вторник, 16 августа 2016 г.

Հարազատ գնդակը սրտում հեռացած բոլոր Ոստիկանների հիշատակին

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:

Չէ՜,
Աստղը վերից հողին չընկա՜վ,
Որ ցավ չտա սպասումների աչքերին,
Պողպատն առած իր սրտի տակ
Լո՜ւռ  միացավ ամպերին:

Չէ՜,
Չե՛մ սխալվում,  տա՜ք էր, այրո՜ղ,
Սի՛րտը մտած գնդակը,
Դրանի՛ց էր, որ ամաչե՜ց
Ուսին փայլող մետաղը…

Չէ՜,
Գնդակը օտարի՛ չէր,
Որ արյան մեջ թունանար -
Հարազա՜տ էր, բայց և մա՛հ էր՝
Դրանի՜ց էր ցավը շատ:

Չէ՜,
Չի՛ քայլի՝
Հողի վրա Ոտնահետքեր էլ չի թողնի-
Ուրիշ մեկի կյանքի համար թրթռացող հևքը,
… Քեզ խավարից տո՞ւն կտանի
Օտար մեկի ձեռքը…

Չէ՜,
Անսիրտ չէ՝
Հյուրընկալ է հողը մեր՝
(Մենք էլ գիտենք իր գինը)
Չարի հոգին է  ընդունում,
Բարու – միայն մարմինը…

Չէ՜,
Չի խամրի ուսադիրի
Չվայելած տարիների լույսը…           
Կայրի՛, Մոխի՛ր կդարձնի
Թմբիրի մեջ գտնվող
Արյան ծարավ հույսը…

Չէ՜,
Մա՛հ չէր դա -
Սա՜ռն, անարյո՜ւն,
Արտացոլա՛նք չէր ներապրած,
Մի աստղիկ էր տիեզերքում,
Որ փայլփլեց ու…թվաց թե
հեռացավ:


Ս.Ումառ-Հարությունյան

понедельник, 15 августа 2016 г.

Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ Ոչինչ…


Ի՞նչ է ցույց տալիս դեմքդ
Տրտմած,
Խա՜ռը, անձրևոտ օրերի
Պատկեր,
Ու թվում է թե օրերդ
Անցած,
Քեզնից հեռացել, թողել են
Անդեմ:
Բայց դու թաքնված պահ ունես
Դեմքիդ,
Քո ժպիտի մեջ, քո աչքերում
Խոր,
Ասես սպասում ես, որ պիտի
Ժայթքի,
Դեմքդ ողողվի անհուն
Կարոտով:
Եվ կարտացոլվի հոգիդ դեմքում,
Քո
Նորց խա՜ռն օրեր, անձրևոտ
Պատկեր,
Կտանի իր հետ օրը
Սնուցող,
Հիշողությունդ, որ պիտի
Ապրեր…
Հիմա քեզ պե՛տք չեն ձեռքերս
Արարիչ,
Ձեռքերս ինձնից շուտ են
Ծերացել,
Այդպես էլ անունդ մնաց
Շուրթերիս…
Եվ ուրիշ ոչի՜նչ և ուրիշ
Ոչինչ…
Ս.Ումառ-Հարությունյան

Օգոստոսն այս...

Օգոստոսն այս կարծես թույն էր,
Հոգում ծնված մի պայթյուն էր,
Մա՛հ էր, կյա՛նք էր, մի հարցական,
Որը ծնվեց ու պահի տակ մահացավ:

Գո՞ւթն էր արդյոք երկինքների,
Որ խնկի տեղ հացն էր բուրում,
Որ և քնած և արթմնի
Ցանկությունը մա՛հ էր դառնում:

Արժանի՞ էր  ժողովուրդը
Հղանցքին  մեր  գոյության,
Սադրանք ծնեց մեծ  «խորհուրդը»
Նահատակեց հո՜ւյս, հավա՜տ:

Ու մտքումդ պտտվում են
Ի՞նչպես ապրել ու խոսել,
Ի՞նչպես երկու հեռու ափեր
Իրար կապել ու անցնել:

Հեռուն մո՛տ է, մոտը՝ հեռո՜ւ
Ասես երկու հայելիներ,
Ոնց նայում ես բան չես տեսնում

Օգոստոսն է թունաբեր…

Ս.Ումառ-Հարությունյան


Կորուսյալ Սերը...

Կորուսյալ Սերը - մի աղոթարան
Բացվում է մեր մեջ ծաղիկի տեսքով
Ու կարոտախտը ագահի նման
Մեզ կուլ է տալիս
Այրվող երախով

Մեր կյանքի նման երկինքն է գայթում
Տատանում փողոց ու քաղաք
Քանի այսպիսի կյանքեր են կորչում
Ու անհետանում
Անհունում անտակ

Մի կերպարանք է գոյանում անձև
Ինքներս մեզ  համար դառնում ենք մի հուշ
Փորձում ենք կյանքի եզրը շրջանցել
Ինչպես երկնքում
Թափառող մի չու

Ամեն տխրություն, ամեն ցավ, կսկիծ
Խնամքի կարիք ունի հոգատար
Քանի  որ կյանքի ամեն հարվածից
Դառնում ենք տխուր
Դառնում ենք տկար

Բառերով ծածկում ենք ոտնահետքերը
Մեր հիշողության դռները բացում
Խելագարվում են երազանքները
Ու տարօրինակ
Լույսեր
Արձակում…

Ս.Ումառ-Հարությունյան

07.08.16  Երևան

Ուրիշ տեղ չունենք



Հյուսիսում  թո՛ւքն  է,
Հարավում՝ այրող Կրակարանը,
Արևմուտքում թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:

Հայտնվե՛լ ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ խորտակված,
Մեզ նեռե՛րն են կառավարում-
Ազգ ու պատիվ ուրացած:

Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր Բախտը մեր,
Մի՞թե պետք է այսպես ապրենք…

Դե ձա՜յն հանեք Աստվածներ:

Մի՞թե ամոթ ասած բառը
Ջնջել եք մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ կապող պորտալարը
Դարձրել  լո՛կ խաղալիք:

Մի ահռելի թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ, հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի պես -

Չե՛նք վախենում մենք  մահից:

Դե խաղացեք ծուռ հայի  հետ,
Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.  
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն ու կուլ տալը:

Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը մահիկով,
Մե՛նք էլ կուղղենք,
Ի՞նչ է եղել,

Ի՞նչ եք անցել իրարով:


Ս.Ումառ-Հարությունյան