среда, 10 октября 2018 г.

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…




Ուրիշի ցավը տեսնել կարողացո՜ղը սեփական ցա՜վը չի՛ տեսնում
և ակամայից փնտրում է ուրիշի ցավ տեսնելու ընդունակությամբ մեկ ուրի՜շ մարդու, որին հարցնի իր ցավի մասին…
Չգիտեմ դրան ի՞նչ են անվանում՝ սե՞ր, թախի՞ծ, անորոշ վիճա՞կ, անզգայությո՞ւն, անտարբերությո՞ւն, տաղտո՞ւկ,
հեգնա՞նք ճակատագրի, բախտի քմահաճ ձեռքերի սառնությո՞ւն,
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

* * *
Կույր աչքի նման դռան զանգի կոճակը նայում է ուղիղ աչքերին, սեղմե՞լ և ամբողջ ցավը խեղդել ցուցամատի տակ թե՞ չսեղմել, թողնել, հեռանալ, բայց որ ոտքերը բերել հասցրել են այստեղ՝ մի դռան մոտ, որի ետևում բաբախում է սիրտ մեկ ուրիշի համար…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

Դուռը ճռռոցով բացվեց ցուցադրելով տղամարդու հպա՜րտ ու հաղթական մի ժպիտ, որն ավելի շուտ ասում էր «գիտեի, որ կգաս» քան  «ուրախ եմ, որ եկար»
Մնացած ամե՜ն ինչ նո՜ւյնն էր, ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ՝ գրկե՜լ, վերցնե՜լ ձեռքերի վրա, տանե՜լ մինչ բազմոց, համբուրվե՜լ ու ընթացքում ազատվել խանգարող շորերից, աչքերի փա՜յլ, թավշյա շոյանքնե՜ր, ռոմանտիկ խոսքերի շռայլ ցփնումնե՜ր…
հետո հոգոցնե՜ր,
հոգոցնե՜ր,
հետո պարտադիր լռությո՜ւն, տղամարդու ձե՜ռք, որը ձգվում է դեպի մոտ աթոռակը ու վերցնելով ծխախոտ վառում է - ծուխը փչելով առաստաղ, չգիտես ի՞նչ է մտածում… ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ…

…ամբո՜ղջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ:

Այս անգամ տարբերվում էր մնացած բոլոր անգամներից՝ խանգարողը բուրմո՜ւնքն էր օդում՝ կանացի օտար օծանելիքի բուրմունքը, որը լուռ պառկած կնոջը հաճելի թվալու փոխարեն տհա՛ճ  էր ու վիրավորական:
Բուրմունքը զգացել էր դեռ դուռը բացվելիս, կարող էր լուռ շրջվել ու հեռանալ, բայց չգիտես ի՞նչու ներս էր մտել, ի՞նչու…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

* * *
Պատուհանից սկսեցին երևալ կիսափայլող աստղերը, մե՜կ… երկո՜ւ…
…փայլող՝ ինչպես լուռ իրար կողք պառկած զույգը, որոնց կարող էին նախանձել բազմաթիվ այլ զույգեր, որոնք չէին կարող լսել սենյակում ծնված ու դեպի առաստաղ բարձրացող մտքերը…
« Հիմա կհագնվի՜, կգնա՜, ես կասեմ չե՛մ թողնի, որ գնաս, նա ամենուամենայնիվ կգնա՜, ես չե՛մ պահի նրան, ինչպես ամեն անգամ չեմ պահել,
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»

« Սե՞ր, լինո՞ւմ է թե՞ չի լինում, անհասկանալի է, բայց համոզվո՜ւմ եմ, որ բազմաթիվ սիրո տեսակների մեջ ամենատարածվածը ակնթարթային սերն է,
հաճելի՜, գրավո՜ղ և միաժամանակ տհա՜ճ ու զզվելի, գուցե՞ միայն ինձ մոտ է այդպես…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»

- Ես գնամ, ո՜ւշ է:
- Չե՛մ թողնի, մնա ինձ մոտ:
Կանացի ժպիտը սպանի՛չ էր ու հասկացնել տվեց, որ հասկացել է ամեն ինչ ՝
մեկ ուրիշ կնոջ գոյությո՜ւնը, օծանելիքի օտար բուրմո՜ւնքը, լողարանում կախված վարդագույն սրբիչը…
Հագնվում էր դանդա՜ղ, վստահ, որ տղամարդը հետաքրքրությամբ նայում է, չգիտես ինչու հարցրեց.
- Շուրթերս նույն հա՞մն ունեն, վանիլի՞, գժվեցնո՞ղ:
Տղամարդը գլխով արեց, չնայած կինը մեջքով էր իրեն:

Կինը զգաց տղամարդու իր նման դժբախտ լինելը ու կրկին չգիտես ինչու հարցրեց.
- Թողնում ես գնամ, որ հաջորդ անգամ ավելի՞ ուժեղ սիրես, միշտ այդպես ես ասել, այսօր լռո՜ւմ ես:  

Դռան մոտ երկուսն էլ հասկացան, որ վերջացավ դժբախտությունը և ուրախանալու փոխարեն նայեցին իրար տխուր հայացքներով:
- Տխո՞ւր ես:
- Տխո՜ւր եմ: Էլ ի՜մը չես, գիտե՜մ:
Դուռը ճռռոցով փակվեց:

* * *
Դռան ետևում տղամարդը նստեց հատակին ու երկու ափերով բռնեց գլուխը:
Գլուխը պտտվում էր օտար օծանելիքի բուրմունքից ու շուրթերին դեռ իրեն զգացնել տվող վանիլի համից…մեղավո՞ր եմ, մեղավոր չե՞մ…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


Կինը նայում էր փակված դռանը, ավելի ճիշտ արդեն զզվելի թվացող դռան զանգի կոճակին, որը չգիտես ինչու մոտ երկու ժամ առաջ սեղմեց ու…
Այդպես էլ չհասկացավ՝ ճի՞շտ վարվեց թե՞ սխալ…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

Հ.Գ  ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…թե ի՞նչ կզգաք իմ գրածը կարդալիս-
շա՜տ եմ խնդրում չմեղադրել հերոսներից ոչ մեկին,
իսկ եթե իրոք ցանկություն կլինի մեղադրել՝ ապա միայն ինձ:

среда, 3 октября 2018 г.

Ստվերները


Թվո՜ւմ էր
Ստվերները զարկերակ չունե՜ն-
Ոչ արա՜գ,  ո՛չ  դանդաղ բաբախող,
Վի՜շտ չեն ապրում ստվերները-
Ո՛չ  ցավ ունե՜ն,  ո՛չ մորմոք,

Ալիքի պես ստվերնե՜րը
Չե՛ն փշրվում կրծքերում,
Քնքշությունից չե՜ն վախենում-
Չե՛ն լքում և չե՜ն հեռանում,

Լռությո՜ւն են ստվերները-
Լեզու չունեն խոսելու,
Ոչ խոսքի՜ց են հուզվում անզգույշ,
Ո՛չ խաբում են,  ո՛չ կեղծում…

…Եվ ստվեր դարձա թվացյալ մտքից-
Լսեցի աղմո՜ւկը լռության,
Չհեռացա՛ ինքս ինձնից-
Լույսո՜վ ծնվեցի,
Անլո՜ւյս հեռացա…

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻ




Մի Մոր հարցրին. «Ի՞նչու չես լալիս,
Որդիդ ցմա՛հ է բանտարկվել»
Ասաց.  «Ինչ լա՜վ է, որդիս չի՛ տանջվի,
Որ իր ետևից  որդի չի թողել…»
--------------------------------------
Քեզ համար իրո՜ք տանջվելու պատրաստ
Միայն Մա՜յրդ է, ուրիշ մարդ չկա՛,
Ցավո՜ք հաճախ են նրան մոռանում
Ու…թողնում մենակ:

Թաքնված վի՜շտդ Մայրդ լա՛վ գիտի,
Բայց հաճախ ցավերիդ չունի՜ պատասխան,
Դրանից լալիս է կրկի՜ն ու կրկի՜ն
(Այդքա՜ն արցունքներ որտեղի՞ց նրան)

Դու մի՛շտ իր մեջ ես՝ ինքը քեզ Աստված,
Խանդո՜տ մայրական սիրտը հովանի,
Ի՜նչ էլ որ անես մնո՛ւմ ես ներված,
Ո՞վ կարող է քեզ ամեն ինչ ների:

Տխուր պահերը չի՛ կիսում քեզ հետ,
Այդ պահին իր համար դառնո՜ւմ ես օտար,
Լալի՜ս է թաքուն, որ դու չտեսնես
Նո՜ւրբ կաթիլները աչքից ընկնող վար:

Մայրը սեռ չունի՜ և ո՛չ էլ տարիք
(Հարաբերական բառեր են դրանք)
Մայրը ունա՜կ է ցանկացած պահի՜
Քեզ համար լինել ամե՜ն, ամեն Բան:

воскресенье, 30 сентября 2018 г.

ԱՅՍ ԳԻՇԵՐ




Ափսո՜ս էր գիշերն այս՝
Անցա՜վ հենց այնպես -
Առա՜նց քո խոնավ շուրթերի,
Տեսնես ո՞վ էր որ այս կատակն արե՜ց
Եվ մեզ հեռացրեց իրարից…

Այդ ի՞նչից է որ դարձանք մենք շռա՜յլ՝
Գիշե՜ր  կորցրինք առանց իրարու,
…Եվ պատուհանի տակ լապտերը մռա՜յլ
Այս գիշեր թվաց  մի մե՜ծ լուսատու:

Այդ ի՞նչպես եղավ՝ չօծեցի՜նք լույսով       
Կեսգիշերային խամրած աստղերին,
… Առանց մեզ տխրա՜ծ այս գիշերը զո՜վ
Գրա՜վ դրեցինք  մորմոքին;

Չփայլեց գիշերն  ուսերի՜դ ողորկ-
Ի՜նձ նման կարոտ մնաց մարմնիդ,
… Մենք շռա՜յլ եղանք ու սրտի դողո՜վ
Մի ամբո՜ղջ գիշեր կորցրինք:

четверг, 27 сентября 2018 г.

…և գիշերը մեղավոր




Լո՜ւյս է թարթում գիշերվա աչքին,
Անհանգի՜ստ է գիշերը դարձել,
Կորցրե՜լ է մեկը մեկին, 
Որին  պե՛տք չէր կորցնել:

Սառը քրտի՜նք է գիշերվա ճակատին,
Գիշերվա սառը չի՛ թողնում քնել,
Փնտրո՜ւմ է մեկն ինչ-որ մեկի՜ն, 
Որին  պետք չէր կորցնել:

Ամոքելու բա՜ռ չէր գտել
Ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վե՜րքը խոր,
Ինչ-որ մեկը հեռացե՜լ էր
Ինչ-որ մեկից վիրավոր:

Խառնվել էր հո՜ղ ու երկի՜նք,
Հույսն հավատի՝ մթագնել,
Կորցրե՜լ էր մեկը մեկին,
Որին պե՛տք չէր կորցնել:

Թևածում էր գիշե՜ր-ցերե՜կ
Ինչ-որ մեկի՜  ցնորագույն  երազը,
Հիշեցնո՜ւմ էր ինչ-որ մեկը
Ինչ-որ մեկի՜ պակասը:

Թրջվե՜լ էին ինչ-որ մեկով
Ինչ-որ մեկի աչքերը,
Ո՞վ էր անմեղ, ո՞վ մեղավոր՝
Դե իհարկե՜
Գիշերը…