суббота, 18 июля 2015 г.

Երեկո


Լուսաբա՜ց էի փնտրում…
Քե՛զ գտա այնտե՜ղ, որտեղ հայացքդ էր՝
Վայրի ժայռերը ծածկող երեկո,

Բնությունն էլ կարծես մի կողմ էր քաշվել՝
Դանդա՜ղ հեռացել գլխիկոր…

Երկնահույլից պոկված վարդի զույգ թերթիկ
Դաջվել էին անունս տվող շուրթերիդ,
Արցունքի մի համառ կաթիլ էր ընկել
Ու եռո՜ւմ էր ժայռի ծնկներին…

Լուսաբա՜ց էի փնտրում…
Քեզ գտա այնտե՜ղ, որտեղ մասնատվում են
Ճակատագրերը,
Որտեղ ընտելանալու փորձեր են անում 
Բախտի պարանով կապված ձեռքերը…

Կասկածի նման խիստ ու խանդոտ էր
Ժայռի վրա փռկված  երեկոն,
Երազանքներից փախած պատկեր էր-
Քո անվան կրկնվող տառերով…

Պոետները-խենթ մենակ չեն ապրում՝
Դժվար են տանում
Մենության բեռը…
Արձագանքում են  ժայռի ժայռ սրտում 
Պոետիս կրքոտ երգերը:

- Դո՛ւ,  իմ երեկո, գուցե և վերջի՜ն,
Դո՛ւ, քո ժայռ կրծքով պահող տողերս…
Ավելի ամո՜ւր սեղմիր ինձ կրծքիդ
Էլ չեն դիմանում աչքերս…



Ս.Ումառ-Հարությունյան

Օրը շողերով վերջին...

* * *
Օրը շողերով  վերջին, իր հմայքն էր երգում,
Օրվա ընկերը՝ քամին
Վերջին շունչն էր փչում…

Տավիղս, որ վաղուց էր լռել, օրվա ռիթմը ըզգաց,
Փորձ արեց երգ հորինել
Վերջին շողը գրկած:

Լա՛ց էր լինում սիրտս, օրվա հետ միասին,
Նվագու՜մ էր տավիղս
Ինչ-որ կնոջ մասին:

Մեկ աչքերն էր գովաբանում, մեկ՝ նազելի քայլվածքը
Մե՛կ թախիծն էր լարերում
Մեկ էլ սգի քղանցքը:

Փսփսում էր ականջիս  կամ աչքերիս մեջ շողում
Շրջմոլիկի նման սիրտս
Նրա անունն էր փնտրում:

… Գիտե՜մ, գիտե՜մ, քե՛զ էր երգում իմ տավիղը վշտակեզ,
Գիտեմ նաև- Արդար Աստվածն
Անթերի է ստեղծել քեզ:

Գիտե՜մ, հողի՛ց ես ծնվել, բայց քեզ հո՜ղմն է տանելու,
Ու անպայման տիեզերքը
Քո՛ ձեռքից է գժվելու:

Կորավ քունս ու հանգիստս մեղեդուց այդ երկնային,
Անուժ դարձա ես կարոտից
Ու դիմեցի Խայամին.

« Ձեռքս տարա քո մազերին սիրավետ,
Իմ արածը սիրուց դրդված չէր երբեք,
Խելառ սիրտս քո մազերի մեջ տեսա,
Եվ մատներով խաղացի իմ սրտի հետ: »

… Տավիղս վաղո՜ւց էր սսկվել՝ կտրվել էին լարերը
… Հեռու գյուղում ինչ-որ կին էր
Հանգի՜ստ  սանրում մազերը:

Ս.Ումառ-Հարությունյան




понедельник, 13 июля 2015 г.

Խորհրդավոր վարդագո՜ւյնը

Խորհրդավոր վարդագո՜ւյնը
Ծնվում է պարզ կապույտից՝
Կապույտ երկի՜նք,
Կապույտ աչքե՜ր,
Կապույտ «բարի երեկո»
Մի ձա՜յն կապույտ,
Մի կապույտ բո՜ւյր,
Կապույտ բերկրա՜նք,
Կապույտ կի՛րք…

Սակայն այսօր վարդագույնը՝
Նման սաթի ու խնկի,
Չի վերածվում կապույտի,

Այսօր չկա՜ս, քեզ չե՛մ տեսել,
Վարդագույնն է ծավալումով անսահման
Կո՛ւրծքս, ճակա՜տս ծեծել…

…Հաշվենք այսօր որ իմ Մուսան
Հիվանդացել,
Աշխատանքի չի եկել …

Ս.Ումառ-Հարությունյան

13.07.2015 Երևան

воскресенье, 12 июля 2015 г.

Քո բույրը

* * *
Իմ ձեռքի մեջ այս ծաղիկը
Քո աչքերի գո՜ւյնն ունի…

…Բայց բո՜ւյր չունի…

Քո բույրն ուրի՜շ է՝
Բո՛ւյր է արբունքի,
Արարողակա՛րգ մեկ
այլ զգացմունքի:

Իմ ձեռքի մեջ այս ծաղիկը
Քո աչքերի գո՜ւյնն ունի…

Դանդաղ խոնարհում է գլուխը
Ձեռքիս-
ձեռքս այրվում է նրա թերթերից…
Ձե՜ռքս  բույր չունի…

Աչքերս է բացում լուսնի մահիկը,
Անձրևը վարագուրում  դո՛ւռը հեքիաթի,
Ձեռքիցս ընկած անբույր ծաղիկը,
Ցրիվ է գալիս հատակին:

Ե
րազներս
Դառնում են գինի


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 11 июля 2015 г.

Դու ոչ Լիլի՛թ ես և Ո՛չ էլ Եվա,

* * *
Դու ոչ Լիլի՛թ ես և
Ո՛չ էլ Եվա,
Ես քեզ տալիս եմ մեկ ուրիշ անուն և…

Անունդ տալիս շո՜ւնչս է կտրվում,
Արյունս է վազում, ո՞ւր,  ինքն էլ չգիտի,
Բանականությունս ցնորք է դառնում
Ու մնում կախված անդունդի եզրից…

Դու ոչ Լիլի՛թն ես և
Ո՛չ էլ Եվան,
Ո՛չ կրակից ես ո՛չ էլ ոսկորից
Դու ա՜յլ նյութից ես
Ա՜յլ տեղից ծնված՝
Խելագար Կրքի այլ մոլորակից…

Քեզ «Մերժում» ասե՞մ թե՞ «Անխոս բախում»
Աղմուկով լցված լռության մարմի՞ն,
Եվ պատերա՜զմ  ես և խաղաղությո՜ւն
Քո արթուն և նույնիսկ քնած պահերին:

Դու՝ ճերմակ կեսգիշե՜ր,
Ա՜լ այգաժամեր,
Մե՛կ բաց պատուհան,
մե՛կ փակված դռներ,
Քամու ձեռքերում կոտրատվող մարմի՜ն…
Իրոք նման չես ոչ նախամորը
Ոչ էլ Լիլիթին:

Ես էլ այն Ադամը չեմ հիմա՝
Ստերջ ուղեղով, խղճալի՜,
կծած խնձորը ձեռքին…
Պատմությունը մեռա՛ծ է,
Քե՛զ եմ գալիս ես կրկին
Ու խնձորի փոխարեն իմ ձեռքում է
Քո ծնունդի բանալին…
                                                                      
Ո՜չ,
Դու ո՛չ Լիլիթն  ես և
Ո՛չ էլ  Եվան
Այն հերոսուհին սրբազան գրքից,
Ես էլ այն Ադամը չեմ, վտարված դրախտից
Ու կարողանում եմ արդեն տարբերել
Ադամակողը -
Ադամոսկորից…

Ս.Ումառ-Հարությունյան