понедельник, 10 июня 2013 г.

Բախտի դուռը



Հաճախ ժանգոտվող
Անիվը բախտիս,
Վաղուց է հոգնել,
Վաղուց է կանգնել  
Դռանը բախտի:

Բախտի դռներն էլ
Անտարբերության սքեմներ հագած,
Ու թաց հողի մեջ վաղուց կարծրացած,
Դեռ միջնադարից
Մնում են փակված:

Միտքս ՝
Կռացած դռներին այդ փակ,
Ինչքան է երգել,
Բղավել,
Թակել,
Փորձեր է արել դռները բացել
Բոցով  անփարպակ:
Ինչքան դեռ պետք է մնա կռացած,
Ու դեռ ինչքան էլ պետք է լաց լինի,
Սքեմներ հագած անտարբերության
Դռների առաջ:

Դե, դռներ բախտի,
Եթե չեք բացվում
Ցույց տվեք ճամփան,
Ճամփան դրախտի:
Դա էլ լինի փակ՝
Կգնամ դժոխք:
Ինձ հասանելիք կրակե վերքով,
Լեղիով լցված թասը ձեռքերիս
Կմտնեմ սիրով:

Իսկ եթե հանկարծ
Դժոխքն էլ լինի այսքան անտարբեր…
Կգնամ դեպի անանուն ափեր…

воскресенье, 9 июня 2013 г.

Զանգ Բարձրյալին



Զանգ Բարձրյալին


…դատարկություն, միայնություն, հուսահատություն…միայն նրանք են քեզ սպասում քո բնակարանում, աշխատանքից հետո:
Երեկո… դու սկսել ես վախենալ երեկոներից… դու և երեկոն, ուրիշ ոչ ոք:
Բայց անցյալում դու սիրում էիր նրա հետ անցկացնել երեկոները, քո փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանում:
Այն ժամանակ ինչքան արագ էր անցնում ժամանակ կոչվածը՝ նա ժպտում էր ու արդեն մեկ ժամ անցավ քո կյանքից, համբուրում էր քեզ ու արդեն մեկ գիշեր անցավ քո կյանքից..

Քո մեջ գլուխ է բարձրացնում   ներքին թուլությունը կամ վախը, որ հանկարծ կարող է պատահմամբ կտրվել սեփական ճակատագրի՝ դեպի անհայտություն անընդհատ ձգվող բարակ թելը:
Ամեն մեկը չէ, որ կարող է համարձակ կտրել այդ թելը ու փորձեր անի ամեն ինչ սկսել նորից:
Անպայման ի հայտ կգան բազմաթիվ արգելքներ…
<Արդեն իմ տարիքը չէ…>
<Ուշ է ամեն ինչ սկսել նորից…>
<Ի՞նչ է մնացել ապրելու…>
<Միևնույն է, ճակատագրից չես փախչի…>
Արդյունքում ապրում ես չփոփոխելով ոչինչ, նայելով անցյալին, ապրելով անցյալով…
Ցանկանում ես փախչել ներկայից, բայց Ո՞ւր, անցյալ…
Այնտեղ լավ էր, հարմար, սիրում էիր, քեզ էին սիրում, հոգումդ ուրախ մի կրակ էր, քեզ թվացող հավերժ մի կրակ, որը չէր կարող հանգչել (այդպես էիր կարծում):
Ու հոգիդ լցվում է արդեն գոյություն չունեցող մի կրակով՝ անցյալի կրակով:
Լուսավորվում է հիշողությունդ, լույս սփռում՝ լույս, բայց Անցյալի…

* * *
- Այդ ո՞ւմ ես զանգում, այդքան երկար համարով: Միջազգայի՞ն զանգ է:
Անցյալս շատ հետաքրքրասերն է:
- Նրա՛ն, Բարձրյալին: Չէ, միջազգային չէ, համաշխարհային է:
Սպասում եմ ինչպես միշտ եմ սպասել:
Սպասելն արդեն սովորություն է:
- Հը՞, չի՞ պատասխանում Բարձրյալը - քմծիծաղում է Անցյալս:
- Ոչ, անհասանելի է: Արդեն որերորդ անգամ եմ զանգում:
- Քեզ ՛՛Սև ցուցակի՛՛ մեջ է գցել, - չարախնդում է:
- Կորիր գրողի ծոցը, դու էիր պակաս:
- Առանց ինձ ի՞նչ պետք է անես, առանց Անցյալ ո՞ւմ ես պետք: Ուզո՞ւմ ես օգնեմ:
- Դո՞ւ, այ հնամյա ճմրթած դավթար, ինչպե՞ս ես օգնելու:
- Դու միշտ թերագնահատել ես քո Անցյալը, դա քո ամենամեծ սխալն է: Բարձրյալը շատ զբաղված է լինում, դու պետք է հասկացնես նրան, որ անելանելի վիճակում ես: Հասկացա՞ր:
- Ինչպե՞ս, երբ չի խոսում հետս:
- Դե շարժիր ուղեղդ, անելանելի ե՞րբ են լինում, որտե՞ղ,  հը՞:
- Վանդակո՞ւմ:
- Գիտե՞ս քեզ ինչու եմ սիրում, որովհետև դու կրիտիկական պահերին անկրկնելի ես, կարողանում ես ճիշտ կողմնորոշվել: Դե իհարկե վանդակում, համարից հետո հավաքիր վանդականիշ:
Հավաքում եմ համարն իմ իսկ Անցյալիս խորհրդով:
- Սպասի՛ր, պետք է երեք զանգ գնա, մի՛ շտապիր ինչպես միշտ:
Երրորդ զանգից հետո ինձ պատասխանում է Բաևձրյալի ինքնապատասխանիչը:
< Չի կարելի վերադառնալ Անցյալ ու փոփոխել կյանքի մեկնարկը, բայց կարելի է հենց հիմա Մեկնարկել ու փոխել կյանքի Եզրագծին մոտենալու պայմանները:>

Անցյալս հաղթողի իրավունքով իր հետույքը գցեց բազմոցին:
Ձեռքերը տարածեց բազմոցի թիկնակով մեկ, ոտքը գցեց ոտքին:
- Դե, որպես հրաժեշտի նշան արի մի հատ լավ ծխենք, դու հրաժարվո՞ւմ ես ինձնից, նոր Անցյալ ես սկսում, ճիշտ եմ չէ՞:
- Ո՛չ, ես քեզ շատ եմ սիրում, չեմ կարող հրաժարվել, իրոք սիրում եմ, նույնիսկ քո այդ դանդալոշ մռութը:
- Հի, հի, հի:  Գիտե՞ս չէ, թե քեզ ինչու եմ սիրում…այ հիմա գտիր անցյալից մեկին, որի հետ քեզ եղել է շատ շատ լավ,  ու…

* * *
Չեմ կարող ասել, թե Փարիզն ինձ ընդունեց գրկաբաց:
Չեմ կարող ասել, թե ահա Եվրոպայի երանգը, ահա Եվրոպայի գույները, շունչը, ռիթմը…ամեն ինչ մեր Երևանյան գիշերվա նման էր, թերևս քիչ  ավելի ճոխ:
Սովորական մի քաղաք էր իր բազմաթիվ լուսային լուսային էֆֆեկտներով:
Գրկաբաց չընդունեց նաև Տեր Հայր Ավետիքը՝ իր քաղաքացիական օգնականներով, հատկապես սկսած այն պահից երբ Հայկական եկեղեցուն, կիրակնօրյա Հայկական դպրոցին ծանոթանալուց հետո խնդրեցի, որ հնարավորության դեպքում գիշերեմ իրենց մոտ՝Եկեղեցու տարածքում, որտեղ որ իրենք են գիշերում:
Իմ բերած բարեգործական նվերներն ընդունեց Մայրապետը, որի միայն աչքերը տեսա:
- Մեր կուսանոցի Մայրապետն է, - ներկայացրեց Տեր Ավետիքը:
- Այսքան երիտասարդ և Մայրապե՞տ:
Պատասխան չեղավ, իսկ գեղեցիկ աչքերն անմիջապես լքեցին սենյակը:
Աչքեր, որ կարծես ավազահատիկներ լինեին՝ այն ավազահատիկներից, որոնց խխունջը կուլ տալուց հետո վեր է ածում մարգարիտների:
Գրկաբաց չընդունեց նաև Եկեղեցու այդ ննջարան հարկաբաժինը, քանի որ զուգարան փնտրելիս պատահմամբ բացեցի այն դուռը, որտեղ լոգանք էր ընդունում Մայրապետը:
Սովորաբար մերկ կանայք պատահմամբ  տեսած տղամարդուց ձեռքերով աշխատում են փակել կրծքերը կամ…
Մայրապետն ուրիշ էր ու լուռ աջ ձեռքով փակեց ձախ ուսը:
Ես հասցրեցի տեսնել ձախ ուսի վրայի դաջվածքը:
Ի՞նչ էր դաջված չհասցրեցի նկատել:

* * *
Միշտ էլ ուրիշ, օտար անկողնում չեմ կարողացել քնել:
Լուռ կանգնած ծխում էի պատուհանի մոտ արդեն որերորդ ծխախոտը, երբ զգացի այրված հաղորդալարերի հոտ:

Միացնե՞լ լույսը, թե՞ ոչ, չէի կարողանում կողմնորոշվել:
Սենյակը ծխով էր լցվում:
Հազալով դուրս թռա սենյակից միջանցք երբ արդեն դեպի իմ սենյակն էր շտապում վախեցած աչքերով Մայրապետը՝ գիշերազգեստով:
- Ի՞նչ է եղել, - հարցը շշուկով էր ու զգույշ:
- Չգիտեմ, կարծես հաղորդալարերն են այրվում, ես չեմ միացրել լույսը:
- Սպասիր այստե'ղ, - համոզիչ ու կիսահրամայական տոնը ինձ մեխեց տեղում:
Մտավ ներս:
Դուռը մնաց բաց:
Մի քանի վայրկյանից հետո վառվեց սենյակիս լույսը:
Ես ներս մտա մոռանալով որ ինքս էլ կիսավարտիքով եմ:
- Ծխե՞լ ես այստեղ:
- Այո, դրա համար էլ հյուրանոցի իմ համարից հրաժարվեցի, այնտեղ արգելված է ծխելը:
- Իսկ ինչո՞ւ ես ծաղկամանի մեջ հանգցրել ծխախոտդ:
- Ի՞նչ է ֆրանսիական հողը դյուրավառ է:
- Ծաղկամանում հող չէ, այլ տորֆ: Լա'վ, պառկիր ես այն դուրս կտանեմ:
Բացված պատուհանից սկսեց արագ դուրս գալ տհաճ հոտ ունեցող ծուխը:
Դուռը ծածկեցի ու պառկեցի, փորձելով քնել:
Աչքերս արդեն կիսափակ էին, երբ զգացի, որ որ դուռը դանդաղ բացվում է:
Մայրապետն էր՝ Մոնիկան:

Արթնացա արևի մի լկստված շողից:
Մոնիկան չկար:
Անկողնուց գալիս էր նրա բույրը:
Բարձիս վրա գտա նրա երկար մազերից մեկը:
Հոտ քաշեցի, հետո բռնած արևի լույսի տակ երկար նայեցի:
Թե ի»նչ պետք է տեսնեի, ինքս էլ չէի հասկանում, բայց հաճելի էր:
Ոչ մի ձայն չէր լսվում:
Մի՞թե այսքան շուտ եմ արթնացել, մի՞թե բուռն անցկացրած գիշերը չի ազդել իմ քնի վրա:
Նայեցի ժամացույցին:
Ժամը տասն էր:

Դռան թակոց:
<Մոնիկան>,- անցավ մտքովս ու բացեցի դուռը:
Տարիքով մի կին էր, երևի սպասուհին:
- Ձեզ նախաճաշի են սպասում, վաղուց: Տեր Հայրը զայրացած է:
- Իսկ Մոնիկա՞ն՝ Մայրապետը:
- Ի՞նչ Մայրապետ, այստեղ կուսանոց չկա, որ Մայրապետ լինի: Ես  պետք է սենյակը հավաքեմ:
- Մոնիկան…
- Գնաց, էլ չի լինի: Խնդրեց ձեզ փոխանցել այս թուղթը:
Հեռախոսի համար տարօրինակ կարճ համար էր:

Տեր Ավետիքն ինձ ընդունեց պատշաճից սառն ու շատ պաշտոնական:
- Ցավում եմ, որ պետք է հրաժեշտ տանք միմյանց, դե բնական է, որ ինչ էլ կատարվեց կմնա մեր մեջ, ես ի նկատի ունեմ հրդեհից խուսափելը: Մենք իրար լավ կհասկանանք:
Ձայնը դողում էր: Ձեռքի կապտավուն երակները ուռել էին ու դժկամ մեկնվեցին ինձ հրաժեշտի համար:
Չսեղմել չէի կարող:

* * *
Անցյալս բազմոցին փռկված կիսաքուն ժպտում էր:                  
- Ինչո՞ւ ես ժպտում, ինչի՞դ վրա ես ուրախանում:
- Պատկերացնում եմ քեզ հերոսի դերում, կսազեր ճիշտն ասած:
- Ի՞նչ հերոս, էլի սկսեցիր:
- Այն ժամանակ Փարիզում, եթե Մոնիկան ուշանար ու աշխատեին առաստաղին ամրացված հրշեջ տվիչները, կժամանեին հրշեջները, հետո անպայման ոստիկաններն ու արդեն երեք տարի ոստիկանությունից թաքնվող Մոնիկան կընկներ վանդակի մեջ: Քեզ էլ կդարձնեին հերոս…
- Հիմար բաներ են մտքովդ անցնում:
- Ինչո՞ւ չես զանգում, փնտրում նրան, չէ՞ որ դու ուզում ես:
- Ինչպե՞ս զանգեմ, ո՞ւր, ո՞ր համարով, քեզ հեշտ է տափակ-տափակ խորհուրդներ տալ:
Կատաղում եմ քո վրա, բայց ինչ որ մի տեղ ճիշտ ես, հարկավոր է ինչ որ բան փոխել:

* * *
… ինչ որ մի բան հարկավոր է փոփոխել, բայց ուժ չունես դա անելու…միայն անցյալի հիշողություններն են գլխումդ ու նրանք էլ մեղվի խայթոցի նման ծակծկում են հոգիդ, սիրտդ…չես զգում այդ ծակոցները, կամ ավելի ճիշտ չես ցանկանում զգալ այդ ցավերը…դու նույնիսկ կարծես ուրախ ես, որովհետև դրանք քեզ օգնում են, ստիպում են ապրել այնպես, ինչպես որ կա ներկայում…

* * *
- Ինչո՞ւ պետք էր քեզ Ֆրանսիայի ինչ որ համար տար: Դա Երևանյան հեռախոսի համար է, վեցանիշ, փորձի՛ր ու կտեսնես, որ ճիշտ եմ:
Գիտե՞ս չէ, որ համարյա չեմ սխալվում:

Գտա թուղթը:
՛՛526257՛՛ ուրիշ ոչ մի բառ:

* * *
Ինչու ես կախվում անցյալի պատառիկներց, ինչու ես ուղեղումդ պահում անցյալի կարծես թվացյալ մանրուքներ, որոնք տարիների ընթացքում մոռացված անցյալից կառուցում են պատկերներ, դրվագներ ու ստիպում են քեզ երևակայել, հորինել այն ինչը չի եղել, բայց շատ կցանկանայիր որ լիներ:

* * *
- Դե զանգիր, ի՞նչ ես շշմած կանգնել: Կսպասես երեք զանգ, չշտապես անջատել:
Զանգերի քանակը հասավ երեքի և երբ փորձեցի անջատել, լսեցի:
- Ալո՞:
Փոքրիկ աղջկա ձայն էր:
- Ո՞ւմ եք ուզում:
- Մամային, տա՞նն է:
- Մա՛մ, արի քեզ են ուզում:
Շունչս պահել եմ ու պատրաստվել ներեղություն խնդրելու սխալ զանգիս համար:
Անցյալս բազմոցից վեր կացավ ու մոտեցավ:
- Չփորձես ցած դնել ձայնը լսելուց հետո, ես քո հետ եմ, քեզ մենակ չեմ թողնի:
- Ալո՞, լսում եմ:
- Մոնիկա՞:
- Այո, ով է՞, կարծես ծանոթ ձայն, բայց…  
Չեմ կարողանում պատասխանել:

Ժամանակն ինչպես մի դահիճ, ցանկանում է ցույց տալ իր արյունոտ կարողությունները քո շրջապատին՝ դիտմամբ ձգում է անցյալի ականջներից, ավելի ցայտուն դարձնելով քեզ մահապատժի ենթարկելու ամեն մի վայրկյան, պահ, ակնթարթ…

Ի՞սկ ես, ես էլ ամեն մեկ չեմ ու կկարողանամ ամեն ինչ սկսել նորից:











Լքված խաչքարեր


    


Սերը դա մի հնարավորություն է երկուսով միաժամանակ նայելու անհրաժեշտ ուղղությամբ, որպիսզի ճանապարհը լինի միաձույլ, այլ ոչ թե ճակատագրի հարվածից բաժանվի մասերի:   Ս.  Ումառ                              



* * *
- Կանգնեցրու այստեղ, այսքան տարի Գլենդելում ես ու դեռ Գեղեցկության սրահների տեղերը չես կարողանում սովորել:
Նայեց կնոջը:
- Ի՞սկ ինչ ունես այնտեղ անելու, տեսքդ լավն է:
- Ուրեմն իմ եղունգի կոտրվելը քո համար ոչի՞նչ է: Ի՞սկ մազերս, համ էլ դա քո փողով չէ, ինչո՞ւ ավելորդ անհանգստանալ:
- Իսկ ի՞նչ տարբերություն, ի՞մն են թե՞ քոնը:
- Սա Ամերիկան է, Հայաստանը չէ, դու միշտ մոռանում ես: Մեքենան իմն է, տունը նույնպես: Ապրում ենք հայրիկիս փողերով: Քեզնից ոչինչ չենք պահանջում, հանգիստ ապրիր էլի, ի՞նչ ես ուզում:
- Ես ուզում եմ մարդավարի, հասկացիր…
- Վերջացրո՛ւ, մարդավարի…Քեզ ո՞վ էր խնդրել այդքան դրամ ծախսել ու քարի վրա նկարի պատվեր տալ պարոն Կարպիսին, հայրիկս այնպես էր բարկացել քո վրա:
- Բայց ես քո մայրիկի համար էի ցանկանում, քո մոր նկարն եմ պատվիրել:
- Դու  գիտե՞ս, որ այդքան գումար ծախսելուց հետո չթույլատրեցին գերեզմանին նկար կպցնել: Չէ՞ որ ոչ մեկի վրա չկա նկար:
- Իսկ այդ Կարպիսը չգիտե՞ր:
- Գիտեր, բայց դրամ աշխատեց: Հո չէր հրաժարվելո՞ւ: Մեկ էլ քեզ խնդրում եմ, տանը խունկ չվառել, հարևանները բողոքում են, հատկապես վերևի չինացին: Ամբողջ շենքով մեկ հոտ ես գցել:
- Մեռելոց էր երեկ, ինձ արգելեցիք գերեզմաններ գնալու…
Կորեք դուք էլ, ձեր Ամերիկան էլ, հայրդ էլ, Կարպիսն էլ…ես ձեր…
- Կարող ես վերադառնալ հայրենիք, քեզ պահող չկա, ուզո՞ւմ ես: Միևնույն է մեր հարաբերությունները կարծես…

* * *
Գերեզմանոցը նման էր ինքն իրեն՝ լուռ, խորհրդավոր:
Թանգարանային նմուշների նման իրար հաջորդող վաղուց այցելու չտեսած շիրմաքարերը կարծես ականջիդ շշնջում են.
<Մի անցիր անտարբեր, մոտեցիր, գլուխ խոնարհիր, վաղուց մեզ չեն մոտեցել, մեզ լքյալ ենք համարում, լքված մեզ այցելողներից…
Մեզ այցելողները միգուցե լքել են Հայրենիքն ու հիմա  մենք կարոտ խնկահոտին, կանչում ենք ամեն մի անցնողի ու երանի տալիս այն շիրիմներին, որոնց այցելում են:
Մի անցիր անտարբեր, մեզ էլ մոտեցիր… >

Արդեն երկու ժամ կլինի, որ փնտրում եմ ու չեմ գտնում Նրա գերեզմանը:
Լավ հիշում եմ որ, ձախ թեքվելիս կար մի նստած արձան, որին հաջորդում էր բարձր քարի վրա քանդակած մի գլուխ՝ ձյան տակ էր մնացել, սառել մահացել:
Գերեզմանատան ճամփաբաժանի մոտ մի կին է կանգնած, արևից վառված դեմքով, անխնամ շորերով, ձեռքերը հողոտ:
Միգուցե աղքատ է, փող է հավաքում:
Միգուցե աշխատողներից է, ու կարող է հիշել, ի՞նչ իմանաս, ուրիշ տարբերակ չունեմ:

- Մայրիկ, կարո՞ղ է Սոնայի  գերեզմանի տեղն իմանաս, չեմ գտնում, վաղուց այստեղ չեմ եղել:
- Սոնա՞, ինչից է մահացել, քո տարիքի՞ն էր:
- Հա, իմ տարիքին, գազից է խեղվել, հարսանիքից մի քանի օր առաջ:
Ձեռքս տանում եմ գրպանս, գիտեմ, որ մանր դրամ ունեմ:
Հեռախոսի զանգը ընդհատում է մտքերս:
Բայց իմ ՛՛զանգը՛՛ չէ:
Կինն իր բազմաթիվ շրջազգեստները ետ տալով հանում է կարմիր գույնի  բացովի մի Samsung հեռախոս:
- Ախչի Մարիամ, վերջացրեցի՞ր, ավելն առ ու արի, ես ներքևի խաչմերուկում եմ:
Ձեռքս հանում եմ գրպանիցս:
- Տղա ջան ընտանիքո՞վ են մահացել, թե…
- Չէ, մենակ, գազից, լոգարանում: Տաս տարի առաջ էր: Այս կողմերում պետք է լինի, այ այս արձանը հիշում եմ:
Ձեռքով ցույց եմ տալիս նստած քանդակին:
- Որ այսքան տարի չես եղել, չես գտնի, իզուր ես ման գալիս, ծաղիկներդ լավն են, թանկանոց, դիր մի որևե գերեզմանի ու…ի՞նչ տարբերություն:
- Այստեղ չէի, Ամերիկայից եմ:
- Դե մի 20 դոլար տայիր, Ռոզան իրա դավթարներում կգտներ ու ցույց կտար տեղը:
- Ասացին այսօր չի լինելու:
Հեռվից նկատեցի ծուխ:
Խնկահոտը սկսեց տարածվել:
- Նոր մի բաձա էլ իրա կնգա գերեզմանն էր ման գալիս, էս ինչ երկիրա դառե՞լ այ մարդ, մա՞րդ էլ կնգա գերեզմանը կորցնի:

Գնացի դեպի խնկահոտը:
Մի անխնամ գերեզմանին ծուխ էր ու սևազգեստ մի կին:
Մոտեցա, առանց նրան նայելու ծաղիկներս դրեցի գերեզմանաթմբի վրա:
Կարծես չի նկատում:
Հայացքը գամված շիրմաթմբին արտասվում է:
- Կոտրիր ծաղիկների գլուխները, թե չէ այստեղի աշխատող կանայք կտանեն վերավաճառելու:
Երեկվա իմ բերած ծաղիկներից հետք անգամ չկա: Ընկերների՞ց ես, չեմ կարողանում քեզ հիշել:
- Ոչ, չեմ ճանաչում, ուղղակի չգտա փնտրածս գերեզմանը, դե՞…
Դիմագծերը նուրբ են, համաչափ:
Դողացող մատներով կոտրում եմ ծաղիկների գլուխներն ու ակամա հիշում աշխատող կնոջ կարմիր հեռախոսը:
- Ձեր ի՞նչն էր, կներեք:
- Ամուսինս, գնաց, իր հետ տանելով իմ կյանքը, արդեն երկու տարի է այստեղի ամեն շաբաթվա այցելուներից եմ դարձել:
Խունկ եմ գցում ամանի մեջ:
- Կարո՞ղ է պատհմամբ իմանաք Սոնայի գերեզմանը, գազից է խեղդվել…
- Այն կողմը մի գերեզման կա, ես այդ ճանապարհով եմ միշտ գալիս, կարծեմ Սոնա է գրված վրան, կոտրված խաչքարով, առանց նկար, միգուցե…

* * *
Գերեզմանն անխնամ է, ցուցանակը ժանգոտված, չնայած կարդացվում է անուն ազգանունն ու մահվան տարեթիվը:
՛՛Մուրադյան Սոնա Սահակի
1965 – 1990 թ.թ՛՛
Կոտրված խաչքարն էլ թեքվել է մի կողմ:
Հարևան գերեզմանից մի ալյումինե կաթսա գտա, ծակ:
Յասամանի չորացած ճյուղերը պոկեցի ու փորձեցի վառել:
Ստացվեց:

Սոնա:
Առաջին սերը դա ոչ առաջին ոչ էլ վերջին սերն է: Դա այն միակ սերն է որի մեջ մենք ներարկում ենք մեր ամեն մի մասնիկ, մեզ լիովին, մեր հոգին, նպատակներն ու ցանկությունները:
Առաջին սիրո ավարտից կարծես դատարկվում ենք ու դառնում բացարձակ միայնակ:
Դառնում լքված:
Դառնում ենք աշնան մի տխուր գիշեր, տարածվում ինչ որ տարածության մեջ:
Բոլոր փողոցները դառնում են դատարկ ու մութ:
Աչքերդ դատարկ սկսում ես երկնքում փնտրել հարազատ աչքեր:
Շուրթերդ սառչում են կարծես համբուրել են սառած քարեր ու դողում են սպասումից:
Կգտնե՞ս…
Կգա՞ս…
Կվերադառնա՞ս…
Դա կյանքում չի մոռացվում:

Յասամանի չորացած ճյուղերը մահվան լռության մեջ ճարճատում են:
Հանեցի խունկն ու լցրեցի կրակի վրա:
Ուրոգվայահայ քահանայի տված խունկն ուրիշ բուրմունք ուներ:
Ծուխ տարածվեց:
Նստեցի մի քարի ու սպասում եմ…
Ո՞ւմ:
Ինչի՞:
Մինչև վերջանա խնկահո՞տը:
Ինչո՞ւ համար:
Այդպես է ընդունված երևի:

Երբ վառում էի ծխախոտս ոտնաձայներ լսեցի:
Ձեռքերը կրծքին ծալած զգույշ մոտենում էր սևազգեստ այն կինը:
Մոտեցավ հողաթմբին, ձեռքերն ազատեց կրծքից ու հողաթմբին անկանոն թափվեցին գլուխները պոկած իմ ծաղիկները:
Լուռ կռացավ, առանց իմ կողմը նայելու, սկսեց կանոնավոր դասավորել հողաթմբով մեկ:
Հետո ծնկների վրա գլուխը կախ լուռ նայում էր ծաղիկներին, կամ հողաթմբին:
Թափանցիկ հախճապակու նման մի արցունքի կաթիլ ընկավ գերեզմանին:
Վեր կացավ, մոտեցավ, նստեց նույն քարի վրա՝ կողքս:
- Մի հատ էլ ինձ տուր ծխեմ, ծխող չեմ, բայց չգիտեմ ինչու հանկարծ ցանկացա:
Մեկնեցի:
Ծխախոտի ծուխը խառնվում էր խնկածխին ու բարձրանում վեր:
Երկար մուգ գույնի մազեր:
Սև շրջազգեստն ու գլխի կապած շորը թաքցնում էին աչքերում կուտակված կայծերի դուրս բռնկման ուժը:
Ի՞նչ հոգնածություն կա աչքերում թաքնված, բայց միգուցե սխալվո՞ւմ եմ, ոչ թե հոգնածություն այլ տխուր լինելու սովորություն:
- Ծխախոտդ այրվել է, ֆիլտրին ես հասել, մատներդ կայրվեն:
Վաղուց չլսված հոգատար ձայն:
Միգուցե ցանկանում է որ ձեռքս ազատվի ու գրկի իրեն, այստե՞ղ, այս լքված խաչքարի ներկայությա՞մբ:
Աչքերը լցված են:
Աստված իմ, ի՞նչ կարող է անել սևազգեստը նման հաճելի արտաքին ունեցողին:
Ինչպե՞ս կարող է հայացքում ներարկել այդքան ցավ ու վիշտ:
Ձեռքս գցեցի ուսին:
Գլուխը հենեց իմ ուսին ու հեծկլտոցն ավելացավ:
Քիչ այն կողմ թփերի ետևից լսվեց մի ձայն:
- Մեղա քեզ Աստված, գերեզմանոցն էլ են վերածել ժամադրավայրի:
Ախչի Մարիամ,  էս կողմն արի, ջարդված խաչքարի կողմը…


Սկսվում էր աշնան մի նոր օր:
Աշուն որ վերափոխվել էր գարնան զգացմունքի:
Աշնան ցուրտ վերմակը գրկել էր շրջապատը:
Մի նոր օր էր ու շատ նման այն աշնան օրվան, երբ աչքերիս առաջ առաջին անգամ երևաց կոտրված խաչքարը:
Երբ առաջին անգամ դատարկության մեջ զգացի քո կոտրված սիրտի անհույս թփթփոցը:
Երբ իմ սիրտն էլ սկսեց քոնի հետ համաչափ, դանդաղ կծկվել ու սպասել հերթական զարկին:

Պատշգամբում կինն էր կանգնած, հայացքն ուղղած երկնքին:
Երկինքն արդեն օտար էր իսկ իր հարազատը դեռ քնած էր ու չէր կասկածում, որ երկնքին նայելուց առաջ կնոջ շուրթերն անպայման հպվելու են իր աչքերին ու շշնջալու.
Չանցնես անտարբեր, աչքերս քեզ են սպասել, գտել:
Չլքես երբեք, դա շատ ցավոտ է:
Չէ՞ որ դու գիտես ցավը տանջվողի:



суббота, 6 октября 2012 г.

Նվիրիր ինձ ծաղիկներ…





           Նվիրի´ր ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ շուշան,մեխակ, երիցուկ,… Նվիրիր շա~տ, շա~տ.. . Ուզում եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի ճյուղ, նվիրի´ր թրաշուշաններ  բոլոր գույների….

* * *
- Մի քիչ արագ շարժվի´ր, ինձ երեք ժամ է մնացել, կուշանամ:
- Մա´մ, չես ուշանա, ամեն անգամ նույն պատմությունն է: Այսօր ո՞ւր եք գնում: Ինչպե՞ս չես հոգնել այդ գործուղումներից:
- Դե, աշխատանք է: Այդ  խմբին անհրաժեշտ էր լավ հաշվապահ: Լավ էլ վճարում են: Այս անգամ հանքերն ենք գնալու` Քաջարան: Կգամ երեք օրից: Հարևան Սեդային ասել եմ, որ նայի մեկ-մեկ:
- Երեխա՞ եմ, մա´մ, արդեն քսանհինգ եմ…
- Գիտեմ, մի անգամ Վահեի հետ մենակ մնաս, արդեն պատկերացնում եմ…հետևանքը: Այդ տղան ինձ դուր չի գալիս, չգիտեմ ինչու, մի տեսակ չար է հայացքը:

<Իսկ ես սիրում եմ նրան, նա էլ ինձ: Մի քիչ գործերը կարգավորվեն, կամուսնանանք:
Մեր հարաբերությունները համբույրից այն կողմ չեն անցել: Բելլան՝ մորաքրոջս աղջիկը, ասում է, որ այդպես կկորցնեմ նրան: Բայց չէ՞ որ սիրում ենք իրար, մի՞թե ֆիզիկականն է կարևորը>: 

- Մա´մ, լա´վ էլի: Դու չե՞ս քրոջդ աղջկան կանչել, որ հետս մնա, կարծես փոքր լինեմ: 
- Բելլան մի բարի պտուղ չէ, բայց քո նման միամիտ չէ: Աննա´, Վահեն ոչ մի տեղ չի աշխատում, այդ ի՞նչ փողերով է քեզ ամեն անգամ ծաղիկներ առնում,  այն էլ` ոչ էժան: Այդ ի՞նչ փողով է մեքենան պահում: Ոչինչ չի ասում, որ իմանանք:
- Լավ էլի, սկսվե~ց, մա´մ, դե տղամարդ է, մի բան անում է, ես հո չե՞մ հարցնելու: Համ էլ սովորական մեքենա է, թանկերից չէ:
- Իսկ նա փորձ արե՞լ է, դե քեզ …
- Մա´մ, Վահեն կարգին տղա է, քո մտքով….
Մայրը գլուխն օրօրեց ու նորից մի անհաջող փորձ արեց փակելու ճամպրուկը:

<Գլուխս պտտվում է : Մի բաժակ գինո՞ւց է, թե՞ Վահեի ձեռքերից, որ  ուսումնասիրում են մարմինս, շուրթերը չի կարողանում կտրել իմ շուրթերից…
Ճիշտ է, գլուխս պտտվում է, բայց զգում եմ, որ ձեռքերը բավականին հեռու են գնում, միթե՞ այդպիսին է սերը, ո~չ այդպիսին չէ:
- Վահե´, ի՞նչ ես անում, այդ ո՞ւր, անհարմար է…
- Սիրում եմ, միթե՞ չի կարելի: Դու ի՞նչ է, 16-րդ դարի՞ց ես եկել:
Աննան Վահեի ձեռքը հանեց շրջազգեստի տակից ու  հետ քաշվեց:
 Հետո զգաց, որ մի քիչ անարդար վարվեց, նորից գրկեց Վահեին ու շուրթերով ձուլվեց նրա շուրթերին: Հաճելի~ էր:
Վահեն սկսեց քանդել զգեստի կոճակները: Ինքը դեմ չէր: Հետո, երբ զգաց հաճելի տաքություն կրծքեր վրա, մի ուժեղ տաք ալիք անցավ մարմնով, ու դողաց:
Զգաց, որ կրծկալը քանդած չէ, իջեցրած է կրծքի տակ,  ու,  չգիտես ինչու, Վահեի ատամները նուրբ կծում են ձախ կրծքի գլխիկը:
Վեր թռավ տեղից:
- Քեզնից չէի սպասում, Վահե´, ինձ ո՞ւմ տեղն ես դրել:
Երեք օր չէր կարողանում զանգահարել Վահեին. հեռախոսն անջատված էր:
Երեք օր ուղեղը կրծում էին ինչ-որ սրատամ մանր կենդանիներ, մարմինը կարծես ծակում էին բազմաթիվ ասեղներ, ու ցավ էր հոգում:
Մի՞թե սխալվեցի, մի՞թե պետք է թույլ տայի, մի՞թե դա սիրո ամենաբաղադրիչ մասն է: Ինչո՞ւ, ինչո՞ւ մայրերը չեն սովորեցնում` ինչպես վարվել նման դեպքերում:
Վերջապես այսօր հաջողվել էր կապվել Վահեի հետ: Առանց ավելորդ բացատրությունների  խոստացել էր, որ գալու է երեկոյան>:
  
* * *
Աննան ու Բելան պատուհանից նայում էին:
Բակ մտավ մի սպիտակ <Մերսեդես>:
- Մա´մ, եկան, իջի´ր:
- Գոնե ծաղիկ բերեին,- Բելլան նայեց մորաքրոջը:
- Գործուղման գնալուց ծաղիկ են բերո՞ւմ, Բելլա´: Գլխումդ քամիներ են, ե՞րբ ես լրջանալու: Լա´վ, եկեք համբուրեմ: Ես գնացի:
Ճամպրուկը բեռնախցիկում տեղավորելուց հետո <Մերսեդեսը> շարժվեց` ճանապարհ տալով բակ մտնող մի այլ մեքենայի:
Մեքենայից դուրս եկավ Վահեն` ծաղկեփնջի պոչից  բռնած, ծաղիկների գլուխները ներքև:
- Վա~խ, Ա´ն, ի~նչ լավ ծաղիկներն են,- Բելլան հիացմունքով նայում էր:
- Հիմա այդ ծաղիկները կգան մեր տուն:

           Տեսնում եմ, թե ինչպես ես մոտենում: Տեսնում եմ, թե ինչպես են նրբերանգ գույներով ճառագայթում ձեռքիդ բնության այդ գեղեցիկ զավակները` թեկուզ պոկված հողից, բայց այն պայմանով, որ կարողանան պարգևեն ուրախություն, ջերմություն, որ կարղանան ցույց տալ քո սերը, քո զգացմունքները, հավատարմությունը…
Ուզում եմ, որ նրանք լինեն հաճելի քո նվիրական մտքերի` ինձ պատկանելիության նման:

- Սա՞  է Վահեն, Ա´ն: Լավն է, ինչո՞ւ մամայիդ դուր չի գալիս: Ես ձեզ մենակ կթողնեմ, լա՞վ: Մամադ չի իմանա:
- Չէ´, ի՞նչ ես ասում, - Աննան կարմրեց,- Գժվեցի՞ր, նման բան չկա:
- Դու չես հասկանում, Ա´ն: Ուզում ես կորցնե՞լ նրան:

* * *
Ու շադրություն դարձրել եք, արդյոք,  թե ինչպես է տղամարդու քայլվածքը փոխվում ծաղիկներ տանելիս…
Կնոջը`արագ քայլերով, գլուխը կախ…
Սիրած կնոջը` գլուխը բարձր, ժպիտը դեմքին…
Դստերը, հպարտ, հանդարտ, ծաղիկները սեղմած կրծքին…
Մորը`կարծես սահելով օդում, թեթև քայլերով…
Կին տնօրենին` արհամարական կիսաժպիտով, ծաղիկների գլուխները պահած ներքև…

* * *
- Ծանոթացի´ր, Վահե´, մորաքրոջս աղջիկն է` Բելլան:
- Ուրախ եմ, Բելլա´:
Վահեն ուշադիր նայում էր Բելլային: Ժպտաց:
- Դե, ո՞վ է սուրճ պատրաստում ինձ համար:
Բելլան անխոս գնաց խոհանոց:
Խոսակցությունը չէր ստացվում: Նստած իրար դիմաց, Աննան ուշադիր նայում էր Վահեին` կարոտած աչքերով: Վահեն ծխում էր գլուխը թեքած:
<Ինչքա~ն եմ քեզ սպասել, երեք օր, ո~չ,  մի ամբողջ հավերժություն, ինչո՞ւ այդպես եղավ, ինչո՞ւ չհասկացար ինձ…>:
<Մայրը գնաց հերթական գործուղման, ինձ կանչեց, ու մենակ չէ, ոչինչ չեմ հասկանում>:
Բելլան բերեց սուրճը:
- Մի՞գուցե ավելի թունդ մի բան խմենք, - Բելլան նայեց Վահեին:
- Ես մեքենայով եմ:
- Վահե´, ինձ ծխախոտ տուր: Հիմա սուրճս խմեմ, գնում եմ, գործ ունեմ:
Անան կարմրեց: Ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ:
- Ես էլ եմ գնում, գործ ունեմ, Աննային կարոտել էի, մտա մի կես ժամով…
- Ինչո՞ւ, դուք մնացեք, դեռ ասելու բան կունենաք իրար: Ես անպայման պետք է  մեր տանը լինեմ:
- Չէ, հաստատ չեմ կարող, միգուցե ավելի ուշ կարողանամ:
- Դե, այդ դեպքում ինձ էլ կտանես, մինչև կանգառ:
- Իհարկե:

* * *
- Վահե´, ինչ լավ ես վարում` հանգիստ, վստահ:
- Դու որտե՞ղ ես ապրում:
- Էրեբունի, հիվանդանոցի մոտ:
- Կտանեմ, ես էլ եմ այդ կողմը գնում, ուզո՞ւմ ես վարել սովորել:
- Այո, շատ, կսովորեցնե՞ս: Հիմա եմ ուզում:
- Դե լավ, խաչմերուկն անցնենք:
Վահեն թեքվեց աջ` դեպի Բուսաբանական այգի ու կանգնեցրեց մեքենան:
- Արի´ տեղերով փոխվենք,  հիմա կփորձենք վարել:
- Չէ´, միանգամից վախենում եմ…
Բելլան տեղավորվեց ղեկի մոտ:
-  Այդպես, լավ է: Չէ´, մյուս ոտքով ոտնակը  հավասարաչափ…
-  Ո՞ր ոտքով, չեմ կարողանում:
Վահեն ձեռքը դրեց  ոտքին, ծնկից քիչ վերև:
- Այ, ա´յս ոտքով սեղմում ես արագության…
-  Իսկ կարելի՞ է, ես ծնկներիդ նստեմ, այդպես սովորեցնես: Հեշտ կլինի սկզբի համար:
Բելլան նստեց Վահեի ծնկներին…
Հատ ու կենտ անցնող մեքենաները երկար նայում էին ղեկի մոտ համբուրվող զույգին, մեկն էլ նույնիսկ ձայնային ազդանշանով ուշքի բերեց:
Հիվանդանոցի մոտ ծաղիկներ էին վաճառում:
- Այստեղից ձախ,  ա´յ, այստեղ կանգնիր, բան եմ ասում:
… Նվիրի´ր ինձ ծաղիկներ՝ զանգակածաղիկ, վարդ, շուշան, մեխակ, երիցուկ,… Նվիրի´ր  շա~տ,  շա~տ… Ուզում եմ զգալ նրանց բոլորի բույրը միանգամից …Պոկի´ր ինձ համար յասամանի մի ճյուղ, նվիրի´ր թրաշուշաններ  բոլոր գույների….ինչպիսին որ Աննային ես նվիրել:

Վահեն իջավ մեքենայից ու վերադարձավ   մուգ կարմիր վարդերի մի փնջով:

* * *
Երբ մտան ներս, դեռ միջանցքում Բելլան գցեց պայուսակը հատակին ու գրկեց Վահեին:
Չէր ցանկանում, որ դանդաղ հեռացող ջերմությունը լքեր մարմինն այդքան շուտ:
Մարմնում կարծես հալվեց վերջին սառույցը, ու մի տաք ալիք հարվածեց ոտքից գլուխ:
Զգաց մի այնպիսի թեթևություն, ինչպես զգացել էր քիչ առաջ այգու մոտ :
<Ես կստանամ ինձ հասանելիք երջանկության բաժինը>:

Կանգնի´ր ժամանակ,  մի´ պտտվիր մեր շուրջը:
Ամեն ինչ կանգ է առել աշխարհում, մնացել ենք միայն ես ու դու:
Ավելի մոտիկ եմ ուզում, սա է, որ երբեք չէի պատկերացնի:
Չեմ հասկանում, այդ ե՞րբ մերկացանք, ե՞րբ հասանք ննջարան` իմ մահճակալին:
Սիրտս այնքան արագ է աշխատում, որ կարծես փորձ է անում դուրս գալ ականջներիս միջից:
Գլուխդ մազերիս մեջ է: Շնչառությունդ չի կարգավորվում, չեմ ուզում այսպիսի լարվածություն, թող թեթև լինի, եթերային…
Վախենում եմ նորից սառնություն մտնի մարմինս, հեռանաս մեր հպման տեղից ու աչքերդ թաքցնելով, հագնվես ու գնաս…
Համբուրի´ր, համբուրի´ր,  լուսնոտ ափերով ազդրերիս վրայով  անցիր հասիր….որ կարողանամ ճախրել`շուրթերդ շուրթերիս: Բաց չթողնես ինձ, խնդրում եմ…
Ինչպես են կարողանում մեր մարմինները հասկանալ միմյանց:
Նորից մի տաք ալիք, դիմանում եմ, նորից…նորից…
Երևի  կիսամութի մեջ լույս եմ արձակում, ի՞նչ իմանամ, ոչինչ չեմ զգում բացի քեզնից:
Ես այրվո~ւմ եմ….
Հաճույքից իմ ատամները  խրում եմ Վահեի ուսին…

* * *
Անկողնում նստած հեռախոսով է խոսում:
- Չէ´, Ա´ն, մի´ սպասիր, գործեր ունեմ: Չէ´, չեմ գալու: Լա´վ, մոտս մարդ եկավ: Դու մի´ զանգիր, ես ազատվեմ, ինքս կզանգեմ: 
Վահեի ուսին մի մանուշակագույն  հետք է ու իմ ատամներից մնացած կարմիր բծերը:
Շոյում եմ, համբուրում  Վահեի ուսը:
- Ինձ ամեն օր ծաղիկներ կնվիրե՞ս:
- Ամե~ն օր:

* * *
- Աննա, ո՞նց եք: Ի՞նչ եք անում:
- Լավ ենք մա´մ, ե՞րբ ես գալու:
- Աննա´, ի՞նչ է եղել: Բելլան այդտե՞ղ է: Մենակ ե՞ք, չխաբես: Բելլայի´ն տուր հեռախոսը:
- Հա ,մա´մ, մենակ եմ, Բելլան քնած է արդեն: Համբուրում եմ, բարի գիշեր:

Նվիրիր ինձ ծաղիկներ…
Աննան բացեց պատուհանը ու դուրս շպրտեց ծաղիկները:
Զգաց, որ մարմինն ապրում է, բայց հոգին մահացել է:
Սիրտը սկզբում մի քիչ դիմադրեց, բայց հիմա մի ծանր քարի նման ընկած է կրծքավանդակում:                
Կյանքը խեղդվեց Հուսահատության մեջ ու նույնպես քարի նման ընկավ  “Դավաճանություն” բառի ոտքերի տակ: