среда, 21 октября 2015 г.

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն

Թող ճախրի բազեն,
Գեղեցիկ է ճախրում՝ բազեյին վայել,
Ինչո՞ւ ես նրան ցած բերում,
Ընտելացնո՜ւմ,
Փորձում ստրկացնել:
Թե՞ մտածում ես, որ բազեի համար
Մարդ արարծը սողուն է թվում:

Ի՛նքդ թևեր առ, ի՛նքդ բարձրացիր,
Ինչպես հոգիդ է թռչում առանց երթուղի,
Առանց կանգառի,
Առանց ուղեկցորդ,
Թե՞ համոզվել ես, որ
Սողալու համար ծնված էակը
Թռչել չի՛ կարող:

Գե՛տն էլ է հոսում
(Կասեի սողում)
Ջրաղացներ է պտտում հսկա,
Ծայրեր չունեցող դաշտեր է ջրում
և պղտորվում է և պարզ է լինում՝
Այնքա՜ն,
Որ աչքի բիբի պես նայում է վրադ,
Մեկ ծո՛վ է դառնում,
Մե՛կ՝ օվկիան ազատ,
Մեկ հոգուդ նման հանկարծ կատաղո՜ւմ,
Ափերից ելնում
Ու ավերում է ամե՜ն սարքած բան,

Փորձի՛ր ստրկացնել՝ ճահիճ կդառնա…

Այդպե՛ս է կյանքում՝
Ստրուկ սարքելը վայել չէ մարդուն,
Ցանկացա՛ծ ստրուկ
Պահը երբ որ գա,
Դաշույնը ձեռքին
Մա՛հդ կդառնա…


Ս.Ումառ-Հարությունյան



воскресенье, 18 октября 2015 г.

Կարոտի իմ ձին

Կարոտի իմ  ձին

Ինձ ո՛չ աղավնի է պետք ու ո՛չ էլ ագռավ,
Կասկածամի՛տ չեմ,
Կասկածներ չունե՜մ,
Ես համոզված եմ,
Սիրո իմ աշխարհը
Վաղուց է պատրաստ…

Սահման չունեցող մեծ  Տիեզերքի-
Փոքրիկ մի կղզի՜, մի ցամա՜ք,
Վարգում է այնտեղ կարոտի մի ձի՝
Վայրի՜, կատաղա՜ծ, անկաշկա՛նդ:

Լազուր օվկիա՜նն է հարվածում ձիուն,
Քամի՛ն է խառնում բաշը գզգզված,
Կապույտ երազի արևն է փորձում
Սանձել կարոտս ծերացած:

Կապույտ աչքերով մի փիղ է գալիս՝
Ծնկո՜ւմ իմ սիրո աշխարհում,
Կարոտներիս ձին տրտինգ է տալիս՝
Մաղձափրփուրը բերանում:

Վիրավորանքի լեզուն դառնահամ
Ընկերացած մենակության հետ,
Մտրակում է իմ ձիուն անդադար
Սարսափի մատներով մի ձեռք:

Կողերն արյունոտ վազո՜ւմ է, փնտրո՜ւմ,                
Ա՛փ է որոնում կարոտներիս ձին
Ու վրնջալով բողոքն է հայտնում
Տարիներ տևող ժամերի մասին:

… Գրկել եմ բունը մի հին թզենու,

Հոգո՜ց եմ լսում՝
Ասես թզենին արծաթ մշուշում
Գրկին է սեղմում
Կարոտից խենթացած
Իմ ձիուն:


Ս.Ումառ-Հարությունյան


суббота, 17 октября 2015 г.

Աշնան ժլատ արևի նման

Աշնան ժլատ արևի նման
Չասված խոսքերս
Գլուխ են թեքում պոետիկ հույզերի առաջ:

Մի պահ կանգնեցրո՛ւ ընթացքդ արագ,
Մի՛ անցիր անտարբեր,
Մի՛ եղիր համառ…

Խորհի՜ր թե ի՞նչեր կարող եմ ասել,
Չեմ խոսում սակայն,
Դեռ բառ չեմ գտել՝
Մի այնպիսի բառ, որ կարողանա
Աշխարդ շրջել:

Արդեն վաղո՜ց է,  որ այսպես անշարժ
Կանգնած իրար ենք նայում ես ու հույզերս
Խղճում եմ նրանց,  նրանք էլ գուցե ինձ,
Իսկ գիտե՞ս քանիսն են անցել - գնացել չասված խոսքերից…

Խոսքերի ծո՜մ
Հույզերի ալի՜ք
Հավատի անկո՜ւմ

Իսկ հավատները զորքե՛ր են շարժում,
Հարսնաքողի հետ հարսանի՛ք անում,
Հարսնագողի հետ սեղա՛ն են նստում,
Սակայն չե՛ն խոսում,
Քանզի բարձրաձայն ասված խոսքից սխալ՝
Մի օրհնանք - կարող է տասն  անեծք դառնալ՝
Փաթաթվել վզիդ,
Լեզվիդ դառնանալ,
Սրտիդ հետ սերտաճել
Բազմանալ…

Շատ մի՛ չարչարիր սիրտը իմ նեղված,
Թող այն աշխատի հույզերիս չափով:

Աշնան ժլատ արևի նման
Խոսքերս չասված
Թող լինեն սիրո լո՜ւռ ապաշխարանք…

Ս.Ումառ-Հարությունյան



среда, 14 октября 2015 г.

…Երբ ներսում գարուն է



Անձրև՜ էր, ցո՜ւրտ ու խոնա՜վ,
Քայլում էի լուռումունջ,
Երբ մեր բակում պատահմամբ
Տեսա հիմար մի խխունջ:

Ասացի,
- Գնա տո՛ւն, կմրսե՜ս,
Թրջվե՜լ ես անձրևից,
Խխունջը պատասխանեց.
- Ցո՛ւրտ է միայն դրսից:
Իմ ներսում գարո՛ւն է,
Օ՛ր է հիասքանչ,-
Շշնջաց այդ սողունը,
Պատյանում իր փակված:

Ասում եմ
- Ցո՛ւրտ է, մի՞թե չես մրսում,
Եղանակն էլ կիջնի զրոյից,
Նորից նույնն եմ լսում.
- Ցո՛ւրտ է միայն դրսից,
Իմ ներսում տաք է այնքան,
Որ վարդեր են ծաղկում,
Ծիտիկներ կան ծլվլան,
Ծղրիդներն են երգում…

- Դե լա՜վ, ի՞նչ արած,  
Այ հիմա՛ր խխունջ,
Մնա այդպես՝ փակված
Ներսումդ խնջույք:

… Անձրևը վաղուց ավարտվել էր,
Դուրսն արև էր տաք,
Իմ ներսում խավար էր,
Ցո՜ւրտ էր ու դատարկ:


Օրը՝ նեղացած աշխարհից…



Ամպերը լաց չե՛ն լինում,
Աշխարհում չկա՛ նման բան,
Ինչ որ Մեկ  չկա՛ վերևում,
Որ լաց է լինում քեզ համար…

Թե լա՛ց է անձրևը,  կորա՛ծ չէ ոչինչ,
Կախված չէ ինձնից ու քեզնից,
Թե անձրև է, ուրեմն մեկի սիրտն է
Շատ խիստ նեղացած աշխարհից…

Թեթևանում է երկինքը ցավերից,
Արցունքոտվելով դատարկվում,
Ու տխուր պարում են կաթիլներն անձրևի,
… Աշխարհն անտարբեր պտտվում:

Մի ափ է շոյում բնության թաց այտը,
Տաք՝ ինչպես գիրկը մայրական,
Ու պտտվո՜ւմ, պտտվո՜ւմ է աշխարհը
… Անձրև է թափվում անդադար…

Բնությունն ուղղակի թրջում է աչքերը,
Աչքերի նման հայրական,
Մի ձեռք է շոյում բնության վարսերը
… Անձրև է թափվում անդադար…

Արդյոք կա՞ ինչ որ մեկն այնտե՛ղ վերևում,
Քեզ համար մտածո՜ղ, կարեկի՜ց,                 
Չկա՛,  չի՛ եղել նման բան աշխարհում,
… Քո սիրտն է լալիս ցավերից:                               

Պտտվի՜ր աշխարհ, պտտվի՜ր,
Ազատվիր մոխրագույն ամպերից,             
Թող գնա՜, թո՛ղ այսօրն էլ անցնի,
Օրը՝ նեղացած աշխարհից…


Ս.Ումառ-Հարությունյան