четверг, 2 августа 2018 г.

Կատարին Լեռան



Բարձրացա՜,  հասա լեռան կատարին,
Մի պահ ինձ թվա՜ց
Թե մոտեցել էի Աստծո ականջին
ու բողոքո՜ւմ էի, որ
օրերս մեռա՜ն
ձուլված տապալվող հույսի շառաչին:

Ո՛չ Աստծուն տեսա,  ո՛չ էլ ուրիշ Բան,
Խայտող մի կնոջ
Քայլերի թեթև շշուկնե՜ր  էին,
Արևն էլ ելել,  լեռան կատարին
Չկա՜ր ուրիշ բան:

Ուզո՜ւմ էի ներել՝  չգիտեի ո՞ւմ,
Ուզո՜ւմ էի ատել՝ թշնամի չկար,
Մնում էր վերցնել գալիք օրերի
լուսեղեն հեռուն
Ու հրդեհ սարքել կատարին լեռան:

Ուզո՜ւմ էի հարբել,
բայց չնմանվե՜լ ինձ,
Չդառնա՜լ արարած- անմի՜տ ու անկե՜ղծ,
Ուզո՜ւմ էի վերցնել ու միանգամից
Այրել մարդկային դիմակները կեղծ…

Դատարկություն էր-
Ուրիշ բան չկար,
Արևն էր ելել լեռան կատարին,
Շշուկնե՜ր էին …
Զեփյուռի նման
Խայտող մի կնոջ թեթև քայլերի…

пятница, 27 июля 2018 г.

ԱՐԵՎԱՀԱՄ




Ես չե՛մ կարող գրել այնպե՜ս,
Որ դու հասկանաս,
Չգրե՜լ էլ չեմ կարող,
Դու ձև արա՝ իբր հասկացա՜ր,
Ես էլ թող հարբեմ
Քո չհասկացածով:

Հարբած ժամանակ
կգրեմ տողե՜ր,
որ դյուրի՜ն լինի հետո կարդալը,
Մ իգուցե՞ այնժամ ես քեզ հասկանա՜մ,
Թե ի՞նքան ծանր է ինձ չհասկանալը

Քեզ հասկանալը դժվա՜ր է,
Գիտե՜մ,
Ինձ հասկանալը - առավել դժվար,
Հարբա՜ծ, կիսարբա՜ծ կամ էլ սթա՜փ լինեմ
Նո՛ւյնն եմ գրելու,
Իսկ դու ձև՜ արա՝ ի՜բր հասկացար:

Թե որ հե՜շտ լիներ
իրար հասկանալը,
Կարո՜տը կոկորդ չէր սեղմի,
Օղու հերթական բաժակ կո՜ւլ տալը
Այսքա՜ն դառնահամ չէր լինի…

Կաթի՜լ առ կաթի՜լ քաղցր հուշերը
Ծորո՜ւմ են՝ կո՜ւլ գնում հողին,
Հողից բարձրանում են հասկերը-          
Կառչած արևի շողերից:              

«Հասկանալ»  բառը խո՜ր իմաստ ունի՝
Արմատը հա՜սկն է՝
Արևով լցված,
… Սրանից ավել էլ ի՞նչպես գրեմ,
Որ դու հասկանաս:

Մենություն...



Իսկ դուք ծանո՞թ եք Մենությանը,
Եթե ո՜չ,
ցավո՜ւմ եմ Ձեզ համար,
Նշանակում է ծանո՜թ չեք ձեր բնությանը
Եվ գաղտնիքներին անհամար:

Նշանակում է
Խոսե՜լ  չգիտեք, լսե՜լ  չգիտեք ինքներդ Ձեզ,
Նշանակում է
Գիշե՜ր ու ցերե՜կ անծանոթ մի ձայն է
զրուցում ձեզ հետ:

Նշանակում է
տեսնե՜լ  չգիտեք
Ի՞նչպես են ուռենու կախված վարսերը
համբուրում վազող գետակին,
Ի՞նչպես է բացված ծաղիկն իր շուրթե՜րը
Հպում հեռացող թիթեռին:

Չգիտեք ի՞նչպես է լռում ջութակը,
Ի՞նչպես է Լուսինը փա՜յլն իր կորցնում,
Երբ միլիո՜ն տարեկան իմաստուն արեգակը
Մենության առաջ գլո՜ւխն է կախում…

Չգիտեք գիշերվա անթափանց գո՜ւյնը
Ի՞նչպես է քսվում աչքերին,
Ի՞նչպես է մո՜ւթը գտնում իր բո՜ւյնը
Սև կոչված սրտի պատերին:

Չգիտեք ի՞նչպես է ընկնում զարկերակը՝
Ուղղվո՜ւմ, դառնում ճառագայթ…
Ի՞նչպես է մահվան դատարկ պատգարակը
Դանդա՜ղ օրորվում աչքերի առաջ:

Մենությունը դարձել է խարա՜ն-
Եվ հոգո՜ւ և մարմնի՜ կառափնարանը,
Ի՜նքս էլ չգիտեմ,  ցավե՞մ ձեզ համար
Թե՞ նախանձեմ,  որ ծանո՜թ չեք
Մենությանը…


суббота, 21 июля 2018 г.

Մտորումներ (շարք)


* * *
Շատ է տանջում  սի՛րտն իմ խելառ,
Մեկ ասում է «Հեռացի՛ր»,
Մեկ ասում է  «Մնա՜, տանջվի՜ր»,
Մեկ ասում է  «Մոռացի՛ր»:

Սի՛րտ,  միակն ես,
որ ինձ հանգիստ չես տալիս,
Մեկ խնդո՛ւմ ես,
Մեկ հիմարի պես լալիս:

Սի՛րտ իմ, եթե մի օր  ձե՛ռքս ընկնես,
Շարունակես քո վե՛ճը,
Վստա՛հ եղիր,  քեզ կպատռե՜մ
Տեսնեմ թե ի՞նչ կա մեջդ:

Ս.Ումառ-Հարությունյան

Մտորումներ (շարք)


* * *
Ուզում եմ գրե՜լ,
Բայց գրել այնպե՜ս - ինչպես սիրո՜ւմ եմ,
Ու բարկանում եմ, որ չի ստացվում այնպես-
Ինչպես ուզում եմ…

Բարկանալը հե՜չ –
Անցնո՜ւմ, գնում է…
Զավեշտը` զարմանալն է,

Ու…զարմանո՜ւմ եմ –
Սիրում են ինձ այնպես –
Ինչպես գրո՜ւմ եմ…

Ս.Ումառ-Հարությունյան