среда, 18 июня 2014 г.

Ամառային գիշեր











Ես սիրում եմ Քո համր գիշերը,
Քո ձեռքերի կուսական հպումները,
« Սիրիր այսօր, վաղն ո՞վ գիտե… »
Հրեշտակի մեջքին դաջված քո մտքերը:


 Քո հեռանալու հետևանքն եղավ շերտավարագույների
մի այնպիսի ձայնով փակվելը, որ թվաց թե
ցերեկային լույսը կորցրեց գիտակցությունը:
Ցերեկային լույսի անսպասելի անհայտացումից
սկսեցին լաց լինել մոմերը,
որոնք էլ բնական է վերջում մահանալու են:
Թվում է թե գնալու տեղ արդեն չկա,
մնում է բացել պատուհանն ու
դեմքս հանձնել ամառվա երեկոյան կատաղած քամուն…
… քնել ամեն մեկս մեր անկողնում՝
հոգով սլանալ նույն այն անհասանելի գալատիկան,
որտեղ անջրպետները տեղ չունեն…

Ականջս անընդհատ ամռան կրծքին սեղմած - դուրս եմ գալիս փողոց,
լսում եմ միայն ամռան թույլ ու խոր հոգոցները…
Ամառ է, բայց արև չկա, 
Գիշեր է, բայց շշունջ չկա, ի՞նչ է կատարվում աշխարհում:
Միայն ամառը գիտե, որ ես չեմ կարողանում տեսնել արևը,
Ամառը՝ իր հմուտ խմբավարի ձեռքերով 
կառավարելով զգացմունքի բազմաձայն երգչախմբին,
որոնց ձայնն իրոք չեմ լսում… լուռ լալիս է:
Ինձնից դեպի քեզ մոխրագույն թախիծի մի երերվող կամուրջ է՝
կիսաքանդ ու անհուսալի…
Ես բռնում եմ չերևացող արևի ձեռքն ու փորձում անցնել այդ կամուրջով…
- Տա՛ր ինձ դեպի Նա, տա՜ր…
Երևակայորեն բռնած արևի ձեռքը՝
քալում եմ ձեռքս բարձրացրած,
ձեռքիս վրա նստում է միօրյա կյանք ունեցող գիշերային մի թիթեռ…
Օրս դանդաղ մահանում է ինձնից մինչև քեզ -
մոխրագույն թախիծի մի երերվող կամուրջի վրա…

Տե՛ր իմ՝ Ամառ,
քանի դեռ չի լուսացել, ինձ հասցրու Նրա մոտ,
նա հիմա միայնակ է ու երևի անհոգ քնած դեղին սավանի վրա…
Միայնակ քնածներն անհո՞գ են…
Աչքերիս մեջ նրա ծիծաղն է,
Նրա բարի ժպիտը, երբ ասաց, որ հեռանում է ինձնից,
Պատկերացնո՞ւմ ես Ամառ, որ կարելի է հեռանալ,
լքել ու ժպտալ մի այդպիսի բարի ժպիտով:
Ո՛չ, դու չես պատկերացնում, իսկ աչքերս տեսել են դա,
Եթե տեսել են, ուրեմն դաժան եմ ես, տա՜ր,
Ես պետք է անպայման հսկեմ նրա ամառային քունը…

…Նա իրոք քնած էր դեղին սավանի վրա՝ կիսամերկ, ու քնի մեջ լաց էր լինում:
Կրքից սառած աչքերով լուսինը նայում էր նրա կիսամերկ մարմնին,
շարժելով խանդի իմ միջուկը,
որը գիշերային անհունությունում պայթեց՝
վերածվելով արցունքների
միլիոնավոր այլ կաթիլների…
Բացեցի հովանոցս ու ծածկեցի նրան
և արցունքներից և տիեզերական կրքոտ, օտար հայացքներից…

Ամա՜ռ, ես քեզ խո՜սք էի տվել ու…
Հսկում եմ նրա ամառային քունը, ես դաժա՜ն չեմ,
Ես սիրո՜ւմ եմ…

Ս.Ումառ

суббота, 14 июня 2014 г.

Սիրո Թվաբանությունը



Ես չգիտեմ Բախտի բերմամբ թե պատահմամբ ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի, Տեխնիկական Կիբերնետիկայի ֆակուլտետը:
Դա ինձ հնարավորություն տվեց գիշերը մոտ երեք ժամում հաշվելու, որ ես ողջ կյանքիս ընթացքում անընդհատ համբուրվել եմ 2 շաբաթ՝ 14 օր՝ 336 ժամ՝ 20160 րոպե, 1209600 վայրկյան…
Կնոջը  ինտիմ բառերով գովերգել եմ 6281955 անգամ…
Վերջին թիվը սարսափելի էր…բայց քանի որ Բախտի բերմամբ թե պատահմամբ ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի, Տեխնիկական Կիբերնետիկայի ֆակուլտետը շարունակեցի.
Կինն ինձ ձեռք է մեկնել միայն 1 անգամ:
Կնոջ հանդիպել եմ միայն 1 անգամ:
Կնոջ արցունքներ տեսել եմ միայն 1 անգամ:
Կնոջ ժպիտ տեսել եմ միայն 1 անգամ:
Կնոջ համը զգացել եմ միայն 1 անգամ:
Կնոջ համբույրից ինձ կորցրել եմ միայն 1 անգամ…

Լուսանում  էր, երբ փորձ արեցի անպայման հիշել այդ Կնոջ անունը…

Արդեն առավոտ էր, երբ այդպես էլ չհասկացա Բախտի բերմամբ,  թե՞ պատահմամբ եմ ավարտել Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի, Տեխնիկական Կիբերնետիկայի ֆակուլտետը, քանի որ հստակ հիշեցի այդ Կնոջ անունը՝
Գրականություն…


Կյանքի իմաստը





- Կյանքի ամբողջ իմաստը փող ունենալու մեջ է:
- Ի՞նչպես:
- Նայի՛ր, ես ունեմ հազար դոլլոր, դու ունես հարյուր դոլլար:
- Եղավ հազար հարյուր դոլլար:
- Ճի՛շտ է, այսինքն մենք հազար հարյուր դոլլարի չափ խելք չունենք իրար սիրելու:
- Շա՜տ է, մի քիչ իջիր:
- Նայի՛ր, ես ունեմ հարյուր դոլլոր, դու ունես տասը դոլլար:
- Եղավ հարյուր տասը դոլլար:
- Ճի՛շտ է, այսինքն մենք հարյուր տասը դոլլարի չափ խելք չունենք իրար սիրելու:
- Շա՜տ է, մի քիչ էլ իջիր:
- Նայի՛ր, ես ունեմ չորս դրամ, դու ունես մեկ դրամ:
- Եղավ հինգ դրամ: Ի՞նչու է միշտ իմը քոնից քիչ:
- Ես տղամա՛րդ եմ:
- Հասկացա՜: Իսկ դու հասկացա՞ր քո ասածը…հիմա լսիր ինձ, լա՞վ: Կյանքի իմաստը Գոյի մեջ է:
- Ի՞նչպես:
- Դե ե՛ս, այսինքն իմ Գոյը, հայտնվում է քո կյանքում: Դու ի՞նչ ես կասես:
- Մի՞թե Նա է, ում սպասել եմ:
- Հետո՞, որոշ ժամանակ անց:
- Ոնց որ թե Նա է:
- Հետո՞:
- Մի՞գուցե Նա չէ:
- Լավ մտածի՛ր, չէ՞ որ Ես եմ: Դու կորցնում ես ժամանակի զգացողությունը:
- Չէ՜, հաստատ Նա չէ:
- Դու ի՞նչ է, ինձ չե՞ս լսում:
Տղամարդն իրոք չէր լսում խոսակցին
- Նա՛ է, Նա՛ չէ, մի՞թե Նա է, չէ՜, հաստատ Նա՛ չէ, ի՞սկ… թերևս…
- Լա՜վ, գնացինք քնելու, քեզ հետ դժվար է:

Գիշերը, զգալով Նրա թևերի իրեն գրկելը, զգալով էլեկտրական հոսնքի ամբողջ մարմնով անցնելը, հասկանալով հեքիաթի իրականություն դառնալը, լսելով Նրա հաճույքից լաց լինող ձայնը, տղամարդը բարձր բղավեց.
- Նա է…

Դիալեկտիկա





- Դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողջի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
Գիկիր ինձ իմ հիշողություն, քո ձեռքերի մեջ ես ինձ զգում եմ այնքան լավ, որ կարող եմ հավերժ մնալ այսպես, մոռանալով աշխարհիկ և լավը և վատը:
Հիշողությունը գեղեցկացնում է մարդուն՝ սկսած առաջին սիրած կնոջից մինչև խոտերի մեջ ընկած վերջին հույսը…
Հիշողություն չունեցող մարդը դառնում է բռնակալ իր իսկ հանդեպ ու վերանում է, ջնջվում է Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս ամռան անձրևը, որը թակում է պատուհաններդ, հրավիրում քեզ դուրս, թրջվելու, մի քիչ մրսելու, մի քիչ գիժ լինելու, մի քիչվազքուղի դուրս եկած կենգուրուի նման պոչով հպվելու ու ավելի երկար ցատկելու Կյանք կոչված այդ զզվելի ու միաժամանակ հաճելի ռեբուսի վերջնամասին առաջինը հասնելուն
Համոզված եմ թե քանի հոգու է դուր գալիս անձրևից հետո, թրջված, տաքանալ սիրելի մարդու գրկում

- Դե, զզվեցրիր էլի, կյանքս կերար:
- Չեմ ժխտում, սիրում եմ համով բաներ ուտելը:
- Ի՞նչ համով բաներ:
- Դե կյանքդ, համով է չէ՞:
- Ապո՛ւշ:
- Ապուշ նշանակում է անուշադիր, իսկ ես այնքան ուշադիր եմ քո նկատմամբ, դո՞ւ, դու կրքոտ ես ինչպես Ողչի գետը:
- Իսկ դու քաչալ ես ինչպես Ծաղկաձորի Քաչալ սարը
- Իսկ դո՞ւ…
- Իսկ դո՞ւ…
- Լսիր, մենք արդեն ծե՞ր ենք:
- Ո՜չ, մենք դեռ ապրում ենք…
… Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան… 

Արևի այրող փեշը





Մատներով մի կերպ կառչելով արևի փեշերից փորձում եմ մի կերպ  պահել նրան հորիզոնում:
Դժվար է գիտեմ, բայց միթե ուրիշ ելք կա:
Կայրեմ մատներս, կկորցնեմ ուժերս, տեսողությունս, զգալու ընդունակությունս…
Չէ որ արևի վերջին շողի հետ իմ մեջ ներս մտավ Նա, որը նման չէր բոլորին:
Հարվածում եմ գլխով արևի շողին որ ցավից ընկնի ու մնա այնքան ժամանակ մինչև ես կարողանամ շունչ քաշել, մի բան մտածել ու փակել Նրան իմ միջից չհեռանալու համար…
Ես հասկանում եմ որ այսօր ես հոգուս զգում եմ ինչպես երբևե, ոչ թե լայնությամբ այլ խորությամբ…
Բայց միթե հնարավոր է կրակը պահել երկար ժամանակ…
Կրակը՝ սիրո սովը, սիրո թունավոր հաճելի սնունդը:
Պայքարս արևի հետ ավարտվեց պարտությամբ (այլ կերպ լինել չէր կարող) ու ես մնացի սիրո սովը սեղմած մատներիս արանքում:
Արևը մի վերջին հայացք ձգեց ինձ վրա ու առանց բարկանալու ասաց.
- Դու չես կարող հիմա ստեղծել գեղեցիկին, դու կարող ես միայն ցանել, ջրել, խնամել հետագայում այն ունենալու համար…հիշիր, իմ գնալուց հետո քեզ անպայման  այցելելու է գիշերը, փորձիր նրա հետ լեզու գտնել…