пятница, 1 июля 2016 г.

Supremus (Մալևիչի սև քառակուսին)



Ցնորվում է խաղողը երակներիդ մեջ՝
Հարվածում գլխիդ,
Ընկնում ոտքիդ տակ,
Մտքումդ աղքատ հարուստներ,
Սրտումդ հարուստներ աղքատ…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջա՜նք…

Գինի է դառնում երևակայությունդ՝
Լցվում փո՜քր,
Միջի՜ն,
Մե՛ծ բաժակների մեջ,
Կույրերը տեսնո՜ւմ  են,
Համրերը խոսո՜ւմ,
Անդամալույծները վազում են առաջ…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…

Մի սև թավիշ է դիմացդ կանգնում
Ու հիմար սիրտդ կանչում է նրան,
Ձեռքերը քո՛նն են,
Ոտքերը քո՛նն են,
Անկապ ժպիտը ականջից-ականջ
Իհարկե՜ քոնն է,
Դու «նա՛» ես, նա «դո՛ւ» ես
Հարբած մի Արտացոլա՜նք…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,
…Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…

Դու մի Դալի ես՝ Սալվադոր -
Այլ ոչ թե հարբած սրիկա,

Դու Բաքոսի հա՛րճն ես դարձել
Պատրանքների քողի տակ:

Դու քմահաճ փոփոխում ես
Ցանկություններդ բոլոր -
Մոռանալով, որ երկիրը խորանարդ չէ
Այլ կլոր…

Դու լա՛վ գիտես,
Որ Դրախտը և Դժոխքը
Նույն տեղում են՝  Երկնքում
ու թռչում ես դեպի երկինք,
Թռի՜չք, թռի՜չք,
Սլա՜ցք, սլա՜ցք…

… Ցուցափեղկերում
Կանացի լողազգեստնե՜ր,

….Ու աչքերի խաբկա՜նք,
Ու աչքերի տանջանք…


Ս.Ումառ-Հարությունյան

Հոգիս անհանգիստ



Գուցե հանդարտվե՞ս,
Դադա՞ր տաս մի քիչ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ կիսելու մենք չունենք
Ոչինչ…

Բանտված ես իմ մեջ
Գիտե՜մ,
Ի՞նչ արած,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Չէ՞ որ ես ինքս էլ
Հոգսերի մեջ խորունկ
Վաղուց եմ թաղված…

Ուզո՞ւմ ես գնա՜
Հեռացի՜ր ինձնից,
Ազատությունը բոլորն են սիրում,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Երբ դու հեռանաս
Իմ նեղ պահերին ո՞ւմ եմ դիմելու…

Եվ իմ խի՛ղճն ես դու
Եվ Աստվա՛ծն ես իմ,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Մի՞թե հարիր է քեզ
Նեղանալ ինձնից…

Բայց դե ի՞նչ արած,
Ես քեզ կհանձնեմ մեկ այլ մարմնի,
Որին սիրում եմ կյանքից
Առավել,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Ես չեմ նեղանում -
Իմ ահել մարմնում դու շատ ես տանջվել…

Հետո ի՞նչ որ կին է ու
Մահկանացու,
Հոգի՜ս, սիրելի՜ս
Նա Աստվածուհի է -
Դու իր մեջ կապրես ինչպես
Դրախտում…

Դե՜,  հաջողություն քեզ
Հոգի՜ս, սիրելի՜ս,
Երբ որ տեղ հասնես
Լինի ցերեկ թե գիշեր
Տեղյակ կպահես…

Հոգի՜ս, սիրելի՜ս
Շատ չնեղսրտես,
Ում մոտ որ գնում ես նրան սպասվում են
Երկա՜ր, տանջալի՜ց,
Անքո՜ւն գիշերներ…

Ս.Ումառ-Հարությունյան

18.06.16  Երևան

Պոետը



Պոետի ձեռքը պետք է
Նո՜ւրբ լինի,
Իր սրտի նման պետք է
Թո՜ւյլ լինի,
Իր մտքի նման պետք է
Սո՛ւր լինի,
Ինքը պոետը արարման պահին
պետք է բոլորի ցավը
Ամոքո՜ղ լինի…
Իր իսկ ցավերը անտեսո՛ղ լինի
Իրեն արարող աչքերի նման
Պետք է խոր լինի…

Պոետն իր մարմնի նման
ծերանալ չունի՝
Նա մարմին չէ այլ
Խոսացող հոգի
Ու երբ լռում է պոետը երկար ժամանակ
Նշանակում է, որ ասելիքն է շատ,
Բայց  խանգարում են նրան
Ձա՜յնը քարերի
Լա՜ցն անտառների,
Վի՜շտը ջրերի
Ու ձև է փնտրում՝
Մի ձև մատուցման,
Որ ծվեն-ծվեն անի կուրծքը խավարի,
Որ խռով հոգին բառեր  դարձնի,
Դարձնի ասելիք
Ու անտեր լքված խաչքարի նման
Գլուխը թեքի ու երկար սպասի
Մի փոքրիկ միկրո-
Շնորհակալության…
Հետո շշնջա, որ
Կներե՜ք ինձ,
Դեռ կա՛մ
Ապրո՜ւմ եմ
Դեռ ցա՛վ եմ տեսնում ես ձեր աչքերում
Ձեր մեջ տեսնում եմ միամիտ Ադամ
Ու Խաբված Եվա
(Ո՜չ, չսխալվեցի՝ հենց Խաբված Եվա)
Եվ դրանից է, որ  սիրտս քարանում
Ու պապանձվում է երկար ժամանակ…

Պոետի ձեռքը պետք է
Նո՜ւրբ լինի,
Իր սրտի նման պետք է
Թո՜ւյլ լինի,
Իր մտքի նման պետք է
Սո՛ւր լինի,
Իրեն արարող աչքերի նման
Պետք է խոր լինի…

Այս երկնքի տակ
Սա է պոետի ուղին…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 30 июня 2016 г.


Օրը ծծնդյան
Դաժան փորձություն՝
Ամենադաժանը օրերից տարվա,
Երբ թվում է թե քեզնից նեղացե՜լ
Ափին է թողել մի հեռացող նավ…

Լուսնի մահիկի արծաթ ձեռքերը
Փորձում են շոյել հայացքդ սառած,
Գիշերվա սարսուռ վարագույները
Դանդաղ բացելով աչքերիդ առաջ:

Մենա՜կ ես, մենա՜կ,
Չե՛ն վերադառնա Գարուններդ ետ,
… Ըմպում ես մի գավաթ կապտագույն գինի
Տառապող լույսի զառանցանքի հետ…

Վիճում են քո մեջ կակտուսն ու վարդը,
Թե որ մեկի փշերն են ավելի  ցավոտ,
Հրաժեշտ են տալիս հեռացող նավից
Կանացի ձեռքեր-
Գգվելու համար թույլ ու ալարկոտ…

Ծիրանագույն մի անհայտ սյուք է
Բազմում հեռացող վայրկյանաչափին,
Վայրկյանաչափն էլ հեքիաթ է պատմում
Հեռացած բոլոր օրերիդ մասին…

Դեղձագույն Ինչ-որ մի դառնություն է
Դանդաղ սահելով ընթանում  առաջ…
Ու վերջանում է 
Տարվա ամենադաժան օրը՝
Օրը ծննդյան…

Ս.Ումառ-Հարությունյան