суббота, 10 мая 2014 г.

Այսպիսի սեր…



Այս սիրո տեսակն էլ այսպիսին է և դրա դեմ ոչինչ չես կարող անել:
Հանդիպում ենք տարին մեկ անգամ,
 որոշակի ժամանակ անցկացնում միասին
և այդ ամբողջ ժամանակ չի լինում մի պահ,
որ կարողանանք լքել մեկմեկու…

Նրա ներկայությունն  իմ կյանքի այդ ժամանակահատվածում
ինձ ստիպում է մոռանալ բոլոր բացասական մտքերս, ինձ զգալ ավելի երիտասարդ ու ես հասկանում եմ, որ
…արևն այլ կերպ է ջերմացնում,
գիշերային ձայներն արդեն տարօրինակ,
վախենալու չեն,
ոչ մի վատ բան չի նշանակում լուսնի խունացած գույնը…
…երակներումս արագնթաց սլանում է արյունս՝
մի ձեռքը դրած նրա ուսին, մյուսով գրկած նրա իրանը
ու պտտվում խելագար մի պտույտով:

Սիրտս աշխետ ձիու նման
մոռացած սանձն ու թամբը վազում է 
անծայրածիր տափաստաններով,
վրնջում,
բարձրացնում առջևի ոտքերն ու խորիմաստ աչքերով փնտրում…

Քանի նա դեռ ինձ հետ է,
պատուհանիս տակ գիշերները բամբասող
պառավ կանանց ձայնն այնքան էլ անտանելի չէ,
ասեմ ավելին – դառնում են նույնիսկ հետաքրքիր…

Այդ բոլորը ի շնորհիվ նրա ներկայության,
բայց անկեղծ լինելով ասեմ նաև,
 որ նրա ներկայության ժամանակ անխիղճ ժամանակն էլ է գժվում ու
արագացնում իր ընթացքը:
Ամեն ինչ կրկնվում է նորից ու նորից՝
ստիպելով ինձ անընդհատ
սպասե՜լ ու սպասե՜լ նրա հերթական վերադարձին…

Հաջորդ տարի նա նույնպես կվերադառնա,
չվերադառնալ չի կարող:
Կվերադառնա գուցե մի քիչ փոխված,
բայց էլի կմնա իմ գեղեցիկ,
ինձ սիրո՛ղ,
ինձ հո՛ւյս սրսկող,
իմ մի՛շտ երիտասարդ ու
տենչա՜լի…
Մայիս ամիսը…

Ս.Ումառ


Ուրիշի միտքը

Այսօր մենք ուշ վերադարձանք տուն:
Մենք, այսինքն ես և իմ մտքերից մեկը, որը միշտ ինձ աշխատանքի է ուղեկցում, իսկ աշխատանքից վերադառնալիս շքամուտքում անհայտանում:
Ուր է գնում չգիտեմ, չեմ հետքրքրվել, բայց մեկ օր անպայման կհարցնեմ, իսկ հիմա հոգնած եմ ու չեմ կարողանում հասկանալ թե ինչու այսօր բարձրացավ իմ բնակարան ու հիմա էլ կծկվել է դռան մոտ ու տարօրինակ հայացքով նայում է թե ինչպես եմ առանց հանվելու մեկնվել մահճակալին:
- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:
Ուսերն է բարձրացնում- այսինքն ոչ:
- Դու չես էլ կարո՞ղ ինձ խնամել կերակրել կամ նման մի բան:
Ուսերն է բարձրացնում- այսինքն ոչ:
Շատ տարօրինակն է, այսինքն ինչու զարմանալ իմ մտքերից է, բայց այս մեկը շատ համառն է:
Ես նրա մասին ոչինչ չգիտեմ, դե ավելորդ բաներ չեմ էլ ուզում իմանալ, չնայած զգում եմ որ նա հիվանդ երևակայություն ունի:
Լավ, վաղը նրան ամեն ինչ կասեմ, թող այդպես կծկված մնա դռան մոտ:
Թե չէ ինչ է ստացվում առանց իմ թույլտվության, ծամոնի նման կպած գալիս է ու կարծես ստվերս լինի:
Մեկն ասող լինի որտեղի՞ց հայտնվեց այդ հիմարը…

Հագնված չհասկացա ինչպես քնեցի:
Տեսա ինձ կարծես հիվանդանոցի սենյակ էր, սպիտակ պատերով, թե սպիտակ ավազով մի լողափ, ինչ որ սպիտակ խալաթով բուժքույր էր, որ համբուրում էր ձեռքերս, թե լողափին թափառող մի անխնամ շունիկ, որ լիզում էր ձեռքս…
Տեսարանը տհաճ էր ու անմիջապես բացեցի աչքերս:
- Դու դեռ այստե՞ղ ես, մի՛տք…
- Այո, դեռ այստեղ եմ, բայց երևի հեռանամ, ես երևի սխալ հասցեով
եմ եկել, այսքան ժամանակ կորցրեցի…
- Այսի՞նք, չեմ հասկանում:
- Ես ուրիշի միտքն եմ, նա ինձ կանչում է, դե լավ, գնացի:
- Սպասի՛ր, իսկ ե՞ս, ես ի՞նչ եմ անելու:  
- Չգիտեմ, քո մտքերից մեկին կանչիր, ես օտար եմ, դու ինձ չես սիրում:
Հեռացավ:
Հիմա ում եմ հարցնելու.
- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:
Կանչում եմ իմ պատահական մտքերից մեկին՞

- Դու սուրճ կարո՞ղ ես պատրաստել:
- Վերջացել է…շաքարավազ էլ չկա…
- Ի՞նչպես, երեկ եմ գնել:
- Չգիտե՜մ:
Ստիպված ինքս եմ  բարձրանում բազմոցից, գնում խոհանոց, պատրաստում սուրճ ու վերադառնում:
- Ասում էիր վերջացե՜լ է:
- Համբերությունս է վերջացել, մի՞թե չհասկացար… եթե ինձ՝ քո անձնական մտքին չես հասկանում, ուրեմն կորած ես:

Սրա հետ դժվար կլինի, ուրիշի միտքն ավելի լավն էր…չնայած սուրճ պատրաստել չգիտեր:

-         Արի՜,- կանչում եմ, համոզված որ միևնույն է մենակ եմ մնալու…
Մենա՜կ…

Ս.Ումառ

Ժամանակը



Ժամանակը
- Կարո՞ղ ես ինձ տալ մի երկու- երեք րոպե:
- Ոչ, այդքան չունեմ, կներես: Մի՞գուցե Քնից, կամ Հանգստից վերցնես:
- Չեն տալիս, հասկանում ես ինձ ոչ մեկը ոչինչ չի տալիս:
- Խնդիր է…
- Մի՞գուցե գթաս, խնդրում եմ:
- Այդ ինչո՞ւ պետք է բացառություն անեմ:
- Անձնականիս ժամանակ չի մնում:
- Թող այդ ձևերը:
- Մի՞թե շատ է խնդրածս, ընդամենը…չէ՞ որ դու բուժում ես, ես լսել եմ, ասում են ժամանակն ամեն ինչ բուժում է:
- Նաև խեղում է, վնասում:
- Շատ է հարկավոր, խնդրում եմ:
- Դու առանց այդ էլ դու բավականին ինձնից խլեցիր, իզուր ժամանակ ծախսեցիր,
Ցտեսություն:
-…

пятница, 9 мая 2014 г.

«Լուսնի սոնատ» -ը



Լուսնի սոնատը

Գիշերվա ժամը երկուսն է:
Ո՛չ վախն է քնել, ո՛չ մենությունը:
Հոսանքն էլ անջատել են՝ վառվող մոմն էլ քնած չէ…
Պատից կախված ջութակս անհանգիստ է, բայց անշարժ:
Հարևանները գիտեն ու ջութկահար եմ ու այլ կերպ են ինձ վերաբերվում:
Աջ կողմի հարևանս նույնպես քնած չէ, նրանց տանից լսվում է ջութակի ձայն հաստատ նրանց տղան է փորձեր անում…
Ստիպված թակում եմ նրանց դուռը:
Դուռը բացում է կիսահագնված հարևանուհիս՝ Գոհարը:
- Գոգ, անքնության դեղ չունե՞ս, չեմ դիմանում, կներես էլի այս ուշ ժամին:
- Նե՛րս արի:
Նրանց տղան խոհանոցում փորձում է ջութակի վրա նվագել «Լուսնի սոնատ»-ը…
Ջութակի վրա…
Ո՞վ է «Լուսնի սոնատ»-ը նվագում ջութակի վրա, միայն Աղասար անունով անձը, հարևանները կմտածեն ես եմ հիմար փորձեր անում:
- Աղասար, ավելի լավ է քնես, ուշ է:
Վերցնում եմ քնաբերի երկու հատիկ, մի անհույս հայացքով նայում Գոհարի կիսաբաց փեշերին ու վերադառնում:

Դռան երաժշտական ձայնն անհանգիստ վնգստաց, երբ փորձ արեցի խմել քնաբերը:
Ո՞վ կլինի այս ուշ ժամին:
Բայց ձայնը գալիս է պատշգամբի կողմից:
Շոշափելով գտա դանակը ու մոտենում եմ, որ փակեմ պատշգամբի դուռը:
Ես գիտեմ, որ վախը վաղուց քնած է, այն հույսով, որ ես ապրում եմ տասներեքերորդ հարկում ու անհանգստանալու ոչինչ չունեմ:
Պատշգամբից երևում է – մեքենա է-մեքենա չէ, գնացք է- գնացք չէ, ուղղաթիռ է- ոչ ուղղաթիռ չէ, մի տարօրինակ սարքավորում , որին ղեկին վարորդի դիմակով մի նախդարյան օդաչու է նստած:
Չի նայում իմ կողմը:
Այդ այսպես կոչված մեքենայի շուրջը մի սպիտակ ամպ է, որից էլ գալիս էդեղնա-կանաչագույն մի  լույս:
Լույսի միջից սպորտային հագուստով մի  աղջիկ է ձեռքերը մեկնել ու բռնվել պատշգամիս բազրիքից:
Ճիշտ է գեղեցիկն է բայց բռնվել է ԻՄ պատշգամբից:
- Թո՛ղ, հեռացի՛ր, ի՞նչ ես ուզում: Քաշիր ձեռքերդ թե չէ դանակով…
- Դու ի՞նչ է հիմար ես, ո՞վ է գեղեցիկների ձեռքերը կտրում:
- Հիմարը դու ես, ո՞վ է գիշերը թռչում, միայն վհուկները:
- Ես, ես քեզ մոտ եմ ուզում:

Հարևանի տանից դեռ լսվում է ջութակով բռնաբարված «Լուսնի սոնատ»-ի կիսահնչյունները:

- Լա՜վ, նե՛րս արի, ի՞սկ նա, այդ դիմակով վարորդը:
- Նա միայն կուրախանա ու կգնա երևի կամ հարբելու կամ մի ուրիշ նման մեքենա հորինելու:

Պատշգամբ իջնելու, նրան օգնելու իմ փորձը հաջողվեվեց համբույրով:
Սենյակում էլ համբուրում եմ նրան:
Նրա աչքերը պտտվում են իմ սենյակով, ի՞նչ է փնտրում չեմ հասկանում:
- Հոսանք չկա, ի՞նչ պետք է տեսնես:
- Տեսնում եմ, որ լավ է քեզ մոտ: Գիտե՞ս ինչու ընտրեցի քո պատշգամբը:
- Ոչ, ինչո՞ւ:
- Հեռվից լսեցի «Լուսնի սոնատ»-ը, յուրօրինակ կատարում էր…ջութակով:

Ս.Ումառ