четверг, 25 июня 2015 г.

Քո ծնունդը



ԱԴԱՄ - Աստծո Դեմքով Արարված Մարդ 
ԵՎԱ - Երևակայությունից Վեր Արարած

Ձեռքը հղկում էր ներսից ու դրսից,
Ձեռքն Արարում էր ու օրն էր ուրբաթ,
Ու շունչ էր առնում արարիչ ձեռքից,
Կենդանանում էր մի նոր, մի նոր Բան:

Ձեռքը լավ գիտեր, որ այդ խառնուրդից
Ինքը կարարի,  գուցե տեսքով այլ
Ձեռքը լավ գիտեր, որ շիկահողից
Կծնվի ինքը`անունը Ադամ:
................................................................
Կերտված արձանը գեղեցիկ էր շատ,
Բայց քիչ էր նման իրեն ստեղծողին,
Կավամանում էլ ավելացավ կավ,
Ի՞նչ պետք է անի կավի կտորին:

Անցել էր ուղիղ երկու ժամ ու կես,
Կավը դարձել էր մի քիչ կամակոր:
Տիրոջ ուղեղում մի նոր միտք  ծնվեց
Ու ձեռքը նորից սկսեց մի նոր գործ:

Հղկում էր կավը, բայց միայն դրսից,
(Ներսից հղկելու ժամանակ չկար)
Ու հապշտապ հղկված կավի կտորից
Արարվեց մի նոր գեղեցիկ արձան:

Ու ժամն էր արդեն, գրված է այդպես,
Բոլոր սրբազան էջերում գրքի,
Որ տիրոջ կամքով, ձեռքով արարվեց
Երկու արձանիկ`տղամարդ ու կին:

Եվ առաջինը խոսեց այր-մարդը
Թե ո՞վ է ինքը ի՞նչ պետք է անի,
- Այսուհետ դու ես բնության զարդը,
Այսուհետ դա է օրենքն աշխարհի:

Դու նախահայր ես, անունդ՝ Ադամ
Դու՛ ես, որ սկիզբն ես մեծ Տիեզերքի
Ու ամեն թռչուն ու ամեն գազան,
Քո՛ առջև պետք է գլուխ խոնարհի:

Տերն աչքի տակով նայեց մյուսին,
<Հրաշք մարմին է,փոթորիկ ու հուր,
Ես ցավ կերտեցի Ադամի ուսին,
Շատ կատարյալ է, շտապեցի իզուր>:

- Իսկ ե՞ս, ո՞վ եմ ես Մեծ տիեզերքում,
Եվ ո՞վ պետք է ինձ գլուխ խոնարհի,
Ինձ չթողեցիք ոչինչ աշխարհում
Թող որ Ադամն էլ հենց ինձ խոնարհվի:

Ուրեմն այսպես, թե նա Ադամ է
Ես էլ կլինեմ Ադամի Մադամ,
Հոգնեցի արդեն ու բավական է
Գլուխս է ցավում քնելու գնամ:

Ու օրօրվելով ինչպես մի եղեգ
Անցավ այրերի մեջտեղով հպարտ
Դրախտի այգում լուսեղեն  ու մերկ
Քնեց  թզենու հսկա ճյուղի տակ:

Ձեռքը թափ տվեց Տերը զայրացած
Ձեռքից պոկվեցին կավե զույգ գնդիկ:
Մեկը սիրելու շնչով էր լցված
Մյուսը սիրվելու  շնչով  հագեցած:

Սիրելու շնչով լցված գնդիկը
Թռավ Ադամի կողոսկրին կպավ,
Սիրվելու շնչով լցված գնդիկը
Եղեգների մեջ ընկավ ու կորավ:

Ադամը կողին զգաց մի սուր ցավ,
Քաշեց ու փորձեց իր կողը պոկել,
Տերը, որ Տեր էր նա էլ զարմացավ
Չէ՞ որ նա այդպես չէր նախատեսել:

Իր պոկած կողը բռնած ձախ ձեռքով
Ադամը վազեց եղեգնուտը խիտ,
Կռացավ փորձեց սիրվելու շնչով
Անպայման գտնել կավե գնդիկին:

… Ու խեղճ Ադամը արցունքն աչքերին,
Եղեգների մեջ Տիրոջ դրախտում,
Սիրվելու շնչով կավե կտորին,
Դեռ մինչև օրս, փնտրում չի գտնում:

Ս.Ումառ



 



Հավատո՞ւմ եք, որ սիրտս այնքան է տա՜ք,

* * *
Հավատո՞ւմ եք, որ սիրտս այնքան է տա՜ք,
Որ կտաքացնի ճնճղուկների մի ամբողջ երամ,
Այնինչ ձմռանը պատուհանիս տակ
Ո՛չ ծլվլոց է լսվում և ո՛չ էլ խնդրանք…

Մի՞թե ձմռանը սիրտս էլ է սառչում
Քո խորհրդավոր լռության նման,
Տխրության խունկն է միալար ծխո՜ւմ                                       
Ու երազներս անում  ցիրուցան:

Եթե այդպես է՝ ատում եմ ձմեռը,
Նրա խստաշունչ ձեռքը կիսափակ,
Գարո՜ւն եմ ուզում, որ ճնճղուկները
Անվերջ ծլվլան պատուհանիս տակ:

… Ես հասկանում եմ ծտերի լեզուն,
(Աստվա՜ծ իմ, այս ի՞նչքան լեզուներ կան)
Բայց չեմ հասկանում ո՛չ ինձ ո՛չ Աստծուն
Եվ ի՞նչու է միշտ պատուհանս փակ…


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 23 июня 2015 г.

Կյա՜նք

* * *
Դանդաղ հեռանում եմ  քո բո’ւթ հարվածներից,
Մի՞թե չգիտես կյա՜նք, որ քո հարվածը 
Մորմո՛ք է ու ցա՛վ,
Մի՞թե տարիներս ապարդյուն մաշվեցին  -
Կյանքն ինձնից համառ դուրս եկավ:

Երազում էի ձյան մաքրությո՜ւնը,
Գիշերվա մուգ-կանաչ գույնե՜րը թովիչ,
Ճանապարհ էի գտել՝ երկնքի կապտագույնը…
Չհասկացա՛ թե ի՞նչ էր ուզում համառ կյանքն ինձնից:
Տվեցի կյա՛նք քեզ մտքերս ու հույզերս,
Մնացել է մեկ սի՜րտ, քո ձեռքով բզկտված,
Անունիդ դառնությունն է մնացել դեռ լեզվիս -
Կյա՜նք, ինձնից դու համառ դուրս եկար:

…Ինչ եմ ուզո՞ւմ, կյա՜նք, երբ գլուխս վայր դնեմ 
Անմիջապես չհեռանաս իմ մոտից,
Գլուխդ կախ մի քիչ կանգնի՜ր, թաց աչքերդ թող տեսնեմ,
Թող մի վերջի՜ն, վերջի՜ն անգամ  համոզվեմ,
Որ քեզ նման ես էլ համառ եմ եղել…

Ս.Ումառ-Հարությունյան


понедельник, 22 июня 2015 г.

Ջութա՛կ եմ զգացմունքի մատներով լարած

* * *
Ես ընդունո՛ւմ եմ, որ մի գործի՛ք եմ
Զգացմունքի այրվող մատներով սարքված,
Զգո՜ւյշ,  
Կարող է հանկարծ կոտրվե՛մ
Ու մնամ այդպես կոտրված:

Հիմա ապրում եմ ժամանակի մեջ,
Որը  ի՜մը չէ ու լինել էլ չի՛  կարող,
Ո՜չ էլ կարող է ինչ-որ բան անել -
Ո՛չ անցյալ հերքել,  ո՛չ ճնշել կարոտ:

Կգա ժամանակ ու կկործանվի
Եվ այս լեգենդը գործիք լինելու,
Հոգիս ինքնակա՜մ, հրաշքով վայրի՛
Պարեր կպարի Մեծ տիեզերքում:

Գործիք լինե՞լս - սխալ չհասկացվեմ՝
Ջութա՛կ եմ զգացմունքի մատներով  լարած,                                      
Զգո՜ւյշ, 
Կարող է հանկարծ կոտրվեմ
Ու մնամ այդպես կոտրված:

Ս.Ումառ-Հարությունյան

Հունիս-2015
Երևան


Խմեցի՛նք կուրուստի կենացը

Կորցրեցի՜նք՝
Խմեցի՛նք կուրուստի կենացը,
Գտա՜նք,
Նորի՛ց խմեցինք կուրուստի կենացը,
Ապրո՜ւմ ենք՝
Խմում կուրուստի կենացը…
Ի՞սկ մնացածը…

Մնացածով էլ խմում ենք հիշողության կենացը:
Ո՞վ կհասկանա պոետի նիստուկացը…

Պոե՜տը

Այդ ի՞նչպես եղավ, որ մի բանաստեղծ
Սիրե՜ց, տարվեց քեզ նման  կնոջով,
… Գինո՜վ էր հարբած, սիրելի՜ս, գինո՜վ,
Ուրիշ բան թող  չանցնի քո մտքով:

Այդ ի՞նչպես եղավ -  գրեց քո մասին.
« Կյանքի հողմերից կփրկեմ ես քեզ..»
…Գինո՜վ էր հարբած,, խոսո՛ւմ էր գինին,
Պոետի հոգու հետ գործ չունես…

Նուրբ կրծիքիդ մասին աղո՜թք էր գրում,
Սաղմոսներ՝ լո՜ւյսի, ծաղիկների ալ,
…Լո՜ւռ էր պոետը, գինի՛ն էր խոսում,
Դե փորձի՜ր պոետին հասկանալ:

Փնջեր էր արել  իր կարոտներո՜վ ,
Հա՛տ-հա՛տ ընտրելով տառապանքներից,
… Գինո՜վ էր հարբած, սիրելի՜ս, գինո՜վ,
Ու  դու հեռացար պոետից…

Մի օր էլ գրեց թե «Ես Առանց քեզ,
չեմ կարող ապրե՜լ, եկավ իմ հե՜րթը»         
… Ընկավ ու սիրտը պոետի կանգնեց,
Այդ օրը գինով չէր պոետը:

Ս.Ումառ-Հարությունյան