая 2014 г.

Տասներկու ձմեռ և մեկ գարուն

Տասներկու ձմեռ և մեկ գարուն



- Ասում եմ վերադարձի՛ր, չի լսում, ասում եմ ամո՛թ է, մարդիկ կտեսնեն, չի լսում, բղավում էի հիմարի նման:
Արդեն տասներկու տարի է պահում եմ այս նկարը:
- Ես էլ նայեմ, կարել՞ի է: Գեղեցի՜կ է, բայց միայն մեջքն է, ի՞սկ ով է նկարել:
- Ե՛ս իհարկե, աչքերով:
- Բայց սև ու սպիտակ է, ինչո՞ւ:
- Գունավոր լիներ կխանդեի:
- Հասկանո՜ւմ եմ, հետո՞:
- Ես ընդամենը համբուրեցի նրա մազերը, իսկ նա փակեց աչքերն ու վրայից հանեց վերնաշապիկը, կրծկալը, փակեցի աչքերս երկու ափերով:
- Ինչո՞ւ:
- Գեղեցի՞կ էր…
- Հասկանո՜ւմ եմ: Կրծքերը տեսա՞ր:
- Ո՜չ, ի՞նչ ես ասում, չնայած մի ակնթարթ կարծես թե…նրան տեսավ քամին, պատկերացնո՞ւմ ես, և տեսավ և ձեռքերով շոշափեց և…
- Բայց քամու ձեռքերը մարդկային չեն, դա ոչի՜նչ, քամուն կարելի է:
- Հիմարություններ ես ասում, ես խանդեցի, հասկանո՞ւմ ես, ասում եմ եմ վերադարձի՛ր, չի լսում, ասում եմ ամո՛թ է, մարդիկ կտեսնեն, չի լսում, բղավո՜ւմ էի հիմարի նման:
- Ի՞սկ հիմա, համոզվա՞ծ ես որ ոչ ոք չտեսավ:
- Դո՛ւ, դո՛ւ տեսար նրան, մերկ, հիմա էլ նայում ես:
- Ինձ կարելի է, ես քո ընկերն եմ, հետո՞:
- Ի՞նչ հետո, սիրում եմ մինչև հիմա, կանչում եմ, չի գալիս:
- Դրանք բոլորն էլ դավաճան փչացած անձեր են, բանի տեղ մի դիր:
- Սիրո՜ւմ եմ, տասներկու տարի սպասո՜ւմ եմ…իրո՞ք փչացած են:
- Իհարկե, ես գիտեմ, ես դասավանդել եմ այդ թեմայով, ես էլ ունեի…ա՜խ:

Լսվեց զուգագուլպաների իրար հավասար պարբերականությամբ քսվելու ձայնը:
Երկու կանացի հաստ ոտքեր մտան ու կանգնեցին լվացարանի մոտ:
Կանացի բամբ ձայնը պայթեց:
- Ապուշներ, ի՞նչ եք անում այստեղ, կես ժամ է ձեզ ենք փնտրում, արա՛գ անցեք հիվանդասենյակ, իսկ դո,ւ այ հիմարի գլուխ, ի՞նչ ես թաքցնում ձեռքումդ:
Ուժով ձեռքից վերցրեց լրագրի մի պոկված թերթ:
- Սա ինչո՞ւ ես պահել, ինչի՞դ է պետք:
- Դա իմ սիրուհու նկարն է, տո՛ւր:
- Ապո՛ւշ, այստեղ նկար չկա, միայն տառեր են, մա՛րշ այստեղից, թե՞ սրսկեմ:

Գիշերը ստուգայցի դուրս եկած բուժքույրը անցնելով մի հիվանդասենյակի դռան մոտից պարզ լսեց.
« Ասում եմ վերադարձի՛ր, չի լսում, ասում եմ ամո՜թ է, մարդիկ կտեսնե՜ն, չի լսում, բղավում էի հիմարի նման:»
Բացեց դուռը, մոտեցավ ու կանգնեց երկու հիվանդների մահճակալի արանքում:
Մեկը չէր շնչում, այն մեկը, որ դասախոս էր եղել:
Իսկ մյուսը քնի մեջ բարձր բղավում էր.
« Ասում եմ վերադարձի՜ր, չի լսո՜ւմ, ասում եմ ամո՛թ է…:»

Ս. Ումառ


Այսպիսի սեր…



Այս սիրո տեսակն էլ այսպիսին է և դրա դեմ ոչինչ չես կարող անել:
Հանդիպում ենք տարին մեկ անգամ,
 որոշակի ժամանակ անցկացնում միասին
և այդ ամբողջ ժամանակ չի լինում մի պահ,
որ կարողանանք լքել մեկմեկու…

Նրա ներկայությունն  իմ կյանքի այդ ժամանակահատվածում
ինձ ստիպում է մոռանալ բոլոր բացասական մտքերս, ինձ զգալ ավելի երիտասարդ ու ես հասկանում եմ, որ
…արևն այլ կերպ է ջերմացնում,
գիշերային ձայներն արդեն տարօրինակ,
վախենալու չեն,
ոչ մի վատ բան չի նշանակում լուսնի խունացած գույնը…
…երակներումս արագնթաց սլանում է արյունս՝
մի ձեռքը դրած նրա ուսին, մյուսով գրկած նրա իրանը
ու պտտվում խելագար մի պտույտով:

Սիրտս աշխետ ձիու նման
մոռացած սանձն ու թամբը վազում է 
անծայրածիր տափաստաններով,
վրնջում,
բարձրացնում առջևի ոտքերն ու խորիմաստ աչքերով փնտրում…

Քանի նա դեռ ինձ հետ է,
պատուհանիս տակ գիշերները բամբասող
պառավ կանանց ձայնն այնքան էլ անտանելի չէ,
ասեմ ավելին – դառնում են նույնիսկ հետաքրքիր…

Այդ բոլորը ի շնորհիվ նրա ներկայության,
բայց անկեղծ լինելով ասեմ նաև,
 որ նրա ներկայության ժամանակ անխիղճ ժամանակն էլ է գժվում ու
արագացնում իր ընթացքը:
Ամեն ինչ կրկնվում է նորից ու նորից՝
ստիպելով ինձ անընդհատ
սպասե՜լ ու սպասե՜լ նրա հերթական վերադարձին…

Հաջորդ տարի նա նույնպես կվերադառնա,
չվերադառնալ չի կարող:
Կվերադառնա գուցե մի քիչ փոխված,
բայց էլի կմնա իմ գեղեցիկ,
ինձ սիրո՛ղ,
ինձ հո՛ւյս սրսկող,
իմ մի՛շտ երիտասարդ ու
տենչա՜լի…
Մայիս ամիսը…

Ս.Ումառ