воскресенье, 21 мая 2017 г.

… առ Երկնային ուժի



Մի կյանքը շա՜տ էր -  քեզ հասկանալու,
Որ սխալվե՜լ եմ ու սխալվե՜լ անդարձ,

Հազա՜ր ու մի հարց ունեմ քեզ տալո՛ւ,
Որոնց պատասխան
Չկա՛ անկասկած:

*
Ճանապարհներին  ցավե՜ր եմ տեսել,
Մոխրացած սերե՜ր,
Դա՜վ ու խարդավանք,

Միլիո՜ն ու միլիո՜ն ձեռքեր եմ տեսել -
Դեպի քեզ պարզած…

Պղինձ - դեմքե՜ր եմ տեսել -
Որդի կորցրած կանանց աչքերում,

Պողպատյա ամուր նյարդե՜ր եմ տեսել-
Դստերը թաղող
Հայրական ձեռքում…

Մահացող մարդու շուրթե՜ր եմ տեսել
Դողացո՜ղ ու ծե՜ր…

Կյանքից հեռացած մանո՛ւկ եմ տեսել,
Որ պետք է ապրե՜ր ու…ապրե՜ր…

Տեսել եմ ինչպես էր տանջվում մայր-Գա՜յլը
Թակարդն ընկած իր ձագուկի կողքին,

… Քեզ համար որդի՜դ է ամենաթանկը,
Ու թակա՜րդն ընկած մարդկային հոգին…

Ինձ համար թա՜նկ են
Մա՜յրս, Դո՜ւստրս, Որդի՜ս,
Պատի՜վս անկասկած…

Ուրեմն ասա ի՞նչու է կյանքը
Այսքան անկատա՜ր-անարդար…

*
Մե՜կն է պատասխանը գազան Աշխարհի՝
« Չվիճե՛լ  Մտքի՜, Հոգո՜ւ,  Խղճի՜ հետ,
Փա՜ռք տալ առեղծված ուժին երկնային,
Որ ինչ որ եղե՜լ է՝
Քե՛զ հետ չի եղել …»


среда, 17 мая 2017 г.

ՄԵՐ ՄԱՅՐԵ՜ՐԸ



Լույսը բացվո՜ւմ է՝ ցանելով ոսկի,
Արևն իր կո՜ւրծքն է բացում
Հյուրընկալ,
… Ո՞ւմ է հարկավոր լո՜ւյսն Արեգակի
Երբ արթնանո՜ւմ ես
Ու …Մա՜յրդ չկա…

Երբ գի՜րկը չկա,  այն ինքնամոռաց,
Որ քեզ սեղմելով
Պե՜տք է տաքացնի,
… Հատակի վրա քսքստացնելո՜վ
Հողաթափերի ձայ՜նը  էլ  չկա՛,
Որ քեզ արթնացնի…

Մայրական քնքուշ այն Ձե՜ռքը չկա՜,
Որ դողացնելով
Քեզ սո՜ւրճ հասցնի,
Մայրական քաղցր այն Ձա՜յնը չկա.
- Հոգնա՞ծ ես, որդիս.
Որ քեզ հարցնի:

Հույսով կերակրո՜ղ, լույսով համբուրո՜ղ
Քո ցավից անվե՜րջ,
Անվե՜րջ  տառապող-
Չկա մայրական Սի՜րտը թանկագին,

… Իսկ Արեգակը ստինքերն իր բացե՜լ՝
Փռվել է Մորդ
Դատա՜րկ սնարին…

Ո՞ւմ է հարկավոր լո՜ւյսն Արեգակի
Երբ լույսով այդ փնտրո՜ւմ
Չե՜ս գտնում Մորդ…
Երբ գիտե՜ս, որ իրոք դաժա՜ն է լինում -
Առանց Մոր անցնող
Հերթական օրդ…


Ս.Ումառ-Հարությունյան

ԲԱՐԻ ԱՐԵՎ



Կգա՞ մի օր, որ դու ըզգա՜ս -
Աչքդ բացե՜ս,  հասկանա՜ս,
Որ լուսաբա՛ցն այդքա՜ն սպասված-
Լուսաբա՛ց չէ,
Այլ՝ օր բացված…
Որ երկինքը՝ օտար հողի՜
Դա երկինք չէ՜-
Դա հատակն է տիեզերքի,

Ծառը՝ ծաղկած օտար հողո՜ւմ
Մի լերդուկ է քո կոկորդում,
Ծլվլոցը
ծառի վրա նստած ծտի՝
Արձագանքն է կեղծի՜, ստի՜…

Որ այն երգը՝ գիշեր-գույնի մարդու շրթին
Ոչ թե երգ է այլ  խաբկա՜նք է,
Չէ՜, սխալվեցի-
Աշխատա՜նք է…

Օտար հողում օրը բացված
Մի թատրո՜ն է վատ խաղացված,
… Դիմակների շքահանդե՜ս,
Ռոբոտների
Հոգիների ներկայացո՜ւմ՝
Անշո՜ւք, անտե՜ս…
Որ թվում են բարեհամբույր ու բարետես:

*
Լա՞վ չէ արդյոք տանդ լինես…
Ու ճաք տված  քո պատերի ճա՜քը փակես,
Կարողանաս բառարանից
«Ո՜րբ»  կամ «Անտե՜ր»
Բա՜ռը ջնջես…

Չտառապե՜ս,
Հասկանալու ա՜յն ժպիտը
Օտար շուրթի՜,
Որը երբեք լույս չի՛ սփռել
Ո՛չ անփայրի՜ն  ո՛չ էլ մթին:

Չշփոթվե՜ս,
Քո հայկական «Բարև՜» բառից՝
Քանզի «Բարի՜ Արև»  հապավումն է
Ծնված լեզվի ջերմությունից-
Այնքա՜ն հարազատ,
Այնքա՜ն հարգալից…

Այնժամ կզգա՜ս, երբ որ մի օր
Աչքդ բացե՜ս ու հասկանաս,
Որ լուսաբացն այդքա՜ն սպասված
Օր չէ բացվա՛ծ,
Այլ՝ Լուսաբա՜ց…

Բարի՜ Արև է -
Բարև՜ է, Բարև՜


Ս.Ումառ- Հարությունյան

воскресенье, 14 мая 2017 г.

ՍԻՐԵԼԻ՜Ս



Հուզվե՜լ ես, գիտե՜մ,
Նեղացել կյանքից-
Ինչ է թե կյա՜նքը մի քիչ բարկացավ,
Քեզ բաժին հանեց իր հարվածներից
Ու քեզ թվաց թե լքե՜ց, հեռացավ:

Պատկերացնում ես թե ի՞նչ կլինի,
Երբ հետագայում  կյանքը ակամա
Ոտքի տակ գցի քեզ, այնպե՜ս
Տրորի…
Ինչպես որ սի՜րտս է տրորվել հիմա...

… Կյանքը մոռացկո՜տ է,
Իսկ դու՝ անմոռա՜ց,
… Դու ներե՜լ գիտես,
Կյանքը՝ չգիտի՜,
… Կյանքը քարի՛ց է, բի՛րտ է ու դաժան,
Իսկ դու կենդանի սիրտ ու արյունից…

… Կյանքը կո՜ւյր է՝ կույր է մի աչքից,
Բախտավորներին ատո՛ւմ է  հոգով,
… Սիրում է, որ գո՜հ են մնում իրենից,
Ու հմայվո՜ւմ են
Միա՜յն  իրենով:

Այնպես որ սիրելի՜ս
Բանի տեղ մի՜ դիր -
Քո կյանքը ե՛ս եմ, գուցե՜ հավիտյան,
Իսկ դու հուզվե՜լ ես,
Նեղացել կյանքից՝
Ինչ է թե կյանքը մի՜  քիչ  բարկացավ…

Ս.Ումառ- Հարությունյան


суббота, 13 мая 2017 г.

,,,մեր տասնո՜ւթ տարին



Հիշո՞ւմ եք արդյոք օրերը  գարնան,
Երբ երազում էինք
Երազի մասին…
Ա՜խ, ո՞ւր էր թե կյանքը ետ դառնար՝
Մեզ վերադարձներ
Մեր տասնո՜ւթ տարին:

*
Հիմա մեծացե՜լ ենք,

Ինքներս խաբո՜ւմ, համոզում ենք մեզ
Թե հասունացե՜լ ենք,
Բայց իրականում մենք ծերացել ենք-
Ծերացե՜լ -
Նմանվել այն հասած պտղին,
Որն ամուր կառչած  մնում է ճյուղին…


Դարձե՜լ ենք համա՛ռ
Ա՜յն աստճանի, որ չե՛նք ցանկանում
Կուլ գնալ հողին:

*
Հիմա օրերը դարձել են տաղտո՜ւկ
Կոբալտե-արծաթ
մենակության մեջ,
Թախիծն ու կասկածն են մեր դուռը թակում
Հմուտ ու խարդախ վաճառողի պես:

Փորձեր են անում վաճառելու ա՜յն
Ի՜նչը որ կյանքում
Ո՛չ վաճառվել է և ո՛չ էլ գնվել,
… Իսկ մենք հիշում ենք օրերը գարնան,
Երբ տասնո՜ւթն էինք դեռ նոր բոլորել…

*
Այո՜,  մեծացե՜լ ենք,
Այո՜,  ծերացե՜լ,
Հասունացե՜լ ենք   նաև կորացե՜լ…

Եվ ամենացավո՜տը՝

Այո՜, մաշվե՜լ ենք,
Մաշվե՜լ -  հնացե՜լ…


Ս.Ումառ-Հարությունյան