четверг, 27 марта 2014 г.

Աստվածները չեն կատակում


Արդյո՞ք հնարավոր է նման բան, որ բույրն այսպես խելացնոր մտնի քո մեջ ու ավերի ամեն ինչ:
Եվ դա ընդամենը ինչ որ օծանելիքի բույր:
Որտեղի՞ց է գալիս անահասկանալի է:
Բույրը ստիպում է քեզ գրավել տիեզերքը, ստանալ Նոբելյան մրցանակ մաթեմատիկայի բնագավառում, գտնել հավերժական շարժիչ ստեղծելու գաղտնիքը, բայց դրանք բոլորն էլ եղել են, հետաքրքիր չէ:
Մի՞գուցե գենետիկական կապ գտնել ինչ որ երկրի նախագահի հետ, բայց դա էլ հետաքրքիր չէ:
Մի՞գուցե գնալ ուղղել Պիզայի աշտարակը, Ամերիկայի Ազատության արձանի ձեռքի ջահը վառե՞լ, գողանա՞լ Մոնա Լիզայի նկարը…հետքրքիր չէ, հետաքրքիր է թե որտեղից է գալիս այս բույրը:
Անհանգիստ նայեց շուրջն ու հասկացավ, որ ցանկանում է ունենալ այն, ինչ վաղուց ենթագիտակցության մեջ նստած անհանգստացրել է:
- Ձեզ սովորականի նմա՞ն, կրկնակի սո՞ւրճ:
- Մի բաժակ էլ մարտինի:
Հաճախորդները համարյա նույն մարդիկ են, ամենօրյա, որոնց հայացքների վրայով սահեցրեց հայացքն ու կանգնեցրեց պատի վրա վաղուց կախված ինչ որ սյուրռեալիստական, փոշու մեջ կորած նկարի վրա:
Հետո հայացքը շարունակեց պատով իջնել ու կանգ առավ պատի մոտ դրված սեղանի մոտ նստած կնոջ վրա:
Ահա թե որտեղից է գալիս բույրը:
Մտածեց, որ կինն առաջին անգամ է այստեղ, քանի որ վստահ էր իր տեսողական հիշողության վրա:
Դեմքը չէր երևում բայց, բացի բույրից ինչ որ ձգողական բան կար, որն անհասկանալի անհանգստացնում էր նրան, չէր թողնում հայացքը հեռացնել նրանից նույնիսկ այն ժամանակ, երբ մատուցողը, որը ցավոք սրտի կինարմատ չէր, բերեց պատվիրված սուրճն ու մարտինին:
Կինը սև, նեղ շրջազգոստով էր ու գեղեցիկ կոշիկներով, որոնք պատրաստ էին ամեն վայրկյան ազատվել ոտքերից ու մերկացնել փոքրիկ գեղեցիկ ոտնաթաթերն ու կրունկները:
Մազերը, բաժակից կում անելիս համաչափ բարձրանում ու նորից իջնում էին սեղանի վրա, հրավիրելով մի ձեռքի որը կարողանար հետ քաշել մազերը ականջի ետևն այնպես որ երևար դեմքը:
« Միգուցե մոտենամ ու ծանոթանամ, ոչ մի վատ բան արած չեմ լինի, ես սիրում եմ իմ կնոջը, բայց սա կարծես մի այլ բան է, մի նոր զգացում, որn իմ մեջ արթնացնում է այս ճգնաժամային տարիք կոչվածը»:
Գլուխը կախեց սուրճի բաժակի վրա, բայց ընդամենը մի պահ ու նորից անհնազանդ աչքերն ընկան կնոջ մեջքի կողմից երևացող պարանոցին:
Երևում էր մերկ ձեռքը, որը խմորեղենի հերթական կտորը ծամելիս բարձրանում էր դեպի բերանն ու իջնում ափսեի վրա:
Շուրթերը…
Շուրթերը տեսնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ աշնան այս  հիմար եղանակին զգաց անտանելի շոգ:
« Մոտենամ ու առաջարկեմ հյուրասիրել խմորեղենով, կանայք սիրում են քաղցրավենիք, իսկ եթե սուրճ առաջարկեմ, ապա հաստատ կմնամ անելանելի վիճակում, քանի որ նրա` արդեն խմել եմ պատասխանից հետո, ոչինչ չեմ ունենա ասելու:»
Կնոջ օծանելիքի բույրը շարունակում էր իր ավերիչ գործողությունն ու տակնուվրա անում նրա ներսը:
Բույրը, երկչոտ չէր ու կոպիտ բռնելով նրա արմունկը ստիպեց բարձրանալ ու մոտենալ կնոջը:
- Կարելի՞ է Ձեզ հյուրասիրել դեսերտով, հուսամ դեմ չե՞ք լինի:
- Շատ ծիծաղելի է, ուրիշ բան չգտա՞ր կատակելու, դու ինչ է չգիտես, որ երկրորդ կտորից հետո ինձ մոտ ալերգիա է առաջանում:
Կինը դեմքով շուռ եկավ դեպի տղամարդը:
Աչքերին չէր հավատում, մոտենալ սեփական կնոջն ու հիմարի նման կանգնած ճպճպացնել աչքերո՞վ:
Հարկավոր չէր ցույց տալ իր ցայտնոտի մեջ գտնվելն ու ակամայից հարցրեց:
- Ի՞նչ օծանելիք ես քսել վրադ, հարյուր կիլոմետրից մարդ կճանաչի քեզ:
- Քո նվիրածն է, մարտի 8-ի կապակցության առթիվ, չե՞ս հիշում:
Ձեռքով հաջողության նշան է անում, ոչ թե կնոջը այլ այդ ճգնաժամ կոչվածին, ու չգիտի հեռացավ թե ոչ, բայց հաստատ զգում է որ կողքը մեկը կա ու այդ մեկը հարցնում է:
- Հարմար չէ՞ր Ձեր սեղանը, ուզո՞ւմ եք բաժակներն այստեղ բերեմ:
Նայում է սեղանին, որտեղ որ պետք է սեփական կինը նստած լիներ, բայց սեղանը դատարկ է, հասկացավ, որ ճգնաժամը ոչ մի տեղ էլ չի գնացել ու դեռ մարտնչում է մնալու համար, հանուն արդարության էլ պետք է խոստովանել, որ մարտնչում է անձնուրաց:
- Ցանկանում էի այս նկարը տեսնել, հեռվից եմ միշտ նայել, դուր է գալիս:
- Նստե՛ք, հիմա Ձեր բաժակները կբերեմ:

… Իր նախկին սեղանին մոտեցավ մի կին, սա արդեն միրաժ չէ, դեմքը երևում է ու շատ պարզ:
Մատուցողին ինչ որ բան պատվիրեց, հետո բացեց սև պայուսակն ու այնտեղից հանեց ծխախոտի տուփ, կրակայրիչ ու ինչ որ թղթեր:
Սեղանին փայլում էր  ոսկեգույն կրակայրիչը:
Կինը ցույց էր տալիս, որ խորասուզված է ընթերցանության մեջ, բայց աչքի տակով նայում էր նրան:
Տղամարդը պատվիրեց երկրորդ բաժակ մարտինին ու այդ ժամանակ էլ տեսավ իրեն նայող կնոջ հայացքը:
Կինը փախցրեց հայացքը:
Վառեց մի ծխախոտ, հայացքը առաստաղին՝ ցույց տվեց, որ մտածում է կարդացածի մասին,
բայց, պարզ լսվում էր նրա հայացքով չասված խոսքերը:
« Տղամարդը դու ես, դու էլ մոտեցիր, ո՞ւմ ես սպասում, ի՞նչ է սպասում ես, որ ինձ մատուցարանի վրա քեզ հրամցնեն, չսպասե՛ս, այդպիսի բան լինել չի կարող:»
Բավականին ժամանակ անցավ ու ոչ մեկը չզիճեց:
« Հետաքրքիր է ո՞վ է առաջինը հոգնելու սպասելուց» - մտածում էր նրանցից յուրաքանչյուրը:
Առաջինը հոգնեց կինն ու վեր կենալով մի քմծիծաղով պարուրված հայացք նետեց դեպի տղամարդը, հավաքեց իրերը պայուսակի մեջ, իր քայլերի գեղեցկության չափն իմացողի հպարտությամ դուրս եկավ սրճարանից:
Տղամարդն այդպես էլ գամված մնաց աթոռին ու զգաց, որ անկարող է վեր կենալ, զգաց որ ինչ որ մեկն ականջին ասում էր:
- Չէ որ դա Նա էր, ում այսքան երկար տարիներ, դեռ միջին դարերից սպասել ես անհամբեր, ճիշտ է ես քո տարիքն եմ, այն էլ ճգնաժամային, բայց նույնիսկ ես անկարող եմ դրա դեմ առնելու, դու դեռ տղամարդ ես, ինչո՞ւ առաջին քայլի իրավունքը բաց թողեցիր…
Կարծես քնի միջից ուշքի եկավ, վեր թռավ ու վազեց Նրա ետևից:
Դրսում, անցորդների մի ամբողջ քաոսային համակարգ կուլ էր տվել նրան:
Վերադարձավ, երկու ձեռքերով գլուխը բռնած նստեց սեղանի մոտ:
- Վա՞տ եք զգում, օգնե՞մ,- մոտեցել էր մատուցեղը ու վախեցած աչքերով պատասխանի էր սպասում:
- Ոչ, ամեն ինչ կարգին է, - բարձրացրեց գլուխն ու ինքնաբերաբար նայեց Նրա սեղանին:
Աստվածները կատակել չեն սիրում, նրանք միշտ ձեռքով ցույց են տալիս ուղին, ճանապարհը որով պետք է քայլել, բայց մարդիկ չգիտես ինչու նայում են ոչ թե ձեռքի ուղղությամբ այլ անմիջապես ձեռքին ու այստեղից է այն բազմաթիվ սխալները, որ մարդիկ կատարում են ակամա:

…բարձրացրեց գլուխն ու ինքնաբերաբար նայեց Նրա սեղանին:
Սեղանի վրա հպարտորեն կանգնած էր Նրա կողմից մոռացված ոսկեգույն կրակայրիչը:
Ճգնաժամը հաղթահարված էր ու ջախջախիչ կերպով պարտված, քանի որ կրակայրիչի տակ հաստատ պետք է լիներ այն թղթի կտորը, որտեղ որ գրված կլիներ Նրա հեռախոսահամարը…
Ճգնաժամը  չէր հանդարտվել ու իր բարիտոն ձայնով երգեց:
- Ո՞ւմ ես սպասում, դու իրո՞ք մի հաստագլխի մեկն ես, թե՞ կորցրել ես քո առաջնային լինելը:
Տղամարդը կանգնեց սեղանին մոտենալու համար ու հասկացավ, որ ոչ մի ճգնաժամ էլ գոյություն չունի, ոչ մի ուղղություն էլ ցույց տվող չկա, ինքն է ու իր տղամարդկային քայլերը, որոնք էլ մնացին մեխված տեղում:
Նա վերադարձել էր սրճարան, մոռացած կրակայրիչի ետևից:
Ուշացնելը բարոյական ցավալի ապտակ կլիներ ու տղամարդը մի ոստյունով մոտեցավ, զգույշ բռնեց նրա ձեռքն ու տեսավ թե ինչպես Նրա գեղեցիկ, երկար թարթիչներն իջան աչքերի վրա:
Հասկացավ, որ հիմա սկսվելու է մի այլ գեղեցիկ կյանք, մի այլ զգացումներ, որոնց կարոտ է վաղուց…
… Հասկացավ, որ ոչ մի կրակայրիչ էլ չկար, ոչ մի կին էլ չէր եղել…

Հասկացավ որ  ճակատագիրը երկրորդ շանս չի տալիս, պետք է հենց առաջին իսկ շանսի ժամանակ կառչել նրանից ու բաց չթողնել…
Աստվածները չեն կատակում ու եթե դուռդ թակել է ճգնաժամային տարիքի ոսկրոտ ձեռքը, բաց արա, միևնույն է այլ ճանապարհ չունես… 

Ս.Ումառ






Մետատրոն


Օրվա ամենատհաճ ժամանակը այն ժամանակն է, երբ ոչինչ չի երևում աչքիդ ու ստիպված կկոցում ես աչքերդ ճանապարհից չթեքվելու համար, չշեղվելու ու չհայտնվելու ոչ քեզ համար նախատեսված՝ չնայած բնության գեղեցիկ վայրերից մեկում, զառիթափ, ձոր, հաստաբուն մի ծառ…
Ու հանկարծ քեզ տեսնում ես պառկած, արյունլվա, կամ վիրավոր կամ մահացած, անօգնական ընկած գիշերվա սեփականությունը հանդիսացող տարածքներից մեկում… զառիթափ, ձոր, հաստաբուն մի ծառ…
Վերջին միտքը, որ գալիս է ու ծիծաղեցնելու աստիճան զբաղեցնում, դա.
«Տեսնես մեքենաս ի՞նչ օրի է, կվերականգնվի՞ արդյոք» ու փակում ես աչքերդ…

Ես լուսնին շատ եմ սիրել, սիրում ու պաշտում եմ:
Չգիտեմ, կա՞ արդյոք այնպիսի մի կրոն որի աստվածը լինի Լուսինը, եթե կա ուրեմն ես անպայման կրոնափոխ կլինեմ, անպայման, պետք է նայել համացանցում, երբ տուն հասնեմ այն ժամանակ առաջին գործս դա կլինի…երբ տուն հասնեմ…
Ես անպայման կփոխեմ Լուսնի անունը, կդնեմ Լուսինե, ավելի գեղեցիկ թող հնչի, իսկ հիմա Լուսինը կարծես ինձ հետ մտել է վազքի մեջ ու ու ստիպում է գազի ոտնակը սեղմել մինչև վերջ, առաջ անցնել նրանից, իսկ ճանապարհը լուսավորված չէ, գիշերն արտաշնչում է ճանապարհի վրա ու ծշածկում նույնիսկ այն միակ հոծ գիծը, որը ճանապարհը բաժանում է հանդիպակած գոտուց:

* * *
- Դու ո՞ր օրվա նարդի խաղացողն ես, զար գցելու ձևն էլ չգիտես:
- Խաղդ խաղա, տես հիմա ինչ եմ անելու: Պայմանը ուժի մեջ է չէ՞, ով որ հաղթեց մնում ե հավերժ «Ուստա», էլ անուն տալ չի կարելի:
- Իմ անունը ինձ դուր է գալիս, բայց միևնույն է հաղթելու եմ, ուղղակի արագացրու չեմ սիրում գիշերով մեքենա վարել:
- «Շաշ ու բեշ», այ մարդ, ուր ես շտապում, առավոտյան կգնաս, ես քեզ զբաղեցնում եմ, որ մնաս:
- Չէ, անպայման գնալու եմ: Խաղդ խաղա, «սե բայ դու», մեծ-մեծ խոսո՜ւմ էիր:
- Այ քեզ բա՜խտ…հիմա էլ որ «դու շեշ» բերես, հացս կերա:
- Դե նայիր, Մետատրո՛ն, փրկի՛ր:
Նարդու զարերը կարծես մի ամբողջ հավերժություն պտտվեցին, զարնվեցին կողափայտերին ու մեկիկ-մեկիկ կարծես մի ինչ որ հրամանի ենթարկվելով կանգնեցին:
«Դու շեշ»…
- «Ուստա» ես, ի՞նչ կարող եմ ասել, - ընկերոջս ձայնն ընկճված է, չի սիրում տարվել, իսկ ինձ համար միևնույն է նարդիով պարտվել, թե ոչ, այ եթե շախմատով եմ պարտվում, ես էլ եմ ունենում նրա նման թթված դեմք:
- Ստյո՛պ, ինչ որ անուն տվեցիր զարերը գցելուց առաջ, ի՞նչ անուն էր:
- Մետատրո՛ն, նշանակում է Աստծո ձայն, գերհրեշտակ, գիտես, որ նման բաների չեմ հավատում, բայց շատ է օգնել, ներշնչանք է էլի, մի՛ հավատա:
- Քավորություն էլ չես սիրում անել, միայն ճիշտն ասա, ինձ չնեղացնելու համար համաձայնվեցի՞ր քավոր դառնալ աղջկաս, թե՞…
- Աղջկադ անունը Լուսինե ես դրել, դե իսկ ես, գիտես էլի:
- Ուրեմն եկար հասար Վանաձոր միայն նրա համար, ու աղջկաս անունը Լուսինե է՞, թե որ Նրա անունն էլ է Լուսինե:
Ձայնը հնչեց ցածր, որ հանկարծ իր կին չլսի:
- Լավ, վերջացրո՛ւ, միայն թե ասա, ինչպես դուրս գամ քաղաքից ու գնացի:
Ներս մտավ կինը՝ Անուշը:
- Ստյո՛պ, հեռախոսդ չմոռանաս, լիցքավորվել է, այդ ի՞նչ սեր է, որ առավոտից այստեղ ես ոչ մի անգամ չզանգեց, չհետաքրքրվեց, քեզ նման տարօրինակ է, թե՞ հերթական…
- Լավ էլի, Անուշ ջան, ի՞նչ զանգի, ասել եմ առանց անհրաժեշտության չզանգի:
- Մի բան էլ հարցնեմ, այս վերջին անգամ ի՞նչ էիր գրել «Շատացել են կրծքերը բաց կանայք, որ մեր աչքերն են քչփորում…»
- Կրծքի փոխարեն մտքումդ կարդա սիրտ ու ամեն ինչ կընկնի տեղը…

* * *
Ետևից երևացին մեկ ուրիշ մեքենայի լույսեր:
Միայն ես չեմ ուրեմն, որ այս ժամին խելագարի նման սլանում եմ Վանաձոր-Երևան այս մութ ճանապարհով:
Աստված սրան ուղարկեց, թողնեմ առաջ ու ետևից գնամ, հեշտ կլինի այդպես ու շատ չեմ լարվի:
Մետատրո՜ն,Մետատրո՜ն…
Դանդաղեցրի մեքենան ու առաջ թողեցի, սպիտակ «Նիսսան» է:
Ետևի ապակու վրա երևաց բարձրակրունկ կոշիկի նշանը:
Կին է ուրեմն, իզուր թողեցի առաջ:
Փորձում եմ անցնել նրան ոչ մի կերպ չի թողնում:
Խայտառակվեցի ու նայում եմ աջ կողմից երևացող լուսնին:
Դավաճան սրիկան հիմա էլ նրա ավտոմեքենայից է կպած գնում:
Սեղմե՞մ գազը, հասնե՞մ թե համակերպվեմ և լուսնի արագությանը և այս անծանոթ կնոջը…
Մետատրո՜ն, գնացինք ու սեղմում եմ գազի ոտնակը:
Զգացի, որ ինչ որ բանի հարվածեցի ու ճակատս էլ ղեկին՝ արգելակելուց հետո:
Աչքերս բացեցի:
Դիմացիս մեքենան կանգնած էր մի քանի սանտիմետրի վրա, պարզ տեսնում եմ ետևի լույսերը:
Զգում եմ ճակատիցս իջնող տաք արյան կաթիլիը, բայց դա չի խանգարում, որ իջնեմ մեքենայից:
Ես վստահ եմ, որ հարվածը մեքենային չէր, դա ավելի շուտ մի ամուր բանի քսվելու ձայն էր:
Միաժամանակ հասկացա, որ եթե դիմացիս մեքենան չարգելակեր ես էլ չէի արգելակի:
Մեքենայից իջա ու չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:
Ոչ մի մեքենա չկա իմ մեքենայի դիմաց:
Հեռվում էլ, հեռացող մեքենայի ոչ մի լույս չի երևում:
Երևի գժվում եմ:
Շտապ մտա մեքենան ու պարզ տեսնում եմ դիմացս կանգնած սպիտակ «Նիսսան»-ը:
Նորից դուրս եկա, ոչ մի մեքենա:
Մոտեցա ու նայում եմ իմ մեքենային առջևի մասից:
Վառեցի հեռախոսիս լապտերը ու կռացած նայում եմ:
Դյույմանոց մի մալուխ է ցցված հողի միջից ու խրվել է մեքենայի դիմացի պլաստմասսայե բամպերի մեջ:
Ահա թե որտեղից էր ձայնը:
Նստեցի մեքենայի մեջ, այս անգամ ոչ մի մեքենա չեմ տեսնում դիմացս:
Եթե մեքենան ետ տամ ամբողջովին կպատռի բամպերը, եթե առաջ տամ կարող է պատռել բենզինի խողովակը:
Մնում է մեկ տարբերակ, մոտենալ, ձեռքով ծռել մալուխը դեպի ներքև ու շարունակել ճանապարհը:
Երբ նորից մոտեցա, կռացա  ու հեռախոսի վառած լապտերով լուսավորեցի, հասկացա, որ դա է ամբողջ գիշերն այստեղ չանցկացնելու միակ ելքը:
Ձեռքս մեկնեցի, հեռախոսս զանգեց:
Կանգնեցի կռացած տեղից:
- Հա, Լուս ջան: Ո՞նց որտեղ եմ, ճանապարհին, դանդաղ գալիս եմ, մութ է, քեզ չասացի՞ հանգիստ մնա, առանց անհրաժեշտության…հա՛, հա՛, նորմալ է, մի քառասուն րոպեից կլինեմ, դու քնիր:
Հեռվից երևացին մեքենայի լույսեր:
Տեսնես կկանգնի՞:
Մոտեցավ, մի հին «Մոսկվիչ» է:
Վարորդը դուրս եկավ մեքենայից ձեռքին գործիքների մի պայուսակ:
- Էս ի՞նչ օրն ես ընկել, ախպերս:
- Ես շատ գիտեմ, առանձնապես բան չկա, բայց երևի օգնես:
- Ո՞նց չկա, դու գառասկոպով ի՞նչ ես:
- Ի՞նչ կապ ունի, խեցգետին:
- Ես դրանցից բան չեմ հասկանում, բայց լավ է, որ ձեռք չես տվել, թե չէ հիմա ոչ թե խեցգետին էիր լինելու այլ ներսգետին, հասկացա՞ր:
- Ի՞նչ ներսգետին, խմա՞ծ ես:
- Հա մի քիչ կա, գայիշնիկները տնից հանեցին ուղարկեցին, որ սա դզեմ, ինչքան համոզեցի մնա առավոտ, չկարողացա…համա թե բախտ ունես, հա՜:
- Բամպերի բախտը ո՞րն է, թող մի քիչ էլ ճղվեր, եղածը…
- Այ մարդ սրա մեջ 380 վոլտ լարում կա, ձեռքդ կպներ հերիք էր, դրա համար եմ ասում է՜, ներսգետին կլինեիր…

Գիշերվա արդեն երեքն էր երբ մտա բակ:
Անտանելի բան է գիշերը, երբ մենակ ես, մեն մենակ ու…ոչ մի օգնող չկա, միայն լուսինն է իր սառը ճառագայթներով կիսալուսավորում դեպի իմ շքամուտք տանող փոքրիկ ճանապարհը, լուսինը, որի անունը առավոտից կփոխեմ Լուսինե անունով:
Պատուհաններիս լույս չկա:
Քնել է արդեն, վստահ, որ ես էլ փորձանքի մեջ չեմ, ուրիշ բացատրություն չունեմ:
Աստիճանների վրա հեռախոսս նորից զանգեց.
- Ուստա, «դու շեշ» եմ բերել, ո՞նց խաղամ,- ծիծաղում է վանաձորցի ընկերս, փորձում է վստահանալ ինչպես տեղ հասա:
- Գիշերվա կեսին ի՞նչ «Ուստա», գնա քնիր հանգիստ:
Երբ զգույշ փորձում էի դուռս անաղմուկ բացել, ակամա հիշեցի վանաձորում ընկերոջս ասած խոսքերս. 
«Մետատրոն, նշանակում է Աստծո ձայն, գերհրեշտակ, գիտես, որ նման բաների չեմ հավատում, բայց շատ է օգնել, ներշնչանք է էլի, մի հավատա»:
Երբ անաղմուկ մտա սենյակ պատուհանի մոտ տեսա մեջքով դեպի ինձ կանգնած, ձեռքերը կրծքին խաչած Լուսինեին՝ իմ Մետատրոնին…

Օրվա ամենահաճելի ժամանակահատվածը այն ժամանակ է, երբ քո Մետատրոնը քեզ ամուր գրկած հանգիստ քնած է, ձեռքերով ամուր փաթաթված քեզ, որ հանկարծ իր քնած ժամանակ դու չհեռանաս իրենից ու իր աչքը լինի միշտ քո վրա, ճանապարիհիդ վրա…ու անկախ քեզնից կիսաձայն ասում ես.
«Աստծո ձայն, …ներշնչանք է էլի, մի հավատա»
Լսում ես.
- Ինչ ասացի՞ր, հիմա քեզ կխեղդեմ , - ու խեղդվում ես նրա մազերի մեջ, բուրող ու մետատրոնային…

Ս.Ումառ









Լռության ձայնը


- Լսիր ինչ հաճելի ձայն ունի լռությունը:
Այգու դատարկ նստարանին ընկած դեղին տերևին փախցնելու քամու ձայնը:
Անցորդների ժպիտի ձայնը:
Համբուրվել չիմացող տղայի հայացքի ձայնը:
Երկար սպասված հանդիպման ձայնը:
ճակատագրի ձեռքի ուսիդ իջած ձայնը:
Կամակոր բնության ձայնը:
Դժբախտ աշնան ձայնը:
Կուրծքդ հաճելի այրող խոստովանության շրթունքների ձայնը:
Համաձայնության սոպրանոյի աչքերի փակ ձայնը…
Եվ այսքանից հետո դու նորի՞ց կասես, որ լռությունը ձայն չունի:
- Ոչ, չեմ ասի, խոսի՛ր,

ես ուզում եմ լսել լռության ձայնը…

Ս.Ումառ

Ծաղկած նռենի

Դու չսովորեցիր լռել, երբ ես եմ խոսում :Դու չսովորեցիր համաձայնել ինձ հետ , երբ ինչ-որ բան եմ որոշում:
- Այս ի՞նչ արեցիր,- ծղրտում ես դու: - Ինչո՞ւ այդքան խմեցիր:

* * *
Երեկ մի քիչ խմեցի, ինչ-որ բառեր էի ասում կիսահանգերով, հետո արմունկիս դրած թեյի բաժակով օղի խմեցի:
Պահը դուրեկան էր: Բոլորը սպասում էին, որ այդքան խմելուց հետո չեմ կարողանա ոչինչ անել կամ ասել:
Միտքս պայծառ էր, բայց…
Իսկ Նա, ում ծննդյան օրն էր, և ում վաղուց հավանում էի, մոտեցավ ինձ:
- Կարո՞ղ ես մի բան նվագել ինձ համար, որ քո աչքերի նման ծովագույն լինի, նվիրածդ թրաշուշանների նման` մանուշակագույն և իմ երազների նման`վարդագույն:

* * *
Դու կարճ տարածություն դուրս եկած մարզիկի նման շտապում ես հասնելու վերջնագիծը նշող կարմիր ժապավենին`կրծքով հատելու համար: Շտապում ես բղավել, որ հասար վերջնագծին առաջինը, չնայած վազքուղում երկուսով ենք`ես ու դու`իմ սիրտը:

* * *
Չկարողացա բացատրել, որ ես ընդամենը մի ապահովագրական գործակալ եմ և բացի ապահովագրելուց ուրիշ ոչինչ չեմ կարողանում:
- Իսկ գեղեցիկ խոսքե~րդ, փիլիսոփայե~լդ, կրոնի մասին հատուկ կարծիք ունենա~լդ, իսկ նման ձևով օղի խմե~լդ: Դու գիտես, թե ո՞վ ես: Դու ուղղակի փուչիկ ես` անգիր արած բաժակաճառերով և զինվորականի կոշտ ու կոպիտ շարժումներով:

* * *
Անբացատրելին ինձ պատուհանի մոտից տարավ ու թաղեց բազկաթոռի մեջ: Աչքերս կիսաբաց` ինձ թվաց, թե ինձնից ձեռք քաշեց: Բայց միտքս քչփորում է, թաքնված տեղերից հանում ու սենյակում խառնիխուռն թափված կանացի ներքնաշորերի վրա նետում մեկօրյա հիշողության  պատառներ:
Որտե՞ղ եմ:
Ամբացատրելին համր է:
Իսկ իմ ակնջներում ջրի կաթիլների վայր թափվելու քաոսային ձայնն է..
* * *
Դու չսովորեցիր, որ որպես զրուցակից` իմ սիրտն ես` անբացատրելի ու նեղացկոտ: Ես էլ չսովորեցի կամաց-կամաց հարմարվել քո լեզվի ու ցանկություններ հետ:
Մա՞րդ էլ վիճի իր իսկ սրտի հետ:
* * *
Մոտեցավ մի անծանոթ` կապույտ շրջազգեստով ու հետաքրքիր աչքերով աղջիկներից մեկը, որին մինչ այդ չէի նկատել:
-Դու չես կարող չնվագել, ես չեմ հավատում:
Ես անձայն մոտեցա դաշնամուրին: Ճիշտ է ,վաղուց չէի նվագել, բայց անբացտրելին ձեռքիս մատները դրեց դաշնամուրի սպիտակ ստեղներին, ու Շոստակովիչի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար հորդաց ներկաների երակներում:
Ես նվագում էի, իսկ անբացատրելին ինձ պատմում էր, որ ինչ-որ մի տեղ մեղու է խճճվել դիակի մորուքի մեջ, որ ինչ-որ մի տեղ նստած ու իրար են նայում երկու սևազգեստ կին`<պղինձ դեմքերով>, որ ինչ-որ մի քաղաքում հայտնվել է Անհամատեղելին,պառկել քնած ամուսիններ միջև ու մինչև առավոտ շրթհարմոն նվագել, որ…որ…
Երբ անբացատրելին իմ աջ`խաչակնքող ձեռքով նվագեց վերջին ակորդը, ես արդեն հարբած էի:

* * *
Դու չընդունեցիր, որ քո վարպետ ձեռքերով ծեփել ես դեմքիս մի դիմակ`ծիծաղ դիմակ, դիմացիններից ցավս ու վիշտս թաքցնելու համար:
Ինչո՞ւ:
Որովհետև անբացատրելի ես:

* * *
-Այո, գերմանական մեծ կոմպոզիտորին լավ ես հասկացել:
Գերմանական:
Ես արագ շուռ եկա, որ նայեմ մինչ այդ հրաշալիք համարած նրա աչքերին, բայց նա դեմք չուներ , դատարկություն էր, կամ իմ աչքերն էին դատարկություն:
Ոչ, իմ աչքերը չէին, որովհետև ես պարզ տեսա իմ ձախ ուսին իջած, ինձ նվագել համոզող աղջկա ձեռքը:
Անձայն գնացի խոհանոց, իսկ որոշ, շատ կարճ ժամանակից հետո դուրս եկա աստիճանավանդակ:

* * *
Դու ինձ չսովորեցրեցիր տարբերել սուտ սիրո զգացողության համը: Ու հիմա անսեր համբույրներից թքի պղպջակները հերթով պայթում են բերանիս կիսածռված անկյունում:

* * *
Աստիճանավանդակում`աստիճանների վրա կապույտ շրջազգեստով աղջիկն էր նստած մի մեծ շան թոկը ձեռքին, շունն էլ հանգիստ պառկած էր:
Շունն ինձնից վախենալու պատճառ չուներ, դրա համար էր հանգիստ: Իսկ շան տիրուհին ինչու էր հանգիստ, չհասկացա, քանի որ կիսաբաց էին թե´ կուրծքը, թե´ ոտքերը: Աղջիկը անտեսում էր ձմեռը կամ իմ աչքերը:
Ես ցանկացա ծխել, ու ձեռքս տարա գրպանս: Շունն ալարկոտ նայեց ու գլուխը շրջեց:
-Տարօրինակ է,- ասաց աղջիկը,-շ ունս չարձագանքեց, դեռ այսպիսի բան չէր պատահել:
Անձայն վառեցի ծխախոտս:
-Ի~նչ լավ էիր նվագում,- հաստատուն տոնով փաստեց աղջիկը, այնպիսի չարաճճի աչքերով, ինչպիսին նրա կիսաբաց կրծքերն էին ու ոտքերը:
Իմ աչքերը դասվում են ամենաչարաճճի աչքերի շարքին, ուստի չկարողացան չմտնել նրա կիսաբաց կրծքերի մեջ, բայց, ա´յ, կիսաբաց ոտքերի մեջ աչքերս միայն մութը տեսան:
Աղջիկը գիտեր, որ նստած է անհարմար, բայց չգիտեր երևի, որ կարելի է նստել ավելի անհարմար ու չտանջել ուրիշի աչքերին: Նստել այնպես, որ ուրիշի աչքերն ինչ ցանկանան, այն էլ տեսնեն…

* * *
Ներսի կողմից քո պատերին քերծված են բառեր
<Վերցրո´ւ, վերցրո´ւ, քո´նն են>:
- Ո´չ, ե´ս չէի նվագում, այլ` կապույտ շրջազգեստով մի աղջիկ:
Ես հասկացա, որ աղջիկը մոտերքում է ապրում, քանի որ այդ ընթացքում չէր կարող գնալ շան հետևից ու վերադառնալ:
-Չի կարող պատահել, նվագողը տղամարդ էր, քանի որ կանայք հավաքույթներում Շոստակովիչ չեն նախընտրում:
-Իսկ ո՞ւմ են նախընտրում կանայք:
-Ոչ թե ո՞ւմ, այլ` ի՞նչ: Կանայք նախընտրում են կապույտ աչքեր, վարդագույն խոսքեր, մանուշակագույն ծաղիկներ, իսկ տղամարդիկ..՞
-Դե´, համարձա´կ:
-Տաք սև սուրճ`առանց շաքարի, կարող եմ հյուրասիրել:
Ձեռքով ցույց է տալիս կողքի դուռը:
Աաա~, հարևանուհին է:

* * *
Դու չընդունեցիր, որ նուռը ճաքում ու իր հյութը ձյան վրա է թափում երկու անգամ`
առաջին անգամ, երբ դառնում են կին,
երկրորդ անգամ, երբ կին են դառնում:
Դու այդպես էլ չսովորեցիր, որ մաշված ու տանջված բառերին`<Ես քեզ սիրում եմ>, եկել են փոխարինելու <Դու ինձ պետք ես>բառերը:

* * *
Սենյակն անբացատրելի է,անծանոթ, անհասկանալի:
Ո՞րտեղ եմ:
Ինչ-որ մեկի սառած մատները խառնեցին միտքս, մազերս, հետո բռնեցին ձեռքս ու ինձ անծանոթ մահճակալից տարան դեպի պատուհանը, որտեղից պետք է որ երևար դեռ նախնադարից աճած ու չորացած նռենին:
Դրսում ցուրտ է ու անծանոթ փողոց:

* * *
Դու չսովորեցիր հաշտվել այն մտքի հետ, որ հեքիաթները դրանք կյանքի պայծառ էջեր են , որ պետք է կարդալ դանդաղ, առանց շտապելու վայելել միայն հաճելին ու իրականալին, որովհետև դու իմ սիրտն ես, այլ ոչ թե հոգին:

* * *
Ցուրտ է:
Անմբացատրելին ձեռքս բռնած տարավ դեպի մահճակալը:
Քաշեցի վերմակն ու պառկեցի արդեն բացատրելի սենյակում`կապույտ շրջազգեստով աղջկա սենյակում:
Ազդրերիս խոնավություն զգացի: Նորից քաշեցի վերմակն ու ոտքերիս արանքում տեսա լճացած, ամնեղ սիրո` ահավոր հաճելի նռան գույնը:

* * *
Դու` կյանքիս նման սարսափելի ձեռքերի ափերով հավաքեցիր ու նռան մեջ լցրեցիր իր իսկ հյութը:
Նուռը ճաքեց հաճույքից:

* * *
Մոտենում եմ լոգարանին:
Նռենին թափանցիկ շղարշով ցանկապատված` լոգանք է ընդունում:
Շղարշի անձեռնամխելիությունը հսկում է շունը:
Քաշում եմ շղարշը: Շունը գլուխը շրջում է:
Ամոթխածության սավանը գետին է ընկնում, ու ամբողջական մի մեծ ժպիտ կուլ է տալիս ինձ, ինձ, ոչ թե քեզ:
Շունը հսկում է իմ` բերանները բաց կոշիկները:
Անբացտրելին ինձ հրում է նռենու ճյուղերի տակ:
Նռենին փաթաթվում է ինձ:
Թափվող տաք ջրի կաթիլների տակ ես արդեն տարբերում եմ իսկական սիրո համը` նռան համը:

* * *
Ի՞նչ, դու նո՞րից ուզում ես խոսել, վիճել:
Ինչո՞ւ նորից լսել քեզ ու հեռանալ:

* * *
Փակ աչքերով ականջիս շշնջում է.
-Դու չես կարող հեռանալ: Դու կմնա՞ս, չէ՞:
Աչքերս կիսաբացում եմ, լողասենյակի փոքրիկ հայելու մեջ տեսնում եմ ինձ`նռան հատիկներով զարդարված:
Հայելու միջից իր ահռելի երախով ինձ ծամում ու կուլ է տալիս իդեալիս կարմիր գերեզմանը:
Կարմիր, որովհետև իդեալի գերեզմաններից միայն իմ գերեզմանին է դեռ նախնադարից աճած ու նորից ծաղկող նռենին:


Ս.Ումառ

среда, 26 марта 2014 г.

Առնետների որջը


Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս, պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
Ինչո՞ւ ենք մենք այդպես անտարբեր կյանքի նկատմամբ, բայց միաժամանակ` կառչած նրանից:
Կարճ ասած` ատում ենք կյանքը, բայց ցանկանում ենք ապրել…

* * *
Խմբագրի ձեռքը մեկնվեց սեղանի հեռախոսի կոճակին:
- Լարիսա´, արի´ ինձ մոտ:
Երբ Լարիսան մտավ ներս, խմբագրի աչքերն ուրախացան: Միշտ էլ մեծ հաճույքով էր ընդունում այդ գերժամանակակից աղջկան:
- Նստի´ր: Դու, ճիշտ է, արտահաստիքային ես, բայց այսպես ասած` լավության կարգով քեզ մի առաջադրանք եմ ուզում տալ: Արդեն երրորդ ամիսն է, չէ՞, որ հոնորար չես ստացել:
- Այո´, դե, գիտեք իմ դրությունը…
- Գիտեմ, գիտեմ,- խմբագիրը մի թուղթ վերցրեց ու ուշադիր նայելով`շարունակեց:
- Մի կարգին հոդված է պետք անտունների, այսպես ասած` <բոմժերի> մասին: Զգայացունց հոդված: Սա լուրջ պատվեր է, հոնորարդ կլինի չպատկերացրած չափի: Եթե համաձայն ես, կարող եմ ձևակերպել:
- Ես, իհարկե,  համաձայն եմ: Հենց այսօրվանից կսկսեմ…
- Չէ´, դու չհասկացար: Դու պետք է նրանց մեջ լինես, հասկանո՞ւմ ես: Մի քանի խմբագրություններ են նույն պատվերը ստացել: Այնպես որ, պետք է լինի չափազանց անկեղծ ու իրական: Հոնորարը այնքան մեծ է, որ պետք է կիսվի իմ և քո միջև: Հուսով եմ` հասկացար: Մենք պետք է անպայման հաղթենք: Միգուցե հոդված չլինի, լինի պատմվածք կամ…. Հուշելու համար ասեմ, որ կարող ես նրանց գտնել որևէ գերեզմանոցի տարածքում, մոտակայքում,  չգիտեմ, իմ ունեցած տվյալները դրանք են: Ունես երկու օր:
- Հասկացա, - Լարիսան վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:

* * *
Ինչպես կարգն է՝ գերեզմանոցում մեռելային լռություն էր:
Սպիտակ ձյունն այնքան խնամքով էր տարածվել բոլոր գերեզմանաքարերին, որ ասես մի հոգատար ձեռք էր ծածկել մոմե դեմքերով, սև , դասական ոճի կոստյումներով ննջեցյալներին:
Ոչ մի ոտնահետք չկար ձյան վրա:
Կիսամերկ, քրքրված շորերով կինը` թևի տակ սեղմած մի սև պայուսակ, կարծես նպատակամղված քայլում էր որոշակի գերեզմանի ուղղությամբ:
Գերեզմանային լռությունն այքան էր ազդել նրա վրա, որ չէր կարողանում նկատել տարբեր կողմերից հեռվից իրեն հետևող, ցնցոտիավոր երեք մարդկանց:
Ընտրեց պատահական մի գերեզման, որի մուտքը հաղորդալարի կտորով էր փակած, բացեց դռնակը, մոտեցավ տապանաքարին` նախապես ձեռքի պայուսակը կախելով ցանկապատի սրածայր ցցերից մեկին:
Սառած ձեռքերով փորձեց մաքրել ձյունը տապանաքարի վրայից, նստեց մեջքով դեպի դռնակը:
< Պայուսակումս լուցկի ու խունկ կա: Մի՞գուցե նաև փորձեմ վառել, համ էլ` կարող է ծուխը հեռվից երևալ>, - մտածեց ու շուռ եկավ դեպի դռնակի կողմը:
Պայուսակն արդեն չկար:
Դռնակից դեպի գերեզմանների խորքը ձգվում էին ոտնահետքեր:
Վախից դողացող ոտքերով փորձեց քայլել դեպի գերեզմանից դուրս տանող դռնակը, բայց չկարողացավ:
Հասկացավ, որ ցուրտը թույլ չի տա երկար ժամանակ մնալ այդպես անորոշ վիճակում:
Վեր կացավ, սկսեց քայլել ոտնահետքերի ուղղությամբ` մտքում անիծելով այն պահը, երբ համաձայնեց խմբագրի առաջարկած գործարքին, բայց, դե, փող է հարկավոր…
Հետքերը տարան գերեզմանոցի պարսպին կպած մի հին, առանց պատուհանների ու դռների շինության մոտ: Պարզ երևում էին դեպի նկուղ տանող ոտնահետքերը, բայց սիրտ չարեց մտնել ներս:
Նստեց մի անտաշ քարի վրա ու սկսեց դողացնել:
Ներսից լսվում էին խուլ ձայներ:
Երբ սկսեց կամաց-կամաց մթնել, ներսից երևաց կրակի լույսը: Ու անկարող դիմադրելու վախին` մի կերպ բռնվելով քանդած պատերից` իջավ նկուղի ուղղությամբ:
Մոտ տասը զույգ աչքեր չռվեցին անծանոթ ստվերի վրա: Հետո մեկը, որի ոտքերին թելով կապած նախկին կոշիկի տակացուներ էին, մի քիչ քաշվելով` տեղ տվեց կրակի մոտ:
- Արի´, տաքացի´ր, Կամբալա´, Կամբալա´:
- Ի՞նչ, - մի կերպ ատամները ցրտից չխչխկացնելով` հարցրեց Լարիսան:
- Ոչի´նչ, ուշադրություն մի´ դարձրու: Նրա սովորությունն է: Նա էլ է նորերից, - ասաց քիչ տարեց  մի կին ու մոխրոտ կարտոֆիլը մեկնեց Լարիսային:
- Կամբալա´, Կամբալա´, առնետներին չսպանե´ս: Է´ն խաչը վկա, նրանք մարդկանցից  լավն են, մեզ նման են… Մենք մարդկային առնետներն ենք ու ապրում ենք առնետների օրենքով…
- Իսկ ի՞նչ է նշանակում Կամբալա:
- Չգիտեմ: Գեղեցիկ է հնչում, ականջ շոյող:
Մի պահ Լարիսային թվաց, թե այդ տղամարդը երիտասարդ է, ուղղակի մազածածկ ու անխնամ դեմքը ծերացնում են: Հետո շրջեցվեց մյուսներին նայելու ու մոռացավ նրան:
Աչքերով հաշվեց: Ութ հոգի էին՝ երեք կին և հինգ տղամարդ: Ինքն իներորդն էր:
Մտքում ապագա հոդվածի նախաբանն էր:
< Այստեղ մահանում են հաճախ և անսպասելի, բայց հիվանդանում են հազվադեպ, որովհետև դա նրանց համար համարվում է շքեղություն: Բնական է, որ այստեղ <Շտապ օգնություն> կանչելու մասին մտածելն անիմաստ է…>:
Չգիտես ինչու, զույգ-զույգ սկսեցին մի կերպ տեղավորվել կրակին մոտիկ:
Մնացին ինքը, Կամբալան ու մի տղամարդ, որը մոտեցավ` ընդհատելով մտքերը:
- Դու այսօրվանից իմը կլինես: Ես զույգ չունեմ: Գրկած կքնենք ու չենք մրսի: Կամբալան նոր մարդ է, նրան չի հասնում, իմ հերթն է:
Դեղին, կոտրված ատամները, կիսածածկ մարմինն ու վրայից եկող անտանելի միզահոտը զզվանք առաջացրեցին, ու դեմքը մի կերպ շրջելով` փորձեց ինչ-որ բան ասել…
- Ինձ չի կարելի, խնդրում եմ,- չհասցրեց վերջացնել, և տղամարդը, ձգելով մազերից, փորձեց քաշել դեպի իրեն:
Տղան, որին Կամբալա էին կոչում, վեր թռավ տեղից, ու սկսվեց մի տուրուդմփոց: Մարդկային առնետների  պայքար էր` իր բաժինն առնելու, խժռելու:
Հաղթեց երիտասարդությունը: Կամ էլ` վեճ սկսած տղամարդը, կռվից տաքանալով, մի կերպ հետ քաշվեց:
- Դեռ ցո´ւյց կտամ ձեզ:
Կամբալան մոտեցավ, բռնեց ձեռքից ու քաշելով դեպի իրեն` պառկեցրեց կրակին մոտիկ` իր տեղում, իսկ ինքը տեղավորվեց նրա հետևում, ձեռքը գցեց ուսին ու ծանր շնչելով` վառեց արդեն` երևի երեք անգամ հանգցրած մի ծխախոտ:
<Ոչի´նչ, թող մնա ձեռքը, այսպես ավելի լավ է, քան…>:
Կարծես խաղաղվեց նկուղում:
Սակայն սկսվեցին ձայներ ու հոգոցներ լսվել, ասես մի խմբակային սեռական  համերգ լիներ: Բայց Լարիսան առանց ուշադրություն դարձնելու սկսեց իր մտքերը դասավորել:
Քիչ հետո ջրի ձայն լսեց: Գլուխը շրջեց ու կիսամութի մեջ տեսավ, թե ինչպես է իր համար կռվող տղամարդը նկուղի անկյունում ընդամենը երեք մետր այն կողմ կանգնած միզում:
Հետո մոտեցավ նրան, մեկնեց մի կիսատ կեղտոտ գինու շիշ ու.
- Ազի´զ, ուզո՞ւմ ես խմես:
Լարիսան փակեց աչքերը: Սիրտը խառնում էր:
<Աստվա´ծ իմ, ինչքա՞ն կարող եմ դիմանալ այսպես: Ես էլ եմ զուգարան ուզում, բայց ինչպե՞ս, որտե՞ղ, մի՞թե հենց սրանց աչքի առաջ… >
Մեջքի հետևից գլուխը բարձրացրեց Կամբալան, ու փորձ արեց վեր կենալ:
Գինու շիշը բերանը դրած, մարդը հեռացավ իր տեղը:
- Առնետների որջին բարի գիշե´ր, Կամբալա´, Կամբալա´: Վերջացրե´ք սեռական արշավանքները, իսկ, եթե հանկարծ գիշերը մեկն ու մեկը փորձի իմ կնկան մոտենալ, Կամբալա´, Կամբալա´, կմորթեմ առանց  մտածելու:
Լարիսան շուռ եկավ դեպի նա ու շշուկով ասաց.
- Զուգարան եմ ուզում, որտե՞ղ…
- Արի´: Ժամանա՞կ գտար:
Վեր կացավ, բռնեց ձեռքն ու համարյա ուժով քաշեց դեպի կողքի կիսաքանդ սենյակը:
- Այստեղ կարող ես, Կամբալա´, Կամբալա´:
- Դու գնա´, ես ամաչում եմ:
- Երբ հեռանամ, մեկ է` ուրիշն է գալու նայի, արագացրո´ւ:
Երբ արդեն ճարահատյալ բարձրացրեց կիսաքրքրված շրջազգեստը, Կամբալան զարմանքով տեսավ ժանեկավոր գեղեցիկ նեքնազգեստը, որ հատուկ չէր այստեղ բնակվող կանանց:
Առանց ոչինչ ասելու շուռ եկավ ու սպասեց:
Երբ նորից պառկեցին կրակի մոտ` իրենց տեղը, Լարիսան զգաց նրա շունչը ծոծրակին:
<Ահավոր է, կամաց-կամաց սովորում եմ այս դրությանը, սարսափելի է>:
Մտքերը նորից գնացին հեռու` դեպի իր առջև դրված խնդիրը:
<……Հաճախ ինքս իմ մեջ սկսում եմ չբարկանալ ամենակարող Աստծո վրա, որ չի կարողացել ստեղծել կատարյալ աշխարհ ու համարյա ամեն մի արարածի համար  սահմանել է որոշակի անիմաստ վիշտ ու  անվերջանալի թվացող տանջանքներ: Բայց ինչպիսի ողորմությամբ է Նա կարողացել  սփոփել այն մարդկանց, որոնք բարեգութ ճակատագրի մասին գաղափար իսկ չունեն…ապրում են առնետների կյանքով, առնետների օրենքներով>:

Հանկարծ զգաց, հասկացավ, որ տղամարդու ձեռքը շոյում է կուրծքը: Փորձ արեց ձեռքը հետ վանել, բայց ականջին շշուկ լսեց.
- Եթե ես չլինեմ, ապա նրանցից մեկն ու մեկին բաժին կհասնես: Մի՞թե դա ես ուզում:
Հետույքին զգաց տղամարդու պիրկ անդամն ու  թուլացած` բաց թողեց տղամարդու ձեռքը:
Շուռ եկավ: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի կարող անել ու լաց լինելով` փակեց աչքերը:
Տղամարդն արդեն բացել էր կուրծքը ու ևս մի անգամ զարմանքով նայում էր թանկարժեք կրծկալին:
Հետո գլխով մտավ կրծքերի արանքն ու  ծածկեց  մերկ, անուշահոտ մարմինը…
Դիմադրելն անօգուտ էր, սակայն փորձ արեց: Ոտքերը սեղմեց, շրթունքները փակեց, գլուխը շրջեց, բայց մի քանի վայրկյան հետո տեղի տվեց, մտածելով, որ եթե դիմադրի կարող են մնացածը հարձակվել իր վրա:
Ժանեկավոր ներքնազգեստը շպրտվեց մի կողմ…
Կյանքում մտքով չէր անցել, որ այսպես կարելի է թքել մարդկային արժանապատվության վրա: Տղամարդու վավաշոտ բերանը փսլինքախառը լորձով լղոզում էր կուրծքը, փորը…
Շարունակելով անձայն լաց լինել`զգաց, որ մի պահ տղամարդն անշարժացավ… <Բոմժը> թքում  էր ոչ միայն հոգու, այլ նաև` մարմնի մեջ:
Գլուխը մի կերպ շրջեց` չկարողանալով պահել սրտխառնոցը:
<Մի՞թե այսպես հնարավոր է ապրել: Բայց ապրում են, չէ՞>:

<Ես վաղը կփախչեմ այստեղից անվերադարձ: Կարող եմ գրել այդ չարաբաստիկ հոդվածը: Կստանամ այն գումարը, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Գրողի ծո´ցը այս առնետների որջը: Ամբողջ մարմինս թաց է: Զզվում եմ ինձնից, իմ մարմնից, խմբագրից, այս մարդ կոչված առնետներից, կողքս կենսական պահանջմունքները վայրենաբարո բավարարված ասպետ կոչվածից, թյո´ւ…>
Ոտնաձայներ լսեց: Վախից անմիջապես շուռ եկավ ու թևերով գրկեց կողքը պառկած տղամարդուն:

* * *
… Վախ` կյանքի նկատմաբ, վախ` վաղվա օրվա նկատմաբ, վախ` մոխրագույն, անիմաստ, անապագա գոյության նկատմամբ: Ի՞նչ ունենք ամեն օր: Ո´չ դրամ, ո´չ աշխատանք, ընտանեկան բազմաթիվ խնդիրներ, քրեածին կենցաղ ամեն քայլափոխում, մարդիկ, որ թվում է` անհոգ ապրում են աղբակույտերում, քանդված շինությունների նկուղներում, սոված, անլվա, կիսահագնված` աղբամաններում հաց որոնում, բայց հույսով, որ կարող են արժանանալ Նրա մեծահոգի հովանուն ու նրա վերջին ողորմածությանը` ամեն ինչ վերափոխելու…

* * *
Երբ աչքերը բացեց, արդեն լուսացել էր: Մենակ էր նկուղում:
Կողքի կիսաքանդ սենյակից դուրս եկավ կանանցից մեկն ու նախկինում շրջազգեստ եղած փալասը վրան քաշելով` մոտեցավ:
Մի պահ Լարիսայի աչքին  նա երևաց իր կորցրած ժանեկավոր ներքնազգեստով:
Ձեռքով շոշափեց կոնքերը: Մերկ էր:
- Պետք  է գնալ հաց, մթերք, գինի հայթայթելու, թե չէ գիշերը կմնաս սոված, կրակի կողքը տեղ չես ունենա, ու քո այդ Կամբալան էլ չի կարող օգնել քեզ: Կմնաս դրսում: Այստեղ այդպես է ընդունված:

* * *
Խմբագիրը կարծես ուրախությամբ չընդունեց նրան:
- Ի՞նչ է, երկու օրում վերջացրեցի՞ր:
- Այո, ես ընդամենը մեկ գիշեր եմ մնացել այնտեղ: Մի ամբողջ օր մաքրվում էի այդ դժոխքից: Ո՞ւր ուղարկեցիք ինձ: Սա էլ` ձեռագիր նյութը: Բավականին լավ է ստացվել` իմ կարծիքով:
- Հասկանո՞ւմ ես, Լարիսա´, մեկ ժամ առաջ արդեն տպագրության ներկայացվել է այդպիսի հոդված: Հիմա հեղինակը կբերի ստորագրության:
Առանց դուռը թակելու ներս մտավ մի տղամարդ:
Լարիսային ուշադրություն չդարձնելով`խմբագրին մեկնեց թղթերի մի կապոց:
- Ահա´ <Առնետների որջը>`վերջնական տարբերակը, ստորագրե´ք խնդրեմ: Մնացածը, ինչպես պայմանավորվել ենք, Կամբալա´,Կամբալա´: 
Այդպես էլ առանց նրա կողմը նայելու` դուրս եկավ սենյակից:

* * *
Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս , պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
… Շնորհակալությո´ւն քեզ, Տե´ր Աստված, ամբողջ Մարդկության անունից: 
Իմ ծանրագույն խոնարհումը Քեզ այս անմոռանալի հոգատարության համար…որ կանք ու ապրում ենք հենց այսպես…

Ս.Ումառ


Հ.Գ. Ընթերցողների մեկնաբանությունները  ցանկալի են