вторник, 8 декабря 2015 г.

Խաբկանք



Իրականության մասին
Մարգարեների բոլոր վեճերը-
Հակամերժ-
Իրար են խաչվո՜ւմ:
… Պարզվում է, որ միշտ էլ ճիշտ են խենթերը,
Եվ ճանապարհները Հռոմ չեն տանում…

*
Իրականությունն իրեն հրա՜շք է ձևացնում,
Երբ անխոս կծկվում ես նրա
Քայլերից,
Գրչիդ շարժումից մի ձայն է լսվում,
Ձա՜յն,
որը երջանիկ է քեզնից…

*
Ճակատագրի խռպոտ ձայնը
Քո իրականությունն է՝
Գրչիդ աղմուկը խեղդող աղաղակ,
Քեզ թվո՜ւմ է,
որ արդեն լռությո՜ւն չես,
այլ կյանքից տարիներ
կողոպտող ելուզակ…

*
Դու կյա՜նք ես փնտրում,
Բայց գտնում ես մա՛հ
(Վերջում իհարկե, ո՛չ թե ընթացքում)
«Վերջում» -  ընդամենը չորս տաշված տախտակ…
Վերցնո՜ւմ ես,
Ու լուռ հեռանում



Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 6 декабря 2015 г.

Ի՞նչ տարբերություն…



Կացնի համար ի՞նչ տարբերություն -
Անպտո՞ւղ ծառն է գեղեցիկ,
Թե՞ պտղատուն,
Կացնի ցա՜վը մե՛կն է,
(Լո՜ւռ համբերություն)
Երբ ծառահատի ձեռքն է դողդողում…

Անտառի համար ի՞նչ տարբերություն -
Կենդանիներից ո՞ր մեկն է արքա,
Անտառի ցավը մե՛կն է,
(Անտառապահի սո՜ւր տեսողություն)
Որ ինքը երբե՜ք չմնա դատարկ:

Ցավերի համար ի՞նչ տարբերություն -
Տղամարդո՞ւ ցավ են, թե՞ կնոջ,
Ցավերի ցա՜վը մե՛կն է,
(Երկարակեցությո՜ւն)
Որ հետո դառնան վերքեր կամ էլ խոց…

Կարոտի համար ի՞նչ տարբերություն -
Ապրելու հեռո՞ւ, շա՜տ հեռու, թե՞ մոտ,
Կարոտի ցավը մե՛կն է՝ անտարբերություն,
Արցունքի նման անհա՜մ ու վշտոտ…

Պոետի համար ի՞նչ տարբերություն -
Ո՞վ է թարգմանում իրեն՝
Սկսնակ մի գրո՞ղ,
Թե՞ արդեն ճանաչված,
Պոետի ցա՜վը մե՛կն է՝
(Բանաստեղծությո՜ւն)
Սրտի ձեռագրով թարգմանված …

Թալանո՜ւմ են,
Գողանո՜ւմ,
Կողոպտում անողո՜ք…
Ի՞նչ տարբերություն -
Սի՞րտ, թե՞ հարուստ ավար,
Այստեղ էլ ցա՛վ կա և  ցավը մե՛կն է՝
Մեկին ասում են գո՛ղ,
Մյուսին՝ սիրահար…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 5 декабря 2015 г.

Քույրս՝ Պոեզիան


Կարոտի նման անձև է…
Աչքի նման թա՜ց,-
Ասես հույզերի մի երկա՜ր անձրև է
Անընդհատ թափվում ցած…

Եվ հա՜մն է ուրիշ…
Եվ հո՜տն ու բույրը,
(Հիշո՞ւմ եք, վաղո՜ւց, շա՜տ վաղուց զգացած
Առաջին սիրո
առաջին համբույրը…)

Բուխարու մեջ գցած խնձորի նման
Թա՜նձր է, մածուցի՜կ,
Ասես, թե կոկորդովդ սիրտդ է մտնում
Չքնաղ մի էա՜կ,
Ասես, մարմինդ մի բան է այրում՝
Պահանջող շոյա՜նք
ու գգվանք…

Ասես խնդրում է իրեն հասկանալ,
Ըմբոշխնել ձայնը հույզի՜, թրթիռի՜,
Ասես հուշում է, որ հեղինակը՝
Մի խենթ սիրահար,-
Ծառան չէ
Մտքի կամ բառի…

Ասես, թե քո՛ւնն է մոտենում դանդաղ,
Փորձո՛ւմ է ծածկել մեղքը հուշերի,
(Հիշում ես ինչպես մի անգամ պատահմամբ
Մի կույսի կուրծքը կրքոտ շոյեցիր):

Աշխարհում չկա՛ մեղքերի քանակ,
Մեղքեր չափելու սանդղա՛կ էլ չկա,
Իսկ դու՝ քույրիկս, այսպես անաչառ
Հատ-հատ դատում ես
Եվ «կա՜»-ն
Եվ «չկա՛»-ն…

Տողատակերից դեմքեր են ելնում
Ճերմա՜կ ու հրաչք,
Սև ու երկդիմի…
… Մեկ «տիկին» Եվա՛ն է լրիվ մերկանում,
… Մեկ լսվում է խո՜ւլ հոգոցն Ադամի:

Մեկ Յուպիտերի ազդրն է շոյում
Դիանան՝ որսի դիցուհին,
(Սա՜ռն է, քո՛նը չէ, քեզ հա՛յ են ասում)
Մեկ էլ Նեպտունի փեշով է ծածկում
Աստղիկն իր կուրծքը
(Սա արդեն քոնն է՝ չքնաղ հայուհին):


Մեկ էլ թվում է, թե ցո՛ւրտ է…
Իրիկնամո՜ւտ,
Սրտիդ պատերին բո՛ւքն է շառաչում,
Թվո՜ւմ է, թե Քաոս-արքան  բարկացած
Քնած հուշերդ է
Մեկ-մեկ գլխատում…

Կապա՛նք են դառնում լեզուդ ու սիրտդ,
Քեզ պատեպատ ես զարկում անխնա,
Տանջա՛նք են դառնում
Եվ բա՛ռը,
Եվ մի՜տքը…
Փորձում ես ներկայից  հեռանալ:

…Ո՞ր ցավը տանել,
Ո՞ր ցավը թողնել,
Ո՞ր հուշին փրկել,
Որի՞ն մոռանալ:

… Կարոտի նման անձև է…
Աչքի նման թա՜ց,-
Ասես հույզերի մի երկար անձրև է
Անընդհատ թափվում ցած…

… Եվ հա՜մն է ուրիշ,
… Եվ հո՜տն ու բույրը,
Եվ ցա՛վն է ուրիշ,
Եվ գո՜ւթն ու թույնը…

Չարին՝ թշնամի,
Բարուն՝ բարեկամ…

Ահա՜,
Այսպիսին է քույրս՝
Չքնաղ Պոեզիան…


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 3 декабря 2015 г.

Քե՛զ Խե՜նթ են ասում

Սիրով
Ընկերոջս՝ Վարուժան Խաստուրին

Զգո՜ւյշ,
Շատ զգույշ քայլեր…
Նո՜ւրբ,
Շատ նուրբ թրթիռ…
Առաջին հպո՜ւմ,
Դանդաղ համահունչ քայլերի ներքո
Իրար ականջի ցածր փսփսո՜ց,
Շշո՜ւնջ…

Ասում են տանգոն այդպես են պարում -
Հանգի՜ստ,
Լո՜ւռ ու մունջ…

Բայց պատահում է, որ զուգապարդ
լինում է հենց քեզ հետ՝
Արյունդ գրկած,
պտույտ կատաղած,
ինքդ քեզ հպվո՜ւմ
տեղդ չե՛ս գտնում,

Ակնապիճերում
բիբերիդ խաղը պտույտ ես կոչում,
Վազո՜ւմ ես,
Պտտվո՜ւմ անդադար
ու պար ես կոչում վազքդ խելագար,

Կարծես թե շո՜ւնչ ես տալիս աշխարհին,
Արև՛ ես վառում մթան մեջ կորած
լեռան կատարին,
Եվ կարծես քամին անտառից ելել
իր մրսած ձայնով ականջդ է մտել,

Չե՛ս լսում ոչինչ,
Պարո՛ւմ ես պարդ՝
Տանգոդ առաջին…

Այդպես են կյանք մտնում խենթերը,
Եվ խենթանալո՜ւ…
Եվ խենթացնելո՜ւ…

… Ափդ դնչիդ տակ
Թեք ընկիր պոետ ցորենի արտում,
Քե՛զ
Խե՜նթ են ասում….


Ս.Ումառ-Հարությունյան

...Շնորհավո՜ր

* * *
Մի կին ինձ գրեց.
- Ժլա՜տ ես Ումառ,
Ինձնից խոսքերդ ես խնայում,
Մի նոր բան գրի՛ր մայրիկիս համար,
Ծնո’ւնդն է,
Քեզ շատ եմ խնդրում:

- Ի՞նչ գրեմ, - ասացի,
Երբ չեմ ճանաչում
Ո՛չ քեզ, ո՛չ էլ հատկապես մայրիկիդ,
Ասաց.
- Այնպիսի մի բան հնարիր
Որտեղ չլինի
Ո՛չ հող, ո՛չ երկինք,
Չլինի ո՛չ դող, ո՛չ արցունք,
Ո՛չ կիրք,
Ո՛չ կսկիծ, մորմո՜ք,
Լացակումած գի՜րկ,
Չլինի հեռուն գնացած կարոտ,
Չլինեն սարե՜ր,
Գետե՜ր ու արոտ,
Ծովե՜ր, անտառնե՜ր,
Ամպե՜ր ու լուսին,
Չլինեն դեմքեր տխո՜ւր,
Մեկուսի՜,
Ո՛չ «անմեղ» բառ լինի
Ոչ էլ «մեղավոր»….

- Հասկացա, ասացի,- գրել եմ կարդա.

«Մամ ջան, ծնունդ շնորհավոր»


Ս.Ումառ-Հարությունյան