четверг, 3 декабря 2015 г.

Ես վաղո՜ւց գիտեմ


Դողո՞ւմ ես,
Ոչի՜նչ,
Մի՛ մտահոգվիր,
Ես վաղո՜ւց գիտեմ, այդպե՛ս են սիրում,
Դա նրանից է, որ Նա ա՛չքդ է մտնում,
Կամ սրտիդ մեջ է զգո՜ւյշ տեղավորվում…
Մի քիչ ցավո՜տ է,
(Կարծես պատժող ձեռք)
Ես դա՛ էլ գիտեմ,
Բայց չէ՞ որ սիրո՜ւմ ես
Դիմանա՜լ է պետք…

Մի քիչ կարտասվե՜ս,
Ինքդ հարց կտաս և ինքդ էլ այդ պահին
Պատասխանելու թույլ փորձեր կանես.
«Ա՜խր, ինչո՞ւ Նա…»
«Ա՜խր, այդ ի՞նչպես…»
«Ո՞ր մեղքիս համար…»
«Ի՞սկ եթե հանկարծ…»
«Ցավո՜տ է, բայց ի՞նչու այսքան…»

Ես վաղո՜ւց գիտեմ
Որ դու չես գտնի ո՛չ մի պատասխան
ու կպատերազմես
Լեզվի՜դ,
Սրտի՜դ,
Իսկ ի՞նչու ո՛չ,
նաև աչքերի՛դ հետ…

Պատասխանը մե՛կն է՝

Դողո՞ւմ ես – սիրո՛ւմ ես,
Հենց այդպես է պետք…

Ս.Ումառ-Հարությունյան


Էլ բան չմնա՜ց…



Այդ ի՞նչ եմ ապրել աշխարհում,
Որ ինձ ասում են.

«Էլ բան չմնա՜ց…»

Ոչի՛նչ
Ոչի՛նչ եմ ապրել աշխարհում
Ու դեռ ասելու բան ունեմ պահած…

Կապույտները իմ
Դեռ չեմ կարմրել ափերին ծովիս,

Դեռ կարողանում եմ տարբերել
Մթան մեջ «սև»-ը սև գույնից,

Դեռ Աստծո կողմից տված գրիչում
կա ուժ ու եռանդ

Բայց արի ու տես -
Ինձ արդեն սև են հագցնում ոմանք:

«Էլ բան չմնա՜ց…»

Ի՞նչ պիտի մնար…

Ինչ պիտի մնար նվիրում եմ Ձեզ՝

Ընչաթափ մի սիրտ,

Չիրականացված իղձ,

Հիշողությանս մեջ խրված
դողացող մատներ՝
դավաճան ու պիղծ,

Չորացած կարոտի սերմեր
(մի ամբողջ տոպրակ)

«Միսակ Մեծարենց»
փոքրիկ հատորյակ,

Մահախոսական-
ի դեպ իմ ձեռքով գրված

Եվ վերջ

Էլ բան չմնա՜ց…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 2 декабря 2015 г.

Ինձ օրոր երգիր Լուսի՜ն, Որ քնեմ…



Ինչո՞ւ չեմ քնում
Գիշերվա կեսին,
Եվ ո՞վ է խոսում ինձ հետ, չգիտե՜մ,
Գլուխս իր տեղը չի գտնում բարձին,
Ինձ օրոր երգիր Լուսի՛ն,
Որ քնե՜մ…

Երգիդ մեջ պատմիր ինձ նրանց մասին՝
Երկնքում նրանց դեգերումները,
Թե՞ դատարկ խոսքեր են, 
Պատրանքնե՜ր են սին,
Որ մահից հետո մնում են սպանված
Ժամանակները…

Ես ժամանակների մասին եմ հիշել,
Որոնց սպանել եմ կամքից իմ անկախ,
Որոնց անտեսե՜լ, դե՜ն եմ շպրտել,
Եվ քանի՜,
Քանի՜, քանի՜ անգամ…

Քունս չի՛ տանում, գուցե նրանի՞ց է,
Որ ես ինձ դահի՛ճ եմ համարում,
Ասա՛ կամ ցո՛ւյց տուր ես էլ իմանամ,
Արդյոք ո՞վ է իմ ժամանակների
Տապանաթմբին գլուխ խոնարհում:

Ես էլ մոտենամ դեղին վարդերով,
Ծնկե՜մ,
Խո՜ւնկ ծխեմ,
Աղոթե՜մ,
Գուցե լա՞ց լինեմ,
Գուցե՜… չգիտե՜մ,
Բայց քնով ժամանակ սպանող մարդկանց
Հաստա՛տ կարթնացնեմ…

… Չգիտեմ ուրիշ երկնային մարմին,
Որի հետ կարող եմ ազատ զրուցել,
Դու միակն ես իմ բարեկամ Լուսին,
(Արևը վաղուց է ինձնից խռովել)

Ինձ օրոր երգիր Լուսի՜ն,
Որ քնեմ…
Ինձ չի հերիքում երե՛ք կամ չո՜րս ժամ,
Արթնանա՜մ, ելնե՛մ ճանապարհ ընկնեմ
Դեպի ժամանակներիս կորած
Գերեզման…



Ս.Ումառ-Հարությունյան

Վերջի՜նը…



«Վերջին» բառը ամենածա՜նրն է
(Բառերն էլ են ունենում կշի՜ռ-
ծանրությո՜ւն)
«Վերջին» բառը ամենադա՛ռն է
(Բառերն ունենում են նաև
Դառնություն:)

Ամենախորը վերջին կնճիռն է՝
Դեմքիդ վրա խո՜ր,
Շա՜տ խոր մի ակոս,
Երբ սիրտդ ծանրություն չի զգում
Այլ՝
Սո՜ւր, շատ սուր մի ծակոց…

Վերջին սերը ամենապագշոտն է՝
Համեմատ նախորդ սերերի,

Վերջին հրաժեշտը արագաոտք է՝
Տարիներդ բարձած ուսերին:

Ամենաթանձրը սիրո ստվերն է,
Որ վերջին վայրկյանին ստվերում է քեզ,

Ամենացավալին այն աշնան երգն է,
Որին, որ վերջին անգամ կուղեկցես…

Վերջին մի բուռ հողը ամենասառն է,
Ամենատաքը՝ իր բուն խորհրդով,

Վերջին տերևը ամենահամառն է՝
Ծառի մերկ ճյուղից կառչած մատներով:

------------------------------------------------

Իմ աչքի բիբը վերջի՜ն գեղեցիկն է,
Որտեղ, որ Դո՛ւ ես անընդհատ ներկա,

Իմ փակվող կոպը ամենաերգեցիկն է՝
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն,
Մի վերջի՜ն անգամ…


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 1 декабря 2015 г.

Դրսում ձմե՛ռ է, Գարո՜ւն եմ տենչում…



Կրծքումս չգիտե՜մ ի՞նչ է
Կատարվում,
Սի՛րտ իմ, ինչու ես թպրտո՜ւմ,
Հուզվո՜ւմ,
Աշխատանքիցդ ցնդե՞լ ես ծերուկ՝
Դրսում ձմե՛ռ է -
Գարո՜ւն ես ուզում…

Տաք քամուց դողացող տերև ես ուզում,
Պագշոտ արևի ջերմությո՜ւն,
Մե՛կ հեծկլտում ես,
Մե՛կ էլ ծիծաղում,
Սի՜րտ իմ հարազատ, քեզ չե՛մ հասկանում…

Ճզմում ես կուրծքս՝
Ոտնակոխ անում,
Ո՞վ կմտածեր, որ խե՜նթ ես այսքան,
Մեկ ե՛րգ ես երգում,
Քեզ ու քեզ խոսում,
Մե՛կ էլ հայհոյում հարբածի նման:

Չե՛մ կարողանում ես քեզ հետ կռվել,
Արյո՛ւնս է գժվել երակում,
Չե՛մ էլ ցանկանում ես վերստին լռել,
Երբ այդպես դառն ես արտասվում:

Ես հիանո՛ւմ եմ քո լի եռանդով,
Հանգավորում եմ քո վա՛զքը խելառ,
Գիտե՜մ,  լցված ես իմ իսկ արյունով,
Բայց այսօր անծանո՜թ ես… օտա՜ր…

Ա՜խր, աշխարհը ես ի՞նչպես շրջեմ,
Ի՞նչպես ձմեռը ես սարքեմ Գարուն,
Որ քեզ սիրելիս քիչ հանգստացնեմ
Ու ցավեր էլ  չզգամ իմ կրծքում:

Խաբել չգիտե՜ս,
Մռնչում ես խո՜ւլ,
Փորձե՜ր ես անում ինձնից հեռանալ,
Գիտե՜մ, որ միշտ էլ ճիշտ ես եղել դու,
Բայց խնդրում եմ քեզ մի քիչ դիմանալ:

Ես քեզ հուսախաբ երբեք չե՛մ արել,
Հավատա, խնդրո՜ւմ եմ մի վերջին անգամ,
Ինձ թվում էր թե արդեն ծերացել
Ու հանդարտվել ես մտքերիս նման:

Գարո՜ւն կմուրամ ձմռան սպիտակից,
Ձյունե շողերով չքնա՜ղ մի էակ,
Չգիտեմ ես քե՛զ կփրկեմ թե՞ ինձ,
Միայն խնդրում եմ մի վազիր արագ:

Այս մոլորակը իրոք  ցնդե՜լ է՝
Մեկ ընկնում է վա՜ր, մեկ վե՛ր է թռչում,
Ի՞նչ է կատարվում՝
Դրսում ձմեռ է,
Իսկ ծերուկ սիրտս գարուն է տենչում…

Ս.Ումառ-Հարությունյան
01.12.15

Երևան