среда, 5 декабря 2018 г.

«Գիշերային դիմակներ» (շարք)




Մի կո՜ւշտ քնեի
Եվ ուրիշ ոչի՜նչ,
Բայց ցավո՜ք արդեն ժամանակ չկա՛,
Չնայած պառկո՜ւմ եմ,
Շուռումուռ գալիս
Ու թվում է թե քանի չե՛մ քնել
Դեռ չե՛մ կորցնում ժամանակ:

Չէ՜,
Չե՜մ հասկանում, թե ո՞ւմ եմ խաբում,
Ի՞նձ,
Ժամանակի՞ն,
Բախտի՞ն նեղացկոտ,
Այդ պահերի՜ն է, որ չե՛մ ճանաչում ինձ՝
Ինքս ինձ համար մնո՜ւմ անծանոթ:

Անծանո՜թ
Կա՜մ էլ մի վտարանդի-
Վտարված սեփական մարմնի կողմից,
Ատո՜ւմ եմ ինքս ինձ որպե՜ս մի լքված
Իմ սեփական կաղապարից:

Գրողի ծո՜ցը թե ժամանակ չկա՛,
Դանդա՜ղ-ծուլորեն
Մի կո՜ւշտ քնեի կաղապարիս հետ,

Ժպտայի փոքրիկ Հիսուսի նմա՜ն
Սո՜ւրբ Աստվածածնի նուրբ ձեռքերի մեջ…

понедельник, 3 декабря 2018 г.

Հիշողությո՞ւն




Նկուղում
Հնամաշ իրերի միջից
Մի տաբատ գտա՝
Մանկության մի ճի՜չ…
Չափեցի՝  ծնկներիցս էր,
Որ մի ժամանակ երկար էր եղել վրաս
Ուղիղ երեք մատ՝
Փոշոտ ճմրթված
Մի հրավիրատոմս էր դեպի իմ անցյալ…

Միգուցե՞
«Հի՜ն շոր, հի՜ն կոշիկ» ձայնից վախեցել,
Փախել մտել էր ներքնահարկ,
Կամ էլ տատիկիս հսկող աչքերից
Կծկվե՜լ, թաքնվե՜լ էր թթվի տակառի տակ:

Գտա՜ մանկությունս՝
Գրպանում փոքրիկ փայտե պարսատիկ
Ու…անեծքները մայր-ճնճղուկների:

Երկու խոսք


Եվ նա ունի՞ իրավունքը
Հարվածելո՜ւ
Ցածրացնելո՜ւ
Բարձրացնելո՜ւ կամ գցելո՜ւ,
Նա՜, որ իրեն Կյա՜նք է կոչում
Է՜հ, այդ ո՞վ է ուժեղի մոտ
Իրավունքը իր պահանջում…

Խելացնո՜ր
Խելապակա՜ս մարդ արարած,
Քեզ թվո՜ւմ է թե միայն դո՛ւ լեզու ունես
Աստվածներից պահանջելու
Ու փախչո՜ւմ ես ինքդ քեզնից
Առյուծ տեսած եղնիկի պես,
Մոռանալով, որ առյուծն իր առյուծ-լեզվով
Աստծուց եղնիկ է պահանջել…

Եվ ի՞նչ ստացվեց.
Հանդիպեցին եղնիկ-առյուծ
…Մնացածը ինքդ գիտես:

Արցունքի վերջը



Արցո՜ւնքն է էլի
Արցունքի վերջը-
Մի քիչ հուսախա՜բ, թուլացա՜ծ,
Արցունքով չի՛ փակվում տխրության էջը
Այլ հիշողությո՜ւն է դառնում
Դառնացած…

Արցունքից հետո անձրևի նմա՜ն
Մի ծիածան է կապվում աչքերում,
Որտեղ կապո՜ւյտն է իշխում գույներին
Կապո՜ւյտն է մնում բիբերում…

Փակված տխրության էջը խունացած
Արևի նման ամեն իրիկուն
Ծալվո՜ւմ է ասես մի հի՜ն պատմուճան,
Որի կարիքը էլ չի՛ զգացվում:

Արցո՜ւնքն է էլի
Արցունքի վերջը-
Մի քիչ հուսախա՜բ, թուլացա՜ծ,
Հիշողությո՜ւնն է ամե՜ն ինչի Վերջը,
և նաև Սկի՜զբը մոռացված…



пятница, 30 ноября 2018 г.

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (3)




Այսօր մի սովորական օր է,
Սովորական առավոտ,  
Սովորակ առավոտյան սուրճ,
Սովորական կանգառ,
Սովորական, շտապող մարդիկ  ու մի սովորական տղա, ականջակալներն ականջներին, ամեն ինչին անտարբեր…

Նա չգիտի, որ քիչ հետո կհանդիպի մի սովորական թվացող գեղեցիկ աղջկա և մի սովորական օր առաջարկություն կանի ու չի մերժվի:
Նա չգիտի, որ հետո կխնդրի այդ աղջկան իր համար աշխարհ բերելու մի հրաշք և այդ աղջիկը կկատարի իր խնդրանքը ու բացի հրաշք աշխարհ բերելուց ինքը կդառնա հրաշք՝ մայր ….ու տղային կդարձնի կրկնակի հրաշքների պահապան-հրեշտակ:

Մի պահ անտանելի ցանկություն առաջացավ ներկա լինելու այդ ամեն ինչին անտարբեր տղայի հարսանիքին ու տեսնել թե ինչպիսի բերկրանքով կբռնի իր հարսնացուի ձեռքը ու կմոտենա հյուրերին, իր գեղեցկուհուն ծանոթացնելու կամ օրհնանք, բարի ցանկություններ լսելու համար…

Մի սովորական կանգառ էր՝ իմ կանգառը ու տղային թողնելով  իմ երևակայական աշխարհում, սրտի դողով իջա մեքենայից:
Շուրջս սովորական մարդիկ էին ու անսովոր դեմքերով նայում էին իմ ժպտացող հայացքին…

Շատերին թվում էր թե մի հիվանդ մարդ եմ, որն ինքն իրեն ժպտալով ուղղակի քայլում է…առանց իմանալու, որ քայլում է դեպի դատարան, որպես փաստաբան ներկա լինելու ամուսնական բաժանման մի զզվելի դատի: