четверг, 16 августа 2012 г.

Թմբիր





Սա Բարձրյալի դատարանն է,այստեղ և մեղավորը և դատախազը նույն մարդն է ուրեմն.
- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Մեղադրյալ ոտքի~:
Ես եմ:
- Անուն,հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ:
- Ս.Ս. Հարությունյան,ծնված 1963 թ հոկտեմբերի 22-ին..
- Մեղադրյալ,այստեղ գրված է 28 հունիսի 1955 թ.
- Պարոնայք դատավորներ,դա իմ աշխարհ գալու տարեթիվն է,իսկ իրականում ես կյանք եմ մտել երբ “Կյանքի հարցեր կարգավորող հանձնաժողովից” մի ծերակույտ ինձ զրկեց իմ սեփական հորից, իսկ “Կյանքի ճանապարհի ուղեգրեր բաշխող  վարչությունը”` զրկեց մորից, դա 1963 թ. Հոկտեմբերի 22-ն էր:
- Մեղադրյալ,խոսեք ըստ բնույթի,մոռանում եք որ սա ուրիշ ԿՅԱՆՔ է և ձեզ այստեղ տեղավորելու համար մեզ պետք է միայն ճշմարտությունը:Ուրեմն այսպես,դուք մեղադրվում եք մի քանի զանցանքների համար որից`
ԱՌԱՋԻՆ բողոք.(բողոքող Տաթևիկ Պողոսյան) 1976 թ ապրիլի 4-ին ձեր կողմից կատարված գողությունն է:
- 1976թ ապրիլի 4-ին ես ոչ թե գողացել այլ վերցրել եմ ինձ պատկանող Տաթևիկ Պողոսյանի հայացքը,այն ինձ էր ուղղված:
Տղամարդ դատավորի դեմքին ժպիտի նման մի բան փայլեց ու նրա ձեռ.քի շարժումներից հասկացա,որ թղթի վրա ավելացան դրական նշաններ,իսկ կին դատավորների աչքերը զարմանքից մեծացան ու նրանցից մեկը չկարողացավ չհարցնել:
- Առանց Տաթևիկ Պողոսյանից թույլտվություն հարցնելու՞,բայց չէ՞ որ դա մեղմ ասած գողություն է:
Կին դատավորները իրենց մոտ ինչ որ բան նշեցին:
Գրիչների շարժումներից հասկացա որ նշանները նման էին բացասականի:
ԵՐԿՐՈՐԴ բողոք ( բողոքող Սիլվա.Վարդերեսյան) 1985 թ. Օգոստոսի 16-ին դուք յուրացրել եք Սիլվա Վարդերեսյանի սիրտը,նույնպես առանց նախապես թույլատվություն ստանալու:Ընդունում եք :
- Ոչ, ես գտել եմ փողոցներն անօգնական ընկած թափառող մի սիրտ:
Իմ կոպիտ ձեռքերով այն փայփայել եմ,իմ ծխախոտ շնչով կյանք եմ տվել,մաքրել ու փայլեցրել եմ ամեն մի մասնիկ:Ես այն գործի եմ գցել:
Հետո երբ հայտնվել ե Ս.Վարդերեսյանը և ետ պահանջել իր սիրտը,ես զարմանքից այն պատահմամբ ձեռքիցս վայր եմ գցել:Սիրտն ընկել է ոտքերիս մոտ պտտվել իմ շուրջն ու նայելով կրունկներիս,փախել է Ս.Վարդերեսյանից: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Տղամարդ դատավորն ինչ որ նշաններ ավելացրեց,կանայք նույնպես:
Կարծես գործերս լավ են գնում,ինձ կարող են թողնել այստեղ:
Ես այնտեղից չափազանց հոգնած եմ եկել և չեմ ցանականում վերադառանալ:
Ինչու՞ են բողոքել իմ դեմ չեմ հասկանում:
Ինչևէ,մնաց մեկը,թե ինչ բողոք է չգիտեմ:
Ես այնտեղ պետք չեմ ոչ մեկին:Թողնեիք հանգիստ,Բարձրի այս դատարանի առաջ լինեի մենակ ու առանց բողոք թող դատեին:
Միևնույն է թե ուր կուղարկեն:
Ինչու՞ եմ պայքարում,փորձում ինչ որ բան պարզաբանել,արդարանալ,ես էլ չեմ հասկանում:

* * *
Մի անգամ անձրևի ժամանակ կոշիկներս հանեցի ու ձեռքս բռնած գժի նման վազում էի կաթիլների ետևից,ցանկանում էի կուլ տալ ինձ այդքան տանջող վերից թափվող կաթիլներին,բոլորին,անխնա:
Ինձ մի գնչու-գուշակ էր ասել,որ եթե ես դա անեմ ապա կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:
Փողոցում անձրև էր ու մարդ չկար:
Ձեռքիս կոշիկները խանգարում էին,ես նրանց դրեցի մի ավտոմատ հեռախոսախցիկում ու երբ կուլ էի տվել բոլոր կաթիլները,անձրև էլ չկար,ես վերադարձա,կոշիկներս չկային:
Ես թաց,գլխիկոր,ոտաբոպիկ քայլում էի:Գիտեի որ պատժվելու էի և չկար ոչ տղամարդու ոչ էլ կնոջ ձայն,որ ասեր “Ոչինչ,տղաս,այդպես էլ է պատահում,երբ ցանկանում ես ամբողջը վերցնել,շատ հաճախ զրկվում ես նույնիսկ քչից:Երբ ուզում ես ամբողջը տալ,զրկվում ես ոչ միայն քչից այլև ամեն ինչից:Չես բողոքում,որովհետև տալիս ես մեկին,որին դու ընտրել ես արդեն,որն ընտրել է քեզ”:

* * *
ԵՐՐՈՐԴ բողոք (բողոքող “Կանանց շահերը պաշտպանող հատուկ ծրագրերի վարչություն”)  2003 թ. Ապրիլի 28-ին ծանոթանալով առայժմ մեզ անհայտ Ս.Մարգարյանի հետ,համոզել եք, որ ողջ մարդկության կողմից ընդունված “Աշխարհի Արարումը” սխալ է մեկնաբանվում,տվել եք մի այլ տեսակետ,որի արդյուքում անօրինական ճանապարհով ձեռք եք բերել Ս.Մարգարյանի ազատությունը,ժամանակը,հայացքը,սիրտը,տիրել եք հոգուն ու հեռացել Ս.Մարգարյանին անհայտ ուղղությամբ:
Հիմա դահլիճին ենք ներկայացնում ձեր տեսակետը.
“Սերը մենակ էր տիեզերքի մեջ,
Իսկ տիեզերքը խավար ու անձև
Տանջում էր Սիրուն,հալածում անվերջ:
Սերն էլ խավար էր,Սերն էլ էր տձև:
Սերն ասաց –Աստված թող արդար լինի,
Թող որ խավարը լույսից անջատվի:
Ու մութ խավարը լույսից անջատվեց,
Առաջին օրը այսպես արարվեց…
Ու չէր գովերգվում Աստված երկնքում,
Չէր փառաբանվում արարվածն անգամ,
Ու կավահողի փոքրիկ կտորից
Արարվեց մարդը ու կոչվեց Ադամ:
Սերը ուզում էր իրեն էլ հիշեն,
Որ իր արածն էլ երկրում երևա,
Սերը նախանձ էր ու մի մութ գիշեր
Ադամի կողից արարեց Եվա:”
- Բայց ես իրոք այդպես եմ մտածում և Ս.Մարգարյանին...
- Դատարանի որոշումը ձեզ կներկայացվի 30 րոպեից:

- Ոտքի, դատարանն է գալիս:
Դատավորների սև, երկար հագուստները մեկ-մեկ տեղավորվեցին երկար թիկնակներով բազկաթոռների մեջ:
Հայցքները սառը,թափանցելու ընդունակ:
Նրանք երեքն են`երկու կին և մեկ տղամարդ:
- Դատարանն ընդհանուր կարծիքի չեկավ,բայց որոշեց ընտրելու իրավունքը թողնել մեղադրյալին,կամ վերադարձ Երկիր,կամ Ս.Մարգարյանին այստեղ-Բարձրյալի դատարան:
Ունե՞ք վերջին խոսք:
- Այո ունեմ:
Կգա՞ս իմ անգույն մոլորակը,կլինե՞ս արդյոք իմ մուգ ու անշուք օրերի սպիտակը:
Կկանգնե՞ս արդյոք մեկ հոգու համար նախատեսված պատվանդանի վրա`իմ կողքին:
Կհավատա՞ս արդյոք որ իմ կողից ստեղծածը միայն դու ես:
Կտա՞ս ինձ արդյոք սեփական կողս երկու ձեռքերով  ամուր բռնելու ու հոշոտելու գերմարդկային այն հաճույքը,որը ես անվանել եմ քո անունով:
Եթե սիրել ես կգաս:
Եթե չես սիրել,ապա ես կգամ ու այնտեղ ինձ ՆՈՐԻՑ ասող չի լինի “Սիրելիս քեզ ի՞նչ է պետք,ի՞նչ անեմ քեզ համար”:
Ես չեմ տալիս քո անունը:Ես չեմ ուզում քեզ տեսնել այստեղ:
Ինձ այստեղ էլ չեն հասկանում:Քեզ էլ չեն հասկանա:
Ես ուզում եմ որ դատավորներ չլինեն,ոչ տղամարդ,ոչ կին:
Ուզում եմ, որ ամեն անգամ մարդիկ չմտածեն.
“այն աշխարհում մեզ չեն հասկանա”
“այս աշխարհում ո՞վ է մեր ձեռքը բռնելու”
“ինչու՞ պետք է կյանքում լիաթոք չծիծաղած փոքրիկը ձեռքով հող լցնի սեփական մոր գերեզմանին”
“այս փոքրիկը ինչու՞ պետք է ծամի ու կուլ տա միայնության կարծր,դառը,արցունքներով ցողված կյանքի կաթիլները”…
Բայց մի րոպե,պարոնայք դատավորներ ես ձայն եմ լսում,սա Նրա ձայնն է,եղեք ուշադիր:
Հեռվից,կարծես ինչ որ թունելի միջից իրոք ձայն էր լսվում:
- Ուր՞ ես սիրելիս,
- Սիրելիս քեզ ի՞նչ է պետք:
- Սիրելիս ի՞նչ անեմ քո համար:
- Գալի~ս եմ,սիրելիս:

Դատավարտին ինձ մոտեցան դատավորները,դատավորներին հատուկ երկար ու սև շորերով:
Նրանք երկուսն են`երկու կին:

- Կարող ես մեզնից որևէ բան վերցնել,գողանալ ժամանակ,հայացք,սիրտ,տիրել մեր հոգուն մենք չենք բողոքի:
- Հիմա չեմ կարող,հիմա ես ունեմ ամեն,ամեն ինչ:
Հիմա Նա կգա:

среда, 15 августа 2012 г.

Առանց սխալվելու իրավունքի



* * *
- Մամ,գնում եմ,- դռան մոտից բղավեց ու ներս մտավ:
- Բայց տարեկետում ունեիր  չէ՞,հայրդ էլ փող չուղարկեց:
- Մամ,ամեն ինչ լավ կլինի,ես սերժանտ եմ լինելու,հեշտ կանցնի,մի մտածիր:
- Ամեն ինչ այդ փչացածից սկսվեց,քի՞չ աղջիկ կա Արման ջան, ինչու՞ սխալվեցիր…
- Լավ էլի մամ ջան,ճակատագիր է,դե ուրիշին ընտրեց,ես ի՞նչ անեմ:Բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք:
- Ե՞րբ ես գնում,- կոտրված էր ձայնը:
- Տասնութին,ամեն ինչ լավ կլինի:
- Երկու օրի՞ց…

* * *
- Փարիշա,ոչխարը գոմն արա,ինչ ես շշմել կանգնել,հիմա էլ եղբայրդ չկա,դու ես ամեն ինչ անելու:
Պատերազմ կոչված մահվան վկայականը գրանցվել էր նաև Հայ-Ադրբեջանական սահմանի  այս քրդական գյուղում:
Բեհմենիքենդից միայն երկուսը չկային,Փարիշայի հայրը` Դինդարը և եղբայրը` Ազոն:
Հոր մահվան բոթը ստացել էին երեք ամիս առաջ` մահացել էր հայերի դիպուկահարի գնդակից,իսկ եղբոր մասին լուր չկար:
- Օ, հո~ հո~, օ հո~ հո~,- լուռ,հնազանդ ոչխարները մեկիկ մեկիկ մտնում էին փարախը:
Փարիշայի ձայնը արձագանքվում էր մոտակա լեռներից ու մոտենում աղջկան եղբոր ձայնով: 
Օ, հո~ հո~, օ հո~ հո~….
Վերջին ոչխարը դեռ չէր մտել փարախ,երբ նկատեց հեռվից փոշու ամպ բարձրացնելով մոտեցող մի զինվորական մեքենա:
Մեքենայից իջան երկու ադրբեջանցի սպաներ,փայլուն ,շողշողացող կոճակներով համազգեստներով:
- Ազոյենց տու՞նն  է,- ադրբեջաներեն հարցրեց նրանցից մեկը:
- Հա,-չգիտես ինչու հայերեն պատասխանեց Փարիշան:
Երևաց մայրը:
- Աչքերս քոռանան,բա՞ն է պատահել տղայիս:
- Դու Ազոյի մերն ես,այ լիրբ,Բեյզա՞ն ես-հարցրեց մյուսը:
Հետո,արդեն տանը պատմեցին, որ Ազոն ինքնաձիգը անզգույշ օգտագործելուց վիրավորել է մի ազեր զինվորի ու հիմա ռազմական ոստիկանությունում է, երկու հազար դոլլար փող է հարկավոր ազատելու համար:
Ոչ Փարիշան, ոչ էլ մայրը այդքան փող երբեք չէի ունեցել:
- Ախչի,դու խի՞ հայերեն պատասխանեցիր,գիտե՞ս գյավուրների լեզուն:
- Գիտեմ,մեզ մոտ քրդական դպրոց չկա,ես հայկական եմ գնացել,մինչև  յոթ դասարան:
- Լավ է,խոսելու բան կա…պտի չսխալվես,հասկացա՞ր:

* * *
Պատերազմական գործողությունների  այդ տեղամասը  մեծ նշանակություն ուներ:
Հիսուն երկու հոգի էին:
Պահում էին Սպայակույտի թիկունքը միաժամանակ  և Իրանի և Ադրբեջանի կողմից ու պատահական չէր որ հրամանատարի մականունը զինվորների մոտ “Մառոզ”  էր,իր խստության համար:
Հինգ կիլոմետր շառավղով բնակչություն չկար,եղեգնուտներ էին ու անտեր գերեզմաններ:
Ամբողջ գիշեր հերթապահ զինվորները պտտվում էին տեղամասի շուրջը երեք կիլոմետր շրջանագծով,  չորս հոգով,երկու  զույգով իրար հակառակ ուղղությամբ,մինչև առավոտյան ժամը չորսը:Հետո նրանց փոխում էին մյուսները:
Սխալվելու իրավունք չկար:
Գինը չափազանց մեծ էր` հիսուներկու կյանք:
Օրն այստեղ սկսվում և ավարտվում էր ոչ սովորական`ժամը 20.00 –ին: 
- Շարվիր:
Այստեղ շարվելը ուղիղ գծով չէ,այլ ծառերի տակ,քողարկված:
- Կիրակոսյան, այսօր գնում ես Վաչիկի հետ,ժամսլաքի ուղղությամբ,հակառակ ուղղությամբ գնում են Ասլանյանն ու  Գարիկը:
- Պարոն մայոր,այսօր Մարջանլիից սնունդ բերելու օրն է,Գարիկը Ձեզ հետ է գալու:
- Ասլանյան Աշոտի հետ կուղարկես նորեկներից մեկին արդեն երեք օր է այստեղ են:
- Արմանին ուղարկե՞մ:
- Հատուկ կզգուշացնես,որ սխալվել չկա:

* * *
Գիշերով ամայի տարածքով շրջելը դա նման է գաղտագողի դժոխքի միջով քայլելուն,ականջներդ սրած,աչքերդ չորս արած ու ամբողջ մարմինդ ձգված ու պատրաստ ցատկելու կամ հետ,դեպի յուրայիններ – ու հաստատ մեջքիդ գնդակ կստանաս,կամ առաջ - դեպի առյուծի բացված երախը…
Առաջին օրը ամենածանր օրն է նորեկների համար,չնայած վախից ու լարումից, կարող են տեսնել այն, ինչ  հին ծառայողը կարող է և չնկատել:
<Լավ է ցույց չտամ, որ վախենում եմ,միգուցե սուլեմ ինչ որ եղանակ>-Արմանը չգիտեր ինչպես քողարկեր վախը:
- Հո հիմար չե՞ս, ի՞նչ ես սուլում,գիտե՞ս քանի կիլոմետրից է լսվում:
- Դե լավ,Աշ,ինչ լարվել,չե՞ս զգում որ մարդ չկա:
Անցնում էին գերեզմանների մոտով:Լուսինը պարզ լուսավորում էր - սարսափելի էր:
Հանկարծ Արմանը ստվեր նկատեց գերեզմանաքարերից մեկի մոտ,քաշեց Աշոտի թևն ու ցույց տվեց դեպի գերեզմանի խորքը:
- Կարող է ոզնի՞ էր,կամ մոլորված ոչխար,-շշնջաց Աշոտը:
- Մոտենա՞նք:
Պետք չէր ցույց տալ որ վախենում է,բայց իրոք որ սարսափելի էր Արմանի համար:
Մոտեցան:
Մի աղջիկ էր կքանստած քարի մոտ,գյուղացի մի աղջիկ:
Ինքնաձիգը ուղղած առաջինը մոտեցավ Աշոտը:
- Վեր կաց,այնպես որ ձեռքերդ երևան:
Արմանը շուրջն էր նայում:
Աղջիկը կանգնեց,մուգ, շատ մուգ գույնի աչքեր ուներ,սև մազեր խնամքով հավաքած ծործրակին:
Վայրի գեղեցիկ էր:
-Չսպանես,ես մամայիս գերեզմանին եմ եկել,- ցույց տվեց գերեզմանաքարը,-այսօր մահանալու տարին է,գիշերով եկա որ չհանդիպեմ ոչ մեկին:
Արցունքները թափվում էին:
- Ես հաճախ եմ լինում այստեղ: Բեհմենիքենդից եմ`Դինդարի աղջիկը:Հայրս էլ եղբայրս էլ զոհվել են…քանի~ անգամ եմ եկել,բայց դեռ ոչ ոք չէր նկատել ինձ:
Երբ երեքով մոտեցան ուղեկալին,հերթապահ զինվորը աշտարակից ցած իջավ,հեռվից տեսել էր որ երեք հոգի են մոտենում:
- Լրտես եք բռնե՞լ,-ծիծաղեց,- մեդալ եք ստանալու Աշոտ:
- Լավ քիչ խոսա ամեն դեպքում թող մնա,առավոտյան կթողնենք կգնա,համ էլ Մառոզը եկած կլինի,բեր կապյորկայի բանալին,թող գիշերն այնտեղ մնա,դուռը կփակենք,մեղք է թող քնի:
Աղջիկը հեծկլտում էր:
Արմանը բացեց պահեստի դուռը,դե պահեստում կարտոֆիլից ու կեղտոտ սպիտակեղենից բացի ոչինչ չկար:
Աշոտն աղջկան հրեց ներս:
- Ես վախում եմ մթությունից,խնդրում եմ…
- Լավ,Արման միացրու քողարկված լույսը,դեռ չորս ժամ կա լուսանալուն,գեներատորը կհերիքի:Դու էլ դռան մոտից չհեռանաս ես քեզ մի երկու ժամից կփոխեմ:Բանալին չկորցնես:
Լռությունը մեռած մարդու նման սուս էր ու տանջալից տխուր ձեռքերով փակում էր Արմանի աչքերը,շոյում քունքերը ու լուռ օրօր էր ասում ականջին:
… Բացեց դուռը,թույլ լույսի տակ տեսավ աղջկան,կեղտոտ սավանների վրա պառկած:
Մոտեցավ,պառկեց կողքը,աղջիկն իր սև ածուխ աչքերով նայում էր:
Հետո սկսեցին խոսել,պատմում էր աղջիկը,հետո Արմանը սկսեց պատմել,հետո էլ չգիտես ինչու սկսեցին միասին լաց լինել:
Արմանը չհասկացավ թե ինչպես ձեռքը ձգվեց ու շոյեց աղջկա կուրծքը,հետո սահեցրեց ձեռքը…աղջիկը մերկ հայտնվեց իր գրկում,համբուրեց վայրի մեղրի համ ունեցող շրթունքները,ձիգ ու բաղձալի կրծքերը,փորը…լսեց աղջկա շշնջոցը <Էլի եմ ուզում,էլի>…
Հասկացավ թե ինչ քաղցր բան է կյանքը,երբ սավառնում ես,սավառնում ու վայրեջքդ լինում է կնոջ գրկում,հետո էլի ես սավառնում…ու հաճույքով փակեց աչքերը:
Երբ արթնացավ չհասկացավ թե ինչքան է քնել,ձեռքը պարզեց դեպի…
Փարիշան չկար,պահեստի դուռն էլ բաց:
Վազեց արթնացրեց Աշոտին:
Չգիտեր թե ինչ է կատարվում,ամեն ինչ մշուշի մեջ էր:
- Հարցրեց զուգարանի տեղը,գնաց այն կողմ մի քսան րոպե առաջ,-ասաց աշտարակի վրայի զինվորը:
- Արման քաշվանք,շուտ արա մի երկու երեք ժամից Մառոզը կգա,կորանք:Ես վազեմ դեպի գետը դու դեպի գերեզմանների կողմը:Կհանդիպենք խաչմերուկում:
Լուսանում էր:
Գերեզմաններին չհասած լսեց ցածր խոսակցություն:
Կռացավ,զգույշ մոտեցավ,գլուխը գետնից բարձրացրեց ու տեսավ Փարիշային մի զինվորականի  հետ խոսելիս,մեջքով դեպի իրեն:Խոսում էին ադրբեջաներեն:
Արմանը բան չէր հասկանում,բայց սպասում էր:
- Դե ասա,քանի՞ հոգի են,փողը չես ստանա թե որ խաբես:
- Հիսուներկու հոգի են,ամեն չորս ժամը մեկ պակասում են ութ հոգով:
- Խաբու՞մ ես,տո պոռնիկ գիշերով ո՞նց իմացար:
- Պահեստում հարյուր չորս սավան էր,մեկը տակը գցելու մյուսը վրան,հիսուներկու բարձի երես,ինքդ հաշվիր:Դե տուր փողը,ես պետք է դեռ հասնեմ  ռազմական ոստիկանություն,դու խոսք ես տվել:
Սպան գրպանից հանեց փողի տրցակը,հետո ձեռքը գցեց ու աղջկա ուսի կողմից քաշեց պոկեց շորը:Աղջիկը ձեռքով ծածկեց բաց կուրծքը…
- Դու որ չտաս բա ես քեզ կտա՞մ,ծիծաղեց սպան ու ընկավ աղջկա վրա փորձելով բարձրացնել շրջազգեստը:
Ձեռքի փողերը թափվեցին գետնին:Աղջիկը դեռ դիմադրում էր, երբ վրա հասած Արմանը ինքնաձիգի կոթով հարվածեց սպայի գլխին ու ոտքով հրեց:
Սպան գլորվեց կողքի:Գոտուց ատրճանակն էր կախված ու զինվորական դանակը:
Աղջիկը վեր թռավ պառկած տեղից,փաթաթվեց տղային,արագ-արագ սկսեց համբուրել այտերը,վիզը,շրթունքները…տղայի ձեռքից ընկավ ինքնաձիգը:
Փարիշան արագ կռացավ,սպայի գոտկատեղից քաշեց դանակն ու բարձրանալիս խրեց տղայի սիրտը:
Փարիշան հավաքեց գետնին թափված փողերը.<Ազո ջան,ցավդ տանեմ,դու կգաս տուն>,հեռացավ առանց ետ նայելու:

* * *
Երբ հրամանատարը զինվորների հետ մտավ գերեզմանոց, միայն տեսավ արյան մեջ ընկած զինվորին:
Լուռ էին,
- Ո՞րն է այդ աղջկա մոր գերեզմանը, Ասլանյան:
- Սա էր,- մատով ցույց տվեց Աշոտը:
Գերեզմանին գրված էր <Ակմուխամեդով,Նուրմուխամեդ Աբդուլ Սադիկ օղլի>
- Քանի անգամ եմ ասել սխալվելու իրավունք Չկա, սա տղամարդու գերեզման է,-դառնացած ասաց հրամանատարը:

   * * *
Հաջորդ օրը նամակ եկավ Արմանին:
<Արման ջան, ցավդ տանեմ,տղաս,իմ միակ մխիթարանք,չպետք է գրեի բայց չեմ կարողանում հանգստանալ,երեկ հայրդ փող էր ուղարկել ու նամակ,որ փողը հասցնենք ինչ որ Գուրգենի քեզ բանակից ազատելու համար….
…Քեզ լավ նայիր,Արման ջան,հանկարծ չհիվանդանաս…
…Չէի ցանկանում գրել բայց պետք է որ իմանաս,հայրդ կապվել է մի ռուս կնոջ հետ,էլ չի վերադառնալու,հանկարծ չսխալվես ու գրես հորդ,դու իմ միակ հույսը մնացիր…
Աստված իմ,ե՞րբ ես գալու տուն…
Համբուրում եմ տղաս,չտխրես, կապրենք,ի՞նչ է եղել որ…>