вторник, 6 ноября 2018 г.

Մեզ փրկիչ պետք չի


Փրկիչնե՞ր, շա՜տ են եկե՜լ- գնացել
Մեր Հողը դարձրել զբոսավայր,
Խոստումնե՞ր, շա՜տ ենք լսե՜լ – զարմացել
Եվ հավատացել ենք լռելյայն…
*                                                      
Հայտնվել ենք մի խոսո՜ղ թակարդում՝
Սևի՜, Սպիտակի ճիրանների մեջ,
Եվ հոգինե՜րն են մեր անվերջ քրքրում
Փրկիչի դեմքով դերվիշներ:
*
Խաղադրո՜ւյք է դարձել Բախտը մեր
Կամ աճպարարի ա՜րկղ մոգական,
Արկղից թռչում են սև՜ աղավնիներ՝
Ծափահարում ենք ինչպես երեխա:
*
Ո՞ւր էինք գնում, ո՞ւր հայտնվեցինք՝
Աշխարհի բեռը ուսներիս բարձած,
Ինչի՞ց սկսեցինք, ի՞նչ կառուցեցինք,
Որ հիմա լքո՜ւմ ենք դառնացած:
*
Քարտեզ ունեի՜նք՝ աշխա՜րհը չուներ,
(Վարդանի հոգի՜, Կոմիտասի սի՜րտ)
Մի բո՜ւռ էլ չկանք,  ո՞վ կմտածեր,
Որ ներելու ենք «արքաներին» բիրտ:
*
Հո՜ղը հայրենի դարձա՛վ մի սենյակ-
Առա՜նց պատուհան ու տանի՛ք,
Վերևո՜ւմ էինք - ընկանք ներքնահարկ՝
Առնետաժողովին մնացինք գերի:
*
Միգուցե՞ ժա՜մն է բռունցքոտվելու՝
Առնետավազքի հոսքին հակառակ,
Միգուցե՞ ժա՜մն է մաքրազարդելու
Եվ Հո՜ղը մեր Սո՜ւրբ  և Տո՜ւնը մեր Տաք…
*
Փրկիչնե՞ր, շա՜տ են եկե՜լ- գնացել
Մեր հողը դարձրել զբոսավա՜յր,
Բա՛վ է, մե՜նք ենք փրկիչներ դարձել,
Մե՜նք էլ կփրկենք Հո՜ղը մեր նախնյաց:





Սի՜րտն Աստվածային




Սի՜րտն ընդամենը մի բռունցք արյո՜ւն է,
Բայց այնքա՜ն ծանր,
Բայց այնքա՜ն խորը,
Լայնածավա՜լ
Ու տարողունա՛կ,
Որ թվո՜ւմ է թե աշխարհը սեղմե՜լ
Ու տեղավորել են
Ուղի՛ղ կրծքիդ տակ…

Ու թպրտո՜ւմ է աշխարհը կրծքում,
Հաճախ ցավո՜ւմ է,
Ծակո՜ւմ,
Հառաչո՜ւմ,
Հաճախ ուզում է գլուխը առնե՜լ  ու
Քեզնից փախչե՜լ,
Ի՞նչ իմանաս ո՜ւր…

Ամեն մի անձրև իր արև՜ն ունի,
Ի՜ր ծիածանը՝ իրենից հետո,
Խեղճ Սիրտն ի՞նչ անի,
Որ մի աշխա՜րհ է
Լի՜ արցունքներով…

Այսքանով հանդե՜րձ
Սիրտն ուրախանալու պերճա՜նքը ունի,
Խելագար պարելու ցանկությո՜ւն,
Սիրտն ուրախությունից իր պայթե՜լն  ունի
Եվ պայթեցնելու հնարավորություն:

Եվ երգե՜լ գիտի- ուրա՜խ ու տխուր՝
Այրո՜ղ մի լավա՝ սրտամեղեդի՜,
Եվ ատել գիտի թշնամու նման,
Եվ սիրե՜լ  գիտի  անսահմա՜ն,
Իր գրիչն ունի՝ ձեռագիրը իր,
Արվե՛ստն իր ունի  դյութական:

Հսկա՜ է սիրտը՝ հսկայամարմի՛ն,
Ադամանդի պես կա՜րծր է,
Հողի պես փխրո՜ւն,
Ի՞նչ առեղծված է՝  մարդ չի՛ հասկանում՝
Եվ սպանե՜լ գիտի և
Ունակությո՜ւն հարություն տալու:                   

Կարո՛ղ է դարերո՜վ գաղտնիքներ պահել,
Կարող է պահի՜ տակ դառնալ «չաչանակ»
Մեկ խաչեղբա՜յր է՝  թև՜ տալ է կարող,
Մե՛կ էլ սգավո՜ր՝
Կարո՛ղ է կոտրե՜լ տենչեր բյուրավոր:

Քո մեջ աշխա՜րհը,
Դո՛ւ աշխարհի մե՜ջ,
Մի ամբողջությո՜ւն՝ արյան մի  բռունցք,
Նույնի՜սկ  ուրանի ատոմը ճեղքվեց…

…Սի՜րտն Աստվածային
Մնաց  հանելուկ:

среда, 31 октября 2018 г.

Ամենադժվար խնդիրը




Ամենադժվար խնդիրները դրանք ա՜յն խնդիրներն են, որոնք ունեն մեկից ավելի լուծումներ,
ովքեր  մտածո՜ւմ են, գտնում նման խնդիրներ- նրանք դաժան մարդիկ են, որոնց համար լուծումների քանակը համարժեք է դրական լիցքերի քանակին, իսկ եթե մարդիկ չեն հնարում այլ հենց կյա՞նքըուրեմն դա ճանապարհի ա՜յն հատվածն է, որտեղից էլ ճանապարհը բաժանվում է դեպի դժոխք ու դրախտ:
 Հիմա մի խնդիր է առաջացել, որն ունի երկու լուծում
1. … մնա՜լ ընկերներ
2. … ջնջե՜լ կյանքից

*
… մնալ ընկերներ,
Ինչպե՞ս ժպտալ ընկերական, երբ մի ժամանակ ժպիտդ ինտիմ էր,
երբ աչքերդ այրվո՜ւմ էին նրան տեսնելիս,
շուրթերդ դողո՜ւմ սրտիդ զարկերին համահունչ,
ինչպե՞ս ուղղակի բարևել՝ թույլ բռնելով մատները, որոնք մի ժամանակ թրթռալով չէի՜ն կարողանում քանդել վերնաշապիկիդ կոճակները,
ինչպե՞ս չհամբուրել մատները, որոնք քնքշորեն շոյել են կուրծքդ, մարմնումդ առաջացնելով միլիոնավոր մրջյունների վազք դեպի սիրտդ,
ինչպե՞ս մեկին հանդիպելիս ասել «Ինչպե՞ս ես» երբ մի ժամանակ ասո՜ւմ էիր «Կարոտել եմ»
ինչպե՞ս մեկին համարել ընկեր, որի համար խելքահա՜ն ես եղել
ինչպե՞ս վերցնել անցյալն ու լուսանկարի նման հպել շուրթերիդ…

*
… ջնջել կյանքից
Դա նշանակում է դատա՜րկ սենյակում քեզ հարվածել պատից-պատ, հետո զգալ, որ դա քի՜չ է- հարվածել առաստաղին, հատակին, բղավել անվերջության մեջ, զգալ, որ շնչելը դառնում է անտանելի ցավոտ,
ինչպե՞ս զրկվել քունքից դեպի պարանոցդ իջնող ամենաքաղցր բուրմունք-զգացողությունից,
ինչպե՞ս անամոթ շուրթերդ սարքել հախճապակյա փայլո՜ւն, սա՜ռը կտորներ նրա անունը շշնջալիս,
ինչպե՞ս Մեկ բարակ հարվածով ջնջել նրան ունենալու բաղձալի ցանկությունը ու նմանվել լիալուսնի վրա ոռնացող միայնակ գայլի…

* * *
Ցավո՜ք նման խնդիրներ լինում են ու դրանք
ԱՎԵԼԻ՜Ն արժեն  քան ՍԵ՜ՐԸ,
Առավել ԳԵՂԵՑԻ՜Կ ԵՆ քան դրախտ գնացող ճանապարհը և առավել
ԴԱԺԱ՜Ն քան մազերիցդ բռնած քեզ դեպի դժոխք քարշ տվող  սատանայի ոսկրոտ ու զզվելի մատները

Լուծո՞ւմ
Լուծում ՉԿԱ՛, քանի որ խնդի՛ր էլ չկա, դա կյա՜նքն է, որը ոչ թե՜ լուծում ունի այլ ԲՈՒԺՈ՜ՒՄ, իսկ բուժումը ԺԱՄԱՆԱ՛ԿՆ է, որը քանի երկարո՜ւմ այնքան իմաստուն է դառնում ու ինքն իր ձեռքով ջնջում է հիշողությանդ այն բջիջները, որոնք քեզ անհանգստություն են պատճառում
Դրանից հետո անցյալդ իրոք դառնում է մի սա՜ռը լուսանկար, որ ինչքան էլ կրծքիդ սեղմե՜ս կամ համբուրե՜ս  քեզ չի՛ ջերմացնում



суббота, 27 октября 2018 г.

Մի գրոշ երջանկություն




Թե ժլա՜տ եմ խոսքերիս մեջ
Ապա ճո՜խ եմ, շռա՜յլ  տխրությամբ,
Կարդա՛ հոգնած ճամփորդի պե՜ս
Ու հեռացի՜ր լռությամբ,

Մի՛ հարցրո «Ինչո՞ւ»  «Ինչպե՞ս»
Մեկ անգա՜մ էլ տողս կարդա,
Թե տողերում քեզ չգտնե՜ս
Քեզ երջանի՜կ պիտի զգաս…

Դժբախտները չե՜ն հասկացվում՝
Բարդ է նրանց կյանքուղին,
Միշտ արմա՜տն են ծառի փնտրում
Մի՜շտ հայտնվում չոր ճյուղին:

Ու թվո՜ւմ է դժբախտ մարդը
Սև ագռա՜վ է կռկռան,
Քանզի տանջող ցա՜վն ու դարդը
Բղավո՜ւմ է  բարձրաձայն:

Գուցե՞  Տե՜րն է ժլատ եղել՝
Զրկե՜լ մի բուռ հաճույքից,
Կամ… դժբա՜խտն է հրաժարվել
Երջանկության իր հերթից:

Քե՛զ է հասել, մեկ ուրիշի՜
Կա՜մ ժամկետն է  լրացել,
… Դժբախտ մարդը նմանվում է գրոշի,
Որին կորցրե՜լ, բայց կորուստը
Չե՛ն զգացել:

четверг, 25 октября 2018 г.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ



Դանդա՜ղ մոտենում էր առավոտը ու ոչ մի արտասովոր բան չէր զգացվում բացատում:
Բոլոր նախորդող առավոտներից այս մեկն առանձնանում էր անսովոր ձայնով, թնկթնկացող լացի ձայնով:
Բարդին, Կեչին ու Թխկին զարմացած իրար էին նայում:
Լաց էր լինում երեքամյա Մասրենին, ավելի ճիշտ լացի ձայնով ինչ-որ բան էր ասում, անհասկանալի բառերով:
Բացատի չքնաղ բնակիչին միայն քամին կհասկանար, որը չուշացավ:
- Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ ես տխուր այս գեղեցիկ առավատվա ներկայությամբ:
- Չգիտե՜մ, այսօր ծնո՜ւնդս է, անհասկանալի է տխրությանս պատճառը:
- Միգուցե՞ երգենք, բոլորով:
- Ո՜չ,  չի՛ օգնի, ես ուզում եմ բոլորի նման, որ նաև տորթ լինի, երեք մոմերով, որ ես ցանկություն պահեմ, փչե՜մ հանգցնեմ, հետո իրականություն դառնան ցանկություններս:
Քամին, որ շատ էր սիրում մասրենուն, տխրե՜ց, հետո դիմեց մասրենու շրջակայքում աճած Բարդուն, Կեչուն ու Թխկենուն:
- Ի՞նչ անենք, չէ՞ որ նա չի հանգստանա, մտածե՜ք…
Երեքն էլ միաբերան  ասացին:
- Մտածի՜ր ու կատարիր ցանկությունը, դա այնքա՜ն էլ դժվար չէ:
Ծառերն իրենց փարթամ ճյուղերով սկսեցին ավանդական մի երգ.
«Ծնունդդ շնորհավո՜ր, ծնունդդ շնորհավո՜ր…»
Մաասրենին ավելի տխրեց ու ուժեղացրեց լացը:
Քամին հեռացավ:

Քիչ հետո քամին չգիտես որտեղից կայծեր բերեց ու հրդեհեց Բարդու ճյուղերից մեկը, բռնկվեց Բարդին ու նմանվեց մոմի:
Հրդեհը քամու ձեռքերով անցավ Թխկենուն ու Կեչուն:
Քիչ ժամանակ ա՜նց երեք հրդեհվող ծառերը, որ նմանվել էին մոմերի, կտրեցին իրենց աղեկտուր ձայներն ու լռեցին:
Քամին ասաց.
- Դե փչի՜ր սիրելիս ու քո ցանկությունները կիրականան:
Մասրենին փչել չգիտեր:
Ծառերը դանդա՜ղ վերանում էին - վերածվելով ծխի ու մոխրի:
Քամին փորձեց հանգցնե՜լ, բայց ավելի բորբոքեց ու ստիպված հեռացավ: Քամին անձրևաբեր ամպեր բերեց ու մի կերպ հանգցրեց կրակը, բայց արդեն ո՜ւշ էր՝ մնացել էին այրված ծառերի բները…

Անձրևից թրջված Մասրենին  կախել էր իր ճյուղերը, դատարկված բացատում ավելի ընդգծելով իր գեղեցկությունը:
Իսկ քամի՞ն,
Իսկ քամին հեռացա՜վ,
հեռացավ գտնելու մեկ ուրիշ ծառերով շրջապատված մասրենի…