понедельник, 15 августа 2016 г.

Ուրիշ տեղ չունենք



Հյուսիսում  թո՛ւքն  է,
Հարավում՝ այրող Կրակարանը,
Արևմուտքում թո՛ւրքն է,
Արևելքում՝
Մզկիթ-կառափնարանը:

Հայտնվե՛լ ենք գարշահոտում,
Ճահիճի մեջ խորտակված,
Մեզ նեռե՛րն են կառավարում-
Ազգ ու պատիվ ուրացած:

Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք,
Մի՞թե սա էր Բախտը մեր,
Մի՞թե պետք է այսպես ապրենք…

Դե ձա՜յն հանեք Աստվածներ:

Մի՞թե ամոթ ասած բառը
Ջնջել եք մեր Սուրբ լեզվից,
Ձեզ հետ կապող պորտալարը
Դարձրել  լո՛կ խաղալիք:

Մի ահռելի թակարդում ենք հայտնվել
Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից,
Ո՛չ, հարգելի Աստվածներ -
Մեր հնամյա քարերի պես -

Չե՛նք վախենում մենք  մահից:

Դե խաղացեք ծուռ հայի  հետ,
Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝
Մի՛ մոռացեք.  
Անհնա՛ր է
Մեզ ծամե՛լն ու կուլ տալը:

Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել
Լուսնի սառը մահիկով,
Մե՛նք էլ կուղղենք,
Ի՞նչ է եղել,

Ի՞նչ եք անցել իրարով:


Ս.Ումառ-Հարությունյան

Հեռագիր Ե.Չարենցից « Ես չգիտե՜մ ի՞նչ եմ սիրում…»



Ես իմ անո՜ւշ Հայաստանի արնաթաթախ կյա՛նքն եմ սիրում,
Անցած կյանքի ողբանվա՜գ, լացակումած ձա՛յնն եմ սիրում,
Իմ այսօրվա Հայաստանի ապագայի բո՜ւյրը վառման
Ու լրագրող աղջիկների հեզաճկուն քա՜յլն եմ սիրում:

Սիրո՜ւմ եմ մեր երեսփոխան ընտրյալների մի՛տքը լուսե,
Ամռան տապին ու ձմեռվան դիմակայող ազգս վսեմ,
Ոսկում կորած տաճարների անհյուրընկալ պատերը սև,
Եվ հնամյա աղոթքների հազարամյա շունչն եմ սիրում:

Ո՜ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբատեսք դեմքերը մեր,
Չե՛մ մոռանա անեծք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքա՜ն էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ գործերը մեր,
Էլի ես որբ ու արնաքամ  Հայաստանյան կյա՛նքն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիչ երազ չկա,
Բաղրամյանից - Խորհրդարան ուրիշ ո՛չ մի  ճամփա չկա,
Աշխա՛րհ անցիր, «Սարի թաղ»-ի նման համա՛յնք չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես չգիտեմ  ի՞նչ եմ սիրում:


Հեռագիրն ընդունեց Ս.Ումառ-Հարությունյանը

Բողոք առ Ղազարոս Աղայանի



Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։

Տիգրանիկս գուլպա՛ չունի,
Բա՛նկ
է գնում ոտաբաց,
Գալուստիկը «Պրադո»
չունի,
Մի՛շտ անում է սուգ ու լաց։

Կազինոյում, որ տարվեցի
Պա՛րտք մնացի  ես մի քիչ,
Ա՜խ, չորանա՜ր ոտը ռուսի
Եկա՜վ, տարա՛վ ամեն ինչ։

Եղբայրս ինձ հետ փա՛յ է մտել՝
Թալանո՛ւմ  է սրիկան, 
Հիմա ի՞նչ է,  պիտի զրկվե՞մ
Ու չունենա՞մ ոչ մի բան:

Քի՞չ են տված խոստումներս,
Բա ինչո՞ւ ինձ չեն սիրում,
Նույնիսկ ցանած վարունգներս
Թարս են աճում այս երկրում

Բանակ չունե՛նք, զե՛նք էլ չունենք,
Ո՛չ էլ կարգին ոստիկան,
Այսպես անկապ դեռ եղած չե՛նք,
Կտրվե՜լ է ամեն բան։

Բանի՛ր, բանի՛ր խորհրդարա՛ն,
Բանի՛ր դրա՜մ, ռուբլինե՜ր,
Բանի՛ր եվրո՜, բանի՛ր դոլա՜ր,
Որ ես հոգամ ի՛մ ցավեր։


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 28 июля 2016 г.

Բառե՜ր, բառե՜ր…



Երբ երգ ես դառնում շուրթերին կարոտ
Եվ այրում են քեզ աչքերն անծանոթ -
Նշանակում է՝ հիշողությունդ ինչ-որ տեղ հասել
Ու կանգ է առել:

Երբ խենթանում ես ուրիշի համար ստեղծված
Կյանք-ժապավենի արագությունից -
Նշանակում է՝ որ սիրտդ քաջ չէ մտքերիդ նման
Թեև անցել է մաքառման ուղի:

Երբ որ արցունքի կաթիլ ես դառնում՝
Հայելանում  ես  հոգում ուրիշի -
Նշանակում է՝ քո միջով խենթերն են անցնում
Ու ավերում են ամե՜ն,
Ամե՜ն ինչ:

… Ու ե՜րգ ես դառնում շուրթերին կարոտ,
Ու այրո՜ւմ են քեզ անծանոթ աչքեր,
Ու հիշողությունդ է ինչ-որ տեղ այրող
Անթեղված կրա՜կ ու
Բառե՜ր, բառե՜ր…

… Բառերն ո՞ւմ են պետք,
Երբ սի՜րտն է դատարկ,
Երբ արձանանում են կարոտ շուրթերը,
Երբ կաղնու ճյուղի նման  վեր ձգված
Հոգին շոյում է օտար ամպերը…

Ս.Ումառ-Հարությունյան



понедельник, 25 июля 2016 г.

Ահռելի մի Սպասում…


Դու ստիպեցիր ինձ ապրել
Առասպելի մեջ  դաժան,

Սովորեցրեցիր սպասե՜լ,
Կարոտե՜լ ու դիմանալ:

*
Անիծելով մե՛կ անգամ-
Շա՜տ անգամ են աղոթում,

Մե՛կ անգամ են գրում պատգամ-
Շա՜տ անգամներ կրկնում:

Մե՛կ անգամ են ներում հայցում՝
Տանջվելով շատ տարիներ,

Մե՛կ անգամ է բախտը ժպտում -
Լացեցնում բյուր անգամներ:

Մե՛կ անգամ է ցավն հարվածում-
Բազում անգամ գցում ցած,

Մե՛կ անգամ է աստղդ փայլում
…հետո խամրո՜ւմ նեղացած:

Մե՛կ անգամ են գալիս աշխարհ,
Մե՛կ անգամ են հեռանում,

Մե՛կ անգամ են սիրում միայն -
Շա՜տ անգամներ կարոտում:

Մի «կարոտ» է այս աշխարհը,
Մի առասպել Հույսերով,

Երբ որ անցած ամբողջ կյանքդ
Անց ես կացնում սպասելով…

*
Ավարտվում Առասպելը,
Երբ որ արդեն չես լինում

Ի՞նչ է ստացվում,

Որ ապրելը Դիմանա՜լն է
Կարոտե՜լը և
Ահռելի մի Սպասում…


Ս.Ումառ-Հարությունյան
23.07.16  Երևան